Բուլղարական դիմագիծ եւ հայկական էներգիա. Նորայի վերադարձն արմատներին - Mediamax.am

Դեկտեմբեր 21, 2025
exclusive
172 դիտում

Բուլղարական դիմագիծ եւ հայկական էներգիա. Նորայի վերադարձն արմատներին


Նորա Ռադոսլավովա
Նորա Ռադոսլավովա

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայ Առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցին Պլովդիվում
Հայ Առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցին Պլովդիվում

Լուսանկարը` Սուրբ Գեւորգ եկեղեցու էջից

Նորա Ռադոսլավովա
Նորա Ռադոսլավովա

Լուսանկարը` Նորայի անձնական արխիվից

Նորա Ռադոսլավովա
Նորա Ռադոսլավովա

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորան հայերենի իմացության առաջին մակարդակն ավարտելուց հետո
Նորան հայերենի իմացության առաջին մակարդակն ավարտելուց հետո

Լուսանկարը` Նորայի անձնական արխիվից

Նորա Ռադոսլավովա
Նորա Ռադոսլավովա

Լուսանկարը` Նորայի անձնական արխիվից

Նորա Ռադոսլավովա
Նորա Ռադոսլավովա

Լուսանկարը` Մեդիամաքս


Նորային հանդիպեցի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջանցքում՝ հենց այն պահին, երբ նա պատրաստվում էր մտնել լսարան՝ հայերենի դասին մասնակցելու։ Մի փոքր ուշացնելով նրան՝ հասցրեցինք կարճ, բայց սրտամոտ զրույց ունենալ։ Նորան պատմեց, որ Բուլղարիայում մեծանալով՝ իր կապը Հայաստանի հետ միշտ խիստ փխրուն է եղել. այնքան փխրուն, որ ինչ-որ պահի քիչ էր մնում կորցներ այն: Այժմ Նորան այստեղ է բացահայտելու Հայաստանն ու վերագտնելու ինքն իրեն՝ որպես հայ: 

 

Կարճ զրույցը բավական էր հասկանալու համար, որ սա մեր վերջին հանդիպումը չի լինելու։ Նորայի՝ Պլովդիվից Երեւան ճանապարհին ավելի երկար պատմություն էր թաքնված, որում բուլղարականին զուգահեռ հասունանում է հայկական ինքնությունը:

 

Մանկության շարականների հնչյուններից արձագանքող ինքնությունը

 

Նորա Ռադոսլավովայի տատիկը` Նվարդ Չերչիյանը, ղեկավարում էր Պլովդիվի Հայ Առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցու երգչախումբը: Դրա անդամները հիսունն անց հայ կանայք էին, որոնց նա սիրալիր ձեւով անվանում էր «աղջիկներ»: Երեխա ժամանակ Նորան նրանց հետ նստում էր եկեղեցու ներսի վերեւի հատվածում եւ շարականները լսելով՝ հետեւում եկեղեցական կյանքին: 

 

Նորայի ծնողները օպերային երաժիշտներ են, ինչի բերումով հաճախ էին շրջագայում, ուստի նրա մանկության մեծ մասը անցել է տատիկի հետ: Նորայի ամենաջերմ հիշողությունները, որ նրան կապում են Հայաստանին, տատիկի հետ անցկացրած այդ ժամանակն է, որը սկսել է խորապես վերարժեւորել Հայաստան գալուց հետո:  

 

Նորայի տատիկն ու պապիկը Թուրքիայից Բուլղարիա են եկել փոքր տարիքում՝ Հայոց ցեղասպանության հետեւանքով։ Նվարդը ծնվել է Ստամբուլում, իսկ պապիկը՝ Վահե Չերչիյանը, ծնվել է Ադրիանապոլսում, եւ երկուսն էլ 1930-ականներին հաստատվել են Պլովդիվում, որը Բուլղարիայի հայերով ամենաշատ բնակեցված քաղաքն է: Այդուհանդերձ, հայկական համայնքն այնտեղ աստիճանաբար թուլանում է: 

 

Հայ Առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցին Պլովդիվում Հայ Առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցին Պլովդիվում

Լուսանկարը` Սուրբ Գեւորգ եկեղեցու էջից

«Մայրս` Լուսոնա Վահե Չերչիյան-Ռադոսլավովան, շատ ակտիվ էր հայկական համայնքում այն շրջանում, երբ իրականում կար համայնք լինելու զգացողությունը»,-ասում է Նորան։ «Այդ ժամանակ Թուրքիայից հայ փախստականները շատ էին, եւ բոլորն ուզում էին միասին մնալ։ Համայնքային կյանքը շատ ավելի ակտիվ էր։ Հիմա մենք կարծես ձուլվում ենք, եւ միասնականության զգացողությունն այլեւս նույնը չէ, եւ կարծում եմ, որ նույն խնդիրը կա նաեւ աշխարհով սփռված հայկական շատ այլ համայնքներում»։

 

Նորայի հայրը՝ Ռադոսլավ Ռադոսլավովը բուլղարացի է։ Ասում է, որ հոր դիմագծերն է ժառանգել, մասամբ՝ նաեւ բնավորությունը, բայց իր էներգիան ու սիրտը՝ մարդկանց հետ կապ հաստատելու ձեւը, հայկական են։ «Մայրս երեք հայի էներգիա ուներ, եւ դրանցից մեկն ինձ է տվել»,- ջերմ ժպիտով ասում է նա:

 

Նորան մինչեւ տասնչորս տարեկանը սովորել է Պլովդիվի հայկական դպրոցում, սակայն հետո փոխադրվել է բուլղարական դպրոց ու աստիճանաբար մոռացել հայերենը: Նրա ընկերներն ու առօրյա միջավայրը բուլղարական էին։ Երբ ընդունվել է Պլովդիվի համալսարան՝ անգլիական բանասիրություն ուսումնասիրելու, այդ օրինաչափությունը շարունակվել է․ նրա սոցիալական շրջանակը գրեթե ամբողջությամբ բուլղարական էր։ Սակայն 2004 թվականին գտել է հայկական համայնք վերադառնալու ճանապարհը՝ այս անգամ որպես կամավոր Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Պլովդիվի գրասենյակի կամավոր:  

 

Այդ տարիները ՀԲԸՄ-ի ծաղկուն շրջանն էին, եւ նրանք նոր էին սկսում համայնքային կյանքի մասին թերթի հրատարակությունը: Նորային հրավիրել են միանալու թիմին՝ որպես թղթակից։ Թերթի թիմը փոքր էր՝ ընդամենը երեք հոգի, եւ Նորան ներգրավված էր թերթի ստեղծման գրեթե բոլոր փուլերում՝ մասնակցություն միջոցառումների, հարցազրույցների իրականացում, լուսանկարահանում, թարգմանչական աշխատանք, մինչեւ անգամ թերթը դասավորելը՝ բաժանորդներին ուղարկելու համար: 

 

«Սկսեցի ներգրավվել, եւ դա ինձ օգնեց կապեր հաստատել գրեթե բոլորի հետ»,-հիշում է նա: «Հետագայում միացա նաեւ ՀԲԸՄ-ի Երիտասարդ մասնագետների  թիմին, եւ մի շրջան այնտեղ ավելի շատ ժամանակ էի անցկացնում, քան համալսարանում»,- ժպիտով հավելում է նա:

 

Անսպասելի, բայց անհրաժեշտ շրջադարձերը՝ Երեւանից առաջ

 

2008 թվականին չափազանց ակտիվ ներգրավվածությունը Նորայի համար սկսեց ճնշող դառնալ։ Համայնքը փոքր էր թվում, նույն գործընթացներն անընդհատ կրկնվում էին, եւ Նորան մի փոքր հետ քաշվելու կարիք զգաց: Ավելի շատ կենտրոնացավ իր կրթության վրա. Սոֆիայի Ազգային եւ համաշխարհային տնտեսության համալսարանի մագիստրատուրայում միջազգային տնտեսական հարաբերություններ էր ուսումնասիրում: Դրանից հետո պրակտիա էր անցել արտերկրում, սկսել էր աշխատել ադմինիստրատիվ, մարդկային ռեսուրսների ու  ներդրումների ոլորտներում։ Թեեւ նրա ակտիվությունը պակասել էր, նա երբեք ՀԲԸՄ-ի հետ կապը ամբողջությամբ չէր կորցրել՝ շարունակելով անհրաժեշտության դեպքում աջակցել աշխատանքներին: 

 

2024 թվականին նա Բուլղարիայի մեկ այլ քաղաքից՝ Վառնայից վերադարձել է Պլովդիվ հստակ նպատակով՝ վերականգնել կապերը հայ համայնքի հետ: 

 

«Ուզում էի վերականգնել նախկին կապերս, որովհետեւ այդ մարդկանց հետ ինձ շատ հանգիստ եմ զգում: Հայկական համայնքն ունի հաղորդակցության իր ձեւն ու բառերով չբնորոշվող արժեքներ: Նոր սկիզբ էի ուզում եւ համայնքը շատ ջերմ ընդունեց ինձ, ինչպես Բուլղարիայում ասում ենք՝ թարմ թխված հացի նման», - պատմում է Նորան՝ հետո բացատրելով արտահայտությունը. թարմ թխված հացը միշտ ցանկալի է, համեղ եւ սպասված՝ հատկապես երբ մարդիկ քաղցած են։

 

Շուտով Նորան ընտրվեց ՀԲԸՄ Պլովդիվի համանախագահ, ինչը վճռորոշ դեր ունեցավ նրա Հայաստան տեղափոխվելու ճանապարհին։ Նորան ծրագրում էր Հայաստան այցելել որպես զբոսաշրջիկ, եւ այդ իմանալով՝ ՀԲԸՄ-ից նրան առաջարկեցին մասնակցել Երեւանում անցկացվելիք Global Armenian Summit 2024-ին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած գագաթնաժողովին: Գագաթնաժողովի ընթացքում Նորան բազում նոր ծանոթություններ ձեռք բերեց: 

 

Նորա Ռադոսլավովա Նորա Ռադոսլավովա

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինձ տանն էի զգում»,- հիշում է նա։ «Հայերենիս իմացությունը կաղում էր, բայց դժվարությունները հեշտ են հաղթահարվում, երբ խոսում ենք էներգիաներով»։

 

Նորան Հայաստան էր եկել առանց կոնկրետ սպասումների, ինչը թույլ էր տվել լիարժեք ընկալել փորձառությունը։ Նրա առաջին տպավորությունը կերտել էին մարդիկ՝ բաց, բարեհամբույր եւ անկեղծ։

 

«Այստեղ մարդիկ շփվելիս խաղ չեն խաղում՝ նրանք հենց այն են, ինչ կան: Ըստ իս՝ դա այն պատճառով է, որ արեւմտյան մտածողությունն այստեղ դեռ ամբողջությամբ չի հասել: Ինձ շատ է դուր գալիս այդ անկեղծությունը, այն ինձ մանկություն է տանում»: 

 

Հենց գագաթնաժողովի ընթացքում Նորան առաջին անգամ լսեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեկնարկած «իԳործ» ծրագրի մասին, որը սփյուռքահայ մասնագետներին հրավիրում է Հայաստան՝ աշխատելու պետական համակարգում։ Ծրագրին միանալու միտքը մնաց նրա հետ, թեեւ շարունակ կասկածներ ուներ՝ գուցե չկարողանա:  

 

«Մի շրջան կար, երբ Պլովդիվում փոխում էի աշխատանքս ու նոր բան էի փնտրում: Այդ ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները Եվրոպայով շրջագայության ընթացքում հանդիպեցին նաեւ Պլովդիվի հայկական համայնքի հետ։ Ծրագրի մասին նորից լսելուց հետո որոշեցի դիմել»,- պատմում է Նորան:

 

Նորա Ռադոսլավովա Նորա Ռադոսլավովա

Լուսանկարը` Նորայի անձնական արխիվից

Այդ որոշումը Նորային Երեւան բերեց 2025 թվականի սեպտեմբերին։ Այժմ նա աշխատում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչությունում։ Ծրագիրը տեւում է մեկ տարի, սակայն Նորան արդեն մտածում է Հայաստանում ավելի երկար մնալու մասին:  

 

Հին սովորություններ, նոր մարտահրավերներ

 

Առավոտյան զբոսանքը վաղուց է Նորայի սովորությունների շարքում: Պլովդիվում նա վաղ արթնանում էր, խմում իր սուրճն ու բարձրանում մերձակա լեռը՝ համատեղելով ֆիզիկական ակտիվությունն ու գեղեցիկ տեսարանը՝ որպես պարգեւատրում: 

 

Քայլելը նրան օգնում է մտածելիս. գաղափարները ճիշտ դասավորություն են ստանում, ծրագրերն էլ՝ ձեւ առնում: Երբ որոշեց այդ սովորությունը շարունակել նաեւ Երեւանում, Կասկադի աստիճանները ամենաակնհայտ ընտրությունն էին: Թեեւ օդը միշտ չէ, որ մաքուր է, տեսարանն էլ ոչ միշտ է պարզ, Նորան միեւնույն է գերադասում է քայլել՝ տանը մնալու փոխարեն: 

 

«Անցյալ տարի, երբ առաջին անգամ Կասկադի աստիճաններով բարձրացա, հանկարծ մտածեցի, որ սա լավ վայր է մարզվելու համար։ Մի պահ արդեն պատկերացնում էի ինձ այստեղ սպորտով զբաղվելիս։ Ավելի ուշ, երբ տուն ընտրեցի ու պարզվեց, որ մոտ է Կասկադին, հասկացա՝ պետք է զգույշ լինել ցանկությունների հետ, որովհետեւ դրանք կարող են իրականություն դառնալ»։

 

Տարիներ շարունակ հայերեն չիմանալը Նորայի համար եղել է անձայն, բայց մշտական անհարմարություն: Յուրաքանչյուր հանդիպում հայկական համայնքներում հիշեցնում էր նրան այդ բացի մասին, երբ ինչ-որ պահից զրույցը դառնում էր հայերեն ու նա այլեւս չէր կարող լիարժեք մասնակցել: 

 

Նորան հայերենի իմացության առաջին մակարդակն ավարտելուց հետո Նորան հայերենի իմացության առաջին մակարդակն ավարտելուց հետո

Լուսանկարը` Նորայի անձնական արխիվից

«Միշտ կարողացել եմ շփվել անգլերենով եւ այդպես կապ հաստատել մարդկանց հետ։ Բայց գիտակցում եմ, որ ԱՄՆ-ում կամ Բրիտանիայում չեմ՝ Երեւանում եմ, ուստի պետք է հայերեն հաղորդակցվեմ: Այդ պատճառով սկսեցի սովորել արեւելահայերեն, որովհետեւ հասկացա՝ եթե գիտես արեւելահայերեն, կհասկանաս նաեւ արեւմտահայերենը։ Նպատակս է հասնել լեզվի իմացության այնպիսի մակարդակի, որ ազատ հաղորդակցվեմ կենցաղս կազմակերպելիս: Կարդալն ու գրելն առայժմ դանդաղ է ստացվում: Տառերը գիտեմ, բայց գրում եմ առաջին դասարանի աշակերտի նման։ Առայժմ այստեղ ինձ անգլերենն ավելի շատ է օգնում, քան հայերենը, բայց հուսով եմ՝ դա շուտով կփոխվի»։

 

Հայաստանը՝ հինավուրց եկեղեցիների սյուների պես կանգուն

 

Նորայի համար Հայաստանը բացահայտվում է ոչ այնքան տուրիստական ուղեցույցների, որքան մարդկանց միջոցով։ Անգլերենի ու սահմանափակ հայերենի համադրությամբ նա զրույցի է բռնվում անգամ փողոցով քայլելիս: Այդ զրույցներն էլ, հաճախ, վերաճում են նոր ծանոթությունների ու դեպի Հայաստանի տեսարժան վայրեր համատեղ ուղեւորությունների: 

 

«Տեղացիները, հատկապես երբ տեսնում են իմ ցանկությունը վերագտնելու հայկական ինքնությունս, շատ բարի են գտնվում եւ միշտ առաջարկում են օգնել: Ձգտում եմ հնարավորինս շատ վայրեր այցելել, եւ նախ փորձում եմ զգալ այդ վայրը, հետո միայն կարդալ դրա մասին։ Ուզում եմ խորասուզվել այդ զգացողությունների մեջ»,- ասում է Նորան: Նա նաեւ սոցիալական հարթակներում բացել է «NORA in Armenia» էջերը, որտեղ կիսվում է իր տպավորություններով: 

 

Նորա Ռադոսլավովա Նորա Ռադոսլավովա

Լուսանկարը` Նորայի անձնական արխիվից

Նորայի համար Հայաստանով մեկ սփռված հնագույն վանքերը այցելության առանցքային վայրեր են: Հայերի ու ազգային կրոնի միջեւ ամուր կապի գիտակցումը, որը սկսվել էր դեռ Պլովդիվում, այստեղ միայն խորացել է։

 

«Կրոնը հայկական ինքնության սյուներից մեկն է․ այն մարդկանց միասնական է պահում։ Դրա շնորհիվ է, որ Հայաստանը՝ այդքան դժվարություններ ապրած լինելով, գոյատեւել է, եւ դրա շնորհիվ է նաեւ, որ սփյուռքի համայնքները պահպանվել են: Համայնքների եկեղեցիներն ու դրանց կից դպրոցներն այն վայրերն են, որտեղ մարդիկ իրենց հայ են զգում ու նաեւ այդտեղ զգում Հայաստանը»,- ասում է Նորան։

 

Հինավուրց եկեղեցիներում լինելով, քարերին դիպչելով նա անբացատրելի կերպով զգում է դարերի կշիռը դրանցում: «Երբ դիպչում ես քարին, կարող ես զգալ նախորդ դարերը, նաեւ այն մարդկանց, ովքեր առաջներում այստեղ են եղել։ Քայլում ես դարեր առաջ տաշված քարերի վրայով ու տեսնում, որ դրանք դեռ կանգուն են: Կանգուն են ինչպես այս երկիրը, որը, չնայած վերջին տարիների դժվար ճակատագրին, եւս կանգուն է մնում: Եվ դա իսկապես հիացմունք է առաջացնում»։

 

«Ինչու՞ եք անդադար ասում ինձ՝ ցավդ տանեմ»

 

Մարդկանց մտածողությունը, ներաշխարհը, հաճախ, լավագույնս արտահայտվում են մայրենի լեզվում: Մի շարք կարծրացած արտահայտություններ, որոնք հայկական առօրյայի անբաժան մասն են, ոչ միայն հնարավոր չէ թարգմանել, այլեւ անգամ դժվար է բացատրել: Նման մի քանի արտահայտություն Նորան արդեն լսել է, գիտի, բայց դեռ ամբողջությամբ չի հասկանում: 

«Երբ բնակարանը մաքրող կինը եկավ, խնդրեցի, որ կախի վարագույրը, քանի որ այն ընկնում էր: Ասաց՝ ցավդ տանեմ, հետո էլի ինչ-որ բան շարունակեց, հետո նորից՝ ցավդ տանեմ: Անդադար լսում եմ այդ արտահայտությունն ու չեմ հասկանում՝ ինչու՞ եք այդքան շատ ասում դա, ինչու՞ եք ինձ ասում՝ ցավդ տանեմ»,- ծիծաղելով, բայց նաեւ անկեղծ շփոթվածությամբ պատմում է Նորան, հետո հավելում. «Բայց կա դրանից ավելի դրամատիկ արտահայտություն՝ ջիգյարդ ուտեմ: Բայց ախր ես չեմ ուզում, որ դուք իմ լյարդն ուտեք»: 

 

Նորա Ռադոսլավովա Նորա Ռադոսլավովա

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած ընդհանուր հարազատության զգացողությանը, հայկական սոցիալական մշակույթին բնորոշ մի շարք տարրեր շարունակում են Նորային զարմացնել: Օրինակ՝ մի անգամ սրճելու հրավեր է ստացել նոր ձեռքբերած հայ ընկերներից: Հագեցնող լանչից հետո գնացել է կապուչինո խմելու՝ ինչպես պայմանավորվել էին, սակայն նա միանգամայն անպատրաստ էր սպասվող տեսարանին: 

 

«Ներս մտա ու տեսա տարատեսակ ուտեստներով լցված սեղան: Արդեն պատկերացրի, թե որքան անշնորհք կդիտիվի հյուրընկալի ջանքը չհարգելը, եւ որ բոլորը ստիպելու են ինձ ուտել այնքան, որ հետո գիշերը չկարողանամ քնել: Վճռեցի, որ չեմ ուտելու, այդպես ես խմեցի իմ կապուչինոն, նրանք ճաշեցին, բայց շատ հաճելի զրույց ունեցանք: Հետո զանգեցի մայրիկիս ու պատմեցի, որ հրավիրել էին սուրճի, իսկ սեղանը լիքն էր, նա էլ զարմանքով հարցրեց, թե ես ի՞նչ էի ակնկալում, ասացի՝ սուրճ էի ակնկալում, հրավիրել էին սուրճի, ուստի սպասում էի պարզապես սուրճ»,- պատմում է Նորան փոքր-ինչ բորբոքված՝ փորձելով բացատրել իր պարզ, տրամաբանական ակնկալիքը: 

 

Մայրն ասել է, որ որքան էլ անտրամաբանական թվա սուրճի նման սեղանը, փաստացի, այն խիստ հայկական է: Նման պատմություններ Նորայից լսելը Լուսոնային շատ է ուրախացնում, որովհետեւ այդ կերպ դուստրը կարողանում է հաղորդակից դառնալ այն հայկականությանը, որը նա անկարող էր լիարժեքորեն փոխանցել:

 

«Մայրիկս այդ ամբողջ հայկական հյուրասիրությունը տեսել է իր ընտանիքում՝ տատիկիս ու պապիկիս շնորհիվ: Նրանք տիպիկ հայկական ընտանիք էին, անընդհատ հյուրեր էին ունենում, տատիկս էլ միշտ սեղանը լցնում էր աշխարհի բոլոր ուտեստներով»,- ջերմորեն հիշում է Նորան ու հավելում, որ թեկուզ տատիկն ու պապիկն այլեւս չկան, նրանք վստահաբար շատ երջանիկ կլինեին իմանալով, որ Նորան Հայաստանում է: 

 

«Նրանք ինձ ոգեշնչում են իմ այս ճանապարհին: Ինչ-որ իմաստով հիմա նաեւ նրանց չիրականացած երազանքն եմ ապրում»: 

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ հեղինակի եւ Նորայի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին