«ՏաԹեւեր» ճոպանուղին World Travel Awards մրցանակ է ստացել - Mediamax.am

6373 դիտում

«ՏաԹեւեր» ճոպանուղին World Travel Awards մրցանակ է ստացել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «ՏաԹեւեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ World Travel Awards-ի:

Հայկական ճոպանուղին հաղթել է մրցույթում՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ճոպանուղիների հետ:

 

Դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի է ունեցել World Travel Awards 30-րդ մրցանակաբաշխությունը։ Արարողության ժամանակ մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹեւեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

 

«Հայրս իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն: Նա իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, որոնք փոխել են մարդկանց կյանքի որակը ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: Դեպի միջնադարյան հրաշալի վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար՝ «ՏաԹեւեր» ճոպանուղու նախագիծը դրա վառ օրինակներից է: Այն  մեծ ազդեցություն է ունեցել ինչպես տարածաշրջանի  զարգացման վրա՝ դարձնելով այն զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ, այնպես էլ զգալիորեն բարելավել է տեղի բնակչության կյանքի որակը: Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա եւ տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

 

 

13 տարվա ընթացքում «ՏաԹեւեր» է այցելել ավելի քան 1 միլիոն մարդ:

 

«ՏաԹեւեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի (5752 մետր): Այնտեղ գրանցվել է նաեւ հայկական օդային ուղու եւս մեկ ձեռքբերում՝ որպես նման մասշտաբային ինժեներական կառույցի համար ամենակարճ շինարարության ժամկետ (10 ամիս)։ «ՏաԹեւերի» շինարարությունն իրականացրել է ճոպանուղիների շինարարության ոլորտի առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը: Ամեն տարի «ՏաԹեւեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան ստուգում:

 

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթեւի վանական համալիրի վերականգնմանը եւ համայնքի զարգացմանը: «ՏաԹեւերը» կառավարում է Impulse Business Management ընկերությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին