«Երեւան. XX դար» հատուկ նախագծում այսօր կրկին անդրադառնում ենք Հանրապետության հրապարակին: Արդեն պատմել ենք Լենինի արձանի մասին, ինչպես նաեւ` Հայաստանի գլխավոր տոնածառի մասին: Այսօր կպատմենք հրապարակի շատրվանների, հայտնի ցայտաղբյուրի, ինչպես նաեւ մի քանի տարի առաջ հրապարակի տակ հայտնաբերված շինությունների մասին:
Մարկ Գրիգորյան (BBC, hատուկ Մեդիամաքս-ի համար)`Թամանյանն ասում էր. «Դո՛ւ ստիպեցիր ինձ նվաստանալ տգետների առջեւ»
Հանրապետության հրապարակի ջրավազանի պատմությունը, հավանաբար, պետք է սկսել մի շատ կարեւոր գաղափարական վեճից, որը տեղի էր ունենում նախորդ դարի 20-ականների վերջին-30-ականների սկզբին:
Այդ վեճի դաշտը ճարտարապետությունն էր: Պետք է ասել, որ այդ տարիներին գաղափարական վեճերի առարկա էր դառնում հնարավոր ամեն բան, այդ թվում, բնականաբար, մշակույթը: Բանաստեղծները, գրողները, նկարիչները, քանդակագործները, կոմպոզիտորները եւ ճարտարապետները փորձում էին հասկանալ, թե ինչպես ավելի լավ կլինի արտահայտել, փոխանցել, ցույց տալ աշխատավոր դասի նոր էներգիան, որն իշխանության էր եկել դեռ միայն մեկ «առանձին վերցված» երկրում, բայց որը արագ ընթանում էր դեպի համաշխարհային հեղափոխության հաղթանակը: Եվ այդ բանավեճերում խաղադրույքը բավականին բարձր էր. հաղթողները ճանաչվում էին «իրական սոցիալիստական մշակույթի» արարիչներ:
Հայաստանում բախվեցին երկու հիմնական մոտեցումներ առ այն, թե ինչպիսի ճարտարապետությամբ երկիրը պետք է գնա դեպի ապագա, ինչպիսին են լինելու նրա էսթետիկան ու սիմվոլիկան:
Հետաքրքիրն այն է, որ երկու մոտեցումներն էլ գալիս էին Ռուսաստանից: Թամանյանը, ինչպես հայտնի է, Հայաստան էր եկել Պետերբուրգից, իսկ նրա էսթետիկ ու գաղափարական հակառակորդները՝ Մոսկվայից: Վերջիններս ներկայացնում էին հեղափոխական նոր հոսանք՝ կոնստրուկտիվիզմը:
Դրա տեսաբանները խոսում էին կյանքի համար տարածք ստեղծելու, ոչ թե այն զարդարելու անհրաժեշտության մասին: Իսկ թե շինություններն ինչպիսի տեսք կունենային, այնքան էլ էական չէր: Չէ, իհարկե կարեւոր էր, բայց դրանց տեսքը պետք է արտացոլեր շինության ներքին էությունը: Կառուցապատման նախագծերը պետք է լինեին ռացիոնալ, իսկ շինարարությունը՝ տիպականացված եւ ինդուստրիալացված:
Նախկինում Հանրապետության հրապարակում այսպիսի շինություններ էին:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Կոնստրուկտիվիստների ստեղծագործության մեջ տեսանելի էր պատանի աշխարհի երիտասարդ էներգիան: Ճարտարապետներ Կարո Հալաբյանը եւ Միքայել Մազմանյանը Մոսկվայից իրենց հետ բերել էին այդ էներգիայի մի մասնիկը: Նրանց միացել էին Գեւորգ Քոչարը, Հովհաննես Մարգարյանը, Արսեն Ահարոնյանը… Դա հոսանք էր՝ ամբողջությամբ ուղղված դեպի ապագան, դեպի վաղվա օրը, երբ պետք է կառուցվեր սոցիալիզմի լուսավոր շենքը, եւ բոլոր աշխատավորները պետք է ուրախ ու երջանիկ լինեին:
Եվ եթե կոնստրուկտիվիստական հոսանքն իր էությամբ հեղափոխական էր, ապա երկրորդը՝ ներկայացված Թամանյանի կողմից, անկասկած, էվոլյուցիոն էր: Ճարտարապետության ակադեմիկոսը դավանում էր հենց այն «մշակույթի գեղարվեստական գործունեությունը», որը մերժում էին կոնստրուկտիվիստները:
Գաղափարական վեճերն ու պայքարը ստեղծագործական այն մեթոդի շուրջ, որը պետք է գլխավորը դառնար Երեւանում, շատ լուրջ էին: Դրանք ոչ միայն արտացոլվում էին թերթերի էջերում, այլեւ դուրս էին հորդում փողոցներ. ուսանողները ցույցեր էին կազմակերպում «եկեղեցական» ճարտարապետության դեմ, որը, նրանց առաջնորդների տեսանկյունից, դավանում էր Թամանյանը:
1931թ. մրցույթ հայտարարվեց Աշխատանքի պալատի նախագծման համար, որը պետք է կառուցվեր քաղաքի գլխավոր հրապարակում, որը ներկայումս կոչվում է Հանրապետության հրապարակ: Այն պետք է կառուցվեր հենց այն վայրում, որտեղ այժմ գտնվում է ջրավազանը:
Թամանյանը չէր պատրաստվում մասնակցել այդ մրցույթին: Բայց նրան շատ համառորեն խնդրում էին Երեւանի քաղաքապետը եւ իր քաղաքական հովանավոր Արամայիս Երզնկյանը: Երկար դիմադրելուց հետո նա հանձնվում է: Բայց այդ կառույցը նախագծում է ոչ թե մենակ, այլ՝ համահեղինակի՝ իր երիտասարդ օգնական Մարկ Գրիգորյանի, այսինքն՝ պապիկիս հետ:
Նրանց նախագիծը պատրաստ է լինում ժամանակին, ներկայացվում է ցուցադրության եւ … շատ խիստ քննադատության է ենթարկվում: Բայց, ըստ երեւույթին, խնդիրը կոնկրետ շինության արժանիքների ու թերությունները չէին, այլ՝ Ալեքսանդր Թամանյան անձը: Ահա թե ինչ է գրել պապս Թամանյանի մասին իր հուշերում (դրանք չեն հրապարակվել, մեջբերում եմ իմ արխիվում պահպանված մեքենագրից).
Նախկինում այստեղից էր սկսվում ներկայից Հանրապետության հրապարակի տարածքը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
«…կոնստրուկտիվիստները հանդես էին գալիս Ա.Հ. Թամանյանի բոլոր ստեղծագործությունները բացառապես մերժող միտումնավոր «քննադատությամբ»: Հիշում եմ մի խումբ ուսանողների ցույցը, որոնց ձեռքերում էր (պաստառ, որի վրա պատկերված էր) Թատրոնի ֆասադը՝ վրան խաչ քաշված: Ա. Թամանյանի ու Մ. Գրիգորյանի Աշխատանքի պալատի նախագիծը, որը Ճարտարագիտական համալսարանում ներկայացված էր հանրային ցուցադրության` ի թիվս այլ մրցութային նախագծերի, դիմավորեցին նրա ճարտարապետական բոլոր արժանիքները մերժող փոթորկալի ելույթներով…»:
Այնուամենայնիվ, մրցույթում այն զբաղեցրեց երկրորդ տեղը եւ հաղթողի՝ Քոչարի, Մազմանյանի եւ այլոց նախագծի հետ միասին, ուղարկվեց Թբիլիսի, որտեղ Անդրկովկասյան Դաշնության Մասնագետների խորհուրդը պետք է վերջնական վճիռ կայացներ: Հեղինակները մեկնեցին Վրաստանի մայրաքաղաք, որտեղ եւ կայացավ քննարկումը:
«Մեր նախագծի վրա «քննադատական» հարձակումները վրաց կոնստրուկտիվիստների կողմից արտահայտման կտրականությամբ ու զրպարտման անկաշկանդությամբ ամենեւին չէին զիջում հայ գործընկերներին: Այսպես, մի երիտասարդ ճարտարապետ ասաց, որ Ա.Հ. Թամանյանը շենքի ճակատամասում աշխատավորների ու գյուղացիների քանդակների տեսքով պատկերել է հրեշտակներին, որ այդ շինության ճարտարապետության գաղափարը հետադիմական է, խորթ եւ այլն»:
Իհարկե, խորհրդային իշխանության տարիներին դա սարսափելի մեղադրանք էր:
«…Դա ոչ թե նախագծերի մրցույթ էր, այլ, ավելի շուտ, ուղղությունների սուր պայքարի դրվագներից մեկը,- շարունակում է պապս: - Նախագծերի քննարկում եւ դրանց օբյեկտիվ համեմատություն չի եղել»:
Արդյունքում մրցանակը շնորհվեց կոնստրուկտիվիստներին: Շարունակեմ մեջբերել Մարկ Գրիգորյան-ավագի հուշերը.
«Մի անգամ ուշ երեկոյան մեր արվեստանոց եկավ Ա. Երզնկյանը: Ես ակամայից ականատեսը դարձա, թե ինչպես էր Ալեքսանդր Իվանովիչն իր վրդովմունքը արտահայտում մրցույթի ողջ ընթացքից: «Դո՛ւ ինձ ներքաշեցիր այդ մրցույթի մեջ,- ասում էր Ալեքսանդր Իվանովիչը բարկացած,- դո՛ւ ստիպեցիր ինձ նվաստանալ տգետների առջեւ»: Երզնկյանը ինչպես կարող էր հանգստացնում էր բարկացած Թամանյանին, խնդրում էր ուշադրություն չդարձնել, չանհանգստանալ, բայց Ալեքսանդր Իվանովիչը չհանգստացավ եւ ասաց այն ամենն, ինչ կուտակվել էր հոգում»:
Հավանաբար, ոչ առանց Թամանյանի ազդեցության, Աշխատանքի պալատը, որը նախագծվել էր մի խումբ երիտասարդ կոնստրուկտիվիստների կողմից, չկառուցվեց: Պապիկիս արխիվում ես գտա Թամանյանի ու Գրիգորյանի Աշխատանքի պալատի նախագծի լուսանկարը: Շատ տարիներ առաջ այն տվեցի խորհրդահայ ճարտարապետության հանրահայտ մասնագետներից մեկին ու այլեւս այն չտեսա:
Հստակ չեմ կարող ասել, քանի որ այստեղ՝ Լոնդոնում, նյութեր չունեմ, բայց կարող եմ ենթադրել, որ մրցույթի հետ կապված պատմությունը կարող էր դեր խաղալ այն բանում, որ Թամանյանը մտածեր. իսկ արժե՞ առհասարակ այդ վայրում ինչ-որ շինություն կանգնեցնել:
Այսպես թե այնպես, այդ վայրը երկար ժամանակ դատարկ էր մնում: Հրապարակի նախագծման տարբերակներից մեկում այնտեղ, որտեղ հիմա ջրավազանի դիմացի մայթն է, ուղիղ կենտրոնում պետք է կանգնեցվեր Լենինի արձանը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Վեճերն առ այն, թե որտե՞ղ պետք է կանգնեցվի արձանը, թեժացան 1937-38 թվականներին, երբ ընթանում էր արձանի կառուցման համամիութենական մրցույթը: Արձանը հրապարակի հյուսիսային կողմում տեղադրելու գաղափարի կողմնակիցներն ասում էին, որ առաջնորդի քանդակը պետք է այնպես կանգնած լինի, որպեսզի արեւը լուսավորի այն: Իսկ հակառակորդները, այդ թվում նաեւ իմ պապը, պնդում էին, որ եթե համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի արձանը դրվի շենքի առջեւ, այնպիսի վեհաշուք տեսք չի ունենա, ինչպիսին վայել է մեծ Լենինին:
Թեեւ, ինչպես պնդում էր պապս «Լենինի հրապարակը Երեւանում» գրքում, կային եւս երկու փաստարկներ. նախ, արձանի ներքեւում պետք է լիներ ամբիոն, որի վրա կանգնած՝ առաջնորդները պետք է ընդունեին շքերթները: Իսկ առաջնորդներին դեմքով դեպի արեւը կանգնեցնելն այնքան էլ լավ միտք չէր: Երկրորդ, դեռ 20-ական թվականների վերջերից ապագա հրապարակի հարավային մասում կանգնեցված էր մի օբելիսկ` հետեւյալ գրությամբ. «Այստեղ լինելու է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության առաջնորդի արձանը…»:
Չգիտեմ՝ կա՞ արդյոք այդ օբելիսկի լուսանկարը, այնուամենայնիվ, կարող եմ ենթադրել, որ վեճերն անիմաստ դարձան, երբ հանրապետության կուսակցական առաջնորդ Գրիգորի Արուտինովը (Հարությունյան) կարգադրեց արձանը տեղադրել այնտեղ, որտեղ այն կանգնած էր մինչեւ 1990 թվականը: Այսինքն, հրապարակի հարավային կողմում:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Իմ ենթադրության օգտին է խոսում այն, որ Հարությունյանը մեծ ուշադրություն էր դարձնում Երեւանի գլխավոր հրապարակի կառուցապատմանը: Եվ հենց նրան է պապս վերագրում ջրավազան կառուցելու գաղափարը: Ահա թե նա ինչպես է դա նկարագրում 2000թ. Երեւանում հրապարակված հուշերում: Մեջբերում եմ մեքենագրից.
«Այդ ջրավազանի կառուցումն ի սկզբանե նախատեսված չէր: Գաղափարը ծնվեց Գ.Ա. Հարությունյանի մտքում, եւ ահա ինչպես: Մեզ մոտ ցուցադրում էին խորհրդային օպերատորների կողմից նկարահանված «Իրան» վավերագրական ֆիլմը: Այդ ֆիլմի գեղեցկագույն կադրերի մեջ կային նաեւ հսկայական ջրավազանների հայելիներ՝ կառուցված հասարակական շինությունների ու մզկիթների առջեւ: Իմանալով, որ հին Երեւանում ոչ միայն մզկիթների, այլեւ բնակելի տների բակերում եղել են օդը խոնավեցնող ջրավազաններ, Գրիգորի Արտեմեւիչը համոզվում է, որ հասարակական մեծ, բաց հրապարակը եւս պետք է ընդարձակ ջրավազան ունենա»:
Հետո ավելի հեշտ էր: Արուտինովը Երեւանի գլխավոր ճարտարապետին հանձնարարում է այնտեղ ջրավազան կառուցել: Ինչն էլ ի կատար է ածվում: 1953 թվականին հրապարակում հայտնվում է շատրվաններով ջրավազանը, որի հեղինակներն էին Մարկ Գրիգորյանն ու Էդվարդ Սարապյանը՝ նրա հավատարիմ օգնականը, ընկերն ու համահեղինակը:
Գծանկարը` Արարատ Ղարիբյան:
Դրանով ջրավազանի ճարտարապետական պատմությունը կարելի է ավարտել: Թեեւ, հիշեցի մի հոդված, որը հրապարակվել էր 80-ական թվականների կեսերին կամ վերջին «Խորհրդային Հայաստան» թերթում: Հեղինակը՝ հայտնի ճարտարապետներից մեկը, առաջարկում էր Լենինի արձանը տեղափոխել հրապարակի հյուսիսային կողմը: Իսկ որպեսզի հնարավոր լիներ պատկերասրահի մուտքից ուղիղ ճանապարհով հասնել առաջնորդի քանդակին, առաջարկում էր ջրավազանը բաժանել երկու մասի՝ դրանց միջեւ կառուցելով նեղ (միգուցե նաեւ ոչ այնքան նեղ) արահետ՝ թանգարաններից ուղիղ դեպի առաջնորդը:
Փառք Աստծո, այդ գաղափարը չիրականացավ:
Կցանկանայի հավատալ, որ հրապարակի վերակառուցման հետ կապված մյուս գաղափարները եւս չեն իրականանա, քանի որ Հանրապետության հրապարակի ճարտարապետությունը մեր պատմությունն է: Միշտ կարծել եմ, որ պատմությանը հարկավոր է խնամքով վերաբերվել:
Աբրահամ Աբրահամյանի այրին՝ Լարիսա Աբրահամյանը` կարծես հայտնվել էինք ինչ-որ հեքիաթում
Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ լինելով, ամուսինս հաճախ էր փորձում սինթեզել լույսն ու երաժշտությունը` դա իր հոբին էր: Երբ Խարկովից տեղափոխվեցինք Երեւան, ամուսինս սկսեց զբաղվել մայրաքաղաքի հուշարձանների գեղարվեստական լուսավորությամբ: Հետո նա երիտասարդ մասնագետների թիմ հավաքեց, որոնց հետ համատեղ մշակեց Երեւանի գլխավոր հրապարակի «Երգող շատրվանների» նախագիծը:
Աբրահամ Աբրահամյանը:
Լուսանկարը` Ա. Աբրահամյանի արխիվից:
«Երգող շատրվանների» նախագծի իրականացման վրա թիմը աշխատեց շուրջ երեք տարի: Ես ներկա էի բացմանը. կարծես հայտնվել էինք ինչ-որ հեքիաթում՝ մինչ այդ ոչ ոք նման տեսարանի ականատեսը չէր եղել: Այնպիսի զգացողություն էր, որ ամեն շիթի հետ ինքս եմ ցայտում:
1978թ-ին Աբրահամյանի թիմը պարգեւատրվեց ՀԽՍՀ-ի պետական մրցանակով՝ գիտության եւ տեխնիկայի բնագավառում:
Հետագայում մշակվեց «Երրորդ մասի» հրապարակի շատրվանների նախագիծը: Բացի դրանից, ամուսինս մշակեց նաեւ ձայնագունային երգեհոնի նախագիծը՝ Կամերային երաժշտության տան համար:
Լուսանկարը` Ա. Աբրահամյանի արխիվից:
«Երգող շատրվանների» բացումից հետո ամուսնուս թիմը հայտեր ստացավ՝ ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններից: Հայ ինժեներների անմիջական մասնակցության շնորհիվ մի քանի տարվա ընթացքում «երգող» շատրվաններ բացվեցին նաեւ Բաթումիում, Մոսկվայում, Սոչիում, Խարկովում: Հայտեր կային նաեւ Ֆրանսիայից:
1976թ-ի «Երգող շատրվանների» գործող մոդելը ներկայացվեց ցուցահանդեսում Բուենոս-Այրեսում:
Հատված՝ Ա. Աբրահամյանի հետ հարցազրույցից («Պոլիտեխնիկ» թերթ, 20.04.1974թ. )
Երեւանի «Երգող շատրվանները» կառուցվել են Երեւանի Քաղխորհրդի որոշման համաձայն՝ ՀԽՍՀ-ի կազմավորման եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության 50 ամյակի առիթով:
Լուսանկարը` Ա. Աբրահամյանի արխիվից:
Առաջին իսկ օրվանից շատրվանները դարձան քաղաքացիների ամենասիրելի հանգստյան վայրերից մեկը: Ամեն երեկո այստեղ գալիս են քաղաքի հազարավոր բնակիչներ, սովետական եւ արտասահմանյան զբոսաշրջիկներ՝ սիրված մեղեդիները վայելելու եւ շատրվանների «պարին» հետեւելու նպատակով:
Շատրվանների աշխատելու սկզբունքը հետեւյալն է. երաժշտական ծրագիրը ձայնագրվում է մագնիսային ժապավենի վրա: Այնուհետեւ, էլեկտրական զտիչների օգնությամբ ձայնային հաճախականությունները բաժանվում են երեք շարանի, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական գունային լուսավորման ալիքը եւ մեխանիկական կառավարման ալիքը: Այդպիսով, մեղեդին «կառավարում է» գույները, լուսավորվածության ուժգնությունը, շիթի բարձրությունը: Սարքավորումը բարդ է: Ցանկալի արդյունքին հասնելու համար մեր կողմից օգտագործվել են ռադիոէլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, լուսային տեխնիկայի եւ էլէկտրաակուստիկայի ձեռքբերումները:
Լուսանկարը` Ա. Աբրահամյանի արխիվից:
Շատրվանների նախագծման գործընթացում իմ ղեկավարության ներքո մասնակցել է մասնագետների խումբ՝ կազմված քաղաքի տարբեր նախագծային եւ գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցներով: Խմբի կազմում էին ինժեներներ Յ. Ղազարյանը, Ա. Կաշոյանը, Ս. Սարգսյանը, Ռ. Միրզոյանը, Ա. Եղյանը եւ ուրիշներ:
Ռադիոտեխնիկական մասի մշակման եւ լուսավորության եւ ձայնի համակարգի մոնտաժման գործում իրենց մասնակցությունն ունեցան Պոլիտեխնիկ ինստիտուտի ռադիոտեխնիկայի ամբիոնի կոլեկտիվը եւ ուսանողները:
Լուսանկարը` Ա. Աբրահամյանի արխիվից:
Երեւանի շատրվանները միակն են ԽՍՀՄ-ի տարածքում: Որքան տեղյակ եմ, արտասահմանում կան երեք գունաձայնային շատրվաններ (Փարիզի մոտակայքում, Կասաբլանկայում եւ Նյու-Յորքում), սակայն նրանց շահագործելու սկզբունքն այլ է. գույների եւ շատրվանների կառավարումը տարվում է ոչ թե երաժշտությունից, այլ մագնիսային ժապավենի մյուս կողմում նախապես ձայնագրած հոսանքի ազդակներից:
Երեւանի քաղխորհրդի կողմից կայացվել է որոշում՝ մինչեւ 1975 թ. Սպանդարյանի հրապարակում երկրորդ շատրվանը կառուցելու վերաբերյալ:
Աբրահամ Դեմիրճյան` ամեն երեկո մարդիկ շտապում էին հրապարակ
Հրապարակի շատրվանների շահագործմամբ զբաղվում եմ մոտ 40 տարի՝ 1971 թ.-ից սկսած, երբ պրոֆեսոր Աբրահամյանի նախագծով գործող շատրվանները սկսեցին «երգել» գունային ուղեկցությամբ:
Այն ժամանակ դա բոլորովին նոր երեւույթ էր, հրապարակն այդ տարիներին լեփ-լեցուն էր լինում, նույնիսկ` աշխատանքային օրերին: Ամեն երեկո մարդիկ շտապում էին հրապարակ՝ լիցքաթափվելու:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Խորհրդային տարիներին շատրվանները գործում էին ապրիլից մինչեւ նոյեմբերի 29-ը` խորհրդային կարգերի հաստատման օրը: Այսօր շատրվանները դադարում են գործել նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են մինչեւ ժամը 00:00-ը՝ նախկին 22:30-ի փոխարեն:
Լուսանկարը` Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:
Շատրվանների լողավազանում լողանալը երբեք թույլատրված չէր: Չնայած դրան, խորհրդային տարիներին ամռան ամիսներին հաճախ կարելի էր տեսնել ջրում զվարճացող երեխաներին: Այսօր ջրավազանում լողանալը խստիվ արգելվում է, քանի որ շատրվանները գտնվում են 380 վոլտ լարման տակ: Հին ժամանակներում լարումը 24 վոլտ էր եւ էլեկտրահարման դեպքում չէր կարող լուրջ վնաս հասցնել:
Լիանա Քյուրքչյան` հայրս խճանկարի մի քանի տարբերակ էր մշակել
Հայրս Հանրապետության հրապարակի խճանկարի մի քանի տարբերակ էր մշակել: Տարբերակներից մեկի համաձայն, խճանկարը պետք է ամբողջությամբ ծածկեր հրապարակը, սակայն դա չափազանց ծախսատար կլիներ: Բացի դրանից, երթեւեկելի տարածք լինելով, խճանկարը շատ շուտ կկորցներ իր տեսքը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզները:
Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:
Ստեփան Քյուրքչյանը ցանկանում էր ձեւավորել հրապարակի ստորգետնյա ուրբանիզացում: Նախատեսվում էր խճանկարն, իր ամբողջ մակերեսով, իջեցնել ներկայիս մակարդակից ներքեւ, իսկ հետիոտները՝ ստորգետնյա անցումների շնորհիվ կարող էին հայտնվել զուգահեռ փողոցում եւ շարունակել իրենց ճանապարհը անհրաժեշտ մայթով: Բացի այդ, անցումների օգնությամբ հնարավոր կլիներ հայտնվել խճանկարի վրա՝ բաց երկնքի տակ: Իսկ ստորգետնյա հատվածում կարող էին գործել առեւտրային կենտրոններ, սրճարաններ:
Այդ նախագիծը չիրականացավ, քանի որ հրապարակի բարեկարգման աշխատանքների ընթացքում ստորգետնյա հատվածում հայտնաբերվեցին մի շարք կամարներ:
Բացի խճանկարից, Քյուրքչյանի նախագծով բարեկարգվեցին հրապարակի մայթերը:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարի հնագիտության բաժնի աշխատակիցներ Աղավնի Ժամկոչյան եւ Ֆրինա Բաբայան
Աղավնի Ժամկոչյան
2003թ.-ին Երեւանի Հանրապետության հրապարակի ողջ տարածքում
իրականացվեցին բարեկարգման շինարարական աշխատանքներ: Հրապարակի ասֆալտապատ վերին շերտը հեռացնելու ընթացքում բացվեցին խոր փոսորակներ, քարե պատերի մնացորդներ, սեւ, կարմիր տուֆի մշակված սալիկներ, կղմինդրներ, կավանոթի բեկորները, տուֆից պատրաստված ջրատար խողովակներ:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական ջոկատը պեղումներ իրականացրեց տեղում եւ հասցրեց հետազոտել բացված փոսորակներից միայն երեքը:
Լուսանկարը` Հայկ Բիանջյանի:
Պեղումների արդյունքում հայտնաբերեցինք հրապարակի եւ հարակից փողոցների ասֆալտի տակ պահպանված 17-րդ դարին պատկանող եւ անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժիններ: Քառակուսի հատակագծով սրահի տարբեր բաժանմունքները ստեղծվել են խաչվող թաղերով ավարտվող միջնապատերի շնորհիվ: Բարեկարգման աշխատանքների արդյունքում հրապարակի կենտրոնում կառուցվեց հայտնի խճանկարը, իսկ մեր կողմից պեղված տարածքները ծածկվեցին հողով ու ավազով: Մինչդեռ այդ կառույցները ներկայացնում են շինարարական արվեստի կարեւոր ժամանակահատված, որը մեզանում քիչ է ուսումնասիրված: Հայտնաբերված գտածոները վկայում են այն մասին, որ մեր քաղաքը անընդհատ զարգացում է ապրել:
Ֆրինա Բաբայան
Երբ հայտնաբերեցինք հրապարակի ստորգետնյա հատվածի կառույցները, ամեն կերպ փորձեցինք պայքարել, որպեսզի դրանք չփակվեն ավազով եւ մենք շարունակենք պեղումները: Սակայն բարեկարգման աշխատանքներն այնքան արագ կատարվեցին, որ մեզ ոչ ոք չլսեց: Միայն ասացին՝ այս տարածքները փակում ենք՝ թողնելով հետագա սերունդներին:
Սակայն այսօր էլ մենք համոզված ենք, որ այդ տարածքները կարելի էր չփակել, այլ օգտագործել ճիշտ նպատակով: Խճանկարի փոխարեն, որը մեծ գումար արժեր, կարելի էր հրապարակից ստորգետնյա մուտք ստեղծել, որը կտաներ դեպի ներքեւի հարկ` դա կգրավեր զբոսաշրջիկներին:
Լուսանկարը` Հայկ Բիանջյանի:
Մեր նյութերի հիման վրա մենք հստակ կարող ենք ասել, որ հրապարակում բացահայտված կառույցները 17-րդ դարի այն շենքերի նկուղներն են, որոնք տեղ են գտել ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավրնիեի եւ Ժան Շարդենի մոտ, որոնք քաղաքի համայնապատկերում առանձնացրել էին քրիստոնյա հայերի բնակելի թաղերը: Սա ապացուցում է, որ 17-18 րդ Երեւանը պատահական քաղաք չէր: Այն առեւտրատնտեսական կենտրոն է եղել:
Հնագետներն այսօր մտահոգված են, որ ԱԳՆ շենքի վաճառքի պարագայում հրապարակի տարածքում կարող են կրկին շինարարական աշխատանքներ տարվել, որոնք կվնասեն հայտնաբերված ստորգետնյա կառույցները:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան`ինչպես վերականգնվեցին «երգող» շատրվանները
2006թ. ամռանը ընտանիքով հանգստանում էինք Բաթումիում եւ շատ էինք տպավորվել, երբ տեսանք նորակառույց երգող շատրվանները: Մյուս կողմից, որոշակի դառնության զգացողություն ունեցանք, քանի որ խորհրդային տարիներին մեր շատրվանները առաջինն էին ԽՍՀՄ-ում եւ համարվում էին լավագույնը իրենց տեսակի մեջ: Մարդիկ հատուկ ժամանում էին Երեւան՝ շատրվանները տեսնելու համար:
Այդ ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնականն էի: Բաթումիից վերադառնալով` տպավորություններով կիսվեցի ՀՀ նախագահի հետ եւ առաջարկեցի վերակառուցել մեր գլխավոր հրապարակի շատրվանները, որոնք արդեն երկար տարիներ չէին գործում: Նախագահը հավանեց գաղափարը եւ հանձնարարեց ուսումնասիրել նոր շատրվաններ կառուցելու հնարավորությունները: Արդյունքում կապ հաստատեցինք այն ընկերության հետ, որը կառուցել էր Բաթումիի շատրվանը` դա ֆրանսիական «Ակվատիկ շոու ինթերնեյշնլ» կազմակերպությունն էր:
Վիգեն Սարգսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ սիրով կժամանեն եւ կուսումնասիրեն մեր շատրվանները, սակայն զգուշացրեցին, որ չափազանց շատ պատվերներ ունեն, եւ Երեւանում շատրվանները կարող են շահագործման հանձնել լավագույն դեպքում մեկ տարի հետո: Դա 2007 թվականի մարտի վերջն էր, իսկ նույն տարվա սեպտեմբերին Ազատության հրապարակում պետք է նշվեր Հայաստանի անկախության 16-րդ ամյակը եւ տեղի ունենար Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանդիսավոր փակումը, եւ ես շատ էի ցանկանում, որ նոր շատրվանների բացումը կայանա հենց այդ օրը:
Լուսանկարը` անհայտ հեղինակ:
Երեւան ժամանեց ֆրանսիական կազմակերպության տնօրենը, ում հետ առավոտյան պետք է հանդիպեինք «Արմենիա Մարիոթի» բացօթյա սրճարանում: Զրույցի ընթացքում նկատեցի, որ նա հիացած ուսումնասիրում է մեր հրապարակը: Ասաց, որ շատ տեղերում են շատրվաններ տեղադրել, սակայն նման ճարտարապետական անսամբլի ներքո երբեք չեն աշխատել եւ սա կլինի իրենց կառուցած շատրվաններից ամենագեղեցիկը եւ խոստացավ, որ միջոցներ կձեռնարկի՝ շատրվանների վերակառուցման գործընթացն արագացնելու համար:
Երբ աշխատանքը սկսվեց, ինձ մոտ եկան հին շատրվանների նախագծող թիմի երեք անդամները: Վրդովված էին, ասում էին, որ թույլ չեն տա «ավիրել» շատրվանները: Երկար զրուցելուց հետո հաջողվեց ապացուցել, որ իրականում փորձելու ենք անել ամեն ինչ`հին գաղափարը ուժեղացնելու համար: Արդյունքում այդ մարդիկ դարձան մեր նոր թիմի անբաժան մասը:
Լուսանկարը` Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:
Խորհրդային տարիներին շատրվանների տեխնիկական սպասարկումն իրականացնում էին երկու հոգի, որոնք նույնպես մտահոգված էին, որ համակարգչային տեխնիկայի կիրառման պարագայում իրենց ծառայություններն այլեւս պետք չեն լինի: Սակայն մինչ օրս, շատ մեծ նվիրումով շատրվանները շարունակում են աշխատացնել այդ նույն մարդիկ: Շատրվանները տեղադրելիս ֆրանսիական ընկերությունն առաջարկում էր արդեն պատրաստի երաժշտական ծրագիր, սակայն ես ցանկանում էի, որպեսզի երգացանկի մեջ պարտադիր ներառվի նաեւ հայկական երաժշտություն՝ այլ շատրվանների ծրագրից տարբերվելու, եւ մեր հրապարակի գեղեցկությունն ընդգծելու համար: Նոր ծրագիր կազմելու համար ձեւավորվեց հատուկ ստեղծագործական խումբ: Ստեղծեցինք 5-6 ծրագիր՝ կազմված հայ դասականների, հին երեւանյան երգերի, մանկական մեղեդիների, ֆիլմերում հնչող երաժշտության հիման վրա: Ամենահաջողվածն եմ համարում Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից կազմված 15 րոպեանոց ծրագիրը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Շատրվանների բացումը համընկնում էր Ֆրանսիայում Հայաստանի տարվա փակման հետ ու երաժշտական ծրագրի հիմքում դրվեցին հայ եւ ֆրանսիացի կոմպոզիտորների 2 ամենահայտնի ստեղծագործությունները. Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» եւ Մորիս Ռավելի «Բոլերոն»: Բացման օրը շատրվաններին «նվագակցում էր» Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ֆրանսիական թիմը հատուկ մասնագետներ էր հրավիրել, որոնք ողջ շոուի ընթացքում ձեռքով էին իրականացնում շատրվանների կառավարումը:
Քանի որ նշվում էր ՀՀ անկախության 16 ամյակը, ամենաբարձր շիթերի քանակը համապատասխանեցվել էր 16-ի: Այդ շիթերի բարձրությունը կազմում է 50 մետր:
Ֆրանսիական «Ակվատիկ շոու ինթերնեյշնլ» ընկերության կողմից իրականացվել է ժամանակակից սարքավորումների, ջրային, լուսային սարքավորումների տեղադրում: 2011 թվականին նույն կազմակերպության կողմից տեղադրվել են 6 հատ շարժական, 24 հատ ջրաշթային պոմպեր, 1 հատ մշուշ ստեղծող համակարգ, 2 հատ ջրային էկրան:
Անկախության 20-ամյակի կապակցությամբ ընդարձակվեցին շատրվանների ֆունկցիոնալ հնարավորությունները՝ ավելացան ջրային էկրանները, շարժվող ջրային շիթերը, ծուխը ջրի վրա:
Հին շատրվանների հետ կապված հիշողություններս մշտապես ասոցացվում են մայիսի 1-ի տոնի հետ: Այդ օրը Լենինի հրապարակում տեղի էր ունենում աշխատավորների քայլերթը, շատրվանների «եթերաշրջանի» բացումը, ինչպես նաեւ՝ սկսվում էր պաղպաղակի արտադրությունը եւ վաճառքը Հայաստանում:
Տպավորվել է նաեւ ապրիլի 24-ը՝ շատրվաններն ամբողջությամբ լուսավորվում էին կարմիր գույնով՝ որպես հեղեղված արյան խորհրդանիշ:
Այն ժամանակ երաժշտական ծրագիրը ավելի ունիվերսալ էր եւ հնարավորություն չկար հատուկ իրադարձությունների առիթով ծրագիր պատրաստել: Իհարկե, այսօր նոր ծրագիր կազմելը շատ ավելի դյուրին է, քանի որ դա արվում է համակարգչի միջոցով: Երբ ունենում ենք արտասահմանից ժամանած պետական հյուրեր, այդ երեկո շատրվանները կատարում են տվյալ երկրի ազգային երաժշտությունը:
Արման Դավթյան (Նուռ)` ցայտաղբյուրը պարունակում է 50 գաղտնիք
«Յոթ աղբյուր» (ըստ հին հայկական ասացվածքի՝ ժողովուրդը 7 աղբյուրից է ուժ քաղում) ցայտաղբյուրը Ազգային պատկերասրահի հարեւանությամբ տեղադրվել է 1965 թվականին: Ցայտաղբյուրի հեղինակն է ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանը: 1990-ականներին առեւանգվեցին ցայտաղբյուրի շախմատային տուրայի տեսքով գլխիկները: 2010 թ-ին տեղադրվեցին նոր գլխիկներ, որոնց հեղինակն է դիզայներ-ոսկերիչ Նուռը:
«Յոթ Աղբյուր» ցայտաղբյուրի հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Այն ժամանակ, երբ Հենրիկ Իգիթյանի կենտրոնում նկարչություն էի ուսանում, «ֆլեշմոբ» հասկացողությունը չկար: Ընկերներով գնում էինք ցայտաղբյուրի մոտ ու միաժամանակ մոտենում ու ջուր էինք խմում: Լինում էր, երբ ութ հոգով էինք մոտենում, մեկի ծափահարությունից հետո բոլորս շրջվում ու ջուր էինք խմում: Ութերորդը միշտ ստիպված էր լինում սպասել իր հերթին:
Նախկինում հրապարակի ցայտաղբյուրները` շախմատային «տուրա» հիշեցնող բրոնզե գլխիկներ ունեին, որտեղից էլ մարդիկ խմում էին ջուրը: «Մութ ու ցուրտ» տարիներին այդ բրոնզե մասնիկները առեւանգվեցին եւ փոխարինվեցին վատորակ ու տգեղ պարսկական «շտուցերներ»-ով:
Լուսանկարը` Սուրեն Մանվելյան:
Այդ ժամանակ «Երեւան Պրոդաքշն»-ը առաջարկեց ինձ զբաղվել այդ ցայտաղբյուրների բարեկարգմամբ: «Ցայտաղբյուր» հասկացությունը Երեւանի կարեւորագույն խորհրդանիշներից մեկն է: Նախատեսված էր վերանորոգել Երեւանի բոլոր ցայտաղբյուրները, բայց, ցավոք, նախագծի շրջանակներում իրականացվեց միայն Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի բարեկարգումը:
Աշխատելով ցայտաղբյուրի վրա ես ոչ թե վերականգնեցի հին տարբերակը, այլ ստեղծեցի նորը: Հիմքում հրապարակի ճարտարապետությունն է` խորաններով, որոնք գրկում են հրապարակը: Օգտագործել եմ հայկական ավանդական զարդանախշեր:
«Յոթնաղբյուր» կամ «Կաթնաղբյուր» գաղափարը ներկայացնում է Արագած լեռան վրա գտնվող էպիկական աղբյուրը: Էպիկական հերոսները, դյուցազունները այնտեղից ջուր էին ըմպում` դառնալով ուժեղ, զորեղ ու հաղթելով ցանկացած թշնամուն:
Որոշեցի անպայման պահպանել այդ գաղափարախոսությունը, որպեսզի ցայտաղբյուրը շարունակեր իր մեջ կրել այդ բարի ու իմաստուն խորհուրդը: Բայց դա արեցի ոչ թե բացահայտ, այլ «քվեսթավորված», որպեսզի ֆիզիկական առողջությունը համադրվի մտավորի հետ. մարդիկ հետաքրքրված կլինեն գտնել այդ գաղտնիքներն ու կմարզեն ուղեղները:
Լուսանկարը` Սուրեն Մանվելյան:
Ցայտաղբյուրների գլխիկները բրոնզից են: Բացումից երկու տարի անց ցայտաղբյուրի երեք դետալները գողացան, բայց մենք կրկին վերականգնեցինք դրանք:
Ցայտաղբյուրները պարունակում են 50 գաղտնիք, որոնցից առաջինը բացահայտեցի հենց բացման օրը: Ամեն տարի մայիսին բացահայտում եմ մի նոր գաղտնիք`արդեն բացահայտված են հինգը:
Առաջին գաղտնիքը` 12 խորանի արանքում մեկ հայկական տառ կա: Ցայտաղբյուրները այնպես են տեղադրված, որ եթե արեւի շողքը ընկնում է խմելու մասի վրա, անդրադարձող շողքը ընկնում է տառերից մեկի վրա: Հետեւաբար, եթե շողքը «Ա» տառի վրա է, ուրեմն ժամը 12:00-ն է, «Բ» տառը` 13:00-ն է եւ այդպես շարունակ:
Լուսանկարը` Սուրեն Մանվելյան:
Երկրորդ գաղտնիքը` ներքեւի «Ա» տառի վերեւի մասում եւս մեկ «Ա» տառ կա` շարունակաբար առաջ գնալով կարող ենք կարդալ հետեւյալ արտահայտությունը` «Անուշ լինի»: Դա ուղղված է այստեղից ջուր խմողներին:
Երրորդ գաղտնիքը կենտրոնական մասում է գտնվում` 12 խորան ունեցող դետալի մոտ, որտեղ թափվում են «Յոթ Աղբյուրի» բոլոր ջրերը: Դրա վրա մեկ խաչ է նկարած, որոնց անկյուններում չորս լեզվով գրված է «Երեւանին՝ Երեւանից»: Հայերեն տառերով գրված գրությունը նայում է հարավին: Ըստ դրա, կարող եք հասկանալ` թե որտեղ է հյուսիսը, արեւելքն ու արեւմուտքը եւ շարունակել ճանապարհը ճիշտ ուղղությամբ:
Չորորդ գաղտնիքը այդ նույն խաչի զարդանախշի մեջ է` ներգրված հինգ խորհրդանիշներ, որոնք իրար միացնելիս Նուռ բառն է ստացվում: Դա իմ ստորագրությունն է:
Լուսանկարը` Սուրեն Մանվելյան:
Հինգերորդ գաղտնիքը յուրահատուկ կերպով բացահայտվեց: Ինչպես արդեն նշեցի, գաղտնիքները մշտապես բացահայտվում են յուրաքանչյուր տարվա մայիս ամսին: Այս անգամ չբացահայտեցի մինչեւ դեկտեմբեր: Բոլորը հարցնում էին` ինչու՞ չեմ բացահայտում: Պատասխանում էի` որ թաքցնելու մեջ արդեն հուշումն է: Եթե կանգում եք ցայտաղբյուրի առջեւ` տառեր եք տեսնում` ներսի կողմից գրված է «Ուշ լինի», դրսի կողմից` «Նուշ լինի»:
Գաղտնիքների մասին ոչ ոք չգիտի, նույնիսկ կինս ու երեխաներս: Այդ ամենը մտքումս է: Բացահայտման հերթականությունը ինքս եմ ընտրում: Եթե որեւէ մեկը կարողանա հետազոտի ցայտաղբյուրը ու գտնի գաղտնիքը, սիրով կասեմ, արդյո՞ք ճիշտ է, թե ոչ:
Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Լենա Գեւորգյանը, Արա Թադեւոսյանը, Արմինե Մելքոնյանը:
Շնորհակալություն ենք հայտնում` Խորեն Լեւոնյանին (Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիա), Գեւորգ Գեւորգյանին, Սաթենիկ Ստեփանյանին (Հայաստանի Ազգային կինոկենտրոն), Լիլիթ Տեր-Մինասյանին, Ռուբեն Տոնիկյանին, Վաղարշակ Վաղարշակյանին (“Ջրային կառույցներ” ՓԲԸ ) եւ «Yerevan Productions» ընկերությանը:
Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: