Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-24
«Կարգավորումը մոտ է ինչպես երբեւէ»
Ապրիլի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «մենք մոտ ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ինչպես երբեւէ»։
«Բանակցային սեղանին գտնվող փաստաթղթի կետերի մեծ մասը համաձայնեցված է, իսկ Բելգրադում մենք անց ենք կացրել չհամաձայնեցված հարցերի ակտիվ քննարկում», - ասել էր Վարդան Օսկանյանը:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Ապրիլի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի Բելգրադում հանդիպման արդյունքներով:
Նրանք նշել էին, որ կողմերը գործընթացը շատ մոտ են հասցրել այն կետին, երբ քննարկմանը պետք է մասնակցեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները:
Հայտարարության մեջ ասվում էր, որ այդ հանդիպումը կարող է վերջակետ դնել հիմնական սկզբունքների շուրջ բանակցություններում եւ համակողմանի համաձայնագրի զարգացման գործընթացի սկիզբ հանդիսանալ:
Նոր պաշտպանության նախարար
Ապրիլի 25-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել Միխայիլ Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ:
Ապրիլի 23-ին գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանը թողել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-24
«Հայկական լոբբին» մեր թիվ մեկ թշնամին է»:
Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել էր, որ «հայկական լոբբին» իր երկրի «թիվ մեկ թշնամին» է:
Լուսանկարը` REUTERS
«Մեր դեմ տեղեկատվական պատերազմ է տարվում: Այդ պատերազմում, իհարկե, աչքի է ընկնում հայկական լոբբին: Ադրբեջանը սեւացնելու, Ադրբեջանի իրողությունները հերքելու, աշխարհին Ադրբեջանը որպես հետամնաց, ոչ ժողովրդավարական երկիր ներկայացնելու փորձերը նախ եւ առաջ հայկական լոբբիի կեղտոտ գործերն են: Նրանց ազդեցության ոլորտը բավականին մեծ է: Նրանք ներկայացված են տարբեր երկրների առաջադեմ տպագիր մամուլում: Երբեմն նրանք ուրիշ ազգանունների տակ են ներկայանում, թաքցնում են իրենց էությունը: Յուրաքանչյուր մարդ պետք է հպարտանա իր ազգային պատկանելությամբ: Սակայն նրանք այլ երկրներում, չգիտես ինչու, տարբերվում են նաեւ այդ ոլորտում: Երբեմն նրանք Ադրբեջանի դեմ բաց արշավ են վարում եւ փորձում են համակարգված ձեւով վնաս հասցնել Ադրբեջանի իմիջին: Նրանց գործունեությունը նպատակաուղղված է, եւ այսօր հայկական լոբբիի թիվ մեկ թիրախը Ադրբեջանն է: Եվ մեզ համար թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ այդ պայքարին», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Երեւան՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք
Ապրիլի 21-ից 23-ը մայրաքաղաքում կայացել էին «ԱմրաԳՐԻՐ քո ապագան» խորագիրը կրող տոնական միջոցառումները` «Երեւանը` 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Ապրիլի 22-ի երեկոյան Մատենադարանի մոտ կայացել էր հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետը Երեւանի պաշտոնակցին հանձնեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-24
«Պատիվ ունեմ» եւ «Ես եմ»
Ապրիլի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը։
Լուսանկարը` Ֆոտոլուր
Ելույթ ունենալով «Ազգ-Բանակ-2017» համաժողովում՝ Վիգեն Սարգսյանն ասել էր, որ առաջարկների նպատակը բանակի մարտունակության բարձրացումն ու զինված ուժերի հանդեպ վստահության ամրապնդումն է։
Պաշտպանության նախարարը ներկայացրել էր ծրագրերը.
«Պատիվ ունեմ»
«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչեւ 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու եւ քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում եւ 3 տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում:
Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում (ծառայության համապատասխան կենցաղային պայմաններով), մրցունակ աշխատավարձով (ամսական առնվազն 260.000 դրամ): Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաեւ ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաեւ նրա մագիստրոսական կրթությունը:
«Ես եմ»
Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:
Ծառայությունը կտեւի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, եւ երկու շաբաթ` առաջնագծում՝ մարտական հերթապահություն անցկացնելիս:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում եւ մարտական դիրքերում:
Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`
1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
3. ուսման վարձի փոխհատուցում:
Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաեւ ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատեւ ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:
Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաեւ ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա:
Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, եւ քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում 3 տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձեւը կարող է դառնալ գերակշռողն
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: