«Հատուկ գործ»-ի մեկնարկը. «Հատուկ Ֆոնդ», հանցագործների եւ լրտեսների ցուցակներ - Mediamax.am

exclusive
2997 դիտում

«Հատուկ գործ»-ի մեկնարկը. «Հատուկ Ֆոնդ», հանցագործների եւ լրտեսների ցուցակներ


Առաջին շարք ձախից չորրորդը Արմեն Գարոն է, երկրորդ շարք աջից երկրորդը՝ Ահարոն Սաչակլյանը, նրա կողքին՝ Շահան Նաթալին
Առաջին շարք ձախից չորրորդը Արմեն Գարոն է, երկրորդ շարք աջից երկրորդը՝ Ահարոն Սաչակլյանը, նրա կողքին՝ Շահան Նաթալին

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ

ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի մասնակիցները
ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի մասնակիցները

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ

Շահան Նաթալին
Շահան Նաթալին
Կենտրոնում Գարոն է, 2-րդ շարքի ձախից առաջինը՝ Նաթալին
Կենտրոնում Գարոն է, 2-րդ շարքի ձախից առաջինը՝ Նաթալին

Լուսանկարը` Հայաստանի Ազգային գրադարան

Հայոց Ցեղասպանության թանգարանում
Հայոց Ցեղասպանության թանգարանում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայաստանի Ազգային գրադարան


Կարդացեք նաեւ. «Հատուկ գործ». Առաջին մահապատիժը եւ հանցագործների փոխադրումը Մալթա

 

Թուրքիայի Ռազմական արտակարգ ատյանի դատարանը երիտթուրք հանցագործներին քրեական օրենսգրքով հեռակա կարգով դատապարտել էր մահապատժի, սակայն միայն երեք հոգի բարձրացվեց կախաղան, իսկ գլխավոր կազմակերպիչները վաղուց փախել էին այլ երկրներ: Դատարանի որոշումը փաստացի այդպես էլ մնաց անկատար:

 

1920-ականների սկզբին Քեմալը, որին աջակցում էին թուրքական բանակն ու հասարակության լայն խմբերը, իշխանությունն իր ձեռքն էր վերցնում: Այդ նույն ժամանակ Կիլիկիայում ընթանում էին հայերի ինքնապաշտպանական մարտերը, որոնք, սակայն, վերջնականապես մարում են 1921-ին: Սկսվում է նաեւ հույն-թուրքական պատերազմը:

 

Նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունում շատ ծանր իրավիճակ էր՝ սով, համաճարակ, հազարավոր գաղթականներ, առանց խոչընդոտի առաջ շարժվող թուրքական բանակ:

 

«Ռուսաստանում նոր ուժ էր ի հայտ եկել, ընթանում էին քեմալա-բոլշեւիկյան բանակցությունները, որոնց արդյունքը եղավ Մոսկվայի պայմանագիրը, իսկ դրան նախորդել էր Թալեաթի սպանությունը: Առաջին աշխարհամարտից հետո աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ էին ի հայտ եկել․ այս ողջ պատկերն ունենալով միայն պետք է դիտարկել «Հատուկ գործ»-ի կամ «Նեմեսիս»-ի ձեւավորումն ու հետագա գործունեությունը»,-նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը։

 

ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը տալիս է «Հատուկ գործ»-ի մեկնարկը

 

1919 թվականի սեպտեմբերի 27-ին Երեւանում մեկնարկում ու մինչեւ նոյեմբերի 2-ը ընթանում է Հայ Հեղափոխական Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը:

 

«Իշխող քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, պետության համար կարեւոր որոշումներ կայացնողն ու պատասխանատուն էր: Համաժողովում շատ հարցեր են քննարկվել՝ տնտեսական, սոցիալական, ռազմական: Սակայն առանձնանում է մի կարեւոր որոշում, որն ընդունվել է գերգաղտնի պայմաններում. հայերի կոտորածների կազմակերպիչներին եւ իրագործողներին հայտնաբերել եւ ոչնչացնել: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ հիմք է դրվում «Հատուկ գործ»-ին»,-շարունակում է Խանումյանը:

ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի մասնակիցները ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի մասնակիցները

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ

9-րդ ժողովը եղավ երիտթուրքերի դատավարությունների ավարտից մի քանի ամիս հետո, երբ ակնհայտ էր, որ թուրքերը դատավճիռը չեն իրականացնելու:

 

Գործողության մեջ ներգրավված մարդիկ հատուկ պատրաստվածություն անցած անձինք են եղել: «Հատուկ գործ»-ը, որն ավելի շատ հայտնի է «Նեմեսիս» անունով,  վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:

 

1920-ի հուլիսին Բոստոնում տեղի է ունենում ՀՅԴ ԱՄՆ 27-րդ Շրջանային ժողովը, որը որոշում է ստեղծել ֆինանսական միջոցներն ապահովող «Հատուկ Ֆոնդ»-ը:

 

Գարո-Նաթալի-Սաչակլյան

 

«Հատուկ գործ»-ի փաստացի ղեկավարները երեքն էին՝ Արմեն Գարո, Շահան Նաթալի եւ Ահարոն Սաչակլյան:

 

Գործը ղեկավարում էր Գարոն, նրա համաձայնությամբ էին մասնակիցներն ընդգրկվում կառույցի մեջ: Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան) վերահսկում էր ամեն ինչ եւ շատ ժամանակ հեռագրերը ստանալուց հետո կարգադրում վառել դրանք՝ իր հուշերում սա հայտնում է նաեւ Սողոմոն Թեհլիրյանը: Երբեմն հրահանգները տրվել են բանավոր կամ ծածկագրված:

Կենտրոնում Գարոն է, 2-րդ շարքի ձախից առաջինը՝ Նաթալին Կենտրոնում Գարոն է, 2-րդ շարքի ձախից առաջինը՝ Նաթալին

 

Գաղափարական կազմակերպիչը Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան) էր, որը հետախուզական ցանցի ղեկավարն էր եւ ակտիվ գործունեություն էր իրականացնում Եվրոպայում՝ Ժնեւում, Փարիզում, Բեռլինում եւ Հռոմում: Նրա հիմնական գործառույթներն էին հայտնաբերել երիտթուրքերի գտնվելու վայրերը եւ ճշտել անձի ինքնությունը:

 

«Թուրքերի բացահայտումն իրականում դժվար աշխատանք էր, որովհետեւ նրանք փոխում էին իրենց բնակվելու տեղերը, չէին շփվում անծանոթների հետ, փոխել էին անունները: Սխալվելու իրավունք չկար»,- պատմում է Գոհար Խանումյանը:

 

Ահարոն Սաչակլյանի ով լինելու մասին իմացվել է մահից երկար տարիներ անց, երբ անձնական արխիվներում նրա թոռնուհին՝ Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդին, գտել է անչափ կարեւոր պատմական արժեք ունեցող փաստաթղթեր: Սաչակլյանը զբաղվել է «Հատուկ ֆոնդ»-ով՝ ֆինանսների հայթայթմամբ ու հոգացել գործողության ծախսերը:

 

Ըստ ՄաքՔարդիի՝ «Հատուկ ֆոնդ»-ի գումարները հավաքվել են հայկական տարբեր կազմակերպությունների ու անհատների շնորհիվ եւ ծախսվել են խիստ նպատակային:

 

Գործողության անունը՝ «Նեմեսիս»

 

Գոհար Խանումյանը «Նեմեսիս» անունը հաստատող որեւէ փաստաթուղթ չի տեսել ու գտնում է, որ այն, հավանաբար, շրջանառության մեջ դրված գործողության ծածկանունն է:

 

«Նեմեսիսը Շահան Նաթալիի կեղծանունն էր, որով 1918 թվականին գիրք է հրատարակել: Ըստ ամենայնի՝ նա էլ հենց առաջ է քաշել այս անունը: Ահարոն Սաչակլյանի թոռնուհի Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդին իր գրքում հիշատակում է «Հատուկ գործ» անվանումը, հենց այդպես է գրված նրա պապի արխիվներում գտնված փաստաթղթերի վրա»,-գտնում է նա:

Շահան Նաթալին Շահան Նաթալին

 

Նաթալիի հուշերում տեսնում ենք, որ նա նաեւ մարտիկներին էր համեմատում Նեմեսիսի՝ վրեժի աստծո հետ. «Ո՞վ էր Արամ Երկանյան: Դիտեցեք իր պատկերը: Եվ անոր ճակատը, աչքերը, դեմքը պիտի պատասխանեն ձեզ. -Հայ Նեմեսիս մը...»:

 

«Նեմեսիս»-ը արդարադատության իրականացում էր

 

««Նեմեսիս»-ն ընդհանուր քաղաքական իրավիճակից կտրված գործողություն չէր եւ սխալ է ասել, որ այն միայն վրեժով էր պայմանավորված:

 

Նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունն ուներ տարածքային վեճեր Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ, անընդհատ ռազմական բախումներ էին լինում, սով էր, համաճարակ, կառավարության առաջ լուրջ մարտահրավերներ կային: Չնայած դրանց՝ պետությունը ստանձնեց Օսմանյան կայսրությունից բռնի տեղահանված, հայրենազրկված եւ ունեզրկված  հազարավոր իր հայրենակիցների տեր կանգնելու պատասխանատվությունը:

 

«Գործողության նպատակը քրեական հանցագործներին պատժելն ու ոչնչացնել էր, որպեսզի նրանք չկարողանան նորից վերադառնալ իշխանության ու նոր ոճիր իրականացնել հայ ժողովրդի մնացյալ հատվածի նկատմամբ:

 

Սողոմոն Թեհլիրյանին սկզբում անվանում էին «հայ թերորիսթ մը», որովհետեւ իրեն ներկայացնում էին անձ, ոչ թե կազմակերպության մասնիկ: Հայկական մամուլը, որը քարոզչական մեծ աշխատանք էր կատարում այդ օրերին, հետո արդեն նաեւ եվրոպական թերթերը, գրում էին. «հայ ուսանողը սպանեց Թալեաթին»:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային գրադարան

Ոչ մի տեղ չի նշվում, որ դա կոնկրետ խումբ էր նախաձեռնել: Այս ձեւով «մաքրվեց» Թեհլիրյանի թիկունքը ու դատարանում ոչ մի խոսք չեղավ «Հատուկ գործ»-ի մասին»,-հստակեցնում է Խանումյանը:

 

Հանցագործների ցուցակները եւ հայ դավաճանների մահապատիժները

 

«Հատուկ գործ»-ն ուներ հստակ ծրագիր ու դրան հասնելու համար կազմվել է այն հանցագործների ցուցակը, որով պետք է իրականացվեին պատժիչ գործողությունները:

 

Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդին նշում է, որ պապի արխիվներում գտել են հանցագործների 100 հոգանոց ցուցակ ու 65 անձի լուսանկար, մնացածինը, թերեւս, ձեռք բերել հնարավոր չի եղել:

 

«Դա մեծ հավանականությամբ ՀՅԴ անդամ, իրավաբան Մանուկ Համբարձումյանի կազմած ցուցակն է, որը հայերի կոտորածներն ու բռնի տեղահանությունը իրականացրած հանցագործների 100 անուն էր տրամադրել դաշնակից երկրների ներկայացուցիչներին: Բացի այդ, Համբարձումյանը ՀՅԴ 9-րդ համաժողովի մասնակիցներից էր ու երեւի այնտեղ եւս հենց այս ցուցակն է ներկայացրել»,-կարծում է Խանումյանը:

 

Ֆրանսիացի լրագրող Ժակ Դեռոժին իր «Օպերացիա Նեմեսիս» գրքում գրում է, որ հանցագործների երկու ցուցակ է եղել՝ արտաքին ու ներքին: Արտաքինը դաշնակից երկրներին ներկայացված Մանուկյանի կազմած 100 հոգանոց ցուցակն է: Ներքինը ներառել է 650 անուն. սրա մեջ եղել են նաեւ շրջանների, գավառների ոճրագործություններ կատարողները: Ի վերջո, այդ մեծ ցանկից առանձնացվել է 41 անուն:

 

Ցուցակը գլխավորում էր Թալեաթը: Նաթալին նրան կոչում էր «նամպըր ուան»՝ թիվ մեկ: Թեհլիրյանն իր հուշերում պատմում է Գարոյի ասածները Թալեաթի մասին, թե «մեր այս ծանր օրերուն այդ ճիւաղի մահը մեծագոյն մխիթարութիւն պիտի ըլլար հայութեան համար»:  

Լուսանկարը` Հայաստանի Ազգային գրադարան

«Երբ Էնվերը գալիս է Բեռլին, նույնիսկ մի պահ կազմակերպիչները երկընտրանքի  առաջ են կանգնում՝ նրան, թե՞ Թալեաթին մահապատժի ենթարկեն։ Բայց Թալեաթը հայերի կոտորածների գլխավոր հրամանները տվողն էր ու որոշվում է, որ հենց նա է լինելու առաջինը»,-լրացնում է Խանումյանը:

 

«Թալեաթեն առաջ ոչ ոքիով պիտի սկսի ազգասպան դահիճներու դատաստանը: Ջեմալ, Ազմի, Բեհաէտտին Շաքիր եւ շատեր, իրենց իսկ ձեռքերով, կրնան նախճիրներ գործած ըլլալ, անոնք, սակայն, պիտի սպասեն իրենց կարգին՝ Թալեաթեն հետո»,-Թեհլիրյանին ասել է Նաթալին:

 

Սաչակլյանի արխիվում հայտնաբերված ցանկը պարունակում է միայն երիտթուրք հանցագործների անունները, սակայն, ըստ ամենայնի, Շահան Նաթալին է կազմել նաեւ ադրբեջանցի ոճրագործների ցուցակը, որովհետեւ 1918-20 թվականներին նրանց կողմից իրականացվել էին Բաքվի, հետո արդեն Շուշիի եւ այլ շրջանների հայերի կոտորածները:

 

«Արդյո՞ք Արմեն Գարոն Բոստոնից ղեկավարում էր նաեւ այս գործը ու դրանք նույն տեղից էին հսկվում կամ անդամներն իրար հետ կապ ունեին, հնարավոր չէ ասել: Բայց այն, որ Սողոմոն Թեհլիրյանի ու Միսաք Թորլաքյանի դատավարություններն ընթացան նույն սցենարով, կարող ենք ենթադրել, որ սա նույն գործի երկու տարբեր մասեր են»,-շարունակում է Խանումյանը:

 

Նաթալին մանրամասն ներկայացնում է, թե ինչպես է Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանել Խան Խոյսկուն, ինչը ցույց է տալիս, որ նա իմացել ու նաեւ կազմակերպել է այդ գործը: Երկանյանը Թիֆլիսում նաեւ այլ ադրբեջանցի հանցագործների է վերացրել:

 

«Նեմեսիս»-ի անդամներն իրենց հուշագրություններում պատմում են նաեւ հայ դավաճաններին ու լրտեսներին ոչնչացնելու մասին: Հայ դավաճանների ցուցակ եւս մինչ այս հայտնաբերված չկա: Ժամանակագրորեն համեմատելով տեսնում ենք, որ լրտեսներ Հարություն Մկրտչյանի կամ Վահե Իսհանի (Եսայան) սպանությունները Սողոմոն Թեհլիրյանն ու Արշավիր Շիրակյանն արել են մինչ «Հատուկ գործ»-ի մեկնարկը:

 

«Վահէն անցած է Դաշնակցութեան Սեւ Ցանկին վրայ, հետապնդողներէն մէկն ալ ես էի, բայց շիտակը տակաւին մտքէս չէր անցներ թէ օր մը ինծի պիտի վիճակուի տապալել այդ խնդումերես մարդը, որուն հասցէին ամէն օր նոր անէծքներ կիմանայինք»,-գրում է Շիրակյանը:

 

Մկրտչյանին սպանելու պահի մասին Թեհլիրյանի հիշողություններն էլ այսպիսին են. «Ինձ համակեց մի վհատ կատաղութիւն. դուրս քաշեմ, շանթահարեմ ուղղակի պատուհանից... յանկարծ՝ ճարճատիւն ու ահավւոր դղրդիւնով վար թափուեցին ապակիները. մատնիչը մահասարսուռ յետ ընկաւ ու ծալուեց նստած տեղը»:

 

«Հնարավոր է, որ կուսակցությունն օժանդակել է, որովհետեւ քրեական գործեր նրանց դեմ չհարուցվեցին ու առանց հետապնդման երկրից դուրս եկան: Ենթադրաբար կարելի է մտածել, որ իրենց թիկունքում ինչ-որ ուժ ամեն դեպքում կանգնած է եղել»,-գտնում է Խանումյանը:

 

Թերթերի ու դեսպանատների կարեւոր դերը

 

«Հատուկ գործ»-ում ընդգրկված էին առնվազն մի քանի տասնյակ մարդիկ՝ կազմակերպիչներ, իրականացնողներ, հետախույզներ, թարգմանիչներ, փաստաթղթեր կազմողներ:

 

Հիմնական գրագրությունն Արմեն Գարոյի գլխավորությամբ արվում էր Բոստոնից: Բացառված չէ, որ ԱՄՆ-ը ընտրվել էր այն պատճառով, որ հեռու էր Եվրոպայից, որտեղ այդ ժամանակ թուրք գործակալներն անհամեմատ շատ էին:

 

Բոստոնում «Հայրենիք» թերթի խմբագրատունը դարձել էր գործողության շտաբ-բնակարանը: Նույնպիսի գործառույթ Պոլսում իրականացնում էր «Ճակատամարտ»-ի խմբագրությունը: Այդ թերթերը նաեւ շատ հզոր քարոզչություն էին կատարում:

 

«Թերթերի խմբագրություններն ընտրելը ես բացատրում եմ հեռագրերն արագ եւ ապահով տեղ հասցնելու հնարավորությամբ: Ողջ նամակագրությունը հավաստի ու ստուգված աղբյուրներով էին ուղարկում: Բացի այդ, շատ ակտիվ օգտագործվում էին դեսպանատների փոստը, որն անձեռնմխելի էր ու գրագրություններն ապահով տեղ էին հասցվում: «Հատուկ գործ»-ը կյանքի կոչելու մեջ ակտիվ դերակատարում են ունեցել դիվանագետները»,-նշում է Խանումյանը:

 

Թուրքերի հետախուզությունն արդյունք չի տալիս

 

Հայերի տեղահանության ու կոտորածների գաղափարախոսներն ու իրականացնողները հավանական է կասկածներ ունեին, որ հայերը փորձելու են իրենց հետապնդել: Պատահական չէ, որ նրանք փոխել են անունները, գործել առավել զգուշավոր:

 

Թալեաթը ժամանակին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարն է եղել, որը նաեւ ղեկավարել է գաղտնի ոստիկանության լրտեսական մեծ ցանցը: Չնայած դրան՝ ամեն դեպքում թուրքերին այդպես էլ չհաջողվեց բացահայտել «Հատուկ գործ»-ի անդամներին:

 

«Թալեաթն Օսմանյան կայսրության խորհրդանիշն էր, ու հանկարծ նա տապալվել էր գետնին: Գերմանիայում ապրող բազմաթիվ թուրքեր կատաղած էին, սպանության փաստը շատ ծանր էին ընդունում նաեւ գերմանացի սպաները, որոնք նախկինում ծառայել էին Օսմանյան բանակում»,-ասում է Խանումյանը:

 

Բնականաբար, թուրքերն ուզում էին գտնել ու բացահայտել սպանության կազմակերպիչներին: Թալեաթի սպանությունից հետո իթթիհաթականներն ավելի զգուշավոր էին, իրենց շարքեր նոր մարդկանց չէին ընդունում:

 

«Երբ Պողոս Նուբար փաշան որպես Ազգային պատվիրակության ղեկավար մեկնում է Փարիզ, ֆրանսիական գաղտնի ոստիկանությունը մերոնց տեղեկացնում է, որ թուրքերը մահափորձ են ծրագրում նրա դեմ (մահափորձը կանխվել է ֆրանսիական ոստիկանության ջանքերով): Սա ցույց է տալիս, որ թուրքերի կողմից հակադարձ քայլեր արվում էին»,-նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահը:

 

Նույնիսկ Հայաստանի Հանրապետության փաստացի անկումից հետո գործողությունը մնում է ուժի մեջ ու «Նեմեսիս»-ի մարտիկները շարունակում են իրագործել երիտթուրք հանցագործների մահապատիժը:

 

Ինչպես են ընտրվել մարտիկները

 

Անչափ կարեւոր է եղել «Հատուկ գործ»-ի մարտիկների ընտրությունը: Նրանք պետք է վստահելի ու պրոֆեսիոնալ լինեին:

 

Բոլորն էլ մարտական գործողությունների միջով էին անցել: Սողոմոն Թեհլիրյանը Դիլմանի հայտնի ճակատամարտին էր մասնակցել, ռազմական փորձ ձեռք բերել Զորավար Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի հետ մարտական գործությունների ընթացքում:

 

Միսաք Թորլաքյանը եղել է կամավորական ու փայլուն մասնակցություն ունեցել տարբեր ռազմական գործողություններում, նույնը Արամ Երկանյանը, Արշավիր Շիրակյանը:

 

Առանձնահատուկ կարեւոր դեր է ունեցել Հրաչ Փափազյանը, որը գործողության հետախույզներից էր ու ներդրվել էր վտարանդի երիտթուրքերի շրջանակ որպես Մեհմեդ Ալի: Դառնալով Ջեմալ Ազմիի որդու «մտերիմը»՝ նա հսկայական տեղեկատվություն է տրամադրել հանցագործների գտնվելու մասին եւ նպաստել նրանց մահապատիժների իրականացմանը:

Հայոց Ցեղասպանության թանգարանում Հայոց Ցեղասպանության թանգարանում

Լուսանկարը` Մեդիամաքս

Գործողության մեջ ներգրավվելու համար չափազանց կարեւոր է եղել նաեւ մարտիկների արտաքին տվյալները: Օրինակ մասնակիցներից Եզիտ Արշակը՝ Արշակ Մուշեղյանը, «վեթերան» էր ու սպանել էր օսմանյան գործակալներ, մատնիչներ Հմայակ Արամյանին, բուլղար Վլադիմիրին: Սակայն նա չընդգրկվեց եվրոպական երկրներում նախատեսվող գործողությունների մեջ, որովհետեւ շատ հայկական արտաքին ուներ, բարձրախոս էր եւ օտար միջավայրում իր վրա ուշադրություն կգրավեր: Նրա մասին Արշավիր Շիրակյանը գրում է.

 

«Եզիտ Արշակը կուլար...կտրիճ տղան ինչ երազներով եկած էր եւ հիմա ետ պիտի երթար...«Դուք բոլոր Փաշաները կուտէք, մըզի էլ խլէզներ կը թողուք...»»:

 

««Հատուկ գործ»-ն իրականացնողները պետք է նաեւ հոգեբանորեն շատ լավ պատրաստված լինեին: Ճիշտ է, նրանք բոլորը տիրապետում էին զենքին, սակայն այժմ պետք է գործեին անծանոթ օտար միջավայրում, հաճախ օրը ցերեկով, նաեւ մարդաշատ վայրերում: Ոչ բոլորը կարող են այդպիսի իրավիճակում չսխալվել:

 

Հրաչ Փափազյանի հոգեվիճակը պատկերացնենք, երբ Ազմիի որդին հրճվանքով պատմում է, թե ինչպես է հարյուրավոր անչափահաս հայ աղջիկ բռնաբարել, ապա նրանց խեղդամահ արել ծովում:  

 

Նա իր ամենանողկալի թշնամու հետ օրերով հանդիպում էր, հաց էր ուտում եւ լսում վերջինիս պատմությունները, միեւնույն ժամանակ հավաքում իրեն անհրաժեշտ տեղեկությունները: Եթե Հրաչը չտիրապետեր իրեն ու բացահայտվեր, ամբողջ գործողությունն էր տապալելու»,-շարունակում է Խանումյանը:

 

«Հատուկ գործ»-ի իրականացրած մահապատիժները

 

«Հատուկ գործ»-ի անդամներին հաջողվում է վերացնել երիտթուրք պարագլուխներից Թալեաթին, Ջեմալին, Սայիդ Հալիմին, Ջեմալ Ազմիին, Բեհաեդդին Շաքիրին, ինչպես նաեւ Ադրբեջանի քաղաքական եւ պետական գործիչներ Բեհբուդ խան Ջավանշիրին, Նասիբ Յուսիֆբեյլիին, խան Խոյսկուն, Հասան Բեյ Աղաեւին:

 

Ցուցակում եղել են նաեւ Էնվերը եւ դոկտոր Նազըմը, սակայն նրանց նկատմամբ մահապատիժ իրականացնել չի հաջողվել: Էնվերը սպանվել է Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետությունում (այժմ Տաջիկստան) կարմիր բանակի դեմ մղվող մարտի ժամանակ: Ջոկատի հրամանատարը եղել է ծագումով արցախցի Հակոբ Մելքումովը:

 

Նազըմ բեյը վերադարձել է Թուրքիա, որտեղ Քեմալի նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվելով՝ մահապատժի է ենթարկվել:

 

Ըստ Սաչակլյանի թոռնուհու՝ «Նեմեսիս»-ը սկսեց մարել 1922-ի վերջից: Շահան Նաթալին ցանկանում էր, որ «Հատուկ գործ»-ը շարունակվի ու գտնում էր, որ իրենք պարտք ունեն նահատակների առջեւ: ՀՅԴ ղեկավարությունը դեմ էր դրան եւ որոշում է կանգ առնել:

 

Սողոմոն Թեհլիրյանի «Վերյիշումներ. Թալէաթի Ահաբեկումը» հուշագրության անգլերեն թարգմանության հեղինակ Պետո Դեմիրճյանի կարծիքով «Նեմեսիս»-ի հետագա գործունեության դադարեցումը պայմանավորված է եղել Հայաստանի խորհրդայնացմամբ:

 

«Փակվեցին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնց միջոցով իրականացվում էր հսկայական աշխատանք: «Հատուկ գործ»-ի անդամների համար ազատ գործելը դարձավ վտանգավոր, քանի որ նրանք այլեւս չունեին անձեռնմխելիություն, փաստաթղթեր ու մուտքի արտոնագրեր ստանալը եւս հնարավոր չէր, նամակագրությունը կարող էր գաղտնալսվել, առաջանալու էին լոգիստիկ խնդիրներ»,-նշում է Դեմիրճյանը:

 

Շարունակելի

 

Կարդացեք նաեւ. «Հատուկ գործ». Առաջին մահապատիժը եւ հանցագործների փոխադրումը Մալթա

 

Գոհար Նալբանդյան

 

Հոդվածում արվել են մեջբերումներ Ժակ Դեռոժիի «Opération Némésis», Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի «Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis», Շահան Նաթալիի «Մեծ ոճրագործին հետքերով» եւ «Մատյան վրեժի», Արշավիր Շիրակյանի «Կտակն էր նահատակներուն» եւ Սողոմոն Թեհլիրյանի «Վերհիշումներ» գրքերից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին