Երեւան: Մեդիամաքս: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր անընդունելի է որակել ուրանի հարստացումից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջը։
Նոր միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը Իրանին փոխանցվել է մայիսի 31-ին Օմանի միջոցով։
Խամենեին ասել է, որ ԱՄՆ առաջարկը «հակասում է մեր ազգի ինքնաբավության հանդեպ հավատին եւ «Մենք կարող ենք» սկզբունքին»։
«Ուրանի հարստացումը մեր միջուկային ծրագրի բանալին է, եւ թշնամիները կենտրոնացած են դրա վրա», - ասել է Խամենեին հեռուստատեսային ելույթում։
«Ամերիկացիների կողմից ներկայացված առաջարկը 100%-ով հակասում է մեր շահերին։ Ամերիկայի կոպիտ եւ ամբարտավան առաջնորդները պարբերաբար պահանջում են, որ մենք հրաժարվենք մեր միջուկային ծրագրից։ Ո՞վ եք դուք, որ որոշեք, թե արդյո՞ք Իրանը պետք է զբաղվի հարստացմամբ», - ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը։
Հունիսի 2-ին Reuters-ը հաղորդել էր, որ Թեհրանը պատրաստ է մերժել ամերիկյան առաջարկը՝ այն «անընդունելի» որակելով։
















