«Բարեւ սիրելի Ձմեռ պապ, հուսով եմ՝ առողջ ես։ Քանի որ ամեն տարի շատ նվերներ եմ ուզել, այս տարի դու ինձ բեր այն, ինչ-որ դու կցանկանաս»,- իր նամակում գրել է 9-ամյա Արմանը։ Հարցին, թե ենթադրություններ ունի՞ արդյոք, թե ինչ կբերի նրան Ձմեռ պապը, Արմանը պատասխանում է. «Խելամիտ ինչ-որ մի բան»։
9-ամյա Նարեն էլ նամակում գրել է, որ տիկնիկ է ցանկանում նվեր, սակայն երբ հանդիպի Ձմեռ պապին, կասի նրան. «Կխնդրեմ, որ բարություն լինի ... Ու գնանք Արցախ»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Դեկտեմբերի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում «Հայորդի» հիմնադրամի շահառու 150 երեխաներ ուրախ խաղեր խաղալով սպասում էին Ձմեռ պապիկին, որ ստացել էր նրանց նամակներն ու պատրաստել նվերներ IDBank-ի էլֆ-աշխատակիցների օգնությամբ։
Արդեն չորրորդ տարին անընդմեջ IDBank-ի աշխատակիցները «գաղտնի Ձմեռ պապ» են դառնում «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար, որոնք պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց հայրիկներին։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայորդի»-ի հիմնադիր Վաչե Վարդանյանի խոսքով՝ այս տարի ընտրել են «Հայորդի» ճամբարի մասնակից 5-12 տարեկան երեխաների։
«Նոյեմբեր ամսից մեկնարկել էինք նախապատրաստական աշխատանքները՝ կապվելով երեխաների ծնողների հետ ու ասելով, որ երեխաները նամակ գրեն Ձմեռ պապին։ Այդ նամակները հավաքագրեցինք հիմնադրամում, որից հետո երազանքներով լիքը արկղիկը փոխանցեցինք IDBank-ին»,- ասում է Վաչե Վարդանյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը պատմում է, որ այն պահից, երբ երազանքներով արկղիկը հայտնվել է բանկում, մի ժամ չանցած բոլոր նամակները գտել են իրենց գաղտնի Ձմեռ պապերին։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Նվերների պատրաստման ընթացքին հետեւելը շատ հուզիչ է, քանի որ յուրաքանչյուր աշխատակից մեծ ուրախությամբ ու խանդավառությամբ է մոտենում դրան։ Այս ընթացքում նկատել ենք, թե աշխատակիցները որքան են կարեւորում հուզական կապը երեխայի հետ, անպայման ուզում են շատ բան իմանալ երեխայի մասին, գրում են նաեւ բարեմաղթանքներով լի պատասխան նամակներ։ Նրանցից շատերը եկել են նաեւ այսօր՝ անձամբ ծանոթանալու երեխաների հետ»,- ասում է Տաթեւիկ Վարդեւանյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Երեխաների ցանկությունները նամակներում շատ պարզ են. նրանց մեծ մասը Ձմեռ պապիկից հագուստ է խնդրում։ Այս օրինաչափությունն ընդգծելով՝ Վաչե Վարդանյանը հավելում է.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մի կողմից հասկանալի է, որ հագուստ ցանկանալը բխում է սոցիալական ոչ ապահով վիճակից, բայց մյուս կողմից ուրախացնող է, որ երեխաները գիտակցում են իրենց մայրիկի առօրյա հոգսն ու Ձմեռ պապիկին ուղղված իրենց նամակներով ցանկանում թեթեւացնել այն։ Միեւնույն ժամանակ IDBank-ի աշխատակիցները, հասկանալով այս իրողությունը, մեզ հետ կապ են հաստատում, հարցնում երեխաների հետաքրքրությունների մասին ու գնում են նաեւ տարբեր խաղեր, խաղալիքներ՝ գնդակից մինչեւ հեծանիվ ու տոնածառ»,- պատմում է նա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս տարիների ընթացքում բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաղադրիչներից մեկը դարձած «Գաղտնի Ձմեռ պապ» խաղը բազում չնախատեսված զարգացումներ է ունեցել։ Օրինակ՝ նույն ընտանիքի երեխաների նամակները պատահական համընկնմամբ հայտնվել են բանկի միեւնույն բաժնի աշխատակիցների մոտ, որոնք էլ «Հայորդի» հիմնադրամի միջոցով ծանոթացել են ընտանիքի կարիքներին ու որոշել բացի երեխաների գրած ցանկություններից նաեւ օգնել ընտանիքին՝ կահավորելով տունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր գաղտնի ձմեռ պապերից շատերը միջոցառման ավարտից հետո շարունակում են կապ պահել երեխաների հետ՝ փորձելով ամեն կերպ աջակցել, ու կարելի է ասել, դառնում են նրանց հովանավորը»,- հավելում է Վաչե Վարդանյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ուրախ աղմուկով լցված սրահում հանկարծ լռություն է տիրում։ Երեխաները հավաքվում են դահլիճի կենտրոնում ու սկսում կանչել Ձմեռ պապին։ Նրանց անկեղծ հավատով կանչը հասնում է հեռավոր Լապլանդիա ու Ամանորի կախարդանքով Ձմեռ պապը հայտնվում է սրահում։ Նա Իդրամ Ջունիորի ու էլֆ-կամավորների օգնությամբ բոլոր երեխաներին հանձնում է խնամքով փաթեթավորված նվերներն ու սրահում նորից ուրախ աղմուկ է սկսվում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայորդի» հիմնադրամի այլ նվիրատուների շնորհիվ Ամանորի կախարդանքը իրականություն է դառնում նաեւ հարյուրավոր այլ՝ ընտանիքում պատերազմների հետեւանքով կորուստ ունեցող երեխաների համար՝ բազում նվերներ, տոնական միջոցառումներ։ «Հայորդի»-ի հիմնադրի խոսքով՝ այս երեխաներին միավորում է նույն երազանքը՝ լինի խաղաղություն, որպեսզի աշխարհում էլ ոչ մի երեխա կորուստ չունենա։
Հիմնադրամին աջակցելու համար կարող եք նվիրատվություն կատարել հետեւյալ հաշվեհամարով. 11815042199803 | Հայորդի բհ | Այդի բանկ
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: