5/10/15. Վան Ռոմպոյի այցը, «խոսքի տեր» Ծառուկյանը, Սարգսյանի «գրավականը» - Mediamax.am

exclusive
14139 դիտում

5/10/15. Վան Ռոմպոյի այցը, «խոսքի տեր» Ծառուկյանը, Սարգսյանի «գրավականը»


Հերման վան Ռոմպոյը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Հերման վան Ռոմպոյը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Կարեն Կարապետյանը հանդիպում է ԵՄ երկրների դեսպաններին 2017թ. հուլիսի 7-ին
Կարեն Կարապետյանը հանդիպում է ԵՄ երկրների դեսպաններին 2017թ. հուլիսի 7-ին

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Գագիկ Ծառուկյանը 2012թ. հուլիսի 10-ին
Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Գագիկ Ծառուկյանը 2012թ. հուլիսի 10-ին

Լուսանկարը` «Արմյանսկի ստանդարտ»


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-10

«Պետք է կայացնել լուրջ, դժվարին որոշումներ»
 
Հուլիսի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ «մենք ելնում ենք երկու հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, միջեւ փոխզիջում գտնելու ցանկությունից»:

Ամերիկացի դիվանագետը նշել էր, որ աշխարհում գոյություն չունի «ունիվերսալ բանաձեւ» կամ «ընդունված եղանակ» այդ երկու սկզբունքների միջեւ փոխզիջում գտնելու համար:

«Մենք գտնվում ենք մի փուլում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է կայացնեն լուրջ, դժվարին որոշումներ: Նրանք ցուցաբերել են քաղաքական կամք: Նրանց նախարարները ցուցաբերել են քաղաքական կամք եւ հասցրել են բանակցություններն այն կետին, որից հետո պահանջվում են դժվարին որոշումներ նախագահների մակարդակով»,- ասել էր Մեթյու Բրայզան:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-10

«Ճիշտ ուղղությամբ եք առաջ շարժվում»
 
Հուլիսի 4-ին Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմպոյը հայտնել էր, որ ԵՄ-ն որոշել է Արեւելյան գործընկերության շրջանակներում 15 միլիոն եվրոյով ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:

Նա կոչ էր արել Հայաստանի իշխանություններին շարունակել բարեփոխումները, մասնավորապես, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը, ապահովել մարդու իրավունքների հարգումը եւ օրենքի գերակայությունը:

Հերման վան Ռոմպոյը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հերման վան Ռոմպոյը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Դուք ճիշտ ուղղությամբ եք առաջ շարժվում, չնայած այն հանգամանքին, որ դեռ մեծ ծավալի աշխատանք կա անելու»,- ասել էր ԵՄ Խորհրդի նախագահը:      

Հերման վան Ռոմպոյն ասել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը պետք է մնա գլխավոր առաջնահերթություն»։ «Ամեն օր, որն անցնում է առանց հակամարտության լուծման, բաց թողնված հնարավորություն է բոլորի համար»,- ասել էր նա։

«Դու խոսքիդ տերն ես»

Հուլիսի 10-ին Մինսկում բացվել էր հայկական կոնյակի շշալցման հեսքագիծը:

«Արմյանսկի ստանդարտ» ընկերության հիմնադիրներն էին Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատն ու «Բելառուստորգը», համապատասխանաբար, 69% եւ 31% մասնաբաժիններով:  

Արարողությանը ներկա էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի սեփականատեր, Հայաստանի ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: 
Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Գագիկ Ծառուկյանը 2012թ. հուլիսի 10-ին  Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Գագիկ Ծառուկյանը 2012թ. հուլիսի 10-ին

Լուսանկարը` «Արմյանսկի ստանդարտ»


Հոսքագծից դուրս եկած առաջին շիշը հանձնել էին Լուկաշենկոյին, իսկ նա այն նվիրել էր Ծառուկյանին:

«Սա նրա համար, որ դու քո խոսքի տեր մարդ ես` ասացիր եւ արեցիր: Որպեսզի մեր պաշտոնյաները նման մարդկանց միշտ կանաչ ճանապարհ տան»,- ասել էր Լուկաշենկոն:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-10

«Առանց ցնցումների զարգացման գրավական».

Հուլիսի 5-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, որ
Սահմանադրության բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման համար:

«Այժմ մենք գտնվում ենք անցումային փուլում, անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Մեր համոզումն է, որ Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թեւերի միջեւ հավասարակշռության պահպանման եւ ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի եւ անցնցում զարգացման համար: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար եւ ավելի կայուն պետություն եւ հասարակություն», - ասել էր նախագահը։

«Հավակնոտ ու տպավորիչ»  

Հուլիսի 7-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «հավակնոտ եւ տպավորիչ» էր որակել ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը եւ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու:
Կարեն Կարապետյանը հանդիպում է ԵՄ երկրների դեսպաններին 2017թ. հուլիսի 7-ին Կարեն Կարապետյանը հանդիպում է ԵՄ երկրների դեսպաններին 2017թ. հուլիսի 7-ին

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ելույթ ունենալով Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել էին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանները, Պյոտր Սվիտալսկին ողջունել էր ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը հակակոռուպցիոն քաղաքականության, ընտրական գործընթացների կազմակերպման, դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, բարենպաստ բիզնես միջավայրի ձեւավորման եւ մի շարք այլ ուղղություններով՝ ընդգծելով, որ կշարունակի օժանդակել Հայաստանին այդ գործում:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին