«Երբեմն մոռանում եմ՝ ինչի համար եմ մտել սենյակ», – ասում է նա ու կանգնում դռան շեմին։ Ոչ թե որովհետեւ չի հիշում, այլ որովհետեւ փորձում է չվախենալ այդ պահից։ Այն կարճ դադարից, երբ ուղեղը լռում է, իսկ սենյակը նայում է՝ դատարկ, անպատասխան։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Անունները առաջինն են գնում», – ավելացնում է։ Նա բժշկի չի եկել, չի եկել հիվանդություն փնտրելու։ Նա եկել է դպրոց։ Որպեսզի նորից սովորի հիշել՝ ոչ միայն բառերը, այլ նաեւ ինքն իրեն։
Տարեցների դասարանը
Երկու տարի առաջ Առողջապահության նախարարությունը սկսեց «Առողջ ծերացում» նախաձեռնությունը՝ համայնքի տարեցների համար նախատեսված անվճար ծրագիր։ Մեկշաբաթյա փորձաշրջան Երեւանում՝ տարբեր դպրոցներում։ 196-րդ դպրոցը սկզբում պարզապես տարածք էր տրամադրում։
Անուշ ՆավասարդյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանն ասում է, որ փորձաշրջանի ավարտին պարզ դարձավ՝ հենց այստեղ են մարդիկ ուզում վերադառնալ։ Շարունակվելու որոշումը կայացվեց ոչ թե հաշվետվությունների, այլ մասնակիցների արձագանքի հիման վրա։
Սկզբում երեք-չորս կին էին գալիս։ Թեթեւ վարժություններ՝ աթոռների վրա։ Բայց ծրագիրը փոխվեց հենց իրենց պահանջով։
Լուսինե ՄիրզախանյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Այսօր արդեն շաբաթը երեք օր են հանդիպում՝ ֆիզիկական ակտիվություն եւ կոգնիտիվ աշխատանք հոգեբանի հետ։ Օգտագործում են գորգեր, փայտեր, անում են այնպիսի վարժություններ, որոնց նայելիս դպրոցի աշխատակիցները կասկածում են՝ իրե՞նք կկարողանան կրկնել։
Դասերից հետո տուն չեն շտապում։
«Առաջ ձեռնափայտով էին գալիս։ Հիմա վազելով են գալիս՝ շրթներկով, ականջօղերով», - ավելացնում է դպրոցի տնօրենը։
«Մենք սովորական տատիկներ չենք»
Դպրոցական դահլիճը սովորաբար աղմուկ է հիշում։ Բայց այս օրերին այստեղ ուրիշ ռիթմ է՝ դանդաղ քայլեր, զգուշավոր շարժումներ, ու միաժամանակ՝ անսպասելի աշխուժություն։
Այստեղ հավաքվում են մարդիկ, որոնցից շատերը երկար ժամանակ «տանն էին»։
«Տանը» այս դեպքում ոչ այնքան տարածք է, այլ՝ վիճակ. նստած, անորոշ սպասողական։ Իսկ այստեղ դաս, ժամ, անուն, շարժում, տեմպ, ռիթմ, մարդիկ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեկը շրթներկն է թարմացնում, մյուսը՝ օծանելիք ցանում, որ նկարներից անուշ հոտ գա։ Ծիծաղում են։
Կարինե Ոսկանյանը ծրագրին մասնակցում է առաջին օրերից։ «Մենք այստեղ ավելի լավն ենք դառնում», - ասում է նա։ Մինչ ծրագրին միանալը հիմնականում տանն էր. «Չգիտեի՝ ինչով զբաղվել»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նույնիսկ վատ ինքնազգացողության օրերին գալիս է դասերին։ «Պետք է գալ», - ասում է նա։
Անահիտը խմբակին միացել է թոռնիկի շնորհիվ։ Սկզբում ամենադժվարն անուններն էին։ Ասոցիացիաների միջոցով հիշողությունը սկսեց աշխատել պատկերների միջոցով։ Հետո սկսվեցին մաթեմատիկական վարժությունները՝ պարզից դեպի բարդ։
Դահլիճում նրանք նաեւ մանկական խաղեր են խաղում՝ պարան, գնդակ, «կլաս»։ Այդ տեսարանը կարող է զարմացնել շատերին, բայց մասնակիցների համար սա դասի բնական շարունակությունն է։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր թոռնիկներն էլ են զարմանում», - ասում է Անահիտը։ «Պարզվում է՝ մենք սովորական տատիկներ չենք»։
Արմինե Հարությունյանը ծրագրին միացել է ընկերուհիների հետ։ Մանկության երեք ընկերուհիներ են, որոնք սովոր են ամեն ինչ միասին անել՝ ճամփորդել, հանգստանալ, հիմա էլ միասին են գալիս դասերի։ Արմինեն ասում է՝ նախկինում շատ էր անհանգստանում կյանքի, երկրի, երեխաների ապագայի մասին։ Հիմա փորձում է սկսել իրենից։
Լուսանկարը` Մեդիամաքս
Խմբում նաեւ նորեկներ կան։ Անահիտ Աբովյանը առաջին անգամ է եկել «Կոգնիտիվ հիշողության» դասին, բայց դժվարանում է պատկերացնել՝ ինչպես կարող է այլեւս չգալ։ Սկզբում կասկածել է, մտածել՝ գուցե հարմար չէ, բայց մտավախությունները արագ լուծվել են։
«Ուղեղը հիշում է արտասովորը»
Էլիզա Մանուկյանը «Կանա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր տնօրենն է, հոգեբան եւ հիշողության ու ուշադրության զարգացման մարզիչ։ Ասում է՝ այս ծրագրի մասին նախապես նույնիսկ չէր լսել։
Էլիզա ՄանուկյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ծրագիրը սկսվել է պարզ հանդիպումից. առողջապահության ոլորտում ծրագրի կազմակերպիչ Քրիստինան Անուշ Նավասարդյանի հետ հանդիպմանն ասել է, որ հիշողության զարգացման մարզիչներ է փնտրում։ «Անուշը միանգամից իմ համարը փոխանցեց», – ասում է Էլիզան: «Կանա» կենտրոնը շուրջ ինը տարի է զբաղվում է հենց այդ ուղղությամբ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Էլիզային այս նախաձեռնության մեջ գրավեց ոչ միայն մասնագիտական մասը, այլ նաեւ գաղափարախոսությունը։ Սա «առանձին մարդու խնդիր» չէ, այլ համայնքային առողջության ծրագիր․ մարդիկ հիմնականում նույն թաղամասից են, խմբակ են դառնում ու այդպես ուժեղանում։ «Սա նաեւ կանխարգելում է», – ասում է նա՝ շեշտելով, որ հիշողության մարզումը ուղիղ կապ ունի առողջ ծերացման հետ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տեխնիկաները տարբեր են՝ հոտ, համ, վիզուալիզացիա, երկու ձեռքով գրել, ժամանակով պարզ խնդիրներ լուծել։ «Ուղեղը կարող է զարգանալ մինչեւ կյանքի վերջին օրը», - ասում է նա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մտավոր առողջությունը նույնքան կարեւոր է, որքան ֆիզիկականը։ Եվ եթե այս երկուսը զարգանում են զուգահեռ, ապա «աղջիկների» կամ իր բառով՝ «ծիտիկների» աչքերի փայլը անպակաս է լինում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Դասն ավարտվում է, դպրոցը նորից պատրաստվում է իր աղմուկին՝ երեխաներին, զանգերին, վազվզոցին։ Բայց ինչ-որ բան մնում է։ Մի շարժում, որը տուն է գնում մարդկանց հետ։ Մի անուն, որն այլեւս չի կորում։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: