Պուտինը գոհ է Թուրքիայի հետ կապերի զարգացումից եւ ծրագրում է հանդիպել Էրդողանի հետ - Mediamax.am

1001 դիտում

Պուտինը գոհ է Թուրքիայի հետ կապերի զարգացումից եւ ծրագրում է հանդիպել Էրդողանի հետ


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ «մենք գոհունակությամբ նշում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը»։

«Դա, իհարկե, տեղի է ունենում մեր բարեկամի՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի ղեկավարությամբ եւ անմիջական աջակցությամբ», - ասել է Պուտինը՝ հունիսի 11-ին Կրեմլում ընդունելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

 

«Անցած տարվա ընթացքում մենք ունեցել ենք լավ աճ, իսկ այս տարվա սկզբին՝  ապրանքաշրջանառության մակարդակի մի փոքր նվազում, սակայն դա պայմանավորում ենք առաջին հերթին մեր հիմնական արտահանման եւ ներմուծման ապրանքների գների ճշգրտմամբ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի շտկել այս իրավիճակը եւ ամեն ինչ կզարգանա այնպես, ինչպես նախորդ տարի։ Իսկ անցյալ տարի մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության բացարձակ ռեկորդ է գրանցվել։

 

Մենք երախտագիտությամբ նշում ենք մեր թուրք բարեկամների տրամադրվածությունը՝ նպաստելու ճգնաժամային իրավիճակների, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր նախկին կարգավիճակում բանակցային գործընթացին աջակցելու, Ուկրաինայի հետ ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների համար Ստամբուլի հարթակ տրամադրելու համար։

 

Նախագահ Էրդողանը նշանակալի դեր է խաղացել նաեւ այսպես կոչված հացահատիկային գործարքի կնքման գործում։ Մեր մեղքով չէ, որ, ցավոք, այն չերկարացվեց։ Բայց ես գիտեմ նաեւ նախագահ Էրդողանի նախաձեռնության մասին՝ կապված Սեւ ծովում իրավիճակի հետ։ Գիտեք, մենք սատարել ենք դրան։ Բայց, ցավոք, վերջին պահին ուկրաինական կողմը դարձյալ մերժեց այդ առաջարկը։

 

Մենք միասին շատ կարեւոր դեր ենք խաղացել սիրիական ճգնաժամի կարգավորման գործում, եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի շարունակել «Աստանայի ձեւաչափը», պայքարել ահաբեկչության դեմ, անել այն ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի իրավիճակը վերադառնա բնականոն հուն։

 

Ընդհանուր առմամբ իրավիճակը շատ դրական է զարգանում։ Ուզում եմ խնդրել փոխանցել բարեմաղթանքներս նախագահ Էրդողանին։ Որքան գիտեմ, հուլիսի 3-ից 4-ը նա պետք է լինի Աստանայում, միջազգային միջոցառման շրջանակներում, եւ մենք հնարավորություն կունենանք հանդիպել եւ քննարկել բոլոր ընթացիկ հարցերը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին