5/10/15. «Անջատողական» Բրայզան, «մեղադրող» Ալիեւը, «արդար» Կարասինը - Mediamax.am

exclusive
13958 դիտում

5/10/15. «Անջատողական» Բրայզան, «մեղադրող» Ալիեւը, «արդար» Կարասինը


Լուսանկարը` REUTERS

Մեթյու Բրայզան եւ Ռոբերտ Քոչարյանը
Մեթյու Բրայզան եւ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` REUTERS

Իլհամ Ալիեւը
Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS

Գրիգորի Կարասինը
Գրիգորի Կարասինը

Լուսանկարը` Aif.md


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-7

«Մինչեւ անկախության ձեռքբերում, կամ մինչեւ ինքնավարություն»
 
Օգոստոսի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել էր, որ «ես ներկայացնում եմ անջատողականների կողմից հիմնված երկիր»։

«Կան երեք գլխավոր սկզբունքներ, որոնք ազդում են մեր բանակցությունների վրա. հրաժարում ուժի կիրառումից, պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Յուրաքանչյուր հակամարտությունում պետք է փոխզիջում գտնել այդ սկզբունքների միջեւ: Ես, օրինակ, ներկայացնում եմ երկիր, որը հիմնվել է անջատողականների կողմից: Որոշ ժամանակ անց այլ երկրները ճանաչեցին մեր անկախությունը, մենք ստացանք ինքնորոշման իրավունք: Եվ հենց այդ ժամանակ, XVIII դարում, մի քանի տարի անց, այլ նախկին գաղութներ, արդեն Իսպանիայի, նույնպես մեր օգնության կարիքն ունեին, որպեսզի մենք ճանաչեինք նրանց անկախությունը: Սակայն մենք ասացինք. «Ոչ, շնորհակալություն, դա չի բխում մեր շահերից»: Նրանք ասում էին. «Ինչպես, չէ որ մենք ճանաչեցինք ձեր անկախությունը»։ Սակայն մենք պատասխանեցինք, որ յուրաքանչյուր դեպքում մոտեցումները տարբեր են», - ասել էր Մեթյու Բրայզան:

«Պատասխանելով այն հարցին, թե ինչպես այսօրվա իրողությունների պայմաններում կարելի է փոխզիջում գտնել տարածքային ամբողջականության պահպանման եւ ինքնորոշման իրավունքի միջեւ, ամերիկացի միջնորդն ասել էր.

Մեթյու Բրայզան եւ Ռոբերտ Քոչարյանը Մեթյու Բրայզան եւ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Դա առաջնորդների խնդիրն է: Ինքնորոշման իրավունքը կարող է հասնել մինչեւ անկախության ձեռքբերում, կամ մինչեւ ինքնավարություն: Ես, որպես միջնորդ եւ դիվանագետ, չեմ կարող որոշել, թե ինչպիսին կլինի կարգավիճակը, դա  իմ խնդիրը չէ: Հնարավոր է, որ ժողովրդի ներկայացուցիչներն ապագայում որոշեն, որ Ղարաբաղի համար լավ է լինել անկախ: Իսկ գուցե նրանք որոշե±ն, որ լավ է լինել Ադրբեջանի մասը` անկախության շատ բարձր մակարդակով: Սակայն դա իմ խնդիրը չէ: Կարող եմ ասել, որ այսօր, միջազգային օրենքի համաձայն, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ընթանում են բանակցություններ, մենք փոխզիջում ենք փնտրում»:

Մեթյու Բրայզան նշել էր, որ «Ադրբեջանի սահմանադրության համաձայն` հանրաքվեն պետք է անցկացվի Ադրբեջանի բոլոր քաղաքացիների մասնակցությամբ»։

«Եթե այդպես է, ապա ինչ դա կնշանակեր Ղարաբաղի կարգավիճակի համար, ինչպիսին կլիներ արդյունքը: Եվ հայկական կողմը հիմա մտածում է այն մասին, թե ինչն է ավելի լավ իր համար, ինչ կնշանակի այդ հանրաքվեն, եթե դրան լիովին մասնակցում է ադրբեջանական կողմը: Իսկ գուցե լինի մեկ այլ սահմանում, այլ բառ, որը կարտացոլեր ձայների կամ բնակիչների, կամ Ղարաբաղի նախկին բնակիչների  քանակությունը, որոնք կարող են մասնակցել քվեարկությանը: Եվ այս հարցն ուղղված է նախագահներին, ոչ ինձ», - ասել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:

Հայաստանը «փորձում է խաբել միջնորդներին»
 
Օգոստոսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայկական կողմին մեղադրել էր «միջնորդներին խաբելու եւ ժամանակ ձգելու փորձերի մեջ»:

Նա ասել էր, որ Բաքուն հավատարիմ է խաղաղ գործընթացին եւ գտնում է, որ բանակցությունների գործընթացն իրեն չի սպառել:
Իլհամ Ալիեւը Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS


«Հակառակ կողմի կեղծավորությունը` միջնորդներին խաբելու եւ ժամանակ ձգելու փորձերը, ոչ մի արդյունք չեն տա: Որքան շատ ժամանակ է անցնում, այդքան ավելի են թուլանում իրենց դիրքերը, իսկ մեր դիրքերն ուժեղանում են: Հնարավոր է, ադրբեջանական հողերի ետ հանձնումը չի բխում որոշ քաղաքական գործիչների շահերից, որոնք զբաղեցնում են առանձին պաշտոններ: Գուցե նրանք, ի շահ իրենց քաղաքական ամբիցիաների, որդեգրել են նման ոչ կառուցողական դիրքորոշում: Սակայն դա չի բխում հայ ժողովրդի շահերից: Եթե Հայաստանում դա հասկանան եւ վերջ տան օկուպացիայի քաղաքականությանը, ապա կարող են բարելավվել հարաբերությունները Բաքվի եւ Երեւանի միջեւ, եւ հայ ժողովուրդը կստանա ավելին մեր հետ համագործակցությունից, քան դրսից եկող ողորմություններից», - հայտարարել էր Իլհամ Ալիեւը:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-7

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»
 
Հունիսի 7-ին Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը ասել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղված ջանքերը, ինչպես եւ նախկինում, հարկավոր է կենտրոնացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Գրիգորի Կարասինը Գրիգորի Կարասինը

Լուսանկարը` Aif.md


«Հայաստանը եւ Ադրբեջանը մեր ԱՊՀ գործընկերներն են: Մեզ համար թանկ են Երեւանի եւ Բաքվի հետ հարաբերությունները, եւ մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մերձեցնենք երկրների դիրքորոշումները: Դա չափազանց բարդ եւ խճճված թեմա է, որն իր արմատները եւ պատմությունն ունի: Կարծում եմ, որ ինչպես նախկինում, հարկավոր է ջանքերը կենտրոնացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա: Կա Մինսկի խումբը, որտեղ ներկայացված են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք բարեխղճորեն աշխատում են, այցելում են տարածաշրջան, հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ, օգնում են նրանց հետագա փաստաթղթերի համար ընդունելի ձեւակերպումներ գտնել: Մենք ամեն կերպ սատարում ենք այդ ջանքերին եւ ակնկալում ենք, որ դրանք  շուտով կոնկրետ արդյունքի կբերեն», - ասել էր ռուսաստանցի դիվանագետը:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-7

«Քի՛չ ծխեք»
 
Օգոստոսի 3-ին Հայաստանի կառավարությունը հավանության էր արժանացրել «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը» ու 2017-2020 թթ. միջոցառումների ծրագիրը:

Ռազմավարության ներդրման նպատակն էր միջոցներ իրականացնել՝ ուղղված Հայաստանում ծխախոտի օգտագործման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը եւ նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները:

«Քի՛չ ծխեք»,- կոչ էր արել վարչապետ Կարեն Կարապետյանը:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին