Վերջին 1-1.5 ամսվա ընթացքում Երեւանում տեղադրվեցին բազմաթիվ նոր նստարաններ: Մեդիամաքս-ը որոշեց պարզել` ինչպե՞ս են դրանք ծնվում:
Մաքուր հաճարից պատրաստված նստարանները տեղադրվել են քաղաքի համարյա բոլոր հրապարակներում՝ Հանրապետության, Ֆրանսիայի, Շահումյանի եւ Մոսկվայի, գլխավոր պողոտաներում եւ պուրակներում:

Լուսանկարը` Մեդիամաքս:
Նստարանները քաղաքապետարանի պատվերով պատրաստում եւ հավաքում են «ՆԻԿՈԼ-ԴՈՒՄԱՆ» արտադրական կոոպերատիվում:
Արտադրամասի բանվորներից մեկը պատմել է, որ նստարանի համար օգտագործվող հաճարը հայկական է: Մեկ նստարան հավաքելու համար անհրաժեշտ է մոտ մեկ ժամ:
Արտադրամասի ձուլարանում պատրաստվում են նստարանների չուգունից մասեր, որոնք պատվում են սեւ գույնի ներկով, որից հետո սկսվում է նստարանի հավաքման գործընթացը:

Լուսանկարը` Մեդիամաքս:
Ինչպես Մեդիամաքս-ին ասել է արտադրամասի ներկայացուցիչ Գարեգին Անանյանը, մեկ նստարանի արժեքը կազմում է 165 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն:
«Նոր նստարանները մեծ ոգեւորություն առաջացրեցին քաղաքացիների շրջանում: Նույնիսկ եղել է, որ տեղադրման ժամանակ մարդիկ անգամ չեն սպասել, որ ամրացնենք, միանգամից նստել են», - պատմել է Գարեգին Անանյանը:
Նրա խոսքով, նստարաների պատրաստման եւ տեղադրման աշխատանքները կշարունակվեն մինչեւ հունիսի վերջ: Բացի նստարաններից, քաղաքում տեղադրվել են նաեւ նոր աղբամաններ (237) եւ չուգունից պատրաստված արգելափակոցներ (49), որոնք նույնպես պատրաստվել են «ՆԻԿՈԼ-ԴՈՒՄԱՆ»-ի կողմից:

Լուսանկարը` Մեդիամաքս:
Մեդիամաքս-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին ասել է, որ այսօրվա դրությամբ քաղաքապետարանը նստարաններով ապահովել է Երեւանի կենտրոնը` սա ծրագրի առաջին փուլն էր:
«Ես ու քաղաքապետարանի աշխատակիցները անձամբ շրջում ենք քաղաքում եւ ընտրում այն վայրը, որտեղ կտեղադրվի հերթական նստարանը: Դա պետք է վիզուալ տեսնել», - ասել է դիզայները: Նա վստահեցնում է, որ ծրագրի ավարտին Երեւանում նստարանների խնդիր այլեւս չի լինի:
«Վստահ կարող եմ ասել, որ նման նախադեպ քաղաքում չի եղել: Հիշում եմ, դեռ մանուկ էի, երբ քաղաքում նստարաններ կային, սակայն դրանք հետագայում վերացան: Կարելի է ասել, Երեւանում նոր մշակույթ է ձեւավորվում», - ասել է Գագա Ամատունին:
Խոսելով նստարանների դիզայնի մասին, նա ասել է, որ նպատակը եղել է «ստեղծել պարզ ու հարմարավետ տարբերակ»: Նստարանները զարդարված են հայկական էլեմենտներով՝ մեկի վրա անցորդները կարող են տեսնել նուռ, մյուսի վրա՝ խաղողի վազ:

Լուսանկարը` Մեդիամաքս:
Նստարանները դիմացկուն են արեւի ճառագայթներին, անձրեւին, անգամ ձյանը: Դիմացկունությունը ապահովում է համապատասխան լաքը, որով էլ պատվում են նստարանները:
Բացի հայկական խորհրդանիշներից, նստարանների չուգունից պատրաստված «ոտքերի» հատվածում կարելի է տեսնել Երեւանի զինանշանը ու քաղաքապետարանի կայքի էլեկտրոնային հասցեն` www.yerevan.am:
«Սա արված է նաեւ զբոսաշրջիկների համար, քանի որ մեր կայքից հյուրերը կարող են ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն», - ասել է Գագա Ամատունին:

Լուսանկարը` Մեդիամաքս:
Մայրաքաղաքում արդեն տեղադրվել է մոտ 400 նստարան: Քաղաքապետի հանձնարարությամբ հետագայում նոր նստարաններով կկահավորվեն նաեւ մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:
«ՆԻԿՈԼ-ԴՈՒՄԱՆ»-ի ներկայացուցիչ Գարեգին Անանյանն ասել է, որ քննարկվում է նաեւ մայրաքաղաքում մշակույթային միջոցառումների աֆիշաների համար նոր սյուների տեղադրման նախագիծը: Իսկ նոր նստարանների տեղադրման ծրագրով հետաքրքրված են նաեւ Էջմիածինը եւ Արմավիրը:
Էլեոնորա Արարատյան
Լուսանկարիչ` Էմին Արիստակեսյան





































Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: