Աղասի Հունանյան. Աղասը - Mediamax.am

11515 դիտում

Աղասի Հունանյան. Աղասը


Լուսանկարը`


Ինքը ձախ ոտքից կաղ էր: Ինչպես բոլոր կաղ մարդիկ, շատ կարևոր պահերին աշխատում էր ինչ-որ տարածություն առանց կաղալու քայլել: Հետո քթի տակ թեթև ժպտում էր ու  սահուն վերադառնում սովորական քայլքին: Ոտքը դեռ քառասունքի մեջ անվերականգնելի այրվել էր: Խորթ մայրը բարուրը գցել էր չհանգած թոնրի մեջ, որ վառվի, վերանա, թե` չի էլ եղել: Մշահոտից գտել, հանել, փրկել էին: Ասել էին` չի ապրի: Ապրել էր: Էդ ժամանակ երևի դատ-դատաստան չէր եղել: Խորթ մորը մի երկու քոթակ էին տվել, ու նա իր ձեռքով թոնիրը գցած բարուրը մի կարճ շրջան պահել, տեր էր կանգնել: Հետո ով ասես մերություն էր արել իրեն: Ես չգիտեմ նրանցից ով էր մոր պես մերություն արել, ով` խորթ մոր պես, բայց ինքը ոչ մեկից չէր բողոքում:

 

Ո՞նց էր առանց պատռված երակի տրոփյունի պես տաք պաչի ապրել, մեծացել: Ապրելն իր հերթին: Ո՞նց էր դարձել էդքան բարի, էդքան զորեղ, էդքան արդար, էդքան հեղինակավոր, էդքան ճիշտ:

 

Մենք, որ մեր գոյությամբ մի մշահոտի պարտական տոհմի վերջին թողարկումներից էինք, էս այրված ոտքի ու անմեր մնալու պատմությունն իմացանք հենց էն տարիքում, երբ մորը կորցնելու միակ այլընտրանքը չապրելն էր: Էդ տարիքում առողջ ու երջանիկ տղա-էրեխեքը զարգացող տաղանդի ողջ ուժով այլանդակություններ են ստեղծագործում և իրականացնում, ու կերած անօգուտ ծեծերի քանակը երբեմն երկու անգամ գերազանցում է արած այլանդակություններին: Էս պատմությունը մեզ պատմեցին էն ժամանակ, երբ այլանդակության մեր հարաճուն միտումները տարածվել էին ընդհուպ թոնրի պատմությունը ու անհամար փորձերից արդեն հայտնի էր, որ ծեծը չի օգնում: Մորեխին ծխել սովորեցնելուց, լուցկու հատիկներից բոմբ սարքել-պայթեցնելուց, կայանած մեքենայի անիվին մեխով տախտակ հենելուց ու դրանց բոլորի համար մեկիկ-մեկիկ ծեծ ուտելուց չհագեցած` մի տարօրինակ այլանդակություն էլ տանն էինք գտել: Երեկոյան, երբ ինքը կաղ ոտքը համաչափ թխկացնելով, բարձրանում էր աստիճաններով, մտնում իր ննջասենյակ ու փակում էր դուռը, մենք` չհանգած թոնրից մազապուրծ այլանդակներս, ոտնաթաթերի վրա սահում ու հոմերական քրքիջը փորում խեղդած, հանգրվանում էինք ննջասենյակի դռան հակառակ կողմում: Ողջ օրն ու կյանքը հաղթական ապրած, ամեն չլուծվող հարցի լուծումն իմացող, իր միջավայրի անքննարկելի հեղինակություն, ոչ մի բանից չվախեցող, փոքր մարմնով ու հսկա սրտով վաթսունամյա էդ մարդը քնելուց առաջ բարձրաձայն խոսում էր իր մոր հետ, որին երբեք չէր տեսել.

 

- Մերիկ ջան, էսօր մե քիչ հիվնդցել եմ: Մերիկ ջան, երևի մրսցրել եմ ընձի: Մերիկ ջան, ընչի՞ ընձի թողիր, գնացիր …

 

Բոլոր նախադասությունները պարտադիր սկսվում էին «մերիկ ջան»-ով ու ամեն ցածր, մրմնջաձայն «մերիկ ջան»-ի հետ մենք` ճակատագրից միանգամայն անվճար ու անհատույց մերիկ նվեր ստացած լակոտ-լուկուտներս, հերթական այլանդակ ծիծաղի նոպան մի կերպ էինք դեպի ներս ուղղորդում: Հետո, երբ երկար լռում ու համոզվում էր, որ ձեն-ձուն չկա, հատկապես գորովանքով, բառերը մեկիկ-մեկիկ շոյելով շարունակում էր.

 

- Մերիկ ջան կարոտցել եմ քեզի: Մերիկ ջան, արի ընձի տար:

 

Հետո հսկա տոհմի անպարտելի առաջնորդը, չոքը քարին խփած տղայի պես, բարձրաձայն հեկեկում էր ու քնում: Արյունը երակներումս սառում էր նրա լացից…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին