Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:
Սերգեյ Փարաջանով՝ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ եւ ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ: Ծնվել է 1924 թ. հունվարի 9-ին՝ Թբիլիսիում, մահացել` 1990 թ. հուլիսի 21-ին՝ Երեւանում:
Փարաջանովը համաշխարհային կինոյում հսկայական ժառանգություն է թողել «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Հակոբ Հովնաթանյան», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», «Աշուղ ղարիբ» ֆիլմերով:
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թ.: Ձորագյուղ ազգագրական թաղամասում նրան հատկացրել էին երկու կից կառույց` բնակարանի եւ թանգարանի համար։ 1988թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով թանգարան բացվեց միայն 1991թ. հունիսին:
1. Սնդուկը
Լուսանկարը` Մեդիամաքս
Սնդուկը Սերգեյ Փարաջանովի մանկության իրերից է: Փոքրիկ Սերգեյը շատ հետաքրքրասեր եւ աշխույժ երեխա էր: Փոքր տարիքում նա թաքնվում էր սնդուկում, որպեսզի դպրոց չգնա: Իր հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ մանուկ հասակում փետուրներ էր հավաքում եւ սիրամարգի կերպարով զվարճացնում կամ վախեցնում էր ընտանիքի անդամներին:
2. Ջրի զտիչը
Լուսանկարը` Մեդիամաքս
Թիֆլիսում խմելու ջուրը կեղտոտ էր: Բոլորը Քուր գետի ջուրն էին խմում: Ինչպես մյուս բնակիչները, Փարաջանովը եւս տանը ջրի զտիչ ուներ: Նրանց տանը ջուր չկար, եւ սա ամենից հաճախ օգտագործվող իրերից էր: Տանը շատ հյուրեր էին լինում, հյուրասիրությունների ժամանակ այդ զտիչն ընթրիքի անբաժան մաս էր:
3. Լվացվելու ամանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Փարաջանովի տանը ջրի բացակայությունը «պարտադրում էր» լվացվելու այլ հարմարություններ ունենալ: Ջրամանն ու փոքրիկ տաշտակը, որոնք այժմ պահվում են ռեժիսորի տուն-թանգարանում, ծառայում էին այդ գործին:
4. Առգրավված գույքը
Լուսանկարը` Մեդիամաքս
Սերգեյ Փարաջանովի տղան 1973թ. Կիեւում թոքաբորբով է հիվանդանում: Փարաջանովն այդ ժամանակ Երեւանում էր եւ ֆիլմի նկարահանումների էր պատրաստվում: Տղայի հիվանդանալու մասին տեղեկանալուն պես նա մեկնում է Կիեւ, որտեղ նրան ձերբակալում են:
Փարաջանովի ձերբակալությունից հետո Ուկրաինայում գտնվող նրա բնակարանը, ինչպես նաեւ նրա աշխատանքները, կահույքն ու անձնական իրերն առգրավում են: Փարաջանովին 5 տարի ազատազրկման էին դատապարտել, իսկ տղային, ով 16 տարեկան էր դառնում, կանխամտածված չէին գրանցում եւ անձնագիր չէին տալիս:
Բանտում, երբ իմանում է, որ իր բնակարանի գույքը բռնագրավել են, Փարաջանովն իր հիշողություններով իրերի ցանկ է կազմում: Սեղանն ու երկու պահարանները ռեժիսորի սիրելի իրերն էին, որոնք եւս նա նկարում է ցանկում: Ընկերներն ու կինն իրերը կարողացել են պահել եւ բանտից հետո ուղարկել են Թիֆլիս:
5. Պատերազմի արձագանքը
Լուսանկարը` Մեդիամաքս
Փարաջանովի տուն-թանգարանում պահվում է նրա «Պատերազմի արձագանքը» ստեղծագործությունը: Կոլաժում լամպ կա, որում լույսը միշտ վառվում է:
Փարաջանովը նկարի վրա նամակ է գրել Զավեն Սարգսյանին, որը իր ընկերն էր, անձնական լուսանկարիչը ու տուն-թանգարանի հիմնադիր տնօրենը, եւ խնդրել էր լամպի կրակը միշտ վառ պահել:
6. «Նռան գույնը» ֆիլմի պատուհանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Նռան գույնը» ֆիլմի (հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա») նկարահանումները սկսելուց առաջ Սերգեյ Փարաջանովը գալիս է Երեւան: Ֆիլմի համար նա իրեր էր հավաքում, Երեւանում նկարիչ Հենրիկ Սիրավյանը Փարաջանովին ասում է, որ Տերյան փողոցի վրա ապրող մի մարդ երկու պատուհան է վաճառում, որոնք Սարդարի պալատից են (30-ականներին քանդվել է, Գինու գործարանի տեղում էր): Փարաջանովը ամեն պատուհանի համար 50 ռուբլի է վճարում:
Պատուհանը ֆիլմում օգտագործվում է «Աշխարհս մէ փանջարա է» տեսարանում: Սայաթ-Նովայի այդ բանաստեղծության մեջ ասվում էր, որ աշխարհը մի պատուհանն է, եւ ամեն մեկն աշխարհին իր պատուհանից է նայում: Ֆիլմում Սայաթ-Նովան աշխարհին հենց այդ պատուհանից է նայում:
Պատուհաններից մեկը Փարաջանովն իր ողջ կյանքը մոտն է պահում: Սկզբում այն Թիֆլիսի տանն էր, հետագայում հասնում է Երեւան:
7. Շոգեքարշը
Լուսանկարը` Մեդիամաքս
Խորհրդային միությունում տարածված արտահայտություն կար՝ «Սոցիալիզմի գնացքն առաջ է գնում»: Փարաջանովի այս գործում ակնարկ կա, որ այդ գնացքը կանգնել է եւ առաջ չի շարժվում: Այս ստեղծագործությունում թվագրություն կա՝ «1827» թիվը, որը շրջված է փակցված: Բանն այն է, որ 1827 թ. Ռուսաստանում բացվել էր առաջին ապահովագրական ընկերությունը, Փարաջանովը դրանով նաեւ ակնարկում է, որ Խորհրդային հեղափոխությունից հետո մարդկանց գույքն այլեւս ապահովագրված չէ եւ նրանցից հանգիստ խլում են ունեցվածքը:
Կլառնետից, ջերմաչափից, թերմոսի, լամպի մասերից եւ այլ անպետք իրերից ամբողջացած այս գործը Փարաջանովի հանճարի հերթական վկայություններից մեկն է:
8. Նատյուրմորտն ու զարդատուփը
Լուսանկարը` Մեդիամաքս
1984թ. Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Օձունում տարբեր իրեր է գտնում: Այս իրերից նա նատյուրմորտ է պատրաստում, որը ստանում է «Օձունում գտած նատյուրոմորտ» անվանումը:
Փարաջանովը տարված էր ֆայումյան դիմանկարներով: Իր այս տարերքն արտահայտվել է զարդատուփում: Փարաջանովն այն զարդարել է ֆայումյան դիմանկարներով, որը դարձրել է սիրելի իրերից:
9. Ծաղկեփունջ չվերադարձած եղբորը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ծաղկեփունջ չվերադարձած եղբորս» ստեղծագործությունը Փարաջանովն արել է հիմնականում տոնածառի կոտրված խաղալիքներից: Դրանում օգտագործված են նաեւ խորհրդային տարիներին հայտնի «Красная Москва» օծանելիքի, դիմափոշու տուփեր, ինչպես նաեւ այլ աքսեսուարներ: Այս իրերը հիշեցնում են խորհրդային տարիների կյանքը: Ստեղծագործության կենտրոնում պատերազմից չվերադարձած զինվորի լուսանկարն է:
10. Գլխարկն ու շարֆը
Լուսանկարը` Մեդիամաքս
Գլխարկն ու շարֆը Փարաջանովը կրում էր կյանքի վերջին տարիներին՝ բանտից դուրս գալուց հետո: Փարաջանովին այս շարֆով ու գլխարկով կարելի էր տեսնել հատկապես արտասահմանում: Առաջին անգամ նրան արտասահման են թույլ տալիս գնալ 1988 թ. հետո: Բազմաթիվ լուսանկարներ կան, որոնցում ռեժիսորն այս շարֆով ու գլխարկով է:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի հասցեն է՝ Ձորագյուղ, 15/16 տուն
Հեռախոսահամարը՝ (+374 10) 53-8-73
Կայքը՝ www.parajanovmuseum.am
Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: