Երեւան: Մեդիամաքս: Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «Թուրքիան կարեւոր տեղ ունի նոր աշխարհակարգի ձեւավորման գործում»։
Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, ելույթ ունենալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, Էրդողանն ասել է.
«Գլոբալ խաղացողները երբեմն կամավոր, բայց հաճախ ստիպված խոստովանում են, որ առանց Թուրքիայի հավասարություն ստեղծելն անհնար է, իսկ եթե նույնիսկ այն ստեղծվի, հաջողության շանս չի ունենա»:
Նրա խոսքով, Թուրքիան «այլեւս պարզապես դիտորդ չէ մեծ տերությունների խաղերում, այն դարձել է առաջատար խաղացող, որն իրականացնում է սեփական սցենարը»։
Էրդողանը նաեւ զգուշացրել է ծավալվող համաշխարհային առեւտրային պատերազմի հետեւանքների մասին, որը կարող է ազդել բոլոր երկրների վրա։
«Մաքսատուրքերով հրահրված առեւտրային պատերազմը գլոբալ հետեւանքներ կունենա: Չափազանցություն չի լինի ասել, որ այն համեմատելի է մոտեցող փոթորիկի հետ», - ասել է Թուրքիայի նախագահը:
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան կհաղթահարի առաջիկա մարտահրավերները։ «Քանի որ մենք ցածր մաքսատուրքեր ունեցող երկրներից ենք, մենք ավելի հեշտ կհաղթահարենք այս շրջանը, քան շատ այլ երկրներ»,- եզրափակել է Էրդողանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: