Տեղ գյուղի օրգանական ծնեբեկը եւ EU-GAIA-ի ներդրումը ՀՀ կանաչ գյուղատնտեսությունում - Mediamax.am

exclusive
8017 դիտում

Տեղ գյուղի օրգանական ծնեբեկը եւ EU-GAIA-ի ներդրումը ՀՀ կանաչ գյուղատնտեսությունում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Պասկալ Բոկկերսը
Պասկալ Բոկկերսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Ալթունյանը
Հասմիկ Ալթունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կլաուս Կապերը
Կլաուս Կապերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Դավթյանը
Սամվել Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Դավթյանը
Սամվել Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքում աճեցված օրգանական ծնեբեկն արդեն հայտնի է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում։ «Դավթյան Ֆարմս» ընկերությունը արտահանում է ծնեբեկի 80 տոկոսը:

 

Ծնեբեկի աճեցման նախնական փուլում 1000 մետր քառակուսի մակերեսը տարիների ընթացքում բազմապատկվել է՝ հասնելով 5 հեկտարի: Այս զարգացումը հնարավոր է դարձել Ավստրիական զարգացման գործակալության կողմից 2015-2018 թվականներին իրականացված «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (OASI) եւ 2019 թվականից մեկնարկած «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրերի աջակցությամբ: Երկուսն էլ ֆինանսավորվում են Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) կողմից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներկայումս EU-GAIA ծրագիրը Սյունիքի մարզում ընթանում է «R2D. Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի հետ սերտ համագործակցությամբ: Երկու ծրագրերն էլ իրականացվում են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» հովանու ներքո, որն իրականացվում է Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ ջանքերով։

 

Մեդիամաքսը զրուցել է Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչների եւ EU-GAIA ծրագրի շահառու «Դավթյան Ֆարմս»-ի հիմնադիր Սամվել Դավթյանի հետ՝ Հայաստանում կանաչ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ջանքերի եւ արդյունքների մասին:

 

Տեղ գյուղի օրգանական ծնեբեկը

 

Դավթյանների ընտանիքի կողմից հիմնադրված «Դավթյան Ֆարմս» ընկերությունը 2001 թվականից Սյունիքի մարզի Տեղ գյուղում սկսել է զբաղվել պտղատու եւ դեկորատիվ տնկիների արտադրությամբ: 2010 թվականից նրանք որոշել են նորություն մտցնել իրենց բիզնեսում․ պիլոտային կարգով սկսել են ծնեբեկի մշակությամբ զբաղվել՝ հասկանալու բույսի խնամքի, մշակության, արտադրության, ինչպես նաեւ իրացման հետ կապված հարցերը։

 

Ընկերության տնօրեն Սամվել Դավթյանի խոսքով՝ «շուկա մտնելը շատ դժվար էր, սակայն Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության աջակցության շնորհիվ ամեն ինչ հաղթահարվել է»։

Սամվել Դավթյանը Սամվել Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դավթյան Ֆարմս»-ն, ի սկզբանե, եղել է Ավստրիական զարգացման գործակալության OASI ծրագրի շահառուն, որի շնորհիվ էլ կարողացել է անցում կատարել սերտիֆիկացված օրգանական գյուղատնտեսության: Բիզնեսի հետագա աճը խթանելու, ինչպես նաեւ դրա սոցիալական ազդեցությունն ընդլայնելու նպատակով, 2018 թվականին «Դավթյան Ֆարմս»-ը դարձել է EU-GAIA ծրագրի շահառու՝ զարգացնելով նաեւ օրգանական տնկարանը:

 

Ծրագրի շրջանակում ընկերությունը ստացել է մոտոբլոկ, տրակտոր, հեղուկացիր, հողահատիչ, օրգանական թունաքիմիկատներ եւ պարարտանյութեր եւ այլ գործիքներ ու սարքավորումներ՝ ծնեբեկի արտադրության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս նորարար մոտեցման շնորհիվ տարիների ընթացքում արտադրությունը 5-6 տոննայից հասել է 18-ի:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թեև դեռեւս չենք կարող մրցել մեր արտադրության քանակով, բայց վստահաբար մրցունակ ենք որպես բարձրարժեք մշակաբույս, օրգանական արտադրանք։ Այսօր արտերկրում մեծ է մեր ծնեբեկի պահանջարկ հենց օրգանական լինելու շնորհիվ»,- ասում է ընկերության տնօրեն Սամվել Դավթյանը:

 

Գերմանիայի շուկա դեռ նոր են մտնում․ առաջին փոքր խմբաքանակն արդեն ուղարկել են, իսկ հիմա սկսել են մեծ քանակությամբ ծնեբեկ սառեցնելու նախապատրաստությունները՝ կանոնավոր կերպով շուկայում ներկայացված լինելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինչպես Գերմանիա, այնպես էլ մյուս եվրոպական երկրների շուկաներ մուտք գործելու հարցում մեծ է Եվրոպական միության աջակցությունը։ Տարբեր երկրներում կազմակերպած ցուցահանդեսների շնորհիվ է, որ մեր արտադրանքը հավանության է արժանացել մի շարք ընկերությունների կողմից, որոնցից շատերի հետ կարողացել համագործակցություն հաստատել»,- նշում է ընկերության տնօրենը:

 

Օրգանական գյուղատնտեսության հիմնադրումը Հայաստանում

 

EU-GAIA-ն Հայաստանում իրականացվող ամենամեծ գյուղատնտեսական ծրագիրն է, որն ուղղված է կանաչ, կայուն եւ նորարար գյուղատնտեսության զարգացմանը: Այն հանդիսանում է OASI ծրագրի բնական շարունակությունը՝ ավելի ընդլայնված ձեւաչափով:

 

Ավստրիական զարգացման գործակալությունը Հայաստանում գործում է 2011 թվականից: ԱԶԳ-ի Երեւանի գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի խոսքով՝ նախորդող տարիների ընթացքում մի շարք հաջողված ծրագրեր են իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում:

Կլաուս Կապերը Կլաուս Կապերը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր գործունեության հաջողության պատմություններից մեկը Հայաստանում կայուն եւ օրգանական գյուղատնտեսության ներկայացումն ու ներդնումն էր: Այժմ, Եվրոպական միության հետ գործընկերությամբ, մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում Սյունիքի մարզում կանաչ գյուղատնտեսության խթանմանը եւ անհատ ֆերմերների գյուղատնտեսական գիտելիքների զարգացմանը»,- նշում է նա:

 

Կլաուս Կապերը հավելում է, որ ԱԶԳ-ն նպատակ ունի համակարգելու Սյունիքի գյուղատնտեսության ոլորտում գործող դերակատարների աշխատանքը՝ «R2D. Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի առաջնորդության ներքո:

 

EU-GAIA ծրագիրը Հայաստանի ամբողջ տարածքում աջակցել է ավելի քան 200 շահառուների, իսկ միայն Սյունիքի մարզում ծրագրի շահառուների թիվը 17-ն է:

 

Սարքավորումների տրամադրում եւ իրազեկում

 

EU-GAIA ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսի խոսքով՝ կանաչ եւ օրգանական գյուղատնտեսության զարգացման համար աշխատում են մի շարք ուղղություններով:

 

«Մի կողմից աջակցում ենք անհատ ֆերմերներին՝ ինչպես այգեգործության, այնպես էլ անասնապահության ոլորտներում: EU-GAIA-ի շրջանակում յուրաքանչյուր շահառուին տրամադրել ենք մինչեւ 10 000 եվրոյին համարժեք աջակցություն Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում, ինչպես նաև 15 000 եվրոյին համարժեք աջակցություն օրգանական գյուղատնտեսության համար ամբողջ Հայաստանի տարածքում՝ ապահովելով շահառուներին կանաչ գյուղատնտեսության համար զարգացման անհրաժեշտ սարքավորումներով: Նաև աջակցում ենք բրենդի ձեւավորման ու առաջխաղացման հարցում, օգնում մասնակցել համապատասխան միջազգային էքսպոների»,- մանրամասնում է նա:

Պասկալ Բոկկերսը Պասկալ Բոկկերսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պասկալ Բոկկերսը հավելում է, որ ծրագրի շահառուները կարողացել են իրենց բիզնեսի եկամուտներն ավելացնել միջինում 30-40 տոկոսով:

 

Ծրագրի շրջանակում զուգահեռաբար աշխատում են նաեւ կրթական հաստատությունների, ինչպես նաեւ համագործակցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ ոլորտի օրենսդրական կարգավորումների մշակման ուղղությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեւոր է նաեւ հասարակության հետ տարվող աշխատանքը. ծրագիրը նաեւ մի շարք իրազեկման արշավներ է իրականացրել հանրությանը օրգանական գյուղմթերքի ու կայուն գյուղատնտեսության վերաբերյալ կրթելու նպատակով:

 

«Կարծում եմ, հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը եւս մեր ձեռքբերումներից մեկն է: Հայաստանի տարբեր տարածաշրջաններում իրականացված մեր իրազեկման ակցիաների շնորհիվ մարդիկ սկսել են գիտակցել, որ կարեւոր չէ միայն հարցնել՝ արդյոք համե՞ղ է այս կամ այն սնունդը, այլ նաեւ հարցնել, թե ինչպես է այն արտադրվել»,- ընդգծում է Պասկալ Բոկկերսը:

 

Ավելի կանաչից մինչեւ հավաստագրված օրգանական

 

ԱԶԳ/EU-GAIA դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալթունյանը պատմում է, որ օրգանական գյուղատնտեսության աջակցության OASI ծրագրի արդյունքով հասկացան՝ կարիք կա նաեւ խթանելու օրգանական հումքի մատակարարումը:

 

«Օրգանական գյուղմթերք արտադրողները դժվարանում էին օրգանական սածիլներ ու սերմեր գտնել, ուստի EU-GAIA-ի պարագայում ներդրում կատարեցինք նաեւ այնպիսի ընկերություններում, որոնք կդառնան օրգանական հումքի մատակարարներ: «Դավթյան Ֆարմս»-ը եւս այդպիսի շահառուների շարքում է»,-մանրամասնում է նա:

Հասմիկ Ալթունյանը Հասմիկ Ալթունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միեւնույն ժամանակ EU-GAIA-ն աջակցում է նաեւ գյուղացիական այն տնտեսություններին, որոնք դեռեւս պատրաստ չեն օրգանական մթերքի հավաստագրման գործընթացով անցնելուն, սակայն ցանկանում են ֆերման դարձնել ավելի կանաչ՝ քիչ ջրի եւ էլեկտրաէներգիայի ծախսով, նվազագույնի հասցված հավելումներով եւ այլն:

 

«Մեզ համար արդեն իսկ ձեռքբերում է, որ մեր շահառուները գնում են ավելի կանաչ արտադրանքի, սակայն հույս ունենք, որ Հայաստանում օրգանական մթերքի պահանջարկը եւս կաճի ու ֆերմերները կձգտեն, ի վերջո, գնալ օրգանական հավաստագրման»,- հավելում է Հասմիկ Ալթունյանը:

 

Թեև «Դավթյան Ֆարմս»-ի արտադրանքն ավելի բարձր գին ունի իր օրգանական լինելու բերումով, միեւնույն է, մեծ պահանջարկ է վայելում թե´ տեղական, թե´ արտերկրի շուկայում: Դա է պատճառը, որ նրանք ձգտում են ընդլայնել ծնեբեկի ցանքատարածությունները՝ ծնեբեկի արտադրությամբ զբաղվելով նաեւ Արարատյան դաշտում եւ Նաիրի համայնքի Արագյուղում։

Սամվել Դավթյանը Սամվել Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տեղ գյուղում մենք ծնեբեկ ենք հավաքում մայիսից մինչեւ հուլիս-օգոստոս, իսկ Արարատյան դաշտում՝ մարտից մինչեւ մայիս: Նման կերպ մենք կկարողանանք շուկայում թարմ արտադրանքով ներկայանալ 6 ամիս, իսկ սառեցրած վիճակում ծնեբեկ կունենանք կլոր տարին»,- ասում է Սամվել Դավթյանը։

 

Գործարար կապերի հաստատում

 

Հասմիկ Ալթունյանն ընդգծում է, որ շահառուների համար նման ծրագրերից լավագույն ձեռքբերումներից մեկը գործարար կապերի հաստատումն ու ցանցի ստեղծումն է:

 

«EU-GAIA-ն իր շահառուների համար շատ լայն հնարավորություններ է ստեղծել գործարար կապերի հաստատման համար: Նրանց մեծ մասը գիտակցում են, որ ոչ թե մրցակիցներ են, այլ գործընկերներ, եւ հենց գործընկերությունն է, որ նրանց բոլորին ավելի լավ դիրք է ապահովում ինչպես արտադրության, այնպես էլ վաճառքի տեսանկյունից: Համագործակցությունը նաև հնարավորություն է տալիս Հայաստանի համար կերտելու բարձրորակ պրոդուկտներ արտադրողի համբավ»,- նշում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

ԵՄ եւ ԱԶԳ աջակցությամբ Դավթյանները հնարավորություն են ունեցել մասնակցելու միջազգային էքսպոների և փոխանակման ուսումնական այցերի Արաբական Միացյալ Էմիրություններում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում և Ավստրիայում:

 

Սոցիալական ազդեցությունը համայնքի վրա

 

«Դավթյան Ֆարմս» ազդեցությունը մեծ է նաեւ համայնքի զարգացման տեսանկյունից: Եթե ընկերության հիմնադրման սկզբում աշխատում էր ընդամենը երեք մարդ, ապա տարիների ընթացքում աշխատակիցների թիվը հասել է 25-ի։ Նրանցից 20-ը հենց սահմանամերձ Տեղից են՝ այդ թվում նաև կանայք:

 

Դավթյանները, բացի սեփական բիզնեսը զարգացնելուց, պատրաստեն նաեւ աջակցել ու կիսվել իրենց փորձով մյուս գյուղացիական տնտեսությունների, համագյուղացիների հետ. 2020 թվականին տարածաշրջանի տարբեր գյուղերից նրանք ընտրել էին 30 ընտանիք եւ աջակցել նրանց արտադրական ջանքերին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընկերությունում պարբերաբար ուսումնական պրակտիկա են անցնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի, Գորիսի գյուղատնտեսական քոլեջի եւ համալսարանի կենսաբանության բաժնի ուսանողները։

 

Աջակցություն գյուղատնտեսությամբ հետաքրքրված արցախահայերին

 

Ավստրիական զարգացման գործակալության երեւանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի խոսքով՝ իրենց ծրագրերում ձգտում ենք ճկուն լինել եւ հարմարեցնել դրանք ժամանակի պահանջներին:

 

«Լեռնային Ղարաբաղից բնակչության տեղահանությունից հետո մենք համապատասխանեցրինք մեր ծրագրային ուղղությունը՝ աջակցություն սահմանելով գյուղատնտեսությամբ հետաքրքրված տեղահանված անձանց համար»,- նշում է Կլաուս Կապերը:

 

EU-GAIA ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրման նպատակով ագրոբիզնեսի աջակցության ծրագիրը ստացել է ավելի քան 300 դիմում:

 

«Մենք փնտրում ենք դժվար սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքների, որոնք ցանկանում են մնալ Հայաստանում եւ, նախ եւ առաջ, կարիք ունեն բավարարելու իրենց ընտանիքի կարիքները՝ հեռանկարում ունենալով հավելյալ եկամուտ ստեղծելը»,-ասում է Հասմիկ Ալթունյանը:

 

Ինչպիսի՞ ծրագրեր են փնտրում EU-GAIA-ում

 

Հասմիկ Ալթունյանի խոսքով՝ հայտադիմումները գնահատում են ըստ դրանց՝ նախաձեռնության նպատակներին համապատասխանության:

 

«Մենք առաջնահերթ կարեւորում ենք բիզնեսի կայունությունը, փորձում ենք հասկանալ՝ արդյոք մեր աջակցությունը գյուղատնտեսի սեփական ներդրումի մաս է կազմելու եւ հետագայում բերելու է աճի՝ ծառայելով որպես «ցատկահարթակ», որքանով է գյուղատնտեսը պատրաստակամ սովորելու, իրականում կիրառելու նոր տեխնոլոգիաներն ու հետագայում այլոց հետ իր փորձով կիսվելու»,- նշում է նա:

 

Պասկալ Բոկկերսն էլ ընդգծում է, որ առաջնային է նաև բիզնես համայնքային ազդեցությունը, ինչպես նաև կանանց եւ խոցելի խմբերի ներգրավվածությունը:

 

«Մենք առաջնորդվում ենք «երկիր մոլորակ, մարդիկ եւ եկամուտ» սկզբունքով, քանի որ առանց եկամտաբերության բիզնեսը չի կարող կայուն լինել, ուստի շատ կարեւոր է օրգանական բիզնեսը կապել շուկային»,- ամփոփում է նա:

 

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:

 

Անահիտ Բաղդասարյան, Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին