Պետրոս Ադամյանի 10 իրերը - Mediamax.am

exclusive
5419 դիտում

Պետրոս Ադամյանի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:

Պետրոս Ադամյան` դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ եւ հասարակական գործիչ։ Ծնվել է 1849 թ. դեկտեմբերի 21-ին՝ Պոլսում, մահացել է 1891թ. հունիսի 3-ին:

Պետրոս Ադամյանը Շեքսպիրի Համլետի եւ Օթելլոյի դերակատարումների համար դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքին։ Թբիլիսիի հայկական թատրոնը նրա անունն է կրում։

Պետրոս Ադամյանի անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում:

1. Համլետի զգեստը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետրոս Ադամյանը Շեքսպիրի Համլետի դերում առաջին անգամ բեմ բարձրացավ 1880 թ. նոյեմբերի 20-ին: Նա այն դերասանն էր, ով առաջինը հայկական թատրոնում խաղաց Շեքսպիր եւ սկիզբ դրեց շեքսպիրյան ավանդույթին:

Նրա մարմնավորած Համլետը ցնցել էր ողջ թատերական աշխարհն ու դերասանին բերել մեծ ողբերգակի համաշխարհային ճանաչում: Ժամանակին շատ քննադատներ նրան համարում էին միակը որպես Համլետի դերակատար: Գրականության եւ արվեստի թանգարանում պահվում է Ադամյանի Համլետի զգեստը:

2. Դաշույնը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետրոս Ադամյանի Համլետից պահպանվել է նաեւ դաշույնը: Այն կեռ է, ունի փայտյա պատյան, որը զարդանաշխերով փորագրված է: Ինչպես մյուս իրերը, այնպես էլ դաշույնը թանգարանին է նվիրել Կովկասի բարեգործական ընկերությունը՝ 1939թ.-ին:

3. Ձեռնափայտը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչպես ժամանակին շատերը, այնպես էլ Պետրոս Ադամյանը, ձեռնափայտ ուներ, որով նրան հաճախ կարելի էր տեսնել զբոսնելիս: Ադամյանը գեղեցիկի մեծ սիրահար էր, եւ բացառություն չէ նաեւ դերասանի անբաժան «ընկերը»՝ ձեռնափայտը, որը նուրբ եւ գեղեցիկ աշխատանք է՝ սպիտակ փղոսկրից կոթով: Ձեռնափայտն Ադամյանը նվեր էր ստացել:

4. Օթելլոյի զգեստը, կոշիկները, թեւնոցները եւ օղերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետրոս Ադամյանի մյուս հայտնի դերը Շեքսպիրի Օթելլոն է: Թանգարանում պահվում են Օթելլոյի կանաչ զգեստը, սպիտակ մետաղից օղերը, կոշիկները, դեղին մետաղից թեւնոցները:

5. Բազկաթոռը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բազկաթոռը Ադամյանի տան իրերից է: Դերասանը հանգստի ժամերն անցկացնում էր տանը՝ բազկաթոռին նստած ծխելիս:

6. Նկարները

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետրոս Ադամյանի տաղանդը միայն թատրոնում չէր, որ արտահայտվում էր: Նա նաեւ հրաշալի բանաստեղծություններ էր գրում եւ նկարում էր: Թանգարանում պահվում են Ադամյանի գեղանկարներն ու ճեպանկարների ալբոմը:

7. Լիրի դիմանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նկարչության հանդեպ մեծ կիրքը Ադամյանը հաճախ արտահայտում էր առօրյայում: Շրջագայությունների ընթացքում նա ոչ թե հյուրանոցներում, այլ ծանոթների տանն էր օթեւանում: Երբ որեւէ մեկին հյուր էր գնում, ճաշից հետո խնդրում էր այն ափսեն, որում հաց էր կերել, եւ դրա վրա նկարում էր: Նա մրում էր ափսեն եւ ասեղով պատկերներ ստեղծում: Որպես կանոն Ադամյանը իր կամ իր հերոսների դիմանկարն էր անում: Նման այցերից մեկի արդյունքում էլ ծնվել է Շեքսպիրի Լիր արքայի դիմանկարը, որը ամենալավ պահպանվածներից մեկն է:

8. Զանգը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետրոս Ադամյանը տանը սպասավոր ուներ, ում հետ շատ մտերիմ էր: Ղազարի ու նրա ջերմ հարաբերությունները վավերացվել են նաեւ լուսանկարներում: Ադամյանը Ղազարին զանգի միջոցով էր կանչում, որը պահպանվել է ու հասել Գրականության եւ արվեստի թանգարան:

9. Տուն-ծխախոտատուփը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիգարի եւ ծխախոտի տուփը տնակի տեսքով է՝ պատուհաններ, դուռ, թեք տանիք եւ ծխնելույզ ունի: Սա Պետրոս Ադամյանի սեղանի սիրելի իրերից է եղել: Տնակի հետեւում փակցված գրության համաձայն՝ դերասանն այն նվեր է ստացել Հ. Տեր-Հովսեփյանից՝1886թ.-ին:

10. Կոշիկները

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետրոս Ադամյանի բեմական կոշիկները, որը դերասանը կրել էր ավելի քան 20 տարի, նրա մահից հետո դեռ երկար ապրեցին, բայց արդեն ուրիշի ոտքերին: Դերասանի երկրպագուներից Արմեն Արմենյանին հաջողվել էր ձեռք բերել կարմիր կոշիկներն ու մոտ 40 տարի պահել իր մոտ: Երբեմն իրեն ճոխություն էր թույլ տալիս եւ տանը կրում սիրելի դերասանի կոշիկները: Տարիներ անց երկրպագուն դրանք հանձնեց Գրականության եւ արվեստի թանգարանին: Այդքան երկար կյանք ունեցած կոշիկները, որքան էլ զարմանալի է, բավական լավ են պահպանված:

Գրականության եւ արվեստի թանգարանի հասցեն է՝ Արամի 1
Հեռախոսահամարը՝ (+ 374 10) 52-06-11
Կայքը՝  http://gatmuseum.am/ 

Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին