Դեդո-Բաբո. Արցախի մասին պատմող խաղալիքը խորհուրդ է տալիս «քեփը քյոք պահել» - Mediamax.am

exclusive
387 դիտում

Դեդո-Բաբո. Արցախի մասին պատմող խաղալիքը խորհուրդ է տալիս «քեփը քյոք պահել»


Սոնա Սարգսյանը եւ Կառլեն Սարգսյանը
Սոնա Սարգսյանը եւ Կառլեն Սարգսյանը
Սոնա Սարգսյանը եւ Կառլեն Սարգսյանը
Սոնա Սարգսյանը եւ Կառլեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Dedo Babo Toys

Լուսանկարը` Dedo Babo Toys

Սոնա Սարգսյանը
Սոնա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Dedo Babo Toys

Կառլեն Սարգսյանը
Կառլեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Dedo Babo Toys

Սոնա Սարգսյանը
Սոնա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Dedo Babo Toys


«Բարեւ, սիրելի բարեկամ, ես Բաբոն եմ՝ Արցախի հայտնի տատիկը: Ճիշտ է`քեզնից մեծ եմ, բայց մենք կարող ենք դառնալ մտերիմ ընկերներ:

 

Բարեւ, ընկերս: Ես Դեդոն եմ Արցախից: Վստահ եմ՝ շատ ես լսել Դեդոյի ու Բաբոյի մասին: Մենք արցախյան ամենահայտնի խորհրդանիշն ենք, արի քեզ մի փոքր պատմենք Արցախի մասին»:

 

Այսպես են «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի Դեդոն ու Բաբոն ողջունում բոլորին:

 

Խորհրդանշական այս խաղալիքները ստեղծելու գաղափարը ամուսիններ  Կառլեն եւ Սոնա Սարգսյաններինն է:

 

Արցախի հետ նրանց կապի, արցախյանը սիրելու ու չմոռանալու կարեւորության մասին Կառլենն ու Սոնան պատմել են Մեդիամաքսին:

 

«Թվում էր՝ ամբողջ պատերազմն այս արձանի համար է»

 

Կառլեն

 

Ծնունդով արցախցի չեմ: Արցախի հետ ամուր կապ ձեւավորվեց, երբ մորաքույրս ամուսնացավ ու տեղափոխվեց Ստեփանակերտ. բարեկամական հավաքներ, ծնունդ-նշանդրեք-հարսանիք, գնալ-գալ (ժպտում է – հեղ.):

Սոնա Սարգսյանը եւ Կառլեն Սարգսյանը Սոնա Սարգսյանը եւ Կառլեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս կապն էլ ավելի ամրացավ, երբ 22 տարեկանում մեկնեցի ժամկետային զինվորական ծառայության: Սկսվեց 2020թ. պատերազմը: Ծառայում էի Մարտակերտում ու պատերազմի օրերին ընդհանուր առմամբ 60-ից ավելի օր անցկացրեցի դիրքերում: Միայն մեկ անգամ հաջողվեց իջնել, եկա Ստեփանակերտ: Մինչ այդ «Մենք ենք մեր սարերը»՝ Դեդո-Բաբոյի հուշարձանը չէի տեսել: Պատերազմի օրերին, դիրքերից մի քանի ժամով քաղաք իջնելու ժամանակ այն տեսնելը շատ ազդեցիկ էր: Հիշում եմ՝ նայում էի ու ինձ մոտ զգացողություն էր, թե ամբողջ պատերազմն այս մեկ արձանի համար է:

Լուսանկարը` Dedo Babo Toys

Հետո Արցախի շրջափակումն էր: Մորաքրոջս աղջիկը 5 տարեկան էր: Երեխան, ընտանիքն ու Արցախի մյուս բնակիչները շատ կարիքներ ունեին՝ սկսած սննդից, վերջացրած՝ հիգիենայի պարագաներով: Ամեն կերպ, տարբեր մարդկանց գտնելով, խնդրելով՝ փորձում էինք գոնե որոշ իրեր անցկացնել: Ինչ-որ փուլում հասկացա, որ պետք է ավելի մոտ լինել եւ ընկերներիս հետ մեկնեցինք Սյունիքի մարզի Տեղ գյուղ: Արդեն այստեղ էինք փորձում ճանապարհներ գտնել ու ինչ-որ բաներ անցկացնել հատկապես այն ընտանիքների համար, որոնք փոքրիկ երեխաներ ունեին: Այս ընթացքում շատ երեխաների հետ ծանոթացանք, ընկերացանք, կապվեցինք:

 

Երբ Արցախի մասին «պատմում է» խաղալիքը

 

Կառլեն

 

Արցախի հայաթափումից հետո, կնոջս՝ Սոնայի հետ միշտ մտածում էինք՝ ի՞նչ անել, որ այս երեխաները չկտրվեն իրենց արմատներից:

 

Նրանցից շատերը ստիպված էին Արցախից հեռանալ 3-5 տարեկանում, կամ՝ էլ ավելի փոքր տարիքում: Տարիների ընթացքում, ցավոք, Արցախն իրենց համար դառնալու է միֆական, անիրական մի վայր, որի մասին լսել են ընտանեկան պատմություններում:  

Լուսանկարը` Dedo Babo Toys

Անցյալ տարի, երբ ընտանիքի անդամների համար նոր տարվա նվերներ էինք փնտրում, մորաքրոջս աղջկան՝ Նարեին, որոշեցինք արցախյան թեմատիկայով խաղալիք նվիրել: Օրինակ՝ Դեդո-Բաբոյի տեսքով: Չգիտես ինչու՝ համոզված էինք, որ նման խաղալիք հաստատ կա (ժպտում է–հեղ.): Սկզբում փնտրեցինք առցանց, հետո՝ տարբեր խանութներում ու Վերնիսաժում: Այստեղ Դեդո-Բաբոյի սիմվոլիկայով կար գրեթե ամեն ինչ, բացի որեւէ տեսակի մանկական խաղալիքից: Հասկացանք, որ եթե չկա՝ կարող ենք մենք ստեղծել: Սոնան առաջարկեց, որ խաղալիքը նաեւ «խոսի» երեխայի հետ, որոշ փաստեր պատմի  Արցախի մասին:

Սոնա Սարգսյանը Սոնա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն, որ երեխային Արցախի որեւէ եկեղեցու կամ ուտեստի մասին կպատմի իր սիրելի խաղալիքը, շատ կարեւոր է: Ճիշտ է՝ այդ մեկ-երկու րոպե ձայնագրությունը բավարար չէ ընդհանուր ինֆորմացիա համար, բայց այն հաստատ կառաջացնի հետաքրքրություն, հարցեր, որոնք երեխան կուղղի ծնողներին ու ընտանիքի մյուս անդամներին:

 

«Արցախցիները խաղալիքը տեսնելիս գրկում են այն»

 

Սոնա

 

Մարդկանց մեծ մասը մանկությունից ունի ամենասիրելի ու հարազատ խաղալիք, որի մասին հիշում է նույնիսկ մեծ տարիքում: Շատ ենք ցանկանում, որ Դեդո-Բաբոն դառնա հենց այդպիսին:

Լուսանկարը` Dedo Babo Toys

Առաջին հերթին մեր նպատակն էր ստեղծել մի խաղալիք, որը երեխայի հետ «կխոսի» Արցախի մասին: Գուցե, ավելի փոքրերը հիմա չընկալեն խաղալիքի խոսքը, չհասկանան՝ ինչ է Սուրբ Ղազանչեցոցը կամ չգուշակեն Բաբոյի հանելուկները, բայց դրանք միանշանակ կմնան նրանց ենթագիտակցության մեջ:

Բացի այդ, ճիշտ է, մեր գլխավոր թիրախը երեխաներն են, բայց Դեդոն ու Բաբոն արցախյան ընկերներ են, որոնք կարող են ջերմություն փոխանցել ցանկացած մարդու: Շատ հուզիչ է, որ արցախցիների մեծ մասն առաջին անգամ խաղալիքը տեսնելիս գրկում է այն:

 

«Քեփդ միշտ քյոք պահե»

 

Կառլեն

 

Մասնագիտությամբ դիզայներ եմ ու խաղալիքի ստեղծման վրա աշխատել ենք շատ մանրամասն: Սկզբում ցանկանում էինք, որ այն լիովին կրկնի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, հետո հասկացանք, որ երեխաներին առավել գրավելու համար գույներ են պետք: Այսպես որոշեցինք, որ մեր Դեդոն ու Բաբոն կրելու են հայկական տարազ՝ արցախյան զարդանախշերով:

Կառլեն Սարգսյանը Կառլեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաղալիքների նախագիծն ուղարկեցինք Չինաստան, որտեղ էլ դրանք կարվում են առ այսօր: Մի քանի տարբերակ քննարկելուց, ստեղծելուց ու մերժելուց հետո ընտրեցինք վերջնականը: Այս ամբողջ ճանապարհին մեր չինացի գործընկերներին մանրամասն պատմել ենք Արցախի, դրա պատմության, տեղի ունեցած իրադարձությունների ու արձանի նշանակության մասին:

 

Ինչ վերաբերում է խոսքին, ապա որոշեցինք, որ այն կլինի ոչ թե արցախյան բարբառով, այլ՝ գրական հայերենով, որպեսզի հասկանալի լինի առավել շատ մարդկանց: Դրա հետ մեկտեղ խոսքում օգտագործված են արցախյան կոլորիտային արտահայտություններ:

 

Օրինակ՝ Բաբոյի մեկ րոպեանոց խոսքն ավարտվում է «Քեփդ միշտ քյոք պահե» (տրամադրությունդ միշտ բարձր պահի – հեղ.) խոսքով: Արցախում այն իրար շատ ասում էին հատկապես բլոկադայի ծանր օրերին:

 

Ձայնագրության մյուս հատվածներում Բաբոն ասում է հանելուկներ նռան ու հենց իրենց՝ Դեդո-Բաբո արձանի մասին:

 

Իսկ Դեդոն պատմում է Արցախի մշակութային կառույցներից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մասին, անդրադառնում ժենգյալով հացին:

 

Մեր Դեդոն ու Բաբոն խոսում են դերասաններ Ռաֆայել Թալասյանի եւ Սրբուհի Բալայանի ձայներով: Խոսքի ձեւավորման փուլում մեծ աշխատանք է կատարել Տաթեւ Սարգսյանը:

Լուսանկարը` Dedo Babo Toys

Թե խաղալիքի տեսքը, թե խոսքը քննարկել ենք նաեւ մանկական հոգեբանների հետ: Կարեւոր էր, որ խոսքը չառաջացնի ինչ-որ սպասելիքներ ու հետագայում ցավոտ չլինի երեխայի համար: Օրինակ՝ երկար մտածել ենք՝ Դեդոն վերջում ասի՞ «կհանդիպենք», թե՞ «ինձ չմոռանաս»: Կանգնեցինք վերջին տարբերակի վրա:

 

«Դեդոյին ու Բաբոյին չենք բաժանում»

 

Սոնա

 

Այս պահին խաղալիքը հնարավոր է գնել՝ գրելով մեր ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին: Խանութների հետ դեռ բանակցությունների մեջ ենք, բայց առաջիկայում նախատեսում ենք, որ Դեդո-Բաբոն կլինեն թե՛ խանութներում, թե՛ մարքեթփլեյսներում (Amazon, WB):

Սոնա Սարգսյանը Սոնա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեդոյին ու Բաբոյին երբեք չենք բաժանում (ժպտում է – հեղ.), նրանք վաճառվում են միասին:

 

Կառլեն

 

Ինձ թվում է՝ ամենից մեծ բավարարվածությունը մարդը ստանում է, երբ տեսնում է իր արածի արդյունքը: Դեդոյին ու Բաբոյին արդեն նվիրել ենք բազմաթիվ ծանոթ երեխաների ու նրանց արձագանքը հուզիչ էր: Խաղալիքը շատ է դուր եկել նաեւ մորաքրոջս աղջկան՝ Նարեին, ումից էլ սկսվեց այս ամբողջ պատմությունը:

Լուսանկարը` Dedo Babo Toys

Մեզ գրում են բազմաթիվ արցախցիներ ու եթե չեն էլ պատվիրում, միշտ շնորհակալություն են հայտնում: Եղել են նաեւ դեպքեր, երբ ցանկացել ենք նվիրել խաղալիքը, բայց մարդիկ հրաժարվել են՝ բացատրելով, որ իրենց համար շատ դժվար կլինի տանն այսպես տեսնել Դեդո-Բաբոյին:

 

Ես կարծում եմ՝ մենք պետք է անենք ամեն բան, որ Արցախից ստիպված հեռացած երեխաները շարունակեն սիրել իրենց բարբառն ու խոսել դրանով, իմանան իրենց պատմությունը, մշակույթը, ճանաչեն արմատները:

 

Հույս ունենք՝ մեր խաղալիքներով մի փոքր լրացնում ենք առաջացած բացը:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին