Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը ներողություն է պահանջում ռուսաստանյան պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունից:
Հուլիսի 31-ին ՏԱՍՍ-ը լուր էր հրապարակել Ստեփանակերտում Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման վերաբերյալ: Ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է ներողություն խնդրել եւ «դադարեցնել ադրբեջանական տեղանունների աղավաղումը»:
«Կցանկանայինք հիշեցնել ռուսական կողմին, որ 1923 թվականին ադրբեջանական հողերի վրա ստեղծված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում գտնվող Խանքենդի քաղաքի անօրինական վերանվանումը «Ստեփանակերտ»՝ ի պատիվ բոլշեւիկ Ստեփան Շահումյանի, որը դաշնակների հետ միասին իրականացրել էր ադրբեջանցիների զանգվածային սպանություններ, վիրավորանք էր Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն:
«Մենք սպասում ենք ՏԱՍՍ լրատվական գործակալության ներողությանը եւ համապատասխան ուղղմանը: Հակառակ դեպքում, օրենսդրության համաձայն, միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանում ՏԱՍՍ-ի գործունեության վերաբերյալ», - հավելել է նա:
Հաջիզադեն նաեւ նշել է, որ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել էր «անօրինական կերպով՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ»։
















