Երեւան: Մեդիամաքս: Թուրքիան ցուցադրում է Եվրասիայում փոխակերպվող միջազգային համակարգին եւ նոր աշխարհաքաղաքական կարգին հարմարվելու յուրօրինակ մոդել։
Այս մասին ասվում է «Վալդայ» միջազգային ակումբի կողմից հրապարակված «Թուրքիան միջազգային հարաբերությունների համակարգի եւ Եվրասիայի նոր աշխարհաքաղաքականության փոխակերպման համատեքստում» վերլուծական տեղեկանքում։
«Պահպանելով Արեւմուտքի հետ ինստիտուցիոնալ կապերը՝ Անկարան հետեւողականորեն մեծացնում է իր ռազմավարական ինքնավարությունը Եվրասիայում արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման միջոցով», - գրում է տեղեկանքի հեղինակը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ИМИ) Արեւելագիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Պավել Շլիկովը։
Նա նշում է, որ այս փոխակերպման հիմնական գործոններն են.
- ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ խորացող անհամաձայնությունները հարցերի լայն շրջանակի շուրջ (սիրիական ճգնաժամ, քրդական հարց, Արեւելյան Միջերկրական տարածաշրջան);
- տնտեսական եւ քաղաքական դինամիկայի գլոբալ տեղաշարժը դեպի Ասիա;
- թուրքական բիզնեսի պրագմատիկ շահերը՝ կենտրոնացած նոր շուկաների վրա;
- գաղափարախոսական բազմակարծությունը, որն ապահովել է արտաքին քաղաքականության կողմնորոշման այլընտրանքային մոդելներ:
««Կրկին Ասիա» նախաձեռնությունը եւ եվրասիական վեկտորի զարգացումը թույլ են տվել Թուրքիային ոչ միայն չեզոքացնել Արեւմուտքի հետ հարաբերություններում առկա լարվածությունը, այլեւ առանձնահատուկ տեղ զբաղեցնել ի հայտ եկող բազմաբեւեռ ճարտարապետության մեջ։ Պահպանելով արեւմտյան ինստիտուտների հետ պաշտոնական կապը՝ Թուրքիան փաստացի վարում է անկախ, բազմավեկտոր քաղաքականություն՝ օգտվելով հին եւ նոր ուժի կենտրոնների միջեւ մրցակցային դինամիկայից։
Մոտ ապագայում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի կամ արեւմտյան կառույցների միջեւ արմատական խզումը քիչ հավանական է։ Սակայն նրա հատուկ դիրքը «միասնական Արեւմուտքի» շրջանակներում, որը համատեղում է ինտեգրման եւ ռազմավարական ինքնավարության տարրերը, կմնա կայուն միտում, ինչը թույլ կտա Անկարային լիովին օգտագործել իր արտաքին քաղաքականության հնարավորությունները համաշխարհային անկայունության համատեքստում», - նշվում է տեղեկանքում։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: