Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐՒ 3-9
Առաջին քայլը դեպի Կոսովո
Սեպտեմբերի 3-ին Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը եւ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն Երեւանում հուշագիր ստորագրեցին Կոսովոյի խաղաղապահ գործողությանը հայկական դասակի մասնակցության մասին` հունական գումարտակի կազմում:
«Ամուսնալուծություն `առանց ալիմենտի»
Սեպտեմբերի 4-ին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Գեորգիոս Վասիլակիսը «առասպելներ» անվանեց Հայաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից հեռահաղորդակցման մենաշնորհատիրոջ դեմ ներկայացված մեղադրանքները:
Հանդես գալով «ԱրմենՏել» ընկերության բաժնետերերի բաց նիստում Գեորգիոս Վասիլակիսը «անօրինական» անվանեց նիստն անցկացնելու փաստը:
Ըստ Վասիլակիսի, ընկերության լիցենզիան նախատեսում է, որ կառավարության եւ «ԱրմենՏել»-ի միջեւ բոլոր վեճերը պետք է քննվեն Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում: Չնայած դրան, ասել էր Վասիլակիսը, «մենք համաձայնեցինք մասնակցել բաց նիստին, քանի որ անտարբեր չենք Հայաստանի հեռահաղորդակցության համակարգի եւ այս երկրում մեր կողմից ներդրված 400 միլիոն դոլարի ճակատագրի հանդեպ»:
Լուսանկարը` Ֆոտոլուր
«Հայաստանի կառավարության մի խումբ ներկայացուցիչներ փորձում են ամուսնալուծվել մեզ հետ `առանց ալիմենտ վճարելու: Այդ խումբը ցանկանում է շուկայից հեռացնել խոշոր օտարերկրյա ներդրողին, որը վճարել է 142 մլն դոլար Հայաստանի փլուզված հեռահաղորդակցության համակարգի համար», - հայտարարել էր Վասիլակիսը:
Հայ-հունական ֆուտբոլային սկանդալ
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իրեն կաշառք էին առաջարկել, որպեսզի Եվրո-2004 որակաորման փուլում Հայաստանի հավաքականը զիջի Հունաստանի թիմին:
Հանդես գալով 0:1 հաշվով ավարտված Հայաստանի եւ Հունաստանի հավաքականների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում, Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Երվանդ Սուքիասյանը Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի անունից 1 մլն դոլար էր առաջարկել իրեն:
Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել էր Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած մեղադրանքները եւ հայտարարություն տարածել, որում, մասնավորապես, ասված էր.
«Ոչ ոք իրավունք չունի վարկաբեկել Հունաստանի եւ հունական հավաքականի բարի անունը: Մեր պատկերացմամբ, հունական թիմի հաջող ելույթը դժգոհության առիթ է դարձել շատերի համար: Դրանով կարելի է բացատրել Հայաստանի եւ Հունաստանի հավաքականների խաղից հետո պարոն Հայրապետյանի կողմից արված անհիմն հայտարարությունները»:
Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները որակել էր որպես «անամոթ սուտ»: Հայտարարության մեջ նշվում էր, որ ֆեդերացիան պաշտոնական բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ, «պահանջելով հետաքննություն անցկացնել եւ պատժել այն անձանց, որոնք փորձում են վարկաբեկել Հունաստանի եւ նրա ֆուտբոլի ֆեդերացիայի բարի անունը»:
Սարգսյանի հույսերը
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանի վերաբացումը «ամիսների հարց է»: «Ամեն դեպքում, կան նախապայմաններ այդպես ասելու համար», - ասել էր Սերժ Սարգսյանը «Գոլոս Արմենիի» թերթի հետ հարցազրույցում:
«Ես համոզված եմ սահմանը բացելու նպատակահարմարության մեջ եւ մտադիր չեմ ներգրավվել որեւէ քննարկման մեջ: Եթե որեւէ մեկը չի տեսնում այդ նպատակահարմարությունը, դա իր խնդիրն է», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Տնտեսական ազատությունները
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «տնտեսական ազատությունների ցուցանիշներով մենք մի շարք եվրոպական երկրներից առաջ ենք»:
Սոֆիայում կայացած հայ-բուլղարական բիզնես համաժողովի փակման խոսքում Քոչարյանը նշել էր.
«Հայաստանը հետխորհրդային տարածքում ունի առավել ազատական արտաքին առեւտրային ռեժիմ: Տնտեսական ազատությունների ցուցանիշներով մենք մի շարք եվրոպական երկրներից առաջ ենք: ՀՆԱ-ի ավելի քան 80% -ը արտադրվում է մասնավոր հատվածի կողմից, 35% -ն ապահովում է փոքր եւ միջին բիզնեսը», - հայտարարել էր Հայաստանի նախագահը:
«Տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրի համաձայն, 2015 թ. Հայաստանի տնտեսական զարգացման մակարդակը հիմնական ցուցանիշներով պետք է համադրելի լինի Եվրամիության նվազագույն ստանդարտներին», - ասում էր Ռոբերտ Քոչարյանը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-9
Աբխազիայի եւ Հարավային Օսիան ճանաչել/չճանաչելը
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Երեւանում հայտարարել էր, որ Մոսկվան ճնշում չի գործադրի ՀԱՊԿ անդամ երկրների վրա Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցում:
«Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման հարցը յուրաքանչյուր պետության իրավասությունն է: Պետությունները պետք է ինքնուրույն ընդունեն այս կամ այն որոշումը», - հայտարարել էր Պատրուշեւը՝ պատասխանելով Մեդիամաքսի հարցին:
Նույն օրը, ելույթ ունենալով արտերկրում Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների ամենամյա հանդիպմանը, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Հայաստանը չի կարող ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը՝ չճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:
Գյուլի այցը
Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ժամանեց Երեւան: Օդանավակայանից նրա կորտեժը մեկնեց Հայաստանի նախագահի նստավայր, որտեղ տեղի ունեցավ երկու երկրների առաջնորդների հանդիպումը: Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները գնացին «Հրազդան» մարզադաշտ, որի VIP-օթյակում հետեւեցին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը: Խաղի ավարտից հետո Թուրքիայի նախագահն մեկնեց Երեւանից:
Լուսանկարը` REUTERS
Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահն ասաց, որ նա իր հայ գործընկերոջ հետ քննարկել է Թուրքիայի «Կովկասյան պլատֆորմ կայունության եւ անվտանգության համար» ստեղծելու նախաձեռնությունը: Աբդուլա Գյուլը իր երախտագիտությունն էր հայտնել Սերժ Սարգսյանին այդ նախաձեռնությունը սատարելու համար:
«Մենք քաղաքական կամք ցուցադրեցինք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար: Հուսով եմ, որ այս այցը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար», - ասել էր Աբդուլա Գյուլը:
«Հուսանք, որ մենք կկարողանանք կամք ցուցադրել մեր երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրների լուծման համար, որպեսզի չփոխանցենք առկա խնդիրները հաջորդ սերունդներին: Ես տեսա պատրաստակամություն եւ ցանկություն աջակցելու տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու հարցում», - ասել էր Սերժ Սարգսյանը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-9
Մաքսային միությունը
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ստորագրեցին համատեղ հայտարարություն, որտեղ նշված էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը:
Լուսանկարը` REUTERS
Սեպտեմբերի 4-ին ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեւիչիուսն ասել էր, որ Հայաստանը, ընտրելով Մաքսային միությունը, արգելափակեց Եվրամիության հետ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Լիտվայի ԱԳ նախարարն ասել էր, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի որոշումը, սակայն «երկու համակարգերը համատեղելի չեն»:
Սեպտեմբերի 5-ին ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո «բարդ է պատկերացնել Հայաստանի եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում»:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: