15 տարվա սպասում. փոքրիկ Ալբերտինան պատերազմից չվերադարձած հայրիկին է նման - Mediamax.am

Դեկտեմբեր 08, 2025
exclusive
88 դիտում

15 տարվա սպասում. փոքրիկ Ալբերտինան պատերազմից չվերադարձած հայրիկին է նման


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Իրեն միշտ Ալբերտի դիմագծերով եմ պատկերացրել, իսկ հիմա նայում եմ ու տեսնում՝ իմ պատկերացրածից էլ ավելի շատ է նման հայրիկին»,- մի քանի օրական Ալբերտինային նայելիս ասում է Լուսինե Խաչատրյանը: Նրա ամուսինը՝ Ալբերտ Ավետիսյանը, արցախյան պատերազմների մասնակից է, որը 2023թ. սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո անհայտ բացակայող է ճանաչվել:  

 

Լուսինեն ու Ալբերտը շատ երկար են սպասել երեխայի ծննդին: Տարիներով բուժումներ անցնելուց հետո որոշել էին դիմել արտամարմնային բեղմնավորմամբ երեխա ունենալու եղանակին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի շարք բարդություններ հաղթահարելուց հետո, երբ սաղմիկներն արդեն պատրաստ էին եւ զույգն Արցախից պիտի Երեւան գար տեղադրման համար, Ադրբեջանը փակեց Արցախի կյանքի ճանապարհը եւ սկսվեց 9-ամյսա շրջափակումը: Ադրբեջանի հարձակումից ու Արցախի հայաթափման ողբերգությունից հետո Լուսինեն ստիպված էր միայնակ շարունակել պայքարը: Բայց հիմա նաեւ այլեւս միայնակ չէ: 

 

Երեխայի սպասումով 

 

Ալբերտ Ավետիսյանն ու Լուսինե Խաչատրյանն ամուսնացել են 2010 թվականին եւ ապրել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում: Ամուսնությունից մեկ տարի անց տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ 5 տարի ապրելուց հետո հայրենիք վերադառնալու որոշում են կայացրել: 

 

«Երեխա չէինք ունենում: Որոշեցինք գալ Հայաստան ու այստեղ բուժում սկսել: Երկար տարիներ այդ բժշկական հարցերի մեջ էինք»,- հիշում է Լուսինեն: 

 

2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսվելուն պես Ալբերտը որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ: Լուսինեն ու Ալբերտի մայրը գյուղի իրենց տան նկուղում են պատսպարվել մինչեւ հոկտեմբերի 7-ը, որից հետո, երբ գյուղում գրեթե ոչ ոք չէր մնացել, իրենք եւս ստիպված տեղահանվել են: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմի ավարտից հետո դեռ մեկ ամիս Ալբերտը ծառայության մեջ էր, բայց Լուսինեն նրա համար հանգիստ էր: «Ես զգացողություն ունեի, որ ինքն իրեն պաշտպանում է»: 

 

Ալբերտի՝ պատերազմից վերադառնալուց հետո զույգը սկսել է մտածել արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ/ЭКО) ճանապարհով երեխա ունենալու մասին: Արդեն ամեն քայլի դիմել էին, բժիշկները եւս ասում էին, որ այդ է միակ տարբերակը:

 

«Ընտանիքում երեխա չունենալը խնդիր չէր. մենք շատ երջանիկ էինք ապրում: Բայց ես տեսնում էի, թե Ալբերտը որքան է երեխաներ սիրում, ու ինքս էի այդ թեմայով սկսում խոսում: Նա էլ, երբեմն, ինձանից նեղանում էր, մտածում էր, թե առանց երեխայի իր հետ երջանիկ չեմ, ես էլ պնդում էի, որ մեկը մյուսի հետ կապ չունի»,- պատմում է Լուսինեն: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո դեմքին ծիծաղ է հայտնվում. «Երբեմն կատակում էր, ասում էր՝ քեզ զոռով եմ պահում, երեխային ո՞նց պիտի պահեմ»: 

 

Շարունակական խոչընդոտներ

 

Արցախում զույգին ուղղորդում են Երեւանի «Ֆերթիլիթի Սենթր» պտղաբերության կենտրոն: 2021 թվականից Լուսինեն ու Ալբերտը սկսում են բարդ ճանապարհը: 

 

«Խնդիրները շատ էին, երկու տարի գնում-գալիս էինք: Բայց, ի վերջո, լավ արդյունք ունեցանք. 8 սաղմիկները պատրաստ էին, պետք է գնայինք տեղադրելու, բայց նոր առողջական խնդիրներ ի հայտ եկան, տեղադրումը ստիպված հետաձգեցինք»,- հիշում է Լուսինեն: 

 

2022 թվականի դեկտեմբերի 8-ին Լուսինեն ու Ալբերտը պատրասվում էին ուղեւորվել Երեւան՝ սաղմիկները վերջապես տեղադրելու համար, բայց նորից չի ստացվում: Այդ օրը համընկել էր Լուսինեի աշխատավայրում պատասխանատու շրջանի հետ: Դպրոցում, որտեղ նա տարրական դասարանի դասվար էր, պետք է ստուգումներ սկսեին. 

 

«Չէի ուզում այդ պատասխանատու օրերին թողնել դպրոցը: Որոշեցի, որ կմնամ, ստուգումները կավարտվեն, նոր կգնանք: Ստուգումները վերջացան՝ սկսվեց բլոկադան: Այդ օրերին էլ շատ էինք տանը քննարկում, որ գուցե ես պետք է գնամ Կարմիր Խաչում գրանցվեմ ու մեկնեմ Երեւան: Բայց ես էլ չէի ուզում իրեն միայնակ թողնել, վախենում էի, որ եթե գնամ, գուցե երկար ժամանակ չկարողանամ վերադառնալ: Ալբերտն անընդհատ պնդում էր, բայց ես չէի համաձայնում, գիտեի, որ սաղմիկները կարելի է երկար ժամանակ պահել, խնդիր չի առաջանա»,- հիշում է Լուսինեն: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Արցախի 9-ամսյա շրջափակմանը հաջորդեց ողբերգական պատերազմը: Ալբերտն ու Լուսինեի հորաքրոջ որդին՝ Մարատը, չվերադարձան: 

 

Երկար սպասված ավետիսը

 

2023 թվականի արցախահայության բռնի տեղահանությունից հետո Լուսինեն անդադար մտածում էր, որ երեխան անպայման պետք է ծնվի, բայց ծանր հոգեվիճակը ստիպում էր հետաձգել սաղմիկի տեղադրումը: 

 

«2024 թվականին առաջին փորձն արեցի, հետո բժիշկները հասկացան, որ պտուղը չի աճում, ընդհատեցին: Նորից բուժումներ անցա, 2025 թվականի մարտին նորից փորձեցինք ու այս անգամ ստացվեց: Որոշակի խնդիրներ ընթացքում եղան, բայց բժիշկների հսկողությամբ լուծվում էին: Անչափ շնորհակալ եմ իմ բժիշկներ Անուշ Աբրահամյանին ու Կարեն Ջուլհակյանին»,- ասում է Լուսինեն ու հավելում, որ դեռ չորս սաղմիկ էլ պահպանվում է: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Տան սենյակը պատրաստ է փոքրիկ Ալբերտինային դիմավորելուն: Լուսինեն նախապես գեղեցիկ դասավորել է դստեր հագուստը, խաղալիքները: 

 

«Երեխայի համար ամեն ինչ տրամադրել է «Հայորդի» հիմնադրամը: Ես մտածում էի, որ երեխայի ծնունդից հետո դիմեմ նրանց, սակայն հղիության փուլում իրենք ինձ գտան: Երբ խանութում մի բան էի հավանում ու ուզում գնել, հիշում էի, որ ամեն ինչ արդեն կա»,- ժպիտով ասում է Լուսինեն: 

 

Հարցեր ու անարդյունք փնտրտուք

 

Երեխայի ծնունդը մեծ երջանկություն է Լուսինեի համար, բայց մյուս կողմից սրտի թախիծը ոչ մի տեղ չի հեռանում: «Կցանկանայի, որ առաջինն Ալբերտը տեսներ իր երեխուն, ինքն ինձ ծաղիկներ նվիրեր»:

Լուսանկարը` Մեդիամաքս

2023 թվականի երկօրյա պատերազմը Լուսինեին միայն հարցեր է թողել Ալբերտի ու Մարատի մասին: Այս հարցերի պատասխանները նրան ու իրենց՝ անհայտ բացակայող ճանաչված հարազատների ճակատագրերը պարզել ցանկացող մի շարք մարդկանց ոչ ոք չի տալիս:

 

«Այս երկու տարվա ընթացքում չի մնացել այնպիսի կառույց, որին դիմած չլինեմ: Ամեն ինչ անարդյունք է: Զգում եմ կառավարության անտարբերությունն այս հարցի շուրջ. կարող էր լինել, որ ջանք գործադրեին, բայց չկարողանային արդյունքի հասնել, սակայն մենք այդ ջանքը չենք տեսնում»,- ասում է Լուսինեն: 

 

Հիշողություն նրանց համար, որ դեռ գալու են

 

Լուսինեն հույսը չի կորցնում, որ ամուսնուն մի օր նորից կտեսնի, սակայն հակառակ դեպքում փոքրիկ Ալբերտինային անպայման ամեն ինչ կպատմի հայրիկի մասին, որ դուստրը նրան ճանաչի: 

 

«Իր մասին բոլոր հիշողություններն էլ ջերմ են, ամեն րոպեն երջանիկ էր: Ամեն օրվա համար մի բան մտածում էր, որ այդ օրը սովորական չանցնի»,- հիշում է Լուսինեն: 

Լուսանկարը` Մեդիամաքս

2020 թվականից հետո Ալբերտը շատ հիասթափված էր: Հաճախ էր պատմում Լուսինեին, որ խաբված էին: 

 

«Պատմում էր, որ իրենք 44-օրյա պատերազմի ժամանակ տեսնում էին՝ ադրբեջանցիներ են մոտենում, այդ մասին զեկուցում էին, բայց իրենց պատասխանում էին՝ հայեր են, նահանջեք: Գիտակցում էր, որ խաբված են, շատ բաներ այլեւս իրենց ձեռքում չեն, ու անգամ եթե ամբողջ գնով պայքարեն, այդ պատերազմը հաղթել չեն կարող: Բայց 2020-ի պարտությունից հետո էլ չդադարեց պայքարել: Հայրենասիրությունը մեջը եռում էր, հաճախ նաեւ մեղադրում էր այն տղամարդկանց, որ հանձնվել են, չեն պատրաստվում զենք վերցնել ու պաշտպանել իրենց ընտանիքները»,- հիշում է Լուսինեն: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշողության այս դրվագների կարիքն ունի ոչ միայն փոքրիկ Ալբերտինան, այլեւ յուրաքանչյուրս: Նման պատմությունները հիշեցնում են, որ անկախ դավաճանությունից, անկախ նրանից, թե մյուսներն ինչ են անում, մենք պիտի շարունակենք պահել մեզ բաժին հասած առաջնագիծը, որովհետեւ իրականում ապրելը հենց այն պահի մեջ է, երբ մարդը «միայնակ կանգնելով երկնքի առաջ կայացնում է որոշում կյանքի ու մահվան միջեւ»: Հենց այդ որոշումներից է հյուսվում այն իրականությունը, որում նոր կյանքի ծնունդը կլինի հնարավոր, որտեղ մանկան անմեղ ծիծաղը կցրի սիրտը պատած մառախուղը՝ ինձ ու քեզ համար, եւ նաեւ նրանց համար, որ դեռ գալու են: 

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին