Պապս մեծ է, Մեծ, իսկ ես՝ միշտ փոքր՝ իր ամենափոքրը։ Ես ապրել եմ պապիս հետ ու պապիս ծոցում, այո, ծոցում, որովհետև, երբ վերջանում էր օրը, ու գալիս էր քնելու հերթը, ես ինձ թաքուն հարց էի տալիս․ «Այսօր ու՞մ՝ պապի՞ս, թե՞ տատիս ծոցում»։ Չգիտեմ ինչու, բայց հազվադեպ էի ինձ գցում տատիս ծոցը։ Չէ՛ ո՞նց չգիտեմ․ պապս մինչև մի քանի հեքիաթ չպատմեր, չէի քնի։ Ամենաշատն էլ սիրում էի իրական հեքիաթ-պատմություններն իր կյանքից, որ ոչ հաճախ էր պատմում։ Դրանցից բոլորը հիշում եմ հատ-հատ։ Բայց մեկը կա, որ ապրեցրեց պապս․ դրվագ առ դրվագ ես տեսա ամբողջը։
Ամեն ինչ սկսվեց իմ դպրոց գնալու, լավ սովորելու և այլնի վերաբերյալ պապիս հորդորներից։ Ու էլ ի՞նչ փոքր առանց հարցերի շարանների․ «Պա՛պ, բա դու մինչև ո՞ր դասարանն ես գնացել»։
- Վեցերորդ
- Պա՛պ, բա ինչո՞ւ մինչև վերջ չես գնացել։ Պա՛պ, դե պատմի է՜լի։
- Է՜հ․․․
Ախր ո՞նց ես չէի հասկանում այդ «է՜հ»-ը։ Որ հասկանայի, սուս-փուս կքնեի։
Ու պապս պաատմեց։ Լինի ուրախ, թե տխուր պատմություն, պապս լացելով է պատմում։ Դա ինքը չի անում։ (Ուղղակի աչքերից թափվում են՝ երկրորդ բառից սկսած):
- Մենք չորս երեխա էինք` քույրս, ես ու երկու եղբայրներս, - սկսում է պապս իր կյանքի հեքիաթ-պատմությունը։
- Ես յոթ տարեկան էի, երբ հայրս գնաց պատերազմ․․․ ամիսներ հետո մայրս մահացավ»։
Նայում էի պապիս աչքերին արձակուրդ չտվողներին։ Հա, էլի հոսում էին, բայց սովորականի նման չէին։
«Ու չորս որբերով մնացինք կույր նանիս հույսին, - շարունակում է պապս իր կյանքի տխուր հեքիաթ-պատմությունը։ - Դպրոց էի գնում, շատ լավ էի սովորում։ Գիտե՞ս, մեր դասարանի աղջիկներն ինձնիս էին արտագրում մաթեմատիկան։
Փոքր եղբայրս մի տարեկան էլ չկար։ Տան մեծ տղան (տղամարդը) ես էի արդեն։ Վեցերորդ դասարանում էի, երբ նանս ասաց․ «Հե՛տ դարձիր դպրոցից, աշխատի՛ր, որ պահենք երեխաններին»։ Հետ դարձա, բայց հոգուս խորքում հույսս չէր մարել, որ հայրս կգա։ Չէ՜, դե մեծ էի՝ տասներեք տարեկան, հասկանում էի, որ չի գա, բայց գնալիս ինձ պինդ գրկել էր ու ասել, թե շուտով կգամ։
Թողեցի դպրոցը, նանիս օգնում էի, ինչով կարող էի․․․ Աստծու պահած գառներ էինք, քե մատաղ։
- Պա՜պ, բա ի՞նչ է նշանակում «Աստծու պահած գառներ», - կտրուկ ընդհատեցի պապիս։
- Այն է նշանակում, որ Աստված նանիս հարյուր ինը տարվա կյանք տվեց, որ մեզ պահի, մեծացնի։
- Պա՜պ, բա՞․․․
Ես ո՜նց էի մղկտացնում պապիս սիրտը, կոկորդը, աչքերը․․․
Հիմա մտածում եմ մտքիս մեջ․ «Պա՜պ, բա քեզ որտեղի՞ց այդքան ուժ, ո՞նց ես այդքան սիրում մարդկանց, աշխարհը, ամեն ինչ։ Պա՛պ, ինչի՞ց է, որ դու չես չարացել», -մտածում եմ ու փնտրում իր արդեն տրված պատասխանների մեջ վերջիններիս պատասխանը։ Աստծու պահած գառ․․․ Պապս Աստծու պահած, Աստծու օրհնած է։
Յոթանասունյոթ տարի անց պապս նույն յոթ տարեկանի անմեղ, պսպղուն, բարի աչքերն ունի․ չեն չարացել, միայն թե հիմա ինձ են նայում արդեն մի քիչ շատ խորշոմած կոպերի միջից, էն անխիղճներն էլ դեռ արձակուրդ չեն տվել․․․
- Պա՜պ, ո՞նց լռեցնեմ էդ անխիղճներին, ինչպե՞ս հագեցնեմ հորդ ու մորդ կարոտը, պա՜պ․․․
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: