«Նորից սովորել ծիծաղել». Ստեփանակերտի թատրոնի երեւանյան «վերածնունդը» - Mediamax.am

Դեկտեմբեր 20, 2025
exclusive
146 դիտում

«Նորից սովորել ծիծաղել». Ստեփանակերտի թատրոնի երեւանյան «վերածնունդը»


Լուսանկարը` Մեդիամաքս

«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.
«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուզան Խաչատրյանը, Երեւան, 2025թ.
Ռուզան Խաչատրյանը, Երեւան, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Երվանդ Ղազանչյանն ու Ռուզան Խաչատրյանը, Ստեփանակերտ, 2016թ.
Երվանդ Ղազանչյանն ու Ռուզան Խաչատրյանը, Ստեփանակերտ, 2016թ.

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լենա Մաթեւոսյանը, Ստեփանակերտ, 2016թ.
Լենա Մաթեւոսյանը, Ստեփանակերտ, 2016թ.

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Շողեր Սարգսյանը, Երեւան, 2025թ.
Շողեր Սարգսյանը, Երեւան, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուզան Խաչատրյանը, Ստեփանակերտ
Ռուզան Խաչատրյանը, Ստեփանակերտ

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Թատրոնի անձնակազմը բլոկադայի օրերին, Ստեփանակերտ
Թատրոնի անձնակազմը բլոկադայի օրերին, Ստեփանակերտ

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Մարտին Ալոյանը, Հայաստան, 2025թ.
Մարտին Ալոյանը, Հայաստան, 2025թ.

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լենա Մաթեւոսյանը, Երեւան, 2025թ.
Լենա Մաթեւոսյանը, Երեւան, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուզան Խաչատրյանը, Երեւան, 2025թ.
Ռուզան Խաչատրյանը, Երեւան, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.
«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.
«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Լենա Մաթեւոսյանը, «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.
Լենա Մաթեւոսյանը, «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Շողեր Սարգսյանը, «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.
Շողեր Սարգսյանը, «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.
«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.
«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս


2025թ. նոյեմբերին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Երեւանում խաղաց իր «վերածննդի» ներկայացումը: 

 

Ալեքսանդր Մանասյանի հեղինակած «Արցախյան սիրո հեքիաթ»-ի հիմքով բեմադրության գերնպատակն էր մարդկանց նորից սովորեցնել ծիծաղել: Իրավիճակում, երբ մեզանից, առավել եւս՝ արցախցիներից շատերը, ցանկացած ժպիտ կամ երջանիկ լինելու փորձ համարում են «մեղք», առաջին հերթին՝ իրենք իրենց ներսում: 

 

Ներկայացման օրը դահլիճը լցրած ծիծաղը մոռացման չէր, առավել եւս՝ անտեսման: Այն ծնվել էր ցավից, վերքերը գոնե ինչ-որ կերպ կարկատելու փորձից, պայքարից, հիասթափությունից, հանձնվելուց, նորից փորձելուց ու գիտակցումից՝ դեռ ողջ ենք ու քանի «ենք», ինչ արած, ապրել է պետք: 

«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ. «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսի հետ զրույցում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը, դերասանուհիներ Լենա Մաթեւոսյանն ու Շողեր Սարգսյանը կիսվել են թատրոն գալու եւ Արցախից հեռանալուց հետո թատրոնը վերագտնելու ճանապարհով: 

 

Ստեփանակերտի թատրոնը. երեք ճանապարհ

 

Ռուզան Խաչատրյան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար

 

Միշտ իմացել եմ՝ ցանկանում եմ ռեժիսոր դառնալ (ժպտում է – հեղ.): Սա երազանք էր, որի իրականացման համար անընդհատ փնտրում էի ճանապարհներ: 2009թ.-ից Արցախում հաճախում էի թատերական ստուդիա, հետո նաեւ աշխատում թատրոնում՝ որպես դերասանուհի: Ստուդիայում երկու տարվա ուսումս ավարտելուց հետո տեղափոխվեցի Երեւան՝ ընդունվելով Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՝ Երվանդ Ղազանչյանի արվեստանոց: 

Ռուզան Խաչատրյանը, Երեւան, 2025թ. Ռուզան Խաչատրյանը, Երեւան, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս տարիները շատ կարեւոր էին ինձ համար ու չնայած՝ Երեւանում նույնպես ունեի մի շարք համագործակցություններ, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի հետ կապը միշտ պահում էի: Ավարտական դիպլոմային աշխատանքս որոշեցի բեմադրել հենց այնտեղ: Պրեմիերային ներկա էր Արցախի այդ շրջանի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, որն էլ որոշեց՝ նման մոտեցումը կարող է նոր շունչ լինել թատրոնի համար: Մեկ տարի անց՝ մագիստրատուրայի առաջին կուրսն ավարտելուց հետո, ինձ առաջարկեցին տեղափոխվել Ստեփանակերտի դրամատիկական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար: 

Երվանդ Ղազանչյանն ու Ռուզան Խաչատրյանը, Ստեփանակերտ, 2016թ. Երվանդ Ղազանչյանն ու Ռուզան Խաչատրյանը, Ստեփանակերտ, 2016թ.

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Սա շատ գեղեցիկ, միաժամանակ՝ ծանր պատասխանատվություն էր, որը կրկնապատկվում էր, քանի որ ընդամենը 24 տարեկան էի: Պատասխանելուց առաջ շատ երկար մտածեցի ու եկա եզրակացության՝ սա իմ պարտքն է, առաքելությունս: Արցախ վերադարձա 2016թ.-ին՝ Ապրիլյան պատերազմից երկու ամիս առաջ: 

 

Լենա Մաթեւոսյան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասանուհի

 

Ստեփանակերտի դրամատիկական թատրոն եկա 2016թ. սեպտեմբերին՝ Ռուզանի հրավերով: Սովորում էի Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Շուշիի կուրսում, ինչը նշանակում էր, որ դասերն անցկացվում էին Շուշիում՝ Երեւանից եկող եւ տեղացի մասնագետների կողմից: Առաջին անգամ բեմ բարձրացա 19 տարեկանում՝ «Աշխարհը Լոռվա ձորերում» ներկայացման մեջ խաղում էի Մարոյի կերպարը: 

Լենա Մաթեւոսյանը, Ստեփանակերտ, 2016թ. Լենա Մաթեւոսյանը, Ստեփանակերտ, 2016թ.

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Երբ խոսում եմ թատրոնի մասին, չեմ կարող չասել՝ Ռուզանի դերն իմ կյանքում շատ մեծ է: Մասնագիտական ողջ ճանապարհի ընթացքում նա ուղեկցել է ինձ մոր նման՝ ձեռքս բռնած (ժպտում է – հեղ.): Կարծում եմ՝ շատ հաջողակ ենք, որովհետեւ նրա միջոցով մեզ է փոխանցվել նաեւ իր վարպետների, օրինակ՝ Երվանդ Ղազանչյանի փորձը: Նույնիսկ թատրոնում խաղալով՝ չէի համարում, որ կայացած դերասանուհի եմ: Ամեն փորձին ձգտում էի սովորել ավելին, կլանել ամեն տեսածն ու լսածը: 

 

Շողեր Սարգսյան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասանուհի

 

Թատրոնում հայտնվել եմ բավականին ուշ եւ պատահաբար (ժպտում է – հեղ.): Մասնագիտությամբ լրագրող եմ: Հաճախում էի թատերական ստուդիա, որտեղ մի օր ինձ ասացին՝ պատերազմից հետո (2020թ.-ի – հեղ.) թատրոնում երիտասարդ դերասանների կարիք կա: Հետաքրքիր է, որ իմ առաջին աշխատանքային օրը թատրոնում համընկավ Ռուզանի վերջին աշխատանքային օրվա հետ: 

Շողեր Սարգսյանը, Երեւան, 2025թ. Շողեր Սարգսյանը, Երեւան, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուսների համեմատ, իմ փորձառությունը թատրոնում մի քիչ այլ է, որովհետեւ չունեմ մասնագիտական կրթություն եւ էլ ավելի մեծ պատասխանատվություն էի զգում: Ցանկանում էի հնարավորինս արագ սովորել, չսխալվել, արժանի լինել այդ բեմին: 

 

Հետպատերազմն ու լույսը, որ մարել էր ներսում

 

Ռուզան Խաչատրյան 

 

2021թ.-ի փետրվարի 1-ին անձնական որոշմամբ դադարեցրի աշխատանքս Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում: Կարծում էի՝ առաքելությունս ավարտված է, որովհետեւ իսկապես չէի հավատում, որ նախկին կյանքը հնարավոր է: Իսկ ինքս ինձ երբեք չեմ խաբել: Շատ ծանր կայացրած որոշում էր, երեւի, ամենադժվարն իմ կյանքում: Հեռանում էի ոչ միայն թատրոնից, այլեւ՝ Արցախից: 

Ռուզան Խաչատրյանը, Ստեփանակերտ Ռուզան Խաչատրյանը, Ստեփանակերտ

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Հիշում եմ՝ այդ շրջանում շատ անկեղծ զրույցներ եմ ունեցել մտերիմ մարդկանց հետ ու բացատրել՝ այլեւս չեմ հավատում թատրոնի առաքելությանը, որովհետեւ չեմ հավատում Արցախի խաղաղ կյանքին: Ներսս փլված էր այն աստիճան, որ իսկապես ոչինչ անել չէի կարող: Միշտ մտածում էի՝ ղեկավարը պետք է հույս լինի, փարոս, որ կտանի մյուսներին իր հետեւից: Հավատում էի, որ այս մոլորակի վրա մենք երկիր ունենք ու այդ երկիրը, դրա փխրուն խաղաղությունը պահելու համար՝ բոլորս անելիք: 2020թ.-ից հետո ներսումս էլ ոչ մի հույս չկար, մարել էր ամբողջ լույսը: Խաբել չէի կարող ո՛չ ինքս ինձ, ո՛չ մյուսներին: Հեռանալու որոշումը շատ ծանր էր, բայց՝ ազնիվ: 

 

«Մարտին ձյաձյայի» մուրաբան ու վերջին թեյը Ստեփանակերտի հրապարակում

 

Շողեր Սարգսյան

 

Այդ տարիներին Ռուզանի լույսի եւ զարկերակի բացակայությունն իսկապես շատ էր զգացվում: Դրանք, իհարկե, թատրոնի եւ Արցախի պատմության մեջ ամենափառահեղ տարիները չէին: Ինչ-որ բան անելու մեր փորձերն, ասես, պատրանք լինեին՝ Արցախում եղած նախկին կյանքի ուրվական: Հետո բլոկադան էր. ցուրտ էր, տխուր: Ինձ թվում է՝ այդ ընթացքում ես դեռ ունեի հույսի ինչ-որ նշույլ, կամ, երեւի, չէի ուզում հավատալ իրականությանը: Մտածում էի՝ աշխատելս պայքարի ձեւ է, բլոկադայի ժամանակ ինձ տնից հանում, ոտքով տանում էի թատրոն: Թատրոնից 25 րոպե ոտքով քայլելու հեռավորության վրա էի ապրում, բայց թվում էր՝ այդ ճանապարհն անցնելը մի անհաղթահարելի մարտահրավեր է: Հիմա շատ զավեշտալի է հնչում (ժպտում է – հեղ.):  Ի՞նչ է 25 րոպեն, երբ ունես տուն եւ ՏՆԻՑ աշխատանքի գնալու հնարավորություն: 

Թատրոնի անձնակազմը բլոկադայի օրերին, Ստեփանակերտ Թատրոնի անձնակազմը բլոկադայի օրերին, Ստեփանակերտ

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Թատրոնում ցուրտ էր՝ ամեն ինչ կախված հոսանքազրկման գրաֆիկից: Փորձում էինք բեմադրել մանկական ներկայացումներ, օրինակ՝ «Մատնաչափիկը»: Բավականին շատ հանդիսատես էր գալիս: Մտածում էինք՝ «մենք մի կողմ, մարդիկ, երեխաները ո՞նց պետք է հասնեն թատրոն ու հետո՝ տուն»: 

 

Ծանր շրջան էր, բայց ջերմ հիշողություններ էլ կան: Մեր ավագ սերնդի դերասանները շատ հոգատար էին երիտասարդների հանդեպ: Բոլոր գործընկերներս գիտեին՝ չափազանց քաղցրակեր եմ. մարդիկ առանց ծխախոտ չէին դիմանում, ես՝ առանց քաղցր (ժպտում է – հեղ.): Տեսնելով «ծանր վիճակս»՝ մի օր մեր Մարտին ձյաձյան՝ դերասաններից Մարտին Ալոյանը, ինձ համար բերեց իրենց մառանի վերջին մոշով մուրաբան: Բացի այդ, ամեն առավոտ երկու հաց ստանալու համար երկա՜ր հերթ էր կանգնում, մեկը տուն տանում, մյուսը՝ բերում թատրոն: Ուղիղ մի շաբաթ թատրոն էի գնում ու համով նախաճաշում Մարտին ձյաձյայենց մոշի մուրաբայով ու իր բերած հացով: Հիշում եմ՝ վերջանալուց հետո շատ նեղսրտած ինձ ասաց՝ «Շողեր ջան, կներես, տանն էլ մուրաբա չկա»: Դե, իհարկե, չկար, եղած վերջինը ես էի կերել (ծիծաղում է – հեղ.)

Մարտին Ալոյանը, Հայաստան, 2025թ. Մարտին Ալոյանը, Հայաստան, 2025թ.

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Ստեփանակերտից վերջին հիշողությունս նույնպես իր հետ է կապված: Արցախից դուրս էինք գալիս ու 10 ժամից ավելի կանգնած էինք հրապարակի մոտ. խցանում էր, սարսափելի խառնաշփոթ: Մարտին ձյաձյան, որ մոտակայքում էր ապրում, նկատեց մեր մեքենան եւ սկսեց համոզել, որ ժամանակավոր իր տուն գնանք: Իմ ընտանիքը մեծ է՝ 11 հոգի, ո՞վ գնա, ո՞վ մնա մեքենայում: Շնորհակալություն հայտնեցինք, բայց հրաժարվեցինք: Մեկ էլ տեսնենք՝ Մարտին ձյաձյան տաք թեյնիկ է իջեցրել ու արագ-արագ թեյ է հյուրասիրում մեզ, կողքի մեքենաներին: 

 

Ստեփանակերտում խմած վերջին թեյն էր, որում անսահման հոգատարություն ու ջերմություն կար: 

 

Երազն իրականացավ, բայց՝ առանց Արցախի

 

Լենա Մաթեւոսյան

 

2020թ.-ից հետո բոլորիս սովորական կյանքն ամբողջությամբ փլվեց: Փոխվել էր երկիրը, նույնը չէին մարդիկ, սիրելի աշխատանքը: Չնայած՝ շարունակում էի խաղալ թատրոնում, ունեի զգացողություն, թե վերջ՝ այսքանն էր, կյանքիս լավագույն շրջանն ավարտվել է: Երազում անընդհատ տեսնում էի, որ հավաքվել ենք թատրոնի նախկին կազմով, նոր ներկայացումներ ենք բեմադրում: Բայց արթնանում էի ու սկսում ինձ համոզել՝ այսպես չի կարելի. կյանքը փոխվել է, սա պետք է ընդունել ու ինչ-որ կերպ հարմարվել:

 

Արցախում խաղացածս վերջին ներկայացումը մանկական «Մատնաչափիկ»-ն էր: Չէր փրկում նույնիսկ այն, որ դահլիճում ամենալուսավոր մարդիկ էին՝ երեխաները. շատ հուսահատ էի: Ներկայացումից հետո գնացի ֆիզարձակուրդ: 

Լենա Մաթեւոսյանը, Երեւան, 2025թ. Լենա Մաթեւոսյանը, Երեւան, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո տեղահանումն էր: Ինձ համար թատրոնը երբեք չի եղել պարզապես աշխատանք, դա իմ էությունն է, ապրելու ձեւը, այնպես որ, որոշ ժամանակ անց սկսեցի պարբերաբար գրել Ռուզանին. միշտ պահում էի հույսը, որ նա մեզ նորից կհավաքի (ժպտում է – հեղ.)

 

Հիմա, երբ նրա գլխավորությամբ խաղացինք առաջին ներկայացումն արդեն Երեւանում, տեսածս երազն, ասես, իրականացած լինի: Տպավորություն է, որ կարողացել ենք վերադառնալ անցյալ. մեր նույն խումբն է, նույն զգացողությունները, նույն ներկայացումը, որ խաղացել ենք Ստեփանակերտում. միայն Արցախը չկա:  

 

Տեղահանումից հետո 

 

Ռուզան Խաչատրյան 

 

2021թ.-ին Երեւան տեղափոխվելուց հետո համագործակցության առաջարկներ ստացա միանգամից մի քանի թատրոնից: Անդադար աշխատում էի, բեմադրում ներկայացումներ. ոլորտի ընկերներս, հարազատ մարդիկ թույլ չտվեցին, որ հուսահատությունը կլանի ինձ: Սա փրկություն էր: Հետո Արցախի տեղահանումն էր: 

 

Ստեփանակերտի թատրոնի ողջ կազմը եւս եկավ Հայաստան, եւ սկսվեցին քննարկումները, որ այն պետք է պահպանել: 

Ռուզան Խաչատրյանը, Երեւան, 2025թ. Ռուզան Խաչատրյանը, Երեւան, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Որեւէ կերպ չէի միջամտում դրանց, որովհետեւ նախ պատրաստ չէի ստանձնել այդ պատասխանատվությունը, բացի այդ՝ չէի ցանկանում «մոտ գալ» թատրոնին: 2021թ.-ին կայացրել էի հեռանալու որոշում եւ ինձ համար չափազանց կարեւոր էր, որ չստեղծվի տպավորություն, թե դժվար փուլում թողել եմ թատրոնն, իսկ հիմա՝ կրկին որոշել գլխավորել: Սա այնքան հեռու էր իրականությունից: 

 

Այնուամենայնիվ, պարբերաբար ստանում էի առաջարկ, այդ թվում՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանից, որն ի վերջո ասաց՝ «Ռուզի՛կ ջան, անել է պետք»: Ամեն անգամ խուսափում էի, բայց 2025թ.-ի ամռանն այլեւս «փախնելու» տեղ չունեի (ժպտում է – հեղ.)

«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ. «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարոն Ղազանչյանի հետ միաժամանակ Մոսկվայում էինք, նա կապվեց ինձ հետ եւ ասաց, որ «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը պատրաստ է աջակցել թատրոնին: Մոսկվայում պետք էր հանդիպել դրա ղեկավար Յուրի Նավոյանի հետ: Հիշում եմ՝ սկսեցի ասել, որ քաղաքին ծանոթ չեմ, նշանակված տեղը չեմ կարողանա հասնել... բայց ընդհատեց՝ «գալիս եմ քո հետեւից»: Հանդիպման ժամանակ պարոն Նավոյանը հայտնեց, որ պատրաստ են աջակցել թատրոնին. «վերադարձեք Երեւան եւ սկսեք»: 

 

Այդ օրը, Մոսկվայի հյուրանոցի համարում միայնակ մնալով, մտածում էի՝ սա է, առաքելությունս դեռ չի ավարտվել ու դրանից այլեւս չես «փախչի»: Պետք է կրել այս պատասխանատվությունը: 

«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ. «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսպես, շնորհիվ Հայաստանի թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանի եւ «Դիալոգ» կազմակերպության հիմնադիր ղեկավար Յուրի Նավոյանի, Երեւանում սկսեց գործել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան 95-ամյա դրամատիկական թատրոնը: 

 

Լենա Մաթեւոսյան 

 

2025թ.-ի նոր տարին էր: Մի թուղթ վերցրեցի՝ որոշելով վրան գրել մի քանի երազանք: Դրանցից մեկն այսպես էր հնչում՝ «թող այս տարի ծառայեմ իմ առաքելությանը»: Ստացվեց այնպես, որ տարին դեռ չավարտված երազանքն արդեն իրականացել է, նորից բեմում եմ (ժպտում է – հեղ.): 

Լենա Մաթեւոսյանը, «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ. Լենա Մաթեւոսյանը, «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ Ռուզանը գրեց, որ թատրոնը վերադառնում է, վերսկսվում են մեր փորձերն ու ներկայացումները, պարզապես օդերում էի: Թվում էր՝ վերագտել եմ իմ ճիշտ տեղն այս աշխարհում: Զգացածս շատ դժվար է բառերի վերածել:  

 

Շողեր Սարգսյան

 

Տեղահանությունից ընդամենը մեկ ամիս անց թատրոնի այդ շրջանի կազմով հյուրախաղերի էի մեկնել Միացյալ Նահանգներ: Արցախից հեռացել էի բոլորից շատ նեղացած, առաջին հերթին՝ ինքս ինձնից, մեզնից, աշխարհից: Այս հյուրախաղերն ինձ համար շատ կարեւոր էին, որովհետեւ դրանց ընթացքում հանդիպեցի ապրումակցող, Արցախով ապրող մարդկանց: Վերադարձից հետո թատրոնը նորից միավորելու, բեմադրություններ անելու մի քանի փորձ եղավ, բայց՝ ապարդյուն: Ծանր շրջան էր: Դերասանն աշխատում է հույզերի, ապրումների հետ, իսկ բոլորիս հուզական վիճակն այդ ընթացքում շատ անկայուն էր: 

Շողեր Սարգսյանը, «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ. Շողեր Սարգսյանը, «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի օր էլ ինձ զանգահարեց Ռուզանն ու հրավիրեց խաղալ «Արեւի մարդիկ» ներկայացման մեջ, որը բեմադրում էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Տեքստին առաջին անգամ ծանոթանալուց հետո անչափ սիրեցի ներկայացումը: Ամեն օր ուզում էի փորձի գնալ, որ նորից ու նորից կարդամ: «Արեւի մարդիկ» ներկայացումն այդ շրջանի իմ լավագույն թերապիան էր: 

 

«Արցախյան սիրո հեքիաթ»-ն ու «հանուն»-ը, որ կա թատրոնի շնորհիվ

 

Ռուզան Խաչատրյան 

 

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի վերածննդի առաջին ներկայացման համար քննարկում էինք մի քանի տարբերակ, բայց զգում էի՝ բացումը պետք է անել արցախյան բարբառով գրված «Արցախյան սիրո հեքիաթ»-ով: 

44-օրյա պատերազմից առաջ սա մեր վերջին բեմադրած ներկայացումն էր Արցախում. վերջին ներկայացումը՝ խաղաղ, «նախկին» կյանքում: 

«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ. «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն ժամանակ Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործությունը բեմադրելը մեր դերասաններից Մարատ Դավթյանի մտահղացումն էր: Ներկայացումը շատ էր սիրվել Ստեփանակերտում: Լավ հիշում էի՝ ինչպես էին մարդիկ անհոգ ծիծաղում դահլիճում: Հենց այս ծիծաղը դարձավ վճռորոշ, քանի որ հասկացա՝ ցանկանում եմ այն «բերել» Երեւան: Կյանքն էլ երբեք նույնը չի լինի: Կան մարդիկ, որ չեն հասկանում արցախցիների ապրումները, մյուսները՝ լիարժեք կիսում ցավը: Այս ամենից վերականգնվելը չափազանց բարդ է, բայց պետք է փորձել: Իմ երազանքն էր, որ մարդիկ գան մեր առաջին ներկայացմանն ու պարզապես կարողանան, նորից սովորեն ծիծաղել՝ առանց մտածելու, վերլուծելու, եզրակացություններ անելու: 

 

Նույնը դերասանների դեպքում էր. նրանց պետք էր ներկայացում, որը կվերադարձներ կյանք, կապրեցներ, թերապեւտիկ կլիներ: «Արցախյան սիրո հեքիաթը» լավագույն ընտրությունն էր եւ «աշխատեց» թե՛ դերասանների, թե՛ հանդիսատեսի դեպքում: Պրիեմիերայի օրը վերեւից հետեւում էի դահլիճին ու ջերմանում ամեն ծիծաղից: 

«Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ. «Արցախյան սիրո հեքիաթ»-ի պրեմիերան Երեւանում, 2025թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր թատրոնի հետ կապված մի հետաքրքիր զուգադիպություն եմ նկատել: 1932թ.-ին, երբ այն հիմնադրվեց, Արցախն էլի Ադրբեջանի կազմում էր, իսկ թատրոնը դարձել էր լեզվի եւ ինքնության պահպանման ամենակարեւոր օջախը: Հիմա եւս ունենք նման առաքելություն: Ստեփանակերտի թատրոնը Երեւանում վերականգնելը մեզ համար պարզապես կառույց պահել չէ, ապրելու ձեւ է, հույսը չկորցնելու տարբերակ: 

 

Մի բան, որ վերադարձի ժամանակ բռնելու ենք ու տանենք հետներս: Թատրոնի շնորհիվ կա մեր «հանուն»-ը: 

 

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի «Արցախյան սիրո հեքիաթ» ներկայացումը հնարավոր է դիտել 2026 թ. հունվարի 20-ին եւ փետրվարի 6-ին՝ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվ. ազգային տիկնիկային թատրոնում: 

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին