Այսօրվա լրահոսը, առօրյան, իրար հաջորդող իրադարձությունները, վաղը կգրվեն որպես պատմություն, որում ժամանակաշրջանի նկարագրությանն անպայման կձուլվեն անհատների թողած հետքերը. երբ ծանր էին ժամանակները, ինչպիսի՞ն էին մարդիկ:
Ձգտելով պատասխանել այդ հարցին՝ Մեդիամաքսը շարունակում է վավերագրել 2020 թվականի պատերազմի, 2023 թվականի Արցախի կորստի, ողբերգական պայթյունի եւ մի շարք այլ իրադարձությունների մարդկային պատմությունները:
2023 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ լրահոսում թարմացվում էին թվերը՝ քանի արցախցի բռնի տեղահանվեց, Արցախի բենզալցակայաններում մարդիկ քաոսային հերթում սպասում էին իրենց բաժին մի քանի լիտր վառելիքին, որ պիտի լցնեին արդեն բեռնված մեքենան ու միանային գաղթի ճանապարհի հերթին:
Ականատեսները պատմում են, որ վառելիքի պահեստում անկարգության ու խառնաշփոթի մեջ մուգ կանաչ համազգեստով մի բարձրահասակ երիտասարդ բարձրացել էր պանելների վրա, ու հերթը կարգավորելով, սկսել արագ-արագ վառելիք լցնել մարդկանց թիթեղյա տարաները: Նրան կանչում էին. «Դավի՜թ, բա մեր հերթը ե՞րբ ա գալու», «Դավի՜թ հոգնած կլինես, իջի´ր, թող մեկ ուրիշը բարձրանա», իսկ երիտասարդը պատասխանում էր. «Հա, հեսա´, հեսա´ ... », բայց այդպես էլ շարունակեց օգնել այնքան, մինչեւ լրահոսը լցվեց ողբերգական պայթյունի մասին լուրով:
Դավիթը՝ զինվորականների ընտանիքից
Արմատներով Արցախից Դավիթ Դավթյանը ծնվել է 1987 թվականին Երեւանում, մեծացել զինվորականի ընտանիքում: Դավթյանների ազգի միակ արու զավակն է: Նրա պապիկը՝ փոխգնդապետ Չերկեզ Դավիդյանը, Հայրենական պատերազմի մասնակից է, հայրը՝ փոխգնդապետ Սեյրան Դավիդյանը, Արցախի ազատագրական պատերազմի մասնակից:
Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվ
Դավիթի ավագ քույրը՝ Հասմիկ Դավթյանը հիշում է, որ 1989 թվականին հայրիկի աշխատանքի բերումով Արցախ էին տեղափոխվել եւ պատերազմի առաջին փուլում այնտեղ էին:
«Ստեփանակերտի մեր բնակարանից երեւում էր ձորը, որը մեզ բաժանում էր թուրքի գյուղից, պատուհանից տեսնում էինք՝ մարդիկ ինչպես են իրենց տները գնում: Բայց երբ պատերազմը սկսվեց, այդ նույն վայրից «ալազաններով» խփում էին մեզ վրա: Ես 7 տարեկան էի, Դավիթը՝ 3: Երբ հարվածում էին, մեր 7-րդ հարկի պատուհանները դղրդում էին, ես վախենում էի, ասում՝ թուրքը եկավ, իսկ Դավիթն ասում էր՝ մի´ վախեցիր, գի´ժ, մերոնք են խփում, մի´ վախեցիր»:
Որոշ ժամանակ նկուղներում պատսպարվելուց հետո հայրը ընտանիքին ուղղաթիռով ուղարկում է Հայաստան: Ազատագրական պայքարի հաջողությունից հետո Շուշիի պարսպի դիմաց կանգնեցված տանկը Դավթյանների ընտանիքում հիշվում է որպես հայրիկի հաղթական տանկ:
«Հայրս այդ տանկի փոխարինող մեխանիկ-վարորդն էր. բախտի բերմամբ՝ Շուշիի ազատագրման օրը տանկի ղեկին չէր հայտնվել»,- ասում է Հասմիկը:
2020 թվականից առաջն ու հետոն
Արցախում բացված առաջին պոնչիկանոցը Դավթյաններինն էր: Այդտեղից էլ առաջացել էր Դավիթի մականունը՝ պոնչիկ Դավիթ: «Ախր նենց էլ նիհար բոյով էր, հեչ պոնչիկ չէր»,- ժպիտով հիշում է Հասմիկը:
Դավիթի ծառայությունը եւս Արցախում է անցել, որից հետո նա վերադարձել է Հայաստան՝ ուսումը շարունակելու: Սովորելու տարիներին հանդիպել է իր ընտրյալին՝ Ալլա Մովսիսյանին, իսկ 2013 թվականին կազմել են իրենց ներդաշնակ ընտանիքը: Անչափ սիրով զույգը 7 տարի երեխա չէր ունենում, բայց շարունակում էին հավատով սպասել:
Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվ
«Ուխտ արեցին դեպի Սուրբ Հովհաննես մատուռ (Ղալթախչի), խնդրեցին, որ երեխա ունենան եւ խոստացան երեքով վերադառնալ ու խաչքար տեղադրել»,- պատմում է Հասմիկը:
Հետո սկսվեց 2020 թվականի չարաբաստիկ պատերազմը: Առաջին իսկ օրերին Դավիթն ասաց, որ գնում է ռազմաճակատ:
«Հաշվի չառավ ո´չ կնոջ, ո´չ մամայիս հորդորները: Հայրս առողջական խնդիրներ ուներ, այլապես ինքն էլ կգնար, եւ հավանաբար հոգու խորքում հպարտություն էր զգում, որ որդին իր փոխարեն էլ կկռվի: Դավիթը չէր ասում, որ առաջնագծում էր, հանգստացնում էր մեզ, ասելով, թե թիկունքում է: Մեկ շաբաթ անց զանգ ստացանք, որ Դավիթը ոտքն է ջարդել, բայց այդ օրերին ո՞վ կհավատար նման լուրի: Հետո զանգեց հիվանդանոցից, խոսեցինք, հասկացանք, որ լավ է: Պարզվեց՝ Մարաղայի առաջնագծում է եղել: Երբ թշնամին ակտիվ կրակ է բացել, բոլորն իրար հետեւից թռել են խրամատը: Առաջինը Դավիթն է իջել, իսկ մյուսները թռել են ոտքի վրա, ի վերջո, կոտրվածք է ստացել»,- հիշում է Հասմիկն ու հավելում.
«Բոլորս ասում էինք՝ Դավի´թ, Աստված ոտքդ կոտրեց, որ ողջ վերադառնաս, իսկ ինքը կրկնում էր՝ ապաքինվեմ, նորից գնամ»:
Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվ
Պատերազմի ծանրագույն հետեւանքները Դավիթին ստիպել են մտածել Արցախ տեղափոխվելու մասին: 2020 թվականի դեկտեմբերի 30-ին կնոջ հետ մեկնել են Արցախ, որ Նոր տարին Ստեփանակերտում դիմավորեն: Այնտեղ Դավիթն աշխատանքի է անցել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում, ուներ ավագ լեյտենանտի զինվորական կոչում:
«Որքա՜ն էր հպարտանում իր զինվորական ծառայությամբ, իր կոչումով։ Ասում էր՝ շատ եմ ուշացել, ավելի շուտ պետք է զինվորական դառնայի»,- հիշում է Հասմիկը
«Այս հողն ինձ երեխա է տվել, ես այս հողից չեմ գնա»
Արցախում ապրելուց ամիսներ անց զույգը հարազատներին ուրախացրել է բաղձալի լուրով՝ երեխայի են սպասում:
«2021 թվականի մայիսն էր, երբ զանգեց ու ասաց՝ աչքդ լույս, հորաքույր ես դառնալու: Բոլորիս ուրախությանը չափ ու սահման չկար: Մոտ հարազատներից մեկը հետո ասում էր՝ փաստորեն, այդ երեխան իր հողն ու ջուրն էր ուզում, հենց զգաց, միանգամից հայտնվեց»,- պատմում է Հասմիկը:
Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվ
Ապահովության համար ծննդաբերության օրերին եկել էին Երեւան: 2021 թվականի դեկտեմբերի 25-ին ծնվել էր Մանեն՝ Մանե Դավթյանը:
«Իրենց սիրելի անունը տվեցին երեխային: Մի քանի օր հետո Դավիթը վերադարձավ Արցախ, իսկ Ալլան մնաց Երեւանում մինչեւ երեխայի 40 օրականը լրացավ: Փոքրիկ հրաշքի հետ Արցախ վերադառնալու օրը Դավիթը կնոջը պինդ գրկել ու ասել էր. «Ինձ այլեւս միայնակ չթողնես»: Ալլան էլ խոստացել է ու մինչեւ վերջ պահել խոստումը»,- հիշում է քույրն ու հավելում. «Դավիթը շարունակ կրկնում էր՝ տղա ունենամ, անունը Մոնթե եմ դնելու»:
Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվ
Մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի շրջափակումն ընտանիքը մի քանի անգամ Երեւան էր եկել, հարազատները շարունակ փորձել էին համոզել, որ մնան, բայց Դավիթն իր որոշման մեջ հաստատակամ էր, ասում էր. «Այս հողն ինձ երեխա է տվել, ես այս հողից չեմ գնա: Ես իմ բաժին կռիվը դեռ չեմ տվել»:
Երեխայի ծննդյան 1-ամյակին ընդառաջ Երեւանում մեծ խնջույքի էին պատրաստվում, որն այդպես էլ տեղի չունեցավ. ճանապարհը փակվեց:
Շրջափակման օրերին հարազատները Երեւանից նորից խնդրում էին, որ մի ելք գտնեն ու դուրս գան: Դավիթը խոստացել էր, որ կնոջն ու երեխային կփորձի ուղարկել, բայց ինքը կլինի վերջին մարդը, որը դուրս կգա Արցախից:
Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվ
«Ալլան պատմում է, որ ոչ մի պահ չի ցանկացել Դավիթին մենակ թողնել, որովհետեւ լսել էր, թե ինչպես է Դավիթը ընկերների հետ խոսելիս ասել. «Կանանց, երեխեքին ուղարկենք, մենք հանգիստ այստեղ մեր կռիվը տանք»,- հիշում է Հասմիկը:
Դատարկվող քաղաքի հոգատար ավագ լեյտենանտը
Շրջափակման սուղ շրջանը հաղթահարելուն օգնել է ընտանիքում տիրող մեծ սերը: Հիմա Դավիթի մասին պատմելիս շատերն են հիշում, թե ինչպես էր աշխատանքից հետո հոգնած երկար հացի հերթեր կանգնում, իսկ հետո այդ մեկ հացը կիսում բարեկամների հետ, ունեցած ծխախոտի վերջին տուփն էլ բաժանում բոլոր հարեւաններին:
«2023 թվականի սեպտեմբերի երկօրյա մարտերից հետո, երբ արդեն պարզ էր ավարտը, ամեն մարդ իր գլխի ճարն էր տեսնում: Դավիթի աշխատավայրից էլ շատերը աշխատանքի չէին գալիս, ծառայողները քիչ էին, բայց անգամ այդ ժամանակ Դավիթը, երբ ինձ հետ տեսակապով խոսում էր, համազգեստով էր: Ասում էի՝ Դավի´թ, հանձնել են արդեն, ինչի՞ն, ես սպասում, հանի´ր այդ համազգեստը, թուրքերն արդեն քաղաքում են, բա՞ որ բռնեն: Պատասխանում էր, որ ինքը ծառայության մեջ է: Այդպես մինչեւ վերջին օրն էլ ծառայությունն էր շարունակում»,- պատմում է Հասմիկը:
Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվ
Դավիթի ընկերները պատմում են, որ երբ Երեւանից անհանգստացած նրան էին զանգում ու հարցնում՝ ինչպես է, որտեղ է, պատասխանում էր. «Ես «живучий» եմ, ինձ բան չի լինի, մի անհանգստացեք»:
Դավիթի մասին վերջին հիշողությունները բենզինի պահեստից են. մի բարձրահասակ տղա փորձում էր կարգուկանոն մտցնել քաոսում ու նորից ինքն իր մասին մտածելու փոխարեն՝ շարունակում էր օգնել կարիքի մեջ գտնվողներին:
«Դավիթի բարության գերադրական աստիճանը իմանալով՝ բոլորս վստահ ենք, որ անգամ եթե ինքը վառելիք ունենար ու կարողանար դուրս գալ, միեւնույն է, հայտնվելու էր այդ նույն վայրում՝ օգնելու համար: Ինքն այդ պահին պարզապես չէր կարող այլ տեղ լինել, իր տեսակն էր այդպիսին»,- հիշում է Հասմիկը:
«Հույսս քեզ վրա, Տե´ր»:
Ալլան կատարել է իր ու Դավիթի ուխտը. Սուրբ Հովհաննես մատուռի մոտ հիմա երկու նոր խաչքար կա, մեկը շնորհակալությամբ Մանեի ծնունդի համար, մյուսը՝ Դավիթի համար «Հույսս քեզ վրա, Տե´ր» գրությամբ:
Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվ
«Կան ուղիներ, որոնք սկսվում են լռությամբ ... սպասումով ... երկար ճանապարհով: Մեր դեպքում՝ 8 տարի: Մենք քայլեցինք այդ ճանապարհով ու խոստացանք հրաշքից հետո, որպես շնորհակալություն, նույնպես խաչքար տեղադրել: Հրաշքը եղավ ... այսօր առանց Քեզ, բայց Քեզանով, արեցի երկուսիս փոխարեն՝ այն հույսով ու հավատով, որ կողքի խաչքարի հետնամասում սպասվող հրաշքի տողեր են փորագրվելու: Աստված լսում է: Ու երբ արմատը հավատ ունի, հրաշքները կրկնվում են»,- գրել է Դավիթի կինը իրենց համատեղ ուխտի կատարման օրը:
«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն, ոչ ոք չի կարող արգելել մեզ երազել»,- եզրափակում է Հասմիկը:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Դավթյանների ընտանեկան արխիվից



















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: