Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-30
«Միացյալ ջանքեր-2007» զորավարժությունները
Ապրիլի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաավիացիոն ինստիտուտում մեկնարկել էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպված «Միացյալ ջանք-2007» 15-օրյա հրամանատարա-շտաբային զորավարժությունը:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Բացելով զորավարժությունները` Հայաստանի պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանը նշել էր, որ համագործակցությունը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ գտնվում է վերելքի վրա, համատեղ իրագործվել են մի շարք ծրագրեր: Նա գոհունակություն էր հայտնել զորավարժության նախապատրաստական համաժողովների անցկացման բարձր մակարդակով:
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2008 թվականին Հայաստանում անցկացնել ՆԱՏՕ-ի «Միացյալ նետ եւ աղեղ-2008» զորավարժությունը:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Զորավարժությանը մասնակցում էին 150 սպաներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Խորվաթիայից եւ Վրաստանից:
OMX-ի մուտքը Հայաստան
Ապրիլի 27-ին հայտարարվել էր, որ Շվեդական OMX Group-ը ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան:
Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել էր, որ OMX-ի հետ համագործակցությունն արդեն մեկ տարվա պատմություն ունի: «Այդ ընկերության մասնակցությունը հայկական կապիտալի շուկային կաջակցի մեր երկարաժամկետ նպատակների իրականացմանը»,- նշել էր նա:
«Հանրությունը չի ընդունում գունավոր հեղափոխությունները»
Ապրիլի 27-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն Երեւանում հայտարարել էր, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ նախընտրական պայքարն ընթանում է հանգիստ եւ քաղաքակիրթ:
«Ակնհայտ է, որ այսօր հանրությունը չի ընդունում ագրեսիվ դրսեւորումներ, չի ողջունում գունավոր հեղափոխությունները: Օտարերկրյա կազմակերպությունների բոլոր հետազոտությունները վկայում են, որ բնակչության միայն 2%-ն է ագրեսիվ գործողությունների եւ հեղափոխությունների կողմնակից», - ասել էր Հայաստանի նախագահը:
«Ուկրաինայի օրինակով մենք համոզվեցինք, որ իշխանության գալու անօրինական ճանապարհը շատ թանկ է նստում բնակչության վրա»,- հայտարարել էր Հայաստանի նախագահը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-30
«Մերժում ենք Թուրքիայի մեծամիտ քաղաքականությունը»
Ապրիլի 29-ին Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Թուրքիան ամեն օր կեղծում է սեփական պատմությունը:
Ելույթ ունենալով Արթիկի ընտրողների հետ հանդիպմանը, նա ասել էր.
Մենք մերժում ենք Թուրքիայի մեծամիտ ու գոռոզ քաղաքականությունը, նրանց օգտագործած թելադրանքի, պարտադրանքի ու նախապայմանների լեզուն:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Մենք ասել ենք Թուրքիային, որ պատրաստ ենք հավասարը հավասարի հետ ստեղծել նորմալ ու բնականոն հարաբերություններ։ Եթե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Իրանը, Հնդկաստանը, Բրազիլիան եւ ընդհանրապես աշխարհի մեծ տերությունները մեզ հետ հարաբերվում են քաղաքակիրթ ձեւով, ապա Թուրքիան այլ ակնկալիք չպետք է ունենա:
Մենք ասել ենք Թուրքիային, որ Արցախի հարցում ինքն ասելիք ու անելիք չունի: Ոչ միայն ասել ենք, այլեւ պահանջել ենք Թուրքիային ստորագրել այդ հիմնադրույթի տակ՝ որպես Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների անկյունաքար: Դա եղել է այս հարցի շուրջ վերջին քսան տարիների Հայաստանի քաղաքականության հիմնական թեզերից մեկը: Թուրքիան ստորագրել է այդ փաստաթղթի տակ:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Մենք միշտ նույն բանն ենք ասում Թուրքիային. հանցագործության ընդունմանն ու զղջմանը մենք պատրաստ ենք համարժեքորեն արձագանքել:
Հիլարի Քլինթոնը իրավացի էր, երբ կրկնում էր՝ գնդակը Թուրքիայի դաշտում է: Եթե որեւէ բան են ուզում անել ու փոխել, թող տեղից շարժվեն», - ասել է ՀՀԿ նախագահը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-30
Հայաստանը ողջունում է Չեխիայի որոշումը
Ապրիլի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը։
«Չեխիայի պատգամավորների պալատի բանաձեւը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,- ասվում էր ԱԳ նախարարի հայտարարությունում:
Ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող 414 բանաձեւը։ Ավելի վաղ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երկրի պատմության մեջ առաջին անգամ ցավակցական ուղերձ էր հղել հայ համայնքին։
«Համաձայն եմ, որ պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում պատմությունը հաճախ դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք, եւ անցյալի ըմբռնումը կամ մեկնաբանումը պետք է կատարեն հիմնականում պատմաբանները: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք ոչ միայն խլեցին 1.5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, այլեւ պատմության ողբերգական շրջան են ներկայացնում հայ ժողովրդի եւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- ասված էր Զեմանի ուղերձում:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: