50 գլոբալ հայերը․ Մուշեղ Թովմասյան - Mediamax.am

exclusive
22310 դիտում

50 գլոբալ հայերը․ Մուշեղ Թովմասյան


Մուշեղ Թովմասյանը
Մուշեղ Թովմասյանը

Լուսանկարը` Մուշեղ Թովմասյանի անձնական արխիվից

Մուշեղ Թովմասյանը
Մուշեղ Թովմասյանը

Լուսանկարը` Մուշեղ Թովմասյանի անձնական արխիվից

Մուշեղ Թովմասյանը` կնոջ հետ
Մուշեղ Թովմասյանը` կնոջ հետ

Լուսանկարը` Մուշեղ Թովմասյանի անձնական արխիվից

Մուշեղ Թովմասյանը` Կիլիմանջարոյի գագաթին
Մուշեղ Թովմասյանը` Կիլիմանջարոյի գագաթին

Լուսանկարը` Մուշեղ Թովմասյանի անձնական արխիվից

Մուշեղ Թովմասյանը Հայաստանում` կնոջ հետ
Մուշեղ Թովմասյանը Հայաստանում` կնոջ հետ

Լուսանկարը` Մուշեղ Թովմասյանի անձնական արխիվից


Մեդիամաքսը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին` Divisa Capital ընկերության հիմնադիր ու տնօրեն Մուշեղ Թովմասյանին։

Մուշեղ Թովմասյանը ծնվել է 1983թ. Երեւանում։ 1991թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, իսկ 2 տարի անց՝ Մեխիկո։ 1994թ. նրանք հաստատվել են ԱՄՆ-ին սահմանակից մեքսիկական Էնսենադա քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Սան Ֆրանցիսկոյի համալսարան (San Francisco State University)։ 2008թ.` համաշխարհային ճգնաժամի ամենաթեժ պահին, հիմնել է սեփական բիզնեսը՝ Divisa Capital-ը, սակայն 2 տարի անց լքել է իր իսկ ընկերության տնօրենի պաշտոնը` ընդունելով Alpari Group-ի շահավետ առաջարկը։ Այնուհետ նա լքել է այդ ընկերությունը` սեփական ընկերություն վերադառնալու համար։ Ներկայում նրա Divisa Capital Group LLC-ն, որի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Լոնդոնում, ներկայացված է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւՆոր Զելանդիայում։ Մտադրություն կա նաեւ գրասենյակ բացել Հայաստանում։

Ես ծնվել եմ Երեւանում` գիտնականների ընտանիքում, եւ մինչեւ 1991թ. ապրել ենք Հայաստանում։ Ծանր տարիներին` Խորհրդային Միության փլուզումից հետո, ընտանիքս որոշեց հեռանալ երկրից։ Սկզբում մեկնեցինք Մոսկվա, եւ իհարկե, ինձ նման 8 տարեկան երեխայի համար դա լուրջ սթրես էր. ես փոխել էի դպրոցս, ստիպված էի միայն ռուսերեն խոսել, նոր ընկերներ ձեռք բերել։ Երկու տարի անց տեղափոխվեցինք Մեքսիկա, որի մասին, բնականաբար, շատ բան չգիտեինք, եւ որը մեզ համար terra incognita էր։ Այնուամենայնիվ, մենք հաստատվեցինք այնտեղ, եւ հայրս նույնիսկ շարունակեց իր աստղաֆիզիկոսի ակադեմիական կարիերան, իսկ ես ստիպված էի նորից նոր դպրոց հաճախել եւ նոր լեզու ուսումնասիրել։ Որոշ ժամանակ անց տեղափոխվեցինք Ստորին Կալիֆոռնիայում գտնվող մի փոքրիկ քաղաք՝ Էնսենադա։ Այնտեղ Աստղագիտության ինստիտուտի մասնաճյուղ կա։ Հենց Էնսենադայում էլ ավարտել եմ Բարձրագույն դպրոցը։

Կարծում եմ` ես միշտ էլ ունեցել եմ գործարարական ջիղը, հաջողության հասնելու ձգտումը, դրա համար էլ շուտ սկսեցի աշխատել։ Ես միշտ հաճույքով էի խնդիրներ լուծում, ես ցանկանում էի խնդիրներ լուծել, գաղափարներ առաջարկել, փորձել ինչ-որ նորարարական բան անել։

Դեռ Բարձրագույն դպրոցում ես սկսեցի ֆակուլտատիվ գործունեությամբ զբաղվել: Իմ ստեղծած «ընկերության» ու բիզնես պլանի նախագիծը 1-ին տեղին արժանացավ՝ Բարձրագույն դպրոցի ու համալսարանի ուսանողների միջեւ անցկացվող ձեռներեցական մրցույթում։ Ես բազմաթիվ «խենթ» նախագծեր ունեի, որոնք արդեն վաղ տարիքում ինձ որոշակի եկամուտ էին բերում։ Ես համակարգիչներ էի նորոգում, վեբ դիզայնով էի զբաղվում եւ նույնիսկ օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ որպես բժշկի օգնական էի հանդես գալիս։
 
Համալսարանն ավարտելուց հետո Մուշեղ Թովմասյանը տեղափոխվել է Սան Դիեգո, այնուհետ` Սան Ֆրանցիսկո, որտեղ ընդունվել է նահանգի համալսարանը, որն ավարտելուց հետո ստացել է գիտական երկու աստիճան՝ բիզնեսի կառավարման ու ֆինանսների։

Մուշեղ Թովմասյանը Մուշեղ Թովմասյանը

Լուսանկարը` Մուշեղ Թովմասյանի անձնական արխիվից


Սովորելու ընթացքում ես աշխատում էի ՏՏ ընկերությունում, համակարգիչներ էի վերանորոգում, հետո ուղղությունս փոխեցի դեպի ֆինանսական հատված, դարձա շվեյցարական UBS ներդրումային բանկի փոխնախագահի օգնական։ Ի վերջո, ես սկսեցի աշխատել ֆինանսական ծառայությունների ինդուստրիայի նոր հատվածի վրա կենտրոնացած FOREX ընկերությունում (FX՝ փոխարժեքային շուկա): 

Ինձ հաջողվեց այդ պաշտոնը ստանալ, չնայած ոչ նորմալ փորձ ունեի, ոչ էլ բաձրագույն կրթության մասին դիպլոմ։ Սան Ֆրանցիսկոյում հիմնված առեւտրային բրոքերային առցանց հարթակը դարձավ այն գրավիչ ոլորտը, որում ես ամբողջովին խորասուզվեցի։ Փոխարժեքային շուկան արդյունաբերություն է, որ գործում է օրական 24 ժամ` շաբաթը 6 օր, որտեղ օրական $‌5,5 տրլն է շրջանառվում։ Շուկաները բացվում են երկուշաբթի առավոտյան՝ Նոր Զելանդիայի ժամանակով, այսինքն Կալիֆոռնիայի ժամանակով՝ կիրակի կեսօրից հետո, եւ աշխատում են մինչ ուրբաթ երեկո, երբ փակվում են ԱՄՆ-ի բոլոր շուկաները։

Մեկ տարի անց առաջարկ ստացա մեկ այլ Forex ստարտափից, որը չափազանց լավ առաջարկ էր` հրաժարվելու համար։ Ես հեռացա քոլեջից` այն ավարտելուց մեկ կիսամյակ առաջ եւ վերադարձա Հարավային Կալիֆոռնիա։ Այստեղ ես գործելու լիարժեք ազատություն ստացա եւ կարող էի ցանկացած քայլ ձեռնարկել՝ շուկայում առաջատար դիրք զբաղեցնելու համար։ Մեզ հաջողվեց գերազանցել բոլոր սպասումները եւ ընդլայնվել միջազգային ոլորտում։ Ես գործառնություններ էի իրականացնում Չինաստանում, Շվեյցարիայում եւ Իտալիայում` ընդլայնելով այդ ճանապարհին իմ սեփական հորիզոնները։
Մուշեղ Թովմասյանը` կնոջ հետ Մուշեղ Թովմասյանը` կնոջ հետ

Լուսանկարը` Մուշեղ Թովմասյանի անձնական արխիվից


Ես ընդամենը 23 տարեկան էի, սակայն արդեն ամբողջ աշխարհով մեկ ինքնաթիռների բիզնես դասով էի ճանապարհորդում, հանդիպում էի իրավաբանների ու բանկիրների հետ, ղեկավարում էի աշխատակիցների, որոնք տարիքով շատ ավելի մեծ էին ինձանից։ Ինձ դուր էր գալիս ոլորտի նորությունն ու ստեղծագործական բնույթը եւ ինձ հաջողվեց ավելի շատ փորձ ձեռք բերել, քան ունեին իմ ավագ գործընկերները։

2008թ. ես սկսեցի աշխատել Divisa Capital Group բրենդի ներքո ընկերությունների խմբի ստեղծման ուղղությամբ, որը կենտրոնացած էր տեխնոլոգիաների ու փոխարժեքային գործարքների վրա։ Ամեն ինչ լավ էր ընթանում, եւ մենք բնական աճ էինք գրանցում, երբ 2014թ. մեկ այլ հետաքրքիր հնարավորություն ստացա։ Ես հեռացա սեփական ընկերությունիցս` այն թողելով իմ թիմի ձեռքերում, եւ օգտվեցի ընձեռված հնարավորությունից` մասնակցելու նույն ոլորտի ավելի խոշոր խաղացողի վերակառուցման աշխատանքներին, որը հավակնում էր դառնալ հրապարակային առեւտրային ընկերություն։

Alpari Group-ի բաժնետերերը հրավիրել էին Մուշեղ Թովմասյանին` օգնելու վերակառուցել եւ ընդլայնել ընկերությունը։ Վաճառքի գծով գլխավոր տնօրենի պաշտոնում նա օգնում էր կառավարել ընկերությունը, որն ուներ ավելի քան 300 աշխատակից եւ գրասենյակ ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Կիպրոսում, Ռուսաստանում, Հնդկաստանում, ԱՄԷ-ում, Չինաստանում ու Ճապոնիայում, ինչպես նաեւ $‌150 մլրդ-ից ավելի առեւտրային շրջանառություն` փոխարժեքային շուկայում։ Երկու տարվա համար նախատեսված նախագիծը վերածվում է 4 տարվա «Ամերիկյան բլրակներ» հիշեցնող ճանապարհորդության, մինչեւ Մուշեղ Թովմասյանը որոշում է սեփական ընկերություն վերադառնալ։
Մուշեղ Թովմասյանը` Կիլիմանջարոյի գագաթին Մուշեղ Թովմասյանը` Կիլիմանջարոյի գագաթին

Լուսանկարը` Մուշեղ Թովմասյանի անձնական արխիվից


2014թ. ամռանը ես վերադարձա Divisa Capital` նպատակ ունենալով այն վերածել հայտնի ու հարգված բրոքերի, որը պետք է FX & CFD (Forex & գների տարբերության կոնտրակտ) իրացվելիություններ տրամադրեր ամբողջ աշխարհի մասնագիտական ու գերատեսչական հաճախորդներին։ Մենք գրասենյակներ ունենք ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Նոր Զելանդիայում։ Որպես «փրայմ բրոքեր»` մենք մասնագիտացած ենք միջբանկային շուկային հասանելիություն տրամադրելու ուղղությամբ։

Մուշեղ Թովմասյանը խոստովանել է, որ սիրում է ճանապարհորդել, ուսումնասիրել նորը եւ միշտ արկածներ է փնտրում, սակայն սովորաբար չափազանց զբաղված է անձնական հետաքրքրությունների համար։ Այնուամենայնիվ, չնայած զբաղվածությանը` 2012թ. Alpari-ից իր աշխատակիցների հետ միասին բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը։
Մուշեղ Թովմասյանը Հայաստանում` կնոջ հետ Մուշեղ Թովմասյանը Հայաստանում` կնոջ հետ

Լուսանկարը` Մուշեղ Թովմասյանի անձնական արխիվից


Ես լինում եմ Հայաստանում տարին մեկ-երկու անգամ, իմ հարազատներից շատերը Երեւանում են ապրում։ Որպես հպարտ հայ, որը շատ է ճանապարհորդում եւ գործ ունի շատ հաճախորդների հետ, ես ցանկություն ունեմ Հայաստանում եւս տարածել իմ բիզնես մոդելը։ Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանն ունի շատ ուժեղ ու աշխարհում հարգված նորմատիվ իրավական բազա, ինչպես նաեւ հարմար աշխարհագրական դիրք` ԱՊՀ ու MENA պետությունների հետ բիզնես վարելու համար։ Բացի այդ, Հայաստանը շատ հարմար ժամային գոտում է, ինչը նույնպես չափազանց կարեւոր գործոն է փոխարժեքային շուկայում։

Մուշեղ Թովմասյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին