Արա Սարգսյանի 10 իրերը - Mediamax.am

exclusive
8259 դիտում

Արա Սարգսյանի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:

Արա Սարգսյան՝ քանդակագործ, մանկավարժ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին՝ Պոլսում, մահացել՝ 1969 թվականի հունիսի 6-ին՝ Երեւանում:

Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: Դրանցից են Երեւանի Ազատության հրապարակում տեղադրված Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները: Արա Սարգսյանը նկարիչներ Գաբրիել Գյուրջյանի եւ Միքայել Արուտչյանի հետ 1932 թվականին հիմնադրել է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ 1945-ին՝ Երեւանի գեղարվեստական ինստիտուտը։

Արա Սարգսյանի երեւանյան տունը, որ ժամանակին շատ չէր տարբերվում Հովհաննես Թումանյանի Վերնատնից, այսօր թանգարան է, ուր ցուցադրված են վարպետի ինչպես ստեղծագործությունները, այնպես էլ անձնական իրերը: 

1. Ֆեսն ու գործիքները

Լուսանկարը` Մեդիամաքս


Վիեննայի ակադեմիայում ուսանած Արա Սարգսյանn այնքան ընդունակ էր, որ 4 տարվա կուրսն ավարտեց 2 տարում: Վարպետության դասերին նա սովորում էր փորագրություն քարի եւ փայտի, մարմարի եւ այլնի վրա: Կինը պատմում էր, որ մինչ գործիքները ձեռքը վերցնելը՝ Արա Սարգսյանն իսկական կերպարանափոխություն էր ապրում: Գլխին դնում էր ֆեսը, միացնում իրեն մշտապես ոգեշնչող գերմանացի Բրամսի երաժշտությունը, ապա լրջանում էր, տխրում, այլ մարդ դառնում: «Նա աշխատանքի ժամանակ գեղեցկանում էր, լրիվ ուրիշ կերպարի մեջ մտնում»,- թոռանը պատմել է տատը:  

2. Ձեռնափայտն ու պայուսակը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արծաթյա բռնակով ձեռնափայտն ու պայուսակը Արա Սարգսյանն իր հետ բերել էր Փարիզից՝ 1925 թվականին: Սենյակում տեղավորվելուց հետո, քանդակագործը որոշում է դուրս գալ զբոսնելու Երեւանում: Եվրոպական ոճի պայուսակով եւ ձեռնափայտը ձեռքին՝ Աբովյան փողոցից իջնում է Հանրապետության հրապարակ: Քաղց զգալով՝ որոշում է մտնել ճանապարհին հանդիպած ճաշարանը:

Ճաշարանում նստած Եղիշե Չարենցը Արա Սարգսյանի մուտքն այսպես է նկարագրել. «Ներս մտավ մի երիտասարդ՝ ձեռնափայտով, եվրոպական հագուստով, գլխարկով, թավշյա բաճկոնով: Միանգամից աչքի ընկավ»:

3.Զարդատուփը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արա Սարգսյանին մտերիմները «շտապ օգնություն» անունն էին տվել: Իսկ օգնությունը գալիս էր զարդատուփի մեջից, որտեղ քանդակագործը պահում էր իր դրամը: Արա Սարգսյանը հաճախ էր օգնում ուսանողներին: Երվանդ Ղազանչյանը պատմում է, որ ուսանողներից մեկի հայրը մահացել էր, եւ երբ դիմել են Արա Սարգսյանին՝ թաղման գումար հավաքելու համար, նա ասել է, որ գումարը զարդատուփի մեջ դրված է, կարող են վերցնել այնքան, որքան անհրաժեշտ է: Արա Սարգսյանը հորդորել է երիտասարդին չասել, որ գումար է տվել:

Թոռնուհին՝ Աննա Սարգսյանը, պատմում է, որ երբ նրանից գումար էին խնդրում, ասում էր՝ տուփից որքան հարկավոր է վերցրեք, վերադարձնելիս էլ չէր նայում, թե որքան են բերել, ընդամենը ասում էր՝ դրեք տուփի մեջ:

4.Ձվի ամանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արա Սարգսյանի տանը նախաճաշից առաջ ավանդույթ դարձած մի «արարողություն» կար: Նա սիրում էր առավոտյան նախաճաշին թույլ եփած ձու ուտել: Թոռնուհին պապից շուտ մտնում էր ճաշասենյակ, ձուն այնպես էր մաքրում, որ կեղեւը գրեթե ամբողջական պահպանվում էր: Պապի նախաճաշն ուտելուց հետո, նա դատարկ կեղեւը դնում էր ձվի ամանի մեջ: Ամեն անգամ Արա Սարգսյանը վերցնում էր, դանդաղ կոտրում ձուն, տեսնում, որ թոռնուհին նույն խաղն է խաղացել գլխին, բարձր ծիծաղում եւ ապա սկսում նախաճաշը:

5.Որսի պարագաները

Լուսանկարը` Մեդիամաքս


Արա Սարգսյանի սիրելի զբաղմունքներից էր որսը: Ընտանիքը որսի 8 շուն ուներ: Քանդակագործը հաճախ էր ընկերների հետ լորի որսի գնում: Այսօր նրա տուն-թանգարանում պահվում են հովանոցը, որսորդական հրացանի պատյանը, փամփուշտները եւ որսի համար անհրաժեշտ մյուս պարագաները: Նաեւ ձկնորսության էր հաճախ գնում, բայց միշտ կես կատակ, կես լուրջ ասում էր. «Մարդու հիմարը որսորդն է, որսորդի հիմարը՝ ձկնորսը»:

6.Թերմոսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արա Սարգսյանը բոլոր պոլսահայերի նման սուրճ շատ էր սիրում: Թերմոսը իսկական փրկություն էր սուրճից ոչ պակաս ֆուտբոլ սիրող քանդակագործի համար: Եվ երբ ընկերներով գնում էին ֆուտբոլ նայելու, նա ստիպված չէր լինում մեկ ու կես ժամ հրաժարվել սուրճից. թերմոսն անպակաս էր նրանից:

7.Բանաստեղծությունների տետրը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քչերը գիտեն, որ Արա Սարգսյանի արվեստը միայն քանդակների եւ նկարների վրա չէր տարածվում: Երբեմն, մի կողմ դնելով գործիքներն ու քանդակները՝ նա ձեռքն էր վերցնում գրիչն ու թուղթը և գրում բանաստեղծություններ: Նրա ստեղծագործությունները դեռ մնում են թղթի վրա, անտիպ, բայց ընտանիքը հույս ունի, որ մի օր կկարողանան հրատարակել: Արա Սարգսյանը մոտ 40 բանաստեղծություն եւ 3 պիես է գրել:

8.Թազբեհը 

Լուսանկարը` Մեդիամաքս


Քանդակագործը գեղեցիկ թազբեհների սիրահար էր: Տարբեր գույներով ու երկարության թազբեհներ նրա ձեռքին կարելի էր տեսնել միշտ: Ընկերները գիտեին պոլսահայ քանդակագործի այս «սիրո» մասին եւ հաճախ նվերներ անելիս թազբեհ էին ընտրում: 

9.Ուսուցչի քանդակը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արա Սարգսյանի տուն-թանգարանում պահվում է նրա ամենավաղ տարիքի ստեղծագործություններից մեկը: Քանդակվածը նրա էսթետիկայի ուսուցիչն է, ում Արա Սարգսյանն անմահացրել է, երբ ընդամենը 16 տարեկան էր:

10.«Նեմեսիս»-ի մասին գիրքը

Լուսանկարը` Մեդիամաքս


1921 թվականին Արա Սարգսյանը Կոստանդնուպոլսից գնում է Հռոմ՝ ուսումը շարունակելու: Ինչպես տարիներ անց պարզվում է, իրականում բոլորովին այլ առաքելությամբ էր հասել «հավերժական քաղաք»: Արա Սարգսյանի եղբայրը ՀՅԴ հայտնի լիդերներից էր, Հռոմում քանդակագործը հանդիպում է «Նեմեսիս»-ի անդամներին: Քչերը կկասկածեին, որ Հռոմ ուսանելու եկած 19-ամյա երիտասարդը կարող է կապ ունենալ «Նեմեսիս»-ի հետ: Գերմաներենի փայլուն իմացությամբ քանդակագործ-նկարչի ունեցած դիմագծերի ճշգրիտ հիշողությունը պետք եկավ ոչ մասնագիտական գործում: Թուրքերը հաճախ էին կերպարանափոխվում, բայց «Նեմեսիս» գործողությանը ծառայելու ցանկություն հայտնած քանդակագործի աչքից վրիպել չէին կարող:  Արա Սարգսյանը նստում էր սրճարանում, գտնում թուրքերին եւ հայտնում գործողության մյուս մասնակիցներին:

Իսկ իրականությունը պարզվեց միայն տարիներ անց, Արշավիր Շիրակյանի շնորհիվ, ում քանդակագործը դեռ 15 տարեկանից էր ճանաչում: Արա Սարգսյանը, ով ոտքի կոտրվածքով հիվանդանոցում պառկած էր, եւ այդ ընթացքում էլ մահացավ, մահվանից առաջ նվեր պիտի ստանար: Արշավիր Շիրակյանը «Նեմեսիս» գործողության մասին իր գիրքը Արա Սարգսյանին էր ուղարկել դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանի միջոցով: Իմանալով, որ Խորհրդային Հայաստանում Արա Սարգսյանը կարող է հետապնդման ենթարկվել, Արշավիր Շիրակյանը գրքում միայն քանդակագործի անվան առաջին տառերն էր հիշատակել: Միայն մի քանի տարի առաջ պարզվեց, որ գիրքն իրականում Արա Սարգսյանին եւ ոչ թե Լյուսի Իշխանյանն էր փոխանցել, այլ ուղարկել էր մի ծանոթի միջոցով: Իսկ թե ինչպես եղավ, որ ոտքի կոտրվածքով պառկած Արա Սարգսյանի ջերմությունը հանկարծ բարձրացավ եւ այդ խորհրդավոր մարդու այցից մի քանի օր անց նա մահացավ, ընտանիքի համար մինչ օրս առեղծվածային է մնում: Ընտանիքը կարծում է, որ դա կարող էր դավադրություն լինել…

Արա Սարգսյանի տուն-թանգարանի հասցեն է՝ Պուշկինի 70
Հեռախոսահամարը  (+37410) 56 11 60

Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին