Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:
Դերենիկ Դեմիրճյան (Դեմիրճօղլյան)՝գրող, դրամատուրգ, հրապարակախոս: Ծնվել է 1877թ. հունվարի 17-ին (նոր տոմարով 30-ին) ՝ Ախալքալաքում, մահացել է 1956թ. դեկտեմբերի 6-ին՝ Երեւանում:
Հայ գրականությանը «Վարդանանք», «Քաջ Նազար», «Լենկթեմուր», «Երկիր հայրենի» եւ այլ արժեքավոր ստեղծագործություններ պարգեւած Դեմիրճյանի տաղանդն արտացոլվել է նաեւ երաժշտության եւ գեղանկարչության մեջ, սակայն հաղթել է գրականությունը: Դեմիրճյանը նաեւ մասնակցել է Հովհաննես Թումանյանի «Վերնատուն» գրական ընկերության աշխատանքներին։
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1977թ.՝ այն բնակարանում, որտեղ գրողն ապրել է 1929թ.-ից մինչ մահը:
1. Ջութակը, Չարենցի տեղեկանքն ու ֆրակը
Լուսանկարը` Մեդիամաքս
Իտալական «Կրեմոնա» ջութակը 1797թ. արտադրության է: Դերենիկ Դեմիրճյանն այն ձեռք է բերել 1905-10թթ. Ժնեւի համալսարանում ուսանելու տարիներին: Որպես ազատ ուսանող Դեմիրճյանը հաճախում էր Ժնեւի Կոնսերվատորիայի ջութակի դասերին: Սահմանափակ միջոցների տեր ուսանողի համար նման թանկարժեք ջութակ գնելը մեծ շռայլություն էր: Գործիքի նկատմամբ մեծ պաշտամունքն էլ ապագա գրողին ստիպել է մեծ դժվարությամբ ձեռք բերել այն՝ նույնիսկ սննդի համար նախատեսված գումարը խնայելու հաշվին: Իր համար այսքան թանկ իրը Դեմիրճյանի հետ է եղել կյանքի ողջ ընթացքում:
1921թ. Դերենիկ Դեմիրճյանը Հայաստանից տեղափոխվում էր Թիֆլիս: Հատուկ արժեք ներկայացնող իր համարվող ջութակը, սակայն, թույլ չեն տալիս իր հետ տանել: Այստեղ գրողին օգնության է հասնում այն ժամանակ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ Եղիշե Չարենցը: Նա տեղեկանք է տալիս այն մասին, որ ջութակը պատկանում է Դերենիկ Դեմիրճյանին, «նա պրոֆեսիոնալ ջութակահար է, եւ նրան թույլատրվում է Հայաստանի սահմաններից իր հետ դուրս հանել իրեն պատկանող ջութակը՝ պատյանով»:
Երաժշտության հանդեպ մեծ կիրք ունեցող Դեմիրճյանը մեծ բեմերում հանդես չէր գալիս, նվագում էր տանը՝ հատուկ հյուրերի համար: Այն հանգամանքը, որ բեմից չի հնչեցնում գործիքը, նրան չէր խանգարում հավուր պատշաճի կեցվածք ու տեսք ունենալ: Այս փոքրիկ «համերգների» եւ ջութակի նման ազնվազարմ գործիքով նվագելու համար էլ նա կյանքի վերջին տարիներին ֆրակ էր գնել, որը հագնում էր ամեն անգամ, երբ ձեռքն էր վերցնում սիրելի ջութակը:
2. «Ավարայրի ճակատամարտը» կտավը
Լուսանկարը` Մեդիամաքս
1943թ.-ին, երբ Դերենիկ Դեմիրճյանը գրում էր իր հայտնի «Վարդանանք» վեպի առաջին հատվածը, զուգահեռ՝ կտավին էր հանձնում իր պատկերացումներն Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ:
Կտավի վրա՝ վերեւում, Դեմիրճյանը պատկերել է Ավարայրի ճակատամարտը, իսկ ներքեւում՝ 6 առանձնացված փոքրիկ հատվածներում, տարբեր նկարների արտատպություններ են:
Դեմիրճյանի նկարչական ձիրքերը դեռ վաղ մանկությունից են դրսեւորվել: Արդահանի դպրոցի նրա ուսուցիչները Գեւորգյան հոգեւոր ճեմարան ընդունվելու համար բնութագիր են տվել, որում նշել են, որ իրենց սանը մեծ ունակություններ ունի երաժշտության եւ նկարչության ասպարեզներում. «Եթե հաշվի առնենք նրա գրական փորձերը, ապա սխալված չենք լինի ասելով, որ ապագայում նա հայ գրականության մեջ փայլուն աստղ կդառնա»:
Դեմիրճյանը նկարչության ոլորտում որեւէ ուսում չէր ստացել, իսկ գեղագիտական հայացքներն արտահայտում էր ինքնուրույն: Սա պարզապես նրա ստեղծագործական ձիրքի դրսեւորման եւս մեկ ասպարեզ էր:
3. Իսահակյանին գրված նամակը
Լուսանկարը` Մեդիամաքս
Դերենիկ Դեմիրճյանին նկարելու ձիրքը հաճախ է օգնության հասել, երբ հոգնել կամ ձանձրացել է գրելուց: Նման իրավիճակ է եղել նաեւ Ավետիք Իսահակյանին նամակ գրելիս: Վարպետին հասցեագրված մի քանի էջանոց նամակի մի թերթին մատիտով ջրափոսի մեջ չորացած ծառ է նկարած: Կից գրություն կա. «Եթե Այվազովսկին սաղ է, կարող է գերեզման մտնել, եթե գերեզմանում է, կարող է շուռ գալ մյուս կողքի»: Այս գրությամբ Դերենիկ Դեմիրճյանն ինքն իրեն հեգնել է. նրա սուր հումորը ժամանակ առ ժամանակ իր իսկ դեմ էլ էր ուղղվում:
4. Անձեռոցիկը
Լուսանկարը` Մեդիամաքս
Թանգարանում ցուցադրվում է Դերենիկ Դեմիրճյանի սպասքը՝ սեղանին դրված այնպես, ինչպես գրողի կենդանության օրոք էր: Ափսեում յուրահատուկ ձեւով ծալված անձեռոցիկ կա: Ժնեւում ուսանելու տարիներին Դեմիրճյանը սնվում էր ուսանողական ճաշարանում, որտեղ անձեռոցիկները սովորական ձեւով չէին ծալում: Դեմիրճյանը խնդրել էր մատուցողին սովորեցնել ծալելու ձեւն ու այն իր հետ Շվեյցարիայից բերել է Հայաստան, կիրառել իր տանը:
5. Մոր զարդատուփը
Լուսանկարը` Մեդիամաքս
Դեմիրճյանի ծնողները՝ Նատալիան եւ Կարապետը, սոցիալական տարբեր խավերից էին: Նատալիան ազնվական ընտանիքից էր, կրթված, ապրում էր Թիֆլիսում, իսկ Կարապետը՝ ախալքալաքցի ոչ հարուստ ընտանիքից էր, կրթություն չուներ: Նատալիայի հայրը դեմ էր այդ ամուսնությանն ու աղջկան զրկում է օժիտից: Մայրը, ամուսնուց գաղտնի, դստերը թանկարժեք զարդերով լի զարդատուփ է տալիս: Հետագայում այդ զարդերը վաճառում են, որպեսզի 6 զավակներին կրթություն տան: Մոր իրերը Դեմիրճյանը պահել է մասունքի նման:
6. Նոթատետրը
Լուսանկարը` Մեդիամաքս
Դերենիկ Դեմիրճյանի կինը՝ Մարիան, նրան բազմանգամյա օգտագործման համար նախատեսված նոթատետր է նվիրում: Այս նոթատետրն առանձնանում է նրանով, որ իրար կպցված թերթիկները հաստ պոլիէթիլենից են, եւ դրանց հետ թելով ամրացված ռետին կա: Թերթիկների վրա գրվածը կարելի էր ջնջել եւ նորից գրել: Սա Դերենիկ Դեմիրճյանի ամենից հաճախ կիրառած իրերից մեկն է:
7. Շախմատը
Լուսանկարը` Մեդիամաքս
Շախմատը Դեմիրճյանին նվիրել է քրոջ ամուսինը: Այս շախմատով գրողի տանը բազմաթիվ խաղեր են անցկացվել, որոնք ընթացքում հիմնականում Դեմիրճյանն էր հաղթող ճանաչվում. կամ իսկապես լավ էր խաղում, կամ թույլ էին տալիս, որ հաղթի: Նման խաղերից մեկից հետո Դեմիրճյանը տեսնում է, որ ձիերը խաղաքարերից պակասում են: Մի օր գրողը իր ծանոթներից մեկի տուն է գնում շախմատ խաղալու եւ նկատում է, որ քարերը ճիշտ իր շախմատի քարերի նման են: Նա գաղտնի վերցնում է ձիերն ու համալրում իր խաղաքարերը:
8. Ճեմարանական ափսեն
Լուսանկարը` Մեդիամաքս
Գեւորգյան ճեմարանում ուսանած Դերենիկ Դեմիրճյանն ու Ավետիք Իսահակյանն Արմավիրի մարզ այցերից մեկի ժամանակ գիշերում են մի գյուղացու տանը: Նա որոշում է հյուրերին հատուկ նվերով պատվել եւ նվիրում է ՃՍԷ (Ճեմարան սուրբ Էջմիածնի) գրությամբ երկու ափսե, որով ճաշում էին ճեմարանի սաները (Իսահակյանի ափսեն պահվում է նրա տուն-թանգարանում): Թե ինչպես էին ափսեները հայտնվել գյուղացու մոտ, հայտնի չէ:
9. «Արջուկ լրջուկ» գիրքը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Արջուկ լրջուկ» գիրքը հայտնի «Պույ-պույ մկնիկը» մանկական ստեղծագործության հեղինակի քիչ հայտնի գործերից է: 1944 թ. լույս տեսած եւ այսօր եզակի գիրքը գրողի տուն-թանգարանը վերջերս է նվեր ստացել:
Դեմիրճյանների բնակարանից մեկ հարկ ներքեւ ապրել է ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի ընտանիքը: Մի օր, երբ Դեմիրճյանների կատուներից մեկն իջել է նրանց տուն, փոքրիկ Աման Նավասարդյանը մտել է մահճակալի տակ ու հանել կատվին: Քիչ անց նրանց դռան մոտ է հայտնվել Դերենիկ Դեմիրճյանը՝ ձեռքին «Արջուկ լրջուկ» գիրքն ու նվիրել այն կատվին օգնած տղային: Դեմիրճյանը գրքի վրա մակագրություն է թողել.
«Կենդանիների բարի պաշտպան Արմանին, որ փրկեց մեր փիսիկի կյանքը: Նվեր՝ Դերենիկ Դեմիրճյանից»:
Արման Նավասարդյանը գիրքը թանգարանին է նվիրել նախորդ տարի: Պատերազմի տարիներին լույս տեսած գրքի համար այն բավական հարուստ է եւ նկարազարդ:
10. Պապի գդալը
Լուսանկարը` Մեդիամաքս
Դեմիրճյաններն ընտանեկան գդալ ունեն, որով ճաշել է գրողի պապը, հայրը, ապա այն հասել է Դերենիկին: Արծաթյա գդալի մաշվածությունն էլ ընտանեկան ժառանգության շատ սիրված եւ հաճախ օգտագործված լինելու վկայությունն է:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի հասցեն է՝ Աբովյան 29, բն.4
Հեռախոսահամարը՝ (+3470) 52 77 74
Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: