Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:
Ռոմանոս Մելիքյան՝ երգահան, երաժշտագետ, խմբավար եւ մանկավարժ, հայ դասական ռոմանսի ստեղծողը: Ծնվել է 1883թ. հոկտեմբերի 1-ին՝ Դաղստանի Կիզլյար քաղաքում, մահացել՝ 1935թ. մարտի 30-ին՝ Թիֆլիսում:
Ոոմանսների հեղինակին են պատկանում «Աշնան տողերը», «Բալադը», «Մուրիկի վիշտը» երգը։ 1921թ. Ռոմանոս Մելիքյանը Հայաստանում հիմնել է երաժշտական ստուդիա, որը երկու տարի անց դարձել է կոնսերվատորիա: 1924 թ. Ստեփանակերտում հիմնել է երաժշտական ուսումնարան: Ռոմանոս Մելիքյանը մասնակցել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին եւ Երեւանի օպերային թատրոնի հիմնադրմանը:
Ռոմանոս Մելիքյանի անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում:
1. Հրացանն ու փամփշտակալը

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռոմանոս Մելիքյանը որսորդության սիրահար էր: Աշնան եւ ամռան ամիսներին շաբաթը մի քանի անգամ որս էր անում: Նեմրութ անունով շան հետ գնում էր Գառնի կամ Արարատյան դաշտ՝ թռչունների եւ մանր գազանների որսի ու երբեք դատարկ ձեռքով չէր վերադառնում:
Մի անգամ նա թռչուն է խփում, եւ երբ ընկերներից մեկը հարցնում է, թե ինչու է սպանել գեղեցիկ թռչունին, Ռոմանոսը պատասխանում է.
-Պատկերացրու, հենց գեղեցկության համար խփեցի, որ բերեմ, խրտվիլակ սարքեմ ու միշտ պահեմ աչքիս առաջ:
Թեեւ որսորդությունը դաժան բան էր համարում, բայց այդ սերը եկել էր մանկությունից: Ասում էր՝ երբ թռչուն եմ տեսնում, հրացանս դողում է:
Թանգարանում պահվում են նրա որսորդական հրացանն ու փամփշտակալը:
2. Ձկնորսական պարագաները

Լուսանկարը` Մեդիամաքս
Երգահանը միայն կենդանիների ու թռչունների որսով չէր զբաղվում էր: Նաեւ ձկնորսություն էր սիրում, եւ նրան կարելի էր տեսնել Արզնիում կամ Սեւանում ձուկ բռնելիս: Առավոտից մինչեւ երեկո հանգիստ նստում էր, կարթը կախում ջուրը եւ սպասում:
3. Մատիտակալը

Լուսանկարը` Մեդիամաքս
Իր աշխատանքների հանդեպ վարպետը շատ խիստ էր: Հաճախ գրում եւ ջնջում էր նոտաները: Դաշնամուրի վրա դրված երգերի բառերի վերեւում եւ ներքեւում միշտ գրված եւ ապա ուղղված նոտաներ էին: Թանգարանում պահվում է այն մատիտակալը, որը բազմիցս մասնակցել է այդ ընթացքին:
4. Կնոջ նկարը

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռոմանոս Մելիքյանը կնոջը շատ էր սիրում: Երբ Թիֆլիսից գալիս էր Երեւան, իր հետ միշտ բերում էր կնոջ նկարը: Սիրելի կնոջ հայացքը նրա համար անհրաժեշտություն էր: Նկարը հաճախ նաեւ ծոցագրպանում էր պահում:
5. Գլխարկն ու ածելիները

Լուսանկարը` Մեդիամաքս
Երգահանը խիստ հետեւում էր իր արտաքինին, սիրում էր գլխարկ կրել: Թանգարանում պահվում է Ռոմանոս Մելիքյանի լայնեզր սեւ գլխարկը:
Մաեստրոյի ածելիներից մի քանիսը եւս պահպանված են, որոնց վրա Gillette Blade մակագրությունն է: Դրանք, ըստ ամենայնի, այժմյան հայտնի բրենդի ածելիների սերնդից են:
6. Թեյի գդալը

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռոմանոս Մելիքյանը սիրում էր թեյի շուրջ քննարկումներ ու բանավեճեր ունենալ: Այդ քննարկումների մասնակիցը հաճախ Կոմիտասն էր լինում:
Գրականության եւ արվեստի թանգարանում երգահանի թեյի գդալն է պահպանվում, որը տաք վեճերից մնացած միակ վկան է:
7. Ծխախոտ փաթաթելու թղթերը, ծխախոտատուփն ու մոխրամանը

Լուսանկարը` Մեդիամաքս
Թեյի շուրջ քննարկումները հաճախ ուղեկցվում էին ծխախոտ փաթաթելու արարողությամբ: Ռոմանոսը շատ էր ծխում, իսկ քննարկումներն էլ ավելի էին բորբոքում հերթական գլանակը վառելու ցանկությունը:
Ծխախոտը հաճախ էր վառվում նաեւ աշխատելու ժամանակ: Ողջ գիշեր ստեղծագործելուց հետո առավոտյան Ռոմանոս Մելիքյանի դաշնամուրի ստեղները կարելի էր տեսնել մոխրի հաստ շերտի տակ:
8. Գրիչները եւ թանաքամանը

Լուսանկարը` Մեդիամաքս
Երգահանը գրիչների մեծ հավաքածու ուներ, որոնից մի քանիսն են պահպանվել: Գրիչների հետ մեր օրեր է հասել նաեւ Ռոմանոս Մելիքյանի թանաքամանը:
9. Ակնոցը

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռոմանոսը Մելիքյանի ակնոցը տուփով է պահպանվել: Կարմիր եւ սեւ տուփը պատրաստված է թղթի հաստ շերտից:
10. Կամերտոնը

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռոմանոս Մելիքյանի կամերտոնը եւս հասել է մեր օրեր: Այս գործիքն օգտագործվում է ձայնի բարձրության չափման ժամանակ՝ երաժշտական գործիքները լարելիս կամ երգեցողության համար։
Գրականության եւ արվեստի թանգարանի հասցեն է՝ Արամի 1
Հեռախոսահամարը՝ (+ 374 10) 52-06-11
Կայքը՝ http://gatmuseum.am/
Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: