Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում հասկանում են, որ Թուրքիան իրացնում է իր շահերը՝ «այդ թվում դիմելով թուրք ժողովրդի պատմական հիշողությանը»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
«Թուրքիան, ինչպես ցանկացած խոշոր երկիր, ունի իր շահերը։ Նա դրանք իրացնում է՝ այդ թվում դիմելով թուրք ժողովրդի պատմական հիշողությանը, Օսմանյան կայսրությանը: Մենք դա լավ գիտակցում ենք: Ավելին, Ռուսաստանը՝ որպես մի երկիր, որտեղ թյուրքական ժողովուրդները դարեր շարունակ ներկայացված են, տարբեր ձեւաչափերով մասնակցում է հիշողության ու պատմության պահպանման եւ ներկա փուլում այդ պատմական փորձը բարի քաղաքական նպատակներով օգտագործելու շարժմանը։
2024 թ. հոկտեմբերի 8-ին Ռուսաստանը նախաձեռնել էր «Լեռնային Ալթայը՝ թյուրքերի նախահայրենիք» խորագրով ամենամյա քաղաքագիտական համաժողովը։ Արդեն կայացել է երկու նման միջոցառում: Երրորդն այս տարի կանցկացվի Ղազախստանում։ Իմ կարծիքով, դա օրինակներից մեկն է, թե ինչպես ենք մենք պահպանում այն, ինչը մեզ մերձեցնում է: Այդ մերձեցման մեջ եղել են տարբեր դրվագներ, բայց գլխավորը ճիշտ հետեւություններ եւ դասեր քաղելն է։ Երկու նախագահների ղեկավարությամբ մեզ եւ թուրք գործընկերներին դա բավարար կերպով հաջողվում է», - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
«Հիշում ենք նաեւ մեր ընդհանուր պատմության այնպիսի էջեր, ինչպիսին է Թուրքիայի կողմից անկախության ձեռքբերումը։ 2025 թվականին մենք նշեցինք Խորհրդային Ռուսաստանի կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության ճանաչման 105-ամյակը: Մենք ոչ միայն ճանաչեցինք, այլեւ նյութական աջակցություն ցուցաբերեցինք, այդ թվում՝ սպառազինությամբ, զինամթերքով, ոսկով: Համոզված եմ, որ մեր ռազմավարական գործընկերության այդ փառավոր էջը կհիշեն եւ՛ մեր երկրում, եւ՛ Թուրքիայի Հանրապետությունում։
Ներկա փուլում թե՛ Ռուսաստանում, թե՛ Թուրքիայում՝ չնայած ազգային շահերի տեսանկյունից մոտեցումների երանգներին եւ տարբերություններին, նախագահները միշտ ընդհանուր դիրքորոշումներ են գտել Սիրիայի հարցում։ 2019-2020 թթ. մի քանի գագաթնաժողով էր կայացել։ Դրանց արդյունքներով ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ Սիրիայում քրդերի ծրագրերի վերաբերյալ կասկածների չեզոքացման առնչությամբ։ Այժմ այդ ծրագրերն արդեն «մարմնավորում» են ստանում։ Ժամանակակից Սիրիայում սկսում են իրականացվել գործընթացներ, որոնք մենք վաղուց մտահղացել էինք թուրք բարեկամների հետ։ Նկատի ունեմ քրդերի ներգրավումը քաղաքական կյանքում, քաղաքական եւ ուժային կառույցներում, բանակում։
Մենք ընդհանուր հարեւաններ ենք Հարավային Կովկասում։ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին «3+3» ձեւաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան եւ նրանց երեք խոշոր հարեւանները՝ Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան) գլխավոր նախաձեռնողներն էին։ Արդեն երկու նախարարական հանդիպում է կայացել։ Այժմ նախապատրաստվում է երրորդը։ Մեր վրացի հարեւաններն առայժմ ձեռնպահ են մնում մասնակցությունից, բայց մենք մշտապես ընդգծում ենք, որ դուռը նրանց համար բաց է։ Իմ գործընկեր Հաքան Ֆիդանը ակտիվորեն աջակցում է երրորդ նախարարական նիստի անցկացմանը։ Այժմ որոշվում է, թե որտեղ է այն կայանալու։ Հուսով եմ՝ մոտ ժամանակներս հստակություն կլինի», - ասել է Սերգեյ Լավրովը։














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: