«Առանց Թուրքիայի Եվրոպան անվտանգության ամուր համակարգ չի կառուցի» - Mediamax.am

Փետրվար 18, 2026
127 դիտում

«Առանց Թուրքիայի Եվրոպան անվտանգության ամուր համակարգ չի կառուցի»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է, եւ ժամանակն է Թուրքիան ներառել եվրոպական պաշտպանության գոյություն ունեցող մեխանիզմներում։

«Տարիներ շարունակ մենք բոլոր հարթակներում բացատրել ենք, որ մեր երկիրը զգալի դրական ներդրում կունենա Եվրոպական միությունում։ Ժամանակն է Թուրքիան ներառել Եվրոպայի պաշտպանության եւ անվտանգության առկա մեխանիզմներում։ Պետք է ընդունել, որ Թուրքիային բացառող եւ գլոբալ իրողությունները անտեսող մոտեցումները բոլորովին անտրամաբանական են։ Ինչ վերաբերում է Եվրոպայում նոր պաշտպանական ճարտարապետության ստեղծմանը, ապա ակնհայտ է, որ այն առանց Թուրքիայի թերի կլինի։ Թուրքական բանակն այսօր ՆԱՏՕ-ի ամենամեծ եւ ամենաարդյունավետ բանակներից մեկն է»,— Էրդողանի խոսքերը ներկայացնում է ՏԱՍՍ-ը:

 

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ ներկա միջազգային իրավիճակում «լավագույն ընտրությունը Թուրքիայի եվրոպական ինտեգրման ճանապարհին գաղափարական խոչընդոտների վերացումն է եւ այդպիսով Եվրոպայի դիրքերի ամրապնդումը»։

 

«Մեր բանակի շնորհիվ մենք այն երկիրն ենք, որը ոչ միայն բանակցություններ է վարում, այլեւ ցուցադրում է իր հնարավորությունները տեղերում։ Հուսով եմ՝ բոլորը հասկացան, որ առանց Թուրքիայի Եվրոպան չի կարող անվտանգության ամուր համակարգ կառուցել», - շեշտել է Էրդողանը։




Մեր ընտրանին