Արտեմ Ալիխանյանի 10 իրերը - Mediamax.am

exclusive
7666 դիտում

Արտեմ Ալիխանյանի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Հայտնիների 10 իրերը»  նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:

Արտեմ Ալիխանյան՝ հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական եւ Լենինյան մրցանակակիր։

Ծնվել է 1908թ.-ի հունիսի 11-ին՝ Թբիլիսիում, մահացել՝ 1978թ.-ի փետրվարի 25-ին՝ Մոսկվայում:

Նրա ուսումնասիրությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների եւ տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը եւ ստեղծմանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


1942թ.-ին նա եղբոր՝ Աբրահամ Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, Նոր Ամբերդի կայանը, ղեկավարել է տեսական եւ փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը։ 1944 թ.-ին եղբոր հետ հիմնել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտը, որի տնօրենն է եղել մինչեւ 1973թ.-ը:

Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնը՝ Երեւանի էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչը (ԱՐՈՒՍ)։ Նա հիմնել է նաեւ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) նրան նվիրված թանգարան է գործում, որտեղ ներկայացված են Հայաստանում ֆիզիկայի հայր համարվող Արտեմ Ալիխանյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու լուսանկարները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխատասեղանն ու ձեռագրերը

Արտեմ Ալիխանյանի աշխատասեղանն առաջինն է բացվում թանգարանի այցելուների առաջ: Այս սեղանի շուրջ ֆիզիկոսն աշխատել է բոլոր այն տարիներին, երբ ղեկավարում էր ԵրՖի-ն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արտեմ Ալիխանյանի աշխատասեղանին կարելի է տեսնել նրա գրիչը, ձեռագրերն ու նամակները, ինչպես նաեւ հոդվածների սեւագրություններ:

1935թ.-ին թվագրված գրությունն Արագածում փորձերին է վերաբերում: Այս սեւագրերից մեկում Ալիխանյանը գրում է ԱՐՈՒՍ արագացուցչի ստեղծման մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հեռախոսը

Հեռախոսը Արտեմ Ալիխանյանի աշխատասեղանին դրված է այնպես, ինչպես ֆիզիկոսի օրոք էր: Բոլոր կարեւոր զրույցները՝ Խրուշչովի, Բրեժնեւի եւ խորհրդային այլ ղեկավարների հետ, հենց այս հեռախոսով էին արվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռադիոն

Ռադիոն Արտեմ Ալիխանյանը գնել էր 1950-ականների սկզբին, այն թանգարան է բերվել ֆիզիկոսի տնից: Ռադիոյով Ալիխանյանը հիմնականում լսում էր իր լավագույն ընկերներին՝ Դմիտրի Շոստակովիչին եւ Մստիսլավ Ռոստրոպովիչին: Նրանք հաճախ հյուրընկալվում էին ֆիզիկոսին. Արագածում այդ օրերին նաեւ նոր ստեղծագործություններ էին ծնվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սարյանի կտավը

Արտեմ Ալիխանյանը սիրում էր արվեստը եւ դրանով էր նաեւ պայմանավորված, որ մտերիմ էր շատ արվեստագետների հետ: Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի եւ ֆիզիկոսի ընկերության մասին է պատմում կտավը, որին Արագածն է պատկերված: Այն Սարյանի նվերն է Ալիխանյանին, ով իր ողջ կյանքը ներդրել էր Արագածում եւ այնտեղից սկսել Հայաստանի ֆիզիկայի պատմությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեծ սերը, հայկական Թաջ Մահալն ու երկրորդ մուսան

Արտեմ Ալիխանյանն ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջին կինը հայտնի բանաստեղծուհի եւ թարգմանչուհի Մուզա Պավլովան էր: Նոր Ամբերդ տիեզերական Ճառագայթների կայանի սեւ շենքը համարվում է երկրորդ Թաջ Մահալը: Այն կառուցվում էր ֆիզիկոսի սիրելի կնոջ մահից հետո եւ Ալիխանյանը որոշում է շենքը նրա հիշատակին կառուցել սեւ տուֆով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կնոջ մահից հետո Ալիխանյանի մուսան Դմիտրի Շոստակովիչի կինը՝ ֆիզիկոս Նինա Շոստակովիչն էր, ով Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում աշխատել էր Ալիխանյանի ղեկավարած լաբորատորիայում եւ համագործակցությունը նաեւ հետագայում էր շարունակվել: Ալիխանյանը Նինային շատ էր ոգեշնչել ֆիզիկայով զբաղվելու ճանապարհին: Նինա Շոստակովիչը մահացավ Նոր Ամբերդում, ինչից հետո սեւ շենքը կանգուն է ի հիշատակ ֆիզիկոսի մեծ սիրո եւ մեծ մուսայի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արամ Խաչատրյանի նամակը

Թանգարանում պահվում է Արամ Խաչատրյանի՝ Ալիխանյանին ուղղված նամակը: Նամակում մեծ կոմպոզիտորը գրում է, որ իմացել է ֆիզիկոսի՝ Լենինյան մրցանակ ստանալու մասին: Արամ Խաչատրյանն իր ուրախությունն է հայտնում ՝ Ալիխանյանին ցանկանալով առողջություն եւ մեծ հաջողություններ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետազոտման սարքերը

Արտեմ Ալիխանյանը ստեղծել եւ կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր՝ մագնիսական մասսպեկտրոմետր, բշտիկային եւ կայծային խցիկներ: Թանգարանում ներկայացված են սարքավորումներ, որոնք Արագածում մասնակցել են Ալիխանյանի չափումներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալիխանյանն իր ձեռագրերից մեկում պատմում է, որ լամպերն էշերի վրա բեռնած բարձրացնում էին Արագած, որտեղ շատ ցուրտ էր: Բայց որեւէ մեկը չէր մտածում մարդկանց մասին, բոլորը մտահոգվում էին, որ դրանք կսառչեն եւ փորձերի համար պիտանի չեն լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալիխանյանի հոգեվիճակը՝ կտավի վրա

Կյանքի վերջին տարիներին Արտեմ Ալիխանյանը բնակվում էր Մոսկվայում: 1973թ.-ին, երբ նրան ազատեցին ԵրՖի տնօրենի պաշտոնից եւ կանչեցին Մոսկվա, Ալիխանյանը շատ ծանր տարավ: Նրա համար դժվար էր թողնել ինստիտուտը, որն իր «տղան» էր համարում, իսկ ԱՐՈՒՍ արագացուցիչը՝ «դուստրը»:

«Անցյալ դարում սխալների համար աքսորում էին Կովկաս, իսկ ինձ՝ ընդհակառակը, Կովկասից աքսորեցին Մոսկվա»,- ասել է նա:

1977թ.-ին Ալիխանյանն արդեն ծանր հիվանդ էր: Այդ թվականին արված կտավում նկարիչ Րաֆֆի Ադաշյանը պատկերել է ֆիզիկոսի ծանր հոգեվիճակն ու դառնությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամացույցը

Թանգարանի պատին կախված է Ալիխանյանի աշխատասենյակի ժամացույցը: Սլաքները կանգնած են 11:47-ի վրա. այդ ժամին է ընդհատվել ֆիզիկոսի կյանքը:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին