«Գիտելիքն՝ ամենակայուն արժույթ». ՀՖՀՀ-ն ճանապարհել է իր շրջանավարտներին - Mediamax.am

Սեպտեմբեր 18, 2025
exclusive
90 դիտում

«Գիտելիքն՝ ամենակայուն արժույթ». ՀՖՀՀ-ն ճանապարհել է իր շրջանավարտներին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Մարտիրոսյանը
Արթուր Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քսավիե Ռիշարը
Քսավիե Ռիշարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լյուդովիկ Պայեն
Լյուդովիկ Պայեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ոսկանյանը
Հայկ Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վախթանգ Աբրահամյանը
Վախթանգ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Մանուկյանը
Նարինե Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: 

 

Ֆրանսիական համալսարանում ընդունված ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա շրջանավարտներ կրում են կրթամշակութային, գիտական կամ հանրային կյանքում նշանակալի ներդրում ունեցած անձանց անուններ։ 

Այս տարվա հոսքը կրում է Կոմիտասի անունը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՖՀՀ դասախոսական կազմը եւ միջոցառման հյուրերը ճանապարհել են շրջանավարտներին՝ որակյալ մասնագետ եւ լավ քաղաքացի լինելու, մարտահրավերները պատվով հաղթահարելու, Հայաստանն ու աշխարհն ավելի լավը դարձնելու ուղերձներով։

 

Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանը՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագները: 

 

«Մի՛ մոռացեք՝ դուք քաղաքացիներ եք եւ պետք է մտահոգվեք համայնքով»

 

«Այս տարվա դիպլոմների հանձնման արարողությունը բացառիկ է, քանի որ նշում ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանի 25-ամյակը», - ողջունելով շրջանավարտներին, նրանց ծնողներին եւ միջոցառման հյուրերին՝ ասել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին. 

 

«Սա անդադար ջանքերի, քրտնաջան աշխատանքի եւ հաջողությունների 25 տարի է, ինչի շնորհիվ այսօր ՀՖՀՀ-ն տարածաշրջանի լավագույն համալսարաններից է»: 

Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա ընդգծել է, որ այսօր՝ տեխնոլոգիական հեղափոխության ժամանակաշրջանում, աշխարհը լի է մարտահրավերներով. 

 

«Արհեստական բանականությունը, լինելով եւ՛ հնարավորություն, եւ՛ մարտահրավեր, հիմնովին փոխում է ուսուցման մեր սկզբունքները։ Բայց վստահ եղեք՝ ձեր ապագան մեր առաքելությունն է, եւ մենք պարտավորվում ենք ձեզ տալ հնարավորություններ այս հեղափոխությունից առավելագույնս օգտվելու համար»: 

 

Ամփոփելով այսօրվա շրջանավարտների ուսումնառության տարիները՝ Սալվա Նակուզին ասել է, որ դրանք նշանավորվել են ինչպես հաջողություններով, այնպես էլ՝ համընդհանուր փորձություններով: 

 

«Հինգ տարի առաջ սեպտեմբերին պատերազմ սկսվեց, որը խլեց բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ ՀՖՀՀ 13 ուսանողի կյանք: Այսօր դեպի ապագան պետք է նայենք առավել պատասխանատու եւ ողջախոհ մոտեցմամբ։ Թող զոհերի հիշատակը միշտ կենդանի մնա եւ շարունակի մեզ ոգեշնչել», - ասել է ՀՖՀՀ ռեկտորը: 

 

Նրա խոսքով՝ նման փորձությունները սովորեցնում են սահմանել ճիշտ առաջնահերթություններ, կարեւորել ոչ միայն անհատական հաջողությունն ու երջանկությունը, այլեւ՝ համընդհանուր. 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի՛ մոռացեք՝ դուք քաղաքացիներ եք եւ պետք է մտահոգվեք համայնքով, որը ձեր կյանքի մի մասն է։ Շրջանավարտների ձեր հոսքը կրում է Կոմիտասի անունը՝ հայ մշակույթի խորհրդանշական կերպար, տոկունության, հիշողության եւ համամարդկային արժեքների մարմնավորում։ Նրա օրինակով դուք կարողացել եք երկխոսություն ստեղծել ձեր արմատների եւ աշխարհի, ձեր պատմության եւ ապագայի միջեւ։ Բոլորիդ փայլուն ապագա եմ մաղթում եւ խորհուրդ տալիս լինել հետաքրքրասեր, սովորել ամեն օր եւ հանձն առնել Հայաստանի ու աշխարհի լավագույն ապագան կերտելու պարտավորությունը»: 

 

ՀՖՀՀ ռեկտորը շնորհակալություն է հայտել պետական եւ մասնավոր ոլորտներում բուհի գործընկերներին, Ժան Մուլեն Լիոն 3 եւ Թուլուզի համալսարաններին, միջոցառմանը ներկա ՀՀ-ում Սերբիայի, Բելգիայի եւ Ռումինիայի դեսպաններին եւ Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցչին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ի վերջո, հատուկ շնորհակալություն շրջանավարտների ծնողներին, որոնք այսօր հպարտ են իրենց երեխաներով՝ զոհողություններով լի այս տարիներից հետո», - ասել է Սալվա Նակուզին: 

 

Երկկողմ համագործակցություն՝ ՀՖՀՀ-ի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ

 

«Մաղթում եմ, որ մեծ հաջողություններ ունենաք ձեր կյանքի հաջորդ հանգրվաններում, ինչպես նաեւ՝ կարեւոր ներդրում մեր երկրի զարգացման մեջ», - շրջանավարտներին ասել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ նրանք հայ-ֆրանսիական բարեկամության դեսպաններ են: 

Արթուր Մարտիրոսյանը Արթուր Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոխնախարարը հույս է հայտնել, որ շրջանավարտներից շատերն իրենց հետագա գործունեությունը կծավալեն գիտության ոլորտում՝ այդպիսով նպաստելով Հայաստանում բարձրագույն կրթության եւ գիտության զարգացմանը։ 

 

Անդրադառնալով ՀՖՀՀ-ին՝ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ 25-ամյա այս բուհը Հայաստան-Ֆրանսիա համագործակցության լայն շրջանակի կարեւորագույն ուղղություններից եւ հենասյուներից է. 

 

«ՀՖՀՀ-ն ինքնին գերազանցության կենտրոն է, ինչպես նաեւ կարող է իր նպաստը բերել նաեւ այլ կրթական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը: Սա պարզապես խոսքեր չեն, այլ՝ գործընթաց, որի մեկնարկն արդեն տրվել է։ Վերջերս երկկողմ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ»: 

 

«ՀՖՀՀ-ում ձեռք բերված հմտությունները լինելու են ձեր զենքը»

 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը շրջանավարտներին հիշեցրել է՝ այստեղ են, որովհետեւ քրտնաջան աշխատել են, եղել են համառ եւ հաղթահարել բոլոր դժվարությունները. 

Քսավիե Ռիշարը Քսավիե Ռիշարը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արդյունքում այսօր ստանում եք երկու դիպլոմ՝ հայկական եւ ֆրանսիական։ Այս կրկնակի դիպլոմը վստահության գրավական է գործատուների համար, իսկ ՀՖՀՀ շրջանավարտների դեպքում զբաղվածության մակարդակը հասնում է գրեթե 97 տոկոսի»: 

 

Նա նշել է, որ այսուհետ շրջանավարտները լինելու են հայ-ֆրանսիական բարեկամության կերտողները։

 

«Աշխարհը հիմա իսկապես արագ է փոխվում։ Արհեստական բանականության զարգացումը խարխլում է մեր սովորական հենակետերը, փոխում աշխատանքի, ստեղծագործելու եւ որոշում կայացնելու ձեւերը։ Քաջությունը, հետաքրքրասիրությունն ու բոլոր կարեւոր որակները, որոնք կոփել եք ՀՖՀՀ-ում ուսումնառության ընթացքում, լինելու են ձեր զենքը, որը թույլ կտա դիմագրավել այս մարտահրավերներին», - ասել է Քսավիե Ռիշարը:

 

Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի փոխնախագահ Լյուդովիկ Պայեն ընդգծել է՝ «այսօր շնորհվող դիպլոմը շրջանավարտները պետք է կրեն որպես նվաճումների դրոշ»: 

Լյուդովիկ Պայեն Լյուդովիկ Պայեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա նոր մեկնարկ է, որովհետեւ այսուհետ ձեր գիտելիքը կիրառելու եք ի նպաստ հայ հասարակության եւ ամբողջ աշխարհի։ Հենց սա է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նպատակը՝ աջակցել հայ երիտասարդների կրթությանը, որոնք կկարողանան դիմագրավել համաշխարհային մարտահրավերների», - ասել է Լյուդովիկ Պայեն: 

 

Շրջանավարտներին ողջունել է նաեւ Թուլուզի համալսարանի ներկայացուցիչ, ԻԿՄ ֆակուլտետի համադեկան Ալեն Կրուզիլը՝ նշելով․ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այսուհետ դուք ՀՖՀՀ եւ գործընկեր համալսարանների դեսպաններն եք։ Հուսով եմ՝ ձեզնից ոմանք կվերադառնան մայր բուհ դասավանդելու եւ իրենց ներդրումն ունենալու սերունդների կրթման մեջ։ Ձեր հաջողությունը մոտիվացիայի աղբյուր է ՀՖՀՀ բոլոր ուսանողների համար եւ ներշնչանք՝ հայ երիտասարդության։ Թուլուզի համալսարանի անունից շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում լավագույն ապագա»։

 

«Գիտելիքն ամենահզոր եւ կայուն արժույթն է այսօրվա աշխարհում» 

 

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության գլխավոր հովանավոր, համալսարանի գործընկեր Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն ասել է՝ բանկի եւ ՀՖՀՀ-ի միջեւ համագործակցությունն ավելի է զարգանում եւ խորանում յուրաքանչյուր հաջորդ տարի: 

Հայկ Ոսկանյանը Հայկ Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հարգելի ուսանողներ, այսօր դուք ավարտում եք ֆորմալ կրթության փուլը, միեւնույն ժամանակ, պետք է շարունակեք անընդհատ կրթվել, որովհետեւ ժամանակաշրջանն է դա պահանջում։ Ձեր գիտելիքով ու փորձով միասին պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի զարգացնենք մեր տնտեսությունը եւ ունենանք հզոր երկիր, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել», - ասել է Հայկ Ոսկանյանը: 

Վախթանգ Աբրահամյանը Վախթանգ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՖՀՀ գործընկեր, միջոցառման հովանավոր Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն էլ ընդգծել է՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը դարձել է մշակութային բազմազանության եւ հնարավորությունների խորհրդանիշ. 

 

«Այն ապացուցում է, որ գիտելիքը սահմաններ չի ճանաչում։ Fastex-ն ուրախ է աջակցել այս համալսարանին, քանի որ մեզ համար կրթությունը ոչ միայն արժեք է, այլեւ՝ ներդրում ապագայի մեջ։ Մենք հավատում ենք, որ գիտելիքն է ամենահզոր եւ կայուն արժույթն այսօրվա աշխարհում»: 

 

«ՀՖՀՀ-ից ժառանգություն ստացած սթրեսակայունությունը մեր ԴՆԹ-ի մեջ է»

 

Ֆրանսիական համալսարանի 2025թ. շրջանավարտներից Նարինե Մանուկյանը հիշել է՝ ինչպես են ինքն ու մի խումբ երիտասարդներ տարիներ առաջ հայտնվել այստեղ: 

Նարինե Մանուկյանը Նարինե Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք եկել էինք մի խուրձ թղթերով ու մի մեծ փունջ երազանքներով: Այդ օրը մեզ հանպատրաստից լուսանկարեցին եւ հույս ունեինք, որ այդ անհաջող լուսանկարը հավերժ կմնա թղթերի մեջ, բայց պարզվեց՝ այն լինելու էր մեր ուսանողական քարտերում՝ դառնալով այս տարիների լուռ վկան», - ժպիտով հիշել է Նարինեն: 

 

Նա նշել է՝ համալսարանի իրական արժեքը զգում ես, երբ աշխատավայրում մեկը մյուսի հետեւից հաղթահարում ես բազմաթիվ մարտահրավերներ. 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դա մեզ հաջողվում է, քանի որ ՀՖՀՀ-ից ժառանգություն ստացած սթրեսակայունությունն արդեն մեր ԴՆԹ-ի մեջ է, եւ ոչինչ չի կարող զարմացնել կամ ընկճել մեզ։ Սա դժվար ճանապարհ էր, շնորհավորում եմ բոլորիս այն պատվով անցնելու համար»: 

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին