Հակոբ Կոջոյանի 10 իրերը - Mediamax.am

exclusive
6567 դիտում

Հակոբ Կոջոյանի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:

Հակոբ Կոջոյան՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի եւ գրաֆիկայի վարպետ, մանկավարժ։ Ծնվել է 1883 թ. դեկտեմբերի 13-ին՝ Ախալցխայում, մահացել է 1959թ. ապրիլի 24-ին՝ Երեւանում:

Կյանքի վերջին 3 տասնամյակն ապրած տանը 1973 թվականին բացվեց նրա թանգարանը, այդ ժամանակ էլ ժառանգները փոքրաթիվ անձնական իրեր նվիրաբերեցին: Թեեւ անձնական քիչ իրեր կան, դրանց հետ կապված պատմությունները եւս շատ չեն, բայց աշխատակիցները փորձում են մարդկանց փոխանցել նկարչի կյանքից մնացած ամեն մի դրվագ:

1.Էտյուդնիկն ու ծալովի աթոռը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբ Կոջոյանը շատ էր սիրում ստեղծագործել բնության գրկում: Արեւից ու անձրեւից նա պատսպարվում էր մեծ կաթնագույն անձրեւանոցի տակ, իսկ աշխատանքի հարմարավետությունն ապահովում էին փայտից պատրաստված ծալովի աթոռն ու էտյուդնիկը: Կոջոյանն էտյուդնիկը գցում էր ուսին, իսկ աթոռը ծալվելու շնորհիվս շատ հեշտ էր տեղափոխել:

2. Կողմնացույցը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կողմնացույցն Հակոբ Կոջոյանի համար անհրաժեշտություն էր: Հայաստանի բնությունը կտավներին փոխանցելու համար նկարիչը հաճախ էր լինում տարբեր շրջաններում, սարերում եւ լեռներում: Տեղանքում կողմնորոշվելիս էլ նրանց հենց այս կողմնացույցն էր օգնում:

3. Ծաղկամանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծաղկամանի վրա Կոջոյանի դիմանկարն է: Երեւանի կերամիկայի գործարանի ղեկավարությունն այն նվիրել է նկարչի 75-ամյակին: Երկար տարիներ գործարանը նկարչի էսքիզներով էր արտադրում կիրառական արվեստի առարկաներ՝ գինու, ջրի, քացախի սափորներ եւ այլն:

4. Գլխարկը, ձեռնափայտն ու անձրեւանոցը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբ Կոջոյանի սիրելի իրերից էին գլխարկը, ձեռնափայտն ու անձրեւանոցը: Վարպետին հաճախ կարելի էր տեսնել դրանցով Երեւանի փողոցներում զբոսնելիս: Հեռվից արդեն մարդիկ գիտեին՝ Հակոբ Կոջոյանն է՝ ծանոթ գլխարկով: Անձրեւոտ օրերին ձեռքին անձրեւանոցն էր լինում, մյուս օրերին՝ ոսկեգույն ձեռնափայտը:

5. Խալաթը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կոջոյանի զավակները տուն-թանգարանին են փոխանցել նրա խալաթը, որը հագնում էր արվեստանոցում աշխատելիս: Յուղաներկերի հետքերով ծածկված կապույտ խալաթն էլ մի կտավ է հիշեցնում, որը փոխանցում է վարպետի աշխատանքային ողջ կիրքը:

6. Փորագրության գործիքները

Լուսանկարը` Մեդիամաքս


Կոջոյանի տուն-թանգարանում արծաթե սափորի մեջ դրված են նրա փայտի փորագրության գործիքները: Ոսկերիչների ընտանիքում ծնված գրաֆիկ-նկարիչը, բացի փայտի վրա աշխատանքներ անելուց, փորագրության գործիքներն օգտագործում էր նաեւ կանացի զարդեր պատրաստելու համար: Այս գործիքների հետ պահվում են նրա վրձինները, գրիչներն ու մատիտները, յուրօրինակ գրչատուփն ու թանաքամանը:

7. Շքանշաններն ու մեդալները

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայազգի գեղանկարիչը բազմաթիվ շքանշաններ եւ մեդալներ ունի, որոնցից ուշագրավ է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միացման 300-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսից հետո ստացածը:

Հակոբ Կոջոյանը կրծքանշան է ստացել Ռուսաստանում Հայ արվեստի եւ գրականության տասնօրյակի միջոցառումներին մասնակցության համար: Մյուսը՝ 1939 թվականին ստացած Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանն է:

8. Դիպլոմը

Լուսանկարը` Մեդիամաքս


1923 թվականին Մոսկվայում Հակոբ Կոջոյանին շնորհվեց առաջին կարգի դիպլոմ: Այս դիպլոմը նա ստացավ ցուցահանդեսում ներկայացված «Պայքար» ամսագրի շապիկի ձեւավորման համար: Հետագայում Հակոբ Կոջոյանն այդ աշխատանքը նաեւ արծաթի վրա փոխանցեց. նիզակներով բանվորների շարքը ուղղվում էր դեպի թշնամու ալեգորիկ կերպարը:  

9. Ծխախոտի տուփերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրաֆիկ Հակոբ Կոջոյանի ձեւավորմամբ խորհրդային տարիներին ծխախոտներ էին արտադրվում: Նրա նկարազարդումները հաճախ էին հայտնվում այդ տուփերի վրա, որոնցից մի քանիսը մինչ օրս պահվում են նրա տուն-թանգարանում: 

10. Անավարտ կտավը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբ Կոջոյանը կյանքի վերջին օրերին փորձում էր կտավին հանձնել Անիի ավերակները: Նրա արվեստանոցում մոլբերտի վրա ամրացված կտավի պատկերները չհասցրին վերջնական տեսք ստանալ, գույները չամբողջացան, նկարն այդպես էլ շրջանակի մեջ չդրվեց: Հակոբ Կոջոյանը մահացավ՝ առանց ավարտելու վերջին ստեղծագործությունը, որն այսքան տարի անց պահվում է այնպես, ինչպես թողել էր վարպետը:

Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի հասցեն է՝ Պուշկինի 70
Հեռախոսահամարը  (+37410) 56 11 60

Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին