Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին - Mediamax.am

Մարտ 05, 2026
3945 դիտում

Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ զարմանք հայտնելով երկու երկրների միջեւ հարաբերությունների վերագործարկման հեռանկարների շուրջ Վաշինգտոնի լռության վերաբերյալ:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

 

«Մի քանի շաբաթ առաջ ես ձեզ նամակով դիմեցի վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին: Նամակին նախորդել էին իմ հրապարակային հայտարարությունները, որոնցում ներկայացրել էի Վրաստանի պատրաստակամությունը վերսկսել Վրաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից: Սակայն մենք դեռ պատասխան չենք ստացել նամակին եւ հրապարակային հայտարարություններին: Ավելին, դեռ չի կայացել բարձր մակարդակի հաղորդակցություն Վրաստանի եւ ԱՄՆ իշխանությունների միջեւ»:

 

«Այս լռությունը զարմանալի է վրաց ժողովրդի եւ Վրաստանի իշխանությունների համար», - նշել է վարչապետը:

 

Վրաստանի կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ դեռ գործում են ԱՄՆ-ի կողմից վրացական իշխանությունների որոշ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված պատժամիջոցները, այդ թվում փոխվարչապետ, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի դեմ, որոնք «արդյունավետորեն կանխել են Բայդենի վարչակազմի կողմից պլանավորված եւ USAID-ի միջոցով ֆինանսավորված հեղափոխության փորձը եւ բռնությունը»:




Մեր ընտրանին