Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Դաշնության վարչապետի կարգադրությամբ Միխայիլ Գուսմանը ազատվել է ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
Որոշման պատճառները չեն նշվում:
Բացառված չէ, որ 75-ամյա Գուսմանի աշխատանքից ազատման առիթը կարող է լինել նրա մասնակցությունը հուլիսի 19-20-ին «Շուշիի գլոբալ մեդիաֆորումին»՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման ֆոնի վրա:
Հուլիսին սկզբին Բաքվում ելույթ ունենալով «Համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի դերը լրատվամիջոցների զարգացման գործում» համաժողովում Միխայիլ Գուսմանն ասել էր.
«Նոյեմբերին կլրանա Ադրբեջանի մեծ հաղթանակի հինգ տարին։ Այդ մասին կխոսեն, կգրեն։ Իմաստ ունի նոյեմբերին անցկացնել համաժողով՝ նվիրված նախագահ Իլհամ Ալիեւի դերակատարությանը լրատվամիջոցների զարգացման գործում։ Դա շատ անհրաժեշտ համաժողով կլինի»։
2017 թվականի մարտին Միխայիլ Գուսմանը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւաին համեմատել էր Էլեոնորա Ռուզվելտի հետ:
















