Որոշիչը օգնելու ցանկությունն է. «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը փոխում է երեխաների կյանքը - Mediamax.am

Սեպտեմբեր 26, 2025
exclusive
179 դիտում

Որոշիչը օգնելու ցանկությունն է. «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը փոխում է երեխաների կյանքը


Ելենա Հակոբյանը
Ելենա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Շտապիր դեպի բարին»

Ելենա Հակոբյանը
Ելենա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Հակոբյանը
Ելենա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Շտապիր դեպի բարին»

Ելենա Հակոբյանը
Ելենա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Հակոբյանը
Ելենա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավելի քան մեկ տարի առաջ Yandex Armenia-ն մեկնարկել է «Օգնենք միասին» նախագիծը, որը միավորում է բարեգործական կազմակերպություններին աջակցելու անհատների եւ ընկերությունների ջանքերը: Այս ընթացքում Yandex Go-ի օգտատերերը կատարել են ավելի քան 250 հազար պատվեր՝ նվիրատվություններով: Արդյունքում հիմնադրամները ստացել են 25.4 միլիոն դրամ, որն օգտագործվել է հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին օգնելու համար:

 

Ծրագրի շահառուներից մեկը «Շտապիր դեպի բարին» հիմնադրամն է, որի նպատակն է աջակցել հայ երեխաներին Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Ավելի քան 10 տարի հիմնադրամը օգնություն է ցուցաբերում կրթության, առողջապահության, սոցիալական եւ հոգեբանական բարեկեցության ոլորտներում:

 

Մեդիամաքսի հետ զրույցում հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանը խոսել է անցած ուղու, Yandex Armenia-ի հետ համագործակցության եւ բարեգործության հայեցակարգի մասին, որտեղ որոշիչ գործոնը օգնելու ցանկությունն է:

 

 «Պարզապես ուզում էի օգտակար լինել»

 

Մենք տեղափոխվեցինք Մոսկվա, երբ 10 տարեկան էի։ Այնտեղ ավարտեցի դպրոցն ու համալսարանը եւ հաճախ այցելում էի տեղի հայկական եկեղեցին։ Այնտեղ իմացա մի դեպքի մասին, որը մեծապես ազդեց իմ ապագա գործունեության վրա։ 2007 թվականին, երբ 18 տարեկան էի, ինձ պատմեցին, որ տեղի որբանոցում մի հայ աղջիկ կա, որը բժշկական օգնության կարիք ունի։ Սկզբում ինձ համար անհավատալի էր, որ հայ ընտանիքը կարող է լքել երեխային։ Գնացի որբանոց, եւ, ցավոք, իրականություն էր։ Աղջիկը չորս տարեկան էր, եւ ես սիրահարվեցի նրան առաջին իսկ հանդիպումից։ Մենք, ըստ էության, հաջորդ երեք կամ չորս տարիները միասին անցկացրինք՝ հոգ տանելով նրա առողջության մասին։ 

Ելենա Հակոբյանը Ելենա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ ժամանակ իմ շուրջը թիմ ձեւավորվեց՝ ընկերներ, ընկերների ընկերներ։ Միասին փորձում էինք օգնել նրան։ Հետո աղջկան որդեգրեցին, եւ ես կորցրեցի կապը նրա հետ, քանի որ նոր ծնողները դեմ էին, որ նա շփվի որեւէ մեկի հետ «անցյալ կյանքից»։ Շատ դժվար ժամանակներ էին ինձ համար։ Շատ էի տանջվում, եւ մի քանի ամիս անց հասկացա, որ պարզապես չեմ կարող ապրել առանց օգնելու։ Դա իմ մի մասն էր դարձել։ Ջուր խմելուց չենք մտածում չէ՞։ Այստեղ էլ նույնն էր՝ պարզապես ուզում էի օգտակար լինել։

 

Սոցիալական ցանցերի միջոցով սկսեցի գտնել բժշկական օգնության կարիք ունեցող երեխաներին, կապվել ընտանիքների եւ բժիշկների հետ, եւ ժամանակի ընթացքում այս «ցանցը» մեծանում էր։ Սկսեցի համագործակցել «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի հետ, իսկ 2017 թվականին ինձ առաջարկեցին ստանձնել հիմնադրամի նախագահի պաշտոնը։

 

2020 թվականի պատերազմից հետո հաճախ էի թռչում Երեւան՝ մոտ երկու շաբաթը մեկ, եւ ինչ-որ պահի հասկացա, որ այստեղ ավելի կարեւոր եմ։ Հայաստան տեղափոխվելը միշտ երազանք էր ինձ համար։ Եվ հիմա այն իրականացել է (ժպտում է - խմբ.):

 

Հիմնադրամն այսօր

 

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամը միշտ օգնել է հայ երեխաներին՝ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։ Իհարկե, փորձել ենք հնարավորինս օգնել այլ ազգությունների երեխաներին։

 

Այսօր հիմնադրամն աշխատում է երեխաների հետ, որոնք բժշկական օգնության, դեղորայքի կամ թերապիայի կարիք ունեն՝ հիմնականում ոչ ուռուցքաբանական հիվանդությունների համար։ Ուռուցքաբանական դեպքերի հետ աշխատում են մասնագիտացված հիմնադրամները։

 

Բժշկական օգնությունը մեր աշխատանքի ամենակարեւոր մասն է, բայց ունենք նաեւ այլ նախագծեր։ Մեր սիրելիներից մեկն է Ամանորի նախագիծը։ Ամեն աշուն սկսում ենք ճանապարհորդել դեպի Հայաստանի հեռավոր սահմանամերձ գյուղեր, այցելելով դպրոցներ, որտեղ երեխաները նամակներ են գրում Ձմեռ պապիկին եւ կիսվում իրենց ցանկություններով ու երազանքներով։ Մենք՝ որպես նրա օգնականներ (ժպտում է - խմբ.), հավաքում ենք այդ նամակները եւ փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում կատարել յուրաքանչյուր երեխայի ցանկությունը։ Երբեմն երեխաները երազում են իրենց ծնողների վերադարձի մասին։ Այդ դեպքում մենք, դժբախտաբար, անզոր ենք։ Ոմանք պարզապես երազում են տաք հագուստի մասին՝ դպրոց գնալու համար։ Երբեմն երեխան գրում է. «Ինձ ոչինչ պետք չէ, բայց քույրիկիս...»։ Երբ կարդում ես այդպիսի նամակներ, ուզում ես երեխային ողջ աշխարհը նվիրել։ Միջին հաշվով, ամեն տարի իրականացնում ենք 500-600 երեխայի երազանքները։

Լուսանկարը` «Շտապիր դեպի բարին»

Հիմնադրամը նաեւ իրականացնում է լրացուցիչ կրթության ոլորտում նախագծեր։ Օրինակ՝ Ազատան գյուղում մի շենք վերանորոգեցինք եւ այն կրթական կենտրոնի վերածեցինք։ Երեխաները դպրոցից հետո այնտեղ են գալիս, սովորում են կարել, պատմություն են ուսումնասիրում, առաջին բուժօգնության դասեր ստանում։ Այսօր այդ կենտրոն են հաճախում երեխաներ 13 մոտակա գյուղերից։

 

Այս բոլոր նախագծերում միայնակ չենք՝ մեզ օգնում են շատ մարդիկ, այդ թվում՝ Yandex Armenia-ի «Օգնենք միասին» ծրագրի միջոցով։

 

«Օգնենք միասին»

 

Մեզ համար մեծ պատիվ է Yandex Armenia-ի «Օգնենք միասին» ծրագրի մասնակից լինել։ Այս ծրագրում ընդգրկված են միայն այն հիմնադրամները, որոնք համապատասխանում են խիստ չափանիշների եւ վստահելի են։ Ինձ համար դրան մասնակցելը նման է վստահության վկայականի, եւ դա աներեւակայելի արժեքավոր է։ 

Ելենա Հակոբյանը Ելենա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Օգնենք միասին» ծրագրի միջոցով ստացված միջոցները ուղղորդում ենք այն ծրագրերին, որոնց յուրահատուկ բնույթի պատճառով հաճախ դժկամությամբ են միջոցներ նվիրաբերում։ Օրինակ, մեր հիմնադրամի շահառուների թվում է «Քայլ առաջ» կենտրոնը, որը ամեն ամիս օգնում է աուտիզմով մոտ 120 երեխաների։ Որպեսզի այն գոյություն ունենա եւ անվճար թերապիա տրամադրի երեխաներին, անհրաժեշտ է վճարել մասնագետներին։

 

Հաճախ հեշտ է բացատրել մարդկանց, ովքեր ցանկանում են օգնել, որ երեխային անհրաժեշտ է հատուկ սարքավորում պարապմունքների համար։ Շատ ավելի դժվար է փոխանցել այն միտքը, որ մասնագետը, որն ամեն օր աշխատում է երեխաների հետ, պետք է վարձատրվի։ Նա նույնպես իր կյանքն ունի. ընտանիք, երեխաներ եւ միայն էնտուզիազմով երկար աշխատել չի կարողանա։ Այս նախաձեռնությունը ֆինանսավորելու համար օգտագործում ենք «Օգնենք միասին» ծրագրի միջոցով հավաքագրված միջոցները։

 

Բացի այդ, Yandex Go-ն մեզ ամեն ամիս անվճար ուղեւորություններ է տրամադրում։ Այս օգնությունը անչափ կարեւոր է, քանի որ երեխաների եւ նրանց ծնողների համար դժվար է լինում թերապեւտիկ կենտրոններ կամ դպրոցներ հասնել հասարակական տրանսպորտով։

 

Ցավոք, Հայաստանը դեռեւս աճելու տեղ ունի ներառականության առումով։ Կարծում եմ, որ հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց հետ շփվելու ձեւերի ըմբռնումը պետք է սերմացվի մանկուց։ Երազում եմ, որ մի օր, մասնագետների հետ միասին, մենք կայցելենք դպրոցներ եւ կպատմենք երեխաներին Դաունի համախտանիշով, ուղեղային կաթվածով եւ աուտիզմով երեխաների մասին, որ չնայած իրենց տարբերություններին, նույնպես երեխաներ են։ Գլխավորը յուրաքանչյուրի նկատմամբ մոտեցում գտնելն է։

 

«Բարեգործությունը միշտ չէ, որ փողի մասին է»

 

Միշտ ասում եմ, որ բարեգործության մեջ փողը ամենակարեւորը չէ։ Ինձ համար դա ընդհանրապես փողի մասին չէ։ Երբեմն օգնելու համար ոչ թե միջոցներ են հարկավոր, այլ գիտելիքներ, հմտություններ եւ կապեր։

 

Բարեգործության ոլորտը շատ բազմակողմանի է։ Այո, երբեմն մարդիկ սովորում են այն մտքին, որ ինչ-որ մեկը միշտ պետք է օգնի իրենց, եւ դա այնքան էլ ճիշտ ուղի չէ։ Ահա թե ինչու ես խորհուրդ եմ տալիս աշխատել հեղինակավոր հիմնադրամների հետ։ Նրանք աշխատանքի են վերցնում մարդկանց, ովքեր գիտեն, թե ինչպես գնահատել իրավիճակը եւ օգնել ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ հեռանկարում։

Ելենա Հակոբյանը Ելենա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադրամները բարեգործության նկատմամբ մասնագիտական մոտեցում ունեն։ Օրինակ, ես վերապատրաստվել եմ Մոսկվայի բարեգործության մասնագիտական դպրոցում, եւ այս գիտելիքները հիմա շատ օգտակար են։ Սովորում ես զգալ մարդկանց, շփվել նրանց հետ, աշխատել նվիրատուների հետ եւ վերահսկել հույզերդ։ Նաեւ ձեռք ես բերում գործիքներ, որոնք թույլ են տալիս իմաստուն եւ պատասխանատու կերպով կազմակերպել օգնությունը։

 

Որտե՞ղ ուժ գտնել 

 

Անկեղծ ասած՝ չգիտեմ (ժպտում է - խմբ.): Ես արդեն սպառվում եմ: Անկասկած, մեծ էներգիայի լիցք եմ ստանում, երբ օգնում եմ եւ տեսնում, թե ինչպես է նույնիսկ մեկ երեխայի կյանքը փոխվում դեպի լավը: Բայց միեւնույն ժամանակ ես տալիս եմ, բայց չեմ կարողանում ստանալ: Ինձ համար շատ դժվար է ընդունել օգնությունն ու աջակցությունը: Այժմ էներգիան եւ ուժը վերականգնելու եղանակներ եմ փնտրում:

 

Երբեմն օգնում  են նոր նպատակներն ու երազանքները (ժպտում է - խմբ.): Օրինակ՝ հիմա երազում եմ Հայաստանում ստեղծել կենտրոն, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարող են որակյալ թերապիա ստանալ լավագույն պայմաններում՝ համապատասխանելով միջազգային չափանիշներին: Նրանք անպայման կօգնեն նաեւ իրենց ծնողներին, քանի որ դա ոչ պակաս կարեւոր է:

 

Երազում եմ այս կենտրոնը զրոյից կառուցելու մասին. մտածում եմ յուրաքանչյուր մանրուքի մասին եւ հավատում, որ մեզ մոտ դա կստացվի:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին