Հաղթահարելով անազատությունը. 10 տարին, ծիրանի ծառն ու «կարմիր դիպլոմը» - Mediamax.am

exclusive
17616 դիտում

Հաղթահարելով անազատությունը. 10 տարին, ծիրանի ծառն ու «կարմիր դիպլոմը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդության 10 տարիները՝ 22-ից 32-ը, Անին (անունը փոխված է) փակագծերի մեջ է վերցրել: Կուզեր այդ տարիներն իր կյանքում չլինեին: Ավազակային հարձակման համար, որ կատարել է ամուսնու հետ, Անին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նա հայտնվել է՝ բալիկը դեռ չծնված։

 

Կալանավայրում ու ազատության մեջ ապրելու մասին խոսելիս՝ Անին «էնտեղ» ու «էստեղ» բառերն է օգտագործում: Էնտեղից հետո ավելի զգուշավոր է դարձել, քիչ շփվող: Հին ընկերներից շատերը կողքին չեն, նոր ընկերներ գրեթե չունի, չի վստահում: Նրա ամենամեծ խնդիրը հասարակությանն ինտեգրվելն ու աշխատանք գտնելն է:

 

Կալանավայրում Անին գիրք է գրել՝ «Ինչո՞ւ հենց ես»: Չի հրաժարվում, հանցանք գործել է, բայց համոզված է, որ շատ հարցերում իր նկատմամբ անարդար են եղել։

 

«Էնտեղի հոտն ուրիշ է»

 

22 տարեկան էի, երբ դեպքը եղավ: Ինձ դատեցին ավազակային հարձակման համար՝ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով: Այդ հոդվածով նախատեսվում էր ազատազրկում՝ 8-15 տարի: Ինձ տվեցին 12 տարի: Հայաստանի ամբողջ քրեական պատմության մեջ միակ կին դատապարտյալն եմ, որն ավազակային հարձակման համար դատապարտվել է 12 տարով: Հանցանքը եղել է, չեմ հերքում, բայց ոչ մի կնոջ հղի վիճակում 12 տարով չեն ազատազրկել:

 

Էնտեղից մենակ վատը կարող ես բերել: Էստեղ էլ է վատը շատ, բայց էնտեղի հոտն ուրիշ է: Դեպքի մասին խոսելն ամենացավոտ բանն է: Ինչքան էլ ուզում եմ չհիշել, չի ստացվում: Ամեն անգամ էդ փողոցով (որտեղ կատարվել է հանցանքը-հեղ.) անցնելիս՝ ես ուղղակի զրոյանում եմ: Կուզեի՝ էդ տարածքը քանդվեր ու էլ չլիներ: «Դեպք» բառն արդեն ինձ կես մարդ է դարձնում։ Դա զուտ նվիրվածության ու միամտության արդյունք էր. մտածում էի՝ կողքիս մարդուն կարող եմ վստահել, իմ կեսն է, բայց իրականում ոչ մեկ մեր կեսը չի դառնում։

 

«Պետը մոխրամանը շպրտեց, գլուխս թեքեցի, դռանը կպավ»

 

Կալանավայրում առաջին 3 օրը կարանտին է, քեզ առանձին են պահում: Էդ ընթացքում ոնց որ փորձակապիկ լինես, հավաքարարից մինչեւ գլխավոր՝ քեզ ուսումնասիրում են:

 

Մինչեւ ծնկներս երկար մազեր ունեի: 10 րոպեում գտան զուգարան մաքրողին, որը միանգամյա ածելիով մաքրեց գլուխս: Էնպես էր կտրտել, որ 3 օր յոդ էին քսում գլխիս: Երկար եղունգներ ունեի, կտրեցին ամենասովորական գործիքով՝ «կուսաչկայով»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բանտային ռեժիմ կա: Առավել ծանր հանցանք գործած կալանավորները բանտախցից դուրս չեն գալիս: Իմ դեպքում դա տեւեց 4 տարի: Առավոտյան 7-ին հաստ խողովակով դռներին խփելով գնում են: 10 րոպեից բոլոր դռների երկաթները շրխկոցով բացվում են. պիտի տեղաշորը հավաքված լինի, գալիս են մահճակալը պատից կապելու:

 

Խցում սվառկա արած մի փոքր երկաթի կտոր է մնում, որի վրա կարող ես նստել, ու մի հատ էլ փոս՝ կիսատ դռնով, որտեղ կարող ես զուգարան գնալ (հիմա պայմանները լավացրել են), ու ամբողջ օրը դուռը քո վրա փակվում է: Միակ բանը, որ կարելի է մտցնել խուց, գիրքն է: Նույնիսկ հղի վիճակում օրվա ընթացքում չէի կարող պառկել: Հետո մի ուրիշ խուց տեղափոխեցին, որտեղ 4 հոգով էինք: Երկհարկանի մահճակալներ էին, ու ես ստիպված էի երկրորդ հարկ բարձրանալ:  

 

Էդ ամենն ինձ համար մեծ սթրես էր, 6 ամիս ես ոչ մեկի հետ չեմ խոսել: Մի պետ ունեինք, իր համար «չկա» չկար: Կանչեց, շատ կոպիտ ասաց՝ սենց չի լինի, քննիչ, պաշտպան են գալիս, պիտի խոսես։ Հետո ծանր մոխրամանը սեղանից վերցրեց, շպրտեց: Գլուխս թեքեցի, դռանը կպավ: Ընտանիքիս անդամներին կանչել, ասել էր՝ նույնիսկ մոխրամանն եմ շպրտել, չի արձագանքում, եթե դիտավորյալ լռեր, էսքան չէր կարող զսպել իրան:

 

«Կալանավայրում հղի լինելն ահավոր է»

 

Երբ հայտնվեցի կալանավայրում, երեք ու կես ամսական հղի էի: Առաջարկեցին ընդհատել հղիությունը, ու ինձ էլ, իրենց էլ ազատել գլխացավանքից: Հասկացա, որ էդտեղ պիտի հոգ տանես քո մասին, քնես բաց աչքերով ու բացարձակ ոչ մեկին չվստահես:

 

Կալանավայրում հղի լինելն ահավոր է։ Շրջապատված ես լիքը մարդկանցով, բոլորը գոռում են, պիտի 100 անգամ խնդրես, որ ժամանակին քեզ դեղ տան:

 

Ծնվելուց հետո առաջին 3 տարին էրեխան կարող էր ինձ հետ ապրել, բայց ես միայն 9 ամիս եմ ինձ մոտ պահել, հաճախ ուղարկում էի տուն: Մտածում էի՝ 3 տարի ինձ մոտ պիտի մնա, 10 տարի՝ առանց ինձ, ավելի լավ է՝ դրսին հարմարվի, էստեղից ոչինչ չհիշի: Ես ամեն ինչ անում էի, որ ինքը հեռու լիներ դրանից, ու, բնականաբար, հեռու էր լինում նաեւ ինձնից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տղաս գիտի՝ որտեղ է ծնվել, ինչի է էդպես եղել, ու ինչու մենք էդքան տարի միասին չենք ապրել: Միակ բանը, որ միշտ ասում էր՝ բոլորին իրենց մամաներն են մանկապարտեզից բերում, դու չե՞ս ուզում գաս՝ ինձ տուն տանես: Հիմա ինչքան էլ փորձում եմ լրացնել, բայց էդ տարիների բացը միշտ մնում է: Մանկության տարիներին պիտի իր կողքին լինեի:

 

«Կալանավայրում կան չգրված, բայց միշտ գործող պատիժներ»

 

Սկզբում մյուս կալանավորները փորձում են հասկանալ՝ դու իրե՞նց մարդն ես, թե՞ չէ: Փորձում են, տեսնեն՝ բերանբա՞ց ես, գո՞ղ ես, ղեկավարությանը խաբար տանող-բերո՞ղ ես: Էնտեղ ներքին խոհանոցը շատ ուրիշ էր:

 

Կալանավայրում կան չգրված պատիժներ, որոնք միշտ գործում են: Ինձ համար ամեն ինչ բարդացնում էին: Բոլորին կարելի էր, ինձ չէր կարելի: Մարդիկ կային, որ շատ հաճախ տեսակցություն էին ունենում, իսկ ինձ թույլատրված էր զանգ կատարել ամիսը մեկ անգամ, եւ տեսակցություն՝ 3 ամիսը մեկ՝ 15 րոպեով: Հետո զանգերը դարձան 3 օրը մեկ, տեսակցությունը՝ ամիսը մեկ (ինչքան երկար ես կալանքդ կրում, ու ազատվելուդ քիչ ժամանակ է մնում, էնքան թեթեւանում է ռեժիմը):

 

Տեսակցության միայն ընտանիքս էր գալիս, բայց 15 րոպեում ո՞ւմ հետ հասցնեի խոսել: Մերոնք գալիս էին առավոտյան ժամը 9-ին ու ինձ մոտ մտնում էին 16.30, որովհետեւ 16.45 դռները պիտի փակվեն: Նույնիսկ հիշում եմ՝ մի անգամ չթողեցին էրեխեն մոտս մտներ, որովհետեւ մերոնք ծննդյան վկայականը մոռացել էին բերել: Ու դա էն էրեխեն, որ էդտեղ է ծնվել: 2 ժամ էրեխես ձմռանը մնացել է դրսում, նույնիսկ չէին թողել, որ ներսում սպասի:  

 

Խցից դուրս գալուց պիտի ձեռքերդ մեջքիդ հետեւում լինեին, գլուխդ՝ կախ, ու հագիդ՝ աննորմալ կեղտոտ խալաթ: Տեսակցության համար առանձին սենյակներ կային, ու միշտ մեկը ներկա էր, որ հետեւեր քեզ: Գրկախառնվել չէր թույլատրվում. դու նստում ես սեղանի մի կողմում, ինքը՝ մյուս: Նույնիսկ եթե ուզենաս ձեռքդ երկարես, հարազատիդ ձեռքը բռնես, հետեւումդ կանգնած մարդը զգուշացնում է, որ չի կարելի: Բաներ կան, որ առանձնապես ծանր հոդվածով դատապարտվածների դեպքում չի թույլատրվում:

 

Կավագործությամբ էի զբաղվում, խնդրեցի, որ կավ ու գործիքներ տան: Ասացին՝ կավ չի կարելի (չէին կարող տնտղել), գործիքի ծայրն էլ կարող ես սրել: Ասացի՝ լավ, ներկ տվեք՝ նկարեմ: Ասացին՝ ներկը քիմիական է, հոտ ունի, չի կարելի: Գիրքը միակ թույլատրելի բանն  էր, դրա համար 3 օրը մեկ ինձ 50 հատ գիրք էին բերում, ու 10 աշխատող էջ առ էջ թերթում էր դրանք. մինչեւ չստուգեին, ներս չէին թողնում:

 

Օրենքով նախատեսված է՝ ընտանիքի անդամի մահվան դեպքում ապահովել դատապարտյալի այցը հուղարկավորության վայր: Երբ պապաս մահացավ, ղեկավարներն անձամբ եկան, ինձնից ներողություն խնդրեցին՝ որպես մարդ՝ մենք քեզ վստահում ենք, բայց չենք կարող թողնել, որ գնաս, մեզ գործից կազատեն, մի՛ նեղացիր:   Արդարադատության նախարարություն էլ եմ դիմում գրել, հարցրել, ասում են՝ մի պահանջեք էն, ինչին չենք կարող պատասխանել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրենքը կա, կարելի է, բայց ինձ չէր կարելի: Ինչո՞ւ հենց ինձ: Գիրքս, որ սկսել եմ գրել, բայց դեռ չեմ ավարտել, հենց էդպես էլ վերնագրել եմ՝ «Ինչո՞ւ հենց ես»:

 

«Առաջինն էի, որ քրեակատարողական հիմնարկում սովորեց ու կարմիր դիպլոմով ավարտեց»

 

Երբ դեպքը պատահեց, Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի երկրորդ կուրսում  հագուստի մոդելավորում էի սովորում: Երբ ուզեցի կրթությունս շարունակել, քրեակատարողական հիմնարկում պատճառաբանեցին, որ եկել եմ կալանք կրելու, ոչ թե՝ ինձ զարգացնելու: Օրենքը կա, բայց չէր կարելի, որովհետեւ նախադեպը չկար, չգիտեին՝ ինչպես դասերը կազմակերպել, ոչ մի դասախոս պարտավոր չէր գալ ինձ մոտ:

 

Շատ շնորհակալ եմ նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, էնքան գերատեսչությունների հետ է աշխատել, որ ես կարողանամ սովորել: Ստուգարքներս մի ժամում հանձնում էի. արագ գրում էի, հիմնարկում ստուգում էին, որ ավել բան գրած չլինեմ, ընկերներս տաքսիով հասցնում էին համալսարան, սպասում էին՝ ստուգեն, հաստատեն, որ պատասխանը հետ բերեն:

 

Ամենադժվարն ավարտական քննությունն էր ու դիպլոմայինիս պաշտպանությունը: Թեման՝ «Արվեստը սահմանափակում չի հանդուրժում», 90 էջ: Նորից ՄԻՊ-ի միջնորդությամբ ստացվեց: 3 դասախոսների տաքսիներով բերեցին, կալանավայրերի վերահսկողության վարչությունից, կրթության նախարարությունից ներկայացուցիչներ կային, 7-8 վերահսկող:

 

Քննության սենյակ մտնելուց խուզարկվում ես. մտնում ու դուրս ես գալիս դատարկ, ինչ ունես՝ ուղեղումդ է, մոռացար՝ վերջ: 3 օր չէի քնել, գիտեի, որ հիմնականում անծանոթ մարդիկ են լինելու, որոնք գալիս են կալանավայր ներքին հակասությամբ՝ եթե սովորող է, ինչո՞ւ է էստեղ, եթե էստեղ է, ինչո՞ւ է ուզում սովորել: Այն, որ քեզ չեն վստահում ու վատ հայացքով են նայում, ես դրան պատրաստ էի, որովհետեւ ամեն օր դա տեսնում էի: Մեծ սենյակի անկյունում մեղադրյալի մի աթոռ էր դրված, ու 15 հոգի ինձ էր նայում: Հարցրեցին, թե որ տոմսն եմ սովորել: Ասացի՝ բոլորը: Քննությունը սկսվեց 12-ին, վերջացավ 5-ին: Առաջինն էի, որ քրեակատարողական հիմնարկում սովորեց ու կարմիր դիպլոմով ավարտեց:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես էնտեղ 5 տարի ամիսը 11 հազար դրամով բակն եմ ավլել, որ ուսմանս վարձը վճարեմ:  Երբ խնդրեցի, որ գնամ, հավաքարար աշխատեմ, բոլորն ինձ էին նայում, որովհետեւ գաղութում ավել անողն ուրիշ մակարդակ է: Գիրք կարդացող կամ իրեն հարգող մարդը

երբեք չէր գնա ավել աներ, բայց ինձ համար միեւնույն էր, որովհետեւ ես նպատակ ունեի՝ սովորել ու ավարտել:  

 

«5 տարի հետո ծառը ծաղկեց»

 

Բակում մի չորացած, ոջլոտ ծիրանի ծառ ունեինք, շուրջն աղբանոց էր: Էնքան պարապ էի, որ պատրաստ էի նույնիսկ աղբը ձեռքերով մաքրել՝ մենակ թե ինձ մի կտոր փայտ ու սերմ տային, որ ցանեմ: 6 ամիս անարդյունք բանակցեցի ղեկավարության հետ, որ թողնեն մի փոքր տարածք աղբից մաքրեմ:

 

Զբաղվելու համար միջոցառումներ էի անում՝ հագուստի 4 ցուցադրություն ու 19 համերգ եմ կազմակերպել: Մի միջոցառումից հետո որպես խրախուսանք՝ ինձ թույլ տվեցին  աղբը մաքրել: Մաքրեցի ու սկսեցի ծիրանի չորացած ծառը ջրել: 5 տարի առավոտները գնում, ծառի տակ կանգնում, աղոթում՝ «Հրաժարիմք»-ն ու «Հայր մերն» էի ասում։ Հետո մի բաժակ ջուր էի լցնում, օրվա ընթացքում նստում էի ծառի վրա ու Աստվածաշունչ կարդում, օրվա վերջում էլ երեկոյան աղոթքն էի ասում: Շատ ջղայնանում էի, որ գալիս էին ծառիս տակ «ռազբոռկաներ» անելու: Մի օր արթնացա, տեսա կանայք բարձրացել, ծառս ջարդում են. ցավեցնելու ձեւ էր:

 

5 տարի հետո ծառը ծաղկեց, մեծ պտուղներ տվեց: Մի ճյուղ կտրեցի, ուղարկեցի հիմնարկի պետին՝ գրությամբ. «Երբեք բարի գործը չի կարող կորել»:

 

«Մկրտվելուց հետո իմ կյանքն ուրիշ է»

 

Կալանավայրում հոգեւոր տեսուչ ունեինք, որ պարբերաբար գալիս էր: Սկզբում, որ դեռ ոչ ոքի հետ չէի խոսում, եկավ, ասաց՝ Նոր Կտակարանը թողնե՞մ, միգուցե կարդաս: Ոչինչ չպատասխանեցի: Դրեց սեղանին ու գնաց: Այդ պահին չկարդացի, բայց մինչեւ հիմա պահել եմ: Ավելի ուշ հայր Ռուբենի հետ ծանոթացա (քրեակատարողական հիմնարկների հոգեւոր պատասխանատու-հեղ.), Աստվածաշնչի ամենօրյա ընթերցվածքներն էր բերում, որ կարդայի: Հետո ես սկսեցի հոգեւոր միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպել. աղջիկների հետ պայմանավորվեցինք, խնդրեցի շաբաթը մեկ մի ժամ գրադարանը մեզ տրամադրեն, որ հանգիստ զրուցենք, աղոթենք:

 

2012-ի հոկտեմբերն էր, որոշեցի մկրտվել: Հայր Ռուբենի հետ զրուցելուց հետո խնդրեցի, որ ինձ 3 օր առանձնացնեն մեկուսարանում՝ առանց ջրի, սննդի, միայն թուղթ, մատիտ ու Նոր Կտակարանս տան: Հիսուսի դեմքն էի նկարել: Մկրտվելուց հետո իմ կյանքն ուրիշ է:

 

«Դուք ազատվում եք դատարանի դահլիճից»

 

10 տարի նստելուց հետո՝ դիմեցի վաղաժամկետ ազատ արձակման համար: Նիստի օրը դատը հետաձգվեց: Զանգեցի պապային, ասացի՝ ես գալու եմ տուն, մենակ խնդրում եմ՝ ինձ հավատա: Պատասխանեց՝ քեզ ո՞վ է հավատում, որ ես հավատամ: Ասացի՝ լուրջ եմ ասում, գալու եմ: Դա մեր վերջին խոսակցությունն էր: Հաջորդ օրը պապաս մահացավ:

 

Հաջորդ դատին փաստաբանս զանգեց, ասաց, որ չի կարող գալ, անիմաստ է, ես էլ չգնամ: Գնացի մենակ. ես գիտեի՝ եթե ճիշտ ես, պիտի մինչեւ վերջ գնաս: Հանրային պաշտպան տվեցին: Դատավորը սկսեց հարցեր տալ, հերթը հասավ փաստաթղթերին, բնութագրերիս, դիպլոմներիս. ոչինչ չունեմ, ամեն ինչ փաստաբանի մոտ է: Հարցրեց, թե քրեակատարողական հիմնարկը կո՞ղմ է, որ վաղաժամ ազատվեմ: 3 աշխատող էին, 3-ն էլ ասացին՝ չէ՛, կողմ չենք, պիտի մինչեւ վերջ նստի: Իսկ հանրային պաշտպանն ասաց, որ կարող եմ ազատ արձակվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ: 2 ժամ հետո եկավ, ասաց՝ հավաքվեք, տուն եք գնում, Դուք ազատվում եք դատարանի դահլիճից: Ինձ մի անգամ էլ էին տուն ուղարկել, բայց 10 րոպե հետո դատախազը վճիռս վիճարկել էր, ու ես նորից մնացել էի իմ տեղում: Դուրս եկա միջանցք, չէի հավատում, նստել ու մտածում էի՝ հիմա ես տո՞ւն եմ գնալու:

 

«Տունն ինձ տարօրինակ ու փոքր թվաց»

 

Գնացի քրեակատարողական հիմնարկ, բոլորին հրաժեշտ տվեցի: Ծիրանի ծառիս գրկեցի, ասացի՝ հուսամ՝ ճյուղերդ չեն ջարդի: Ես ամեն տեղ քո մասին կպատմեմ: Անցյալ ամիս աշխատողներից մեկին հանդիպեցի, ասաց՝ ծառդ չորացել է. քո գնալուց հետո ջարդվում, ընկնում է:

 

Մինչ դատս, ընկերներիս, քույրերիս խնդրել էի, որ գային, իրերս տանեին, որովհետեւ զգում էի, որ շուտ եմ ազատ արձակվելու: Բոլորին ասում էի՝ էստեղ վերանորոգում է, իրերի համար տեղ չկա, պետք է տանել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գալուց առաջ էլ զանգեցի փեսայիս, խնդրեցի, որ երկու տաքսի ուղարկի: Քրոջս հետ եկան, իրերս տեղավորեցին: Քույրս ասում է՝ չե՞ս մտնում ներս, որ մենք գնանք: Ասացի՝  ազատվել եմ, տուն եմ գալիս, կտանե՞ք: Դռան դիմաց ինձ գրկել, լացում էին: Միակ բանը, որ էդ պահին ուզում էի, ցայտաղբյուրից ջուր խմելն էր, մեկ էլ խոստում ունեի՝ հենց դուրս գամ, պիտի Էջմիածին գնամ: Գնացինք, արդեն գիշեր էր, դարպասները փակ էին, պահակը ներս չթողեց: Կանգնեցի դռան դիմաց, ասացի՝ Աստվա՛ծ ջան, 7-8 տարի առաջ խոստում էի տվել, արեցի: Շնորհակալ եմ, որ լսեցիր, ինձ շուտ ազատ թողեցիր, առավոտյան կգամ:

 

Գնացինք, տան դուռը բացեցի, տունն ինձ էնքան տարօրինակ ու փոքր թվաց: Մամաս, տղաս գրկեցին, փաթաթվեցին: Մաման ասաց՝ գոնե պապան լիներ, տեսներ քեզ, իր երազանքն էր: Բայց ես գիտեմ, որ մենք չենք որոշողը:

 

«Հանգիստ եղեք, չեմ կծում»

 

Առաջին շաբաթը բոլորը գալիս էին ինձ տեսնելու ու գնում էին, որովհետեւ ես սենյակից դուրս չէի գալիս: Մամային խնդրել էի, որ ասեր՝ չգային, որովհետեւ ազդում էին վրաս. ի՞նչ են ուզում տեսնել, գազանանո՞ց են եկել:

 

Մի ընկերուհի ունեի, որին կալանավայրից  հնարավորության դեպքում զանգում էի, բայց իր մաման էր վերցնում հեռախոսը՝ հազար անգամ ասել եմ՝ չզանգես, կապ չունի, որ դուք ընկերներ եք, մոռանո՞ւմ ես՝ որտեղ ես: Շատ կային էդպիսի ընկերներ, ու կապ չունի, որ միասին սովորել ենք. եթե դու էնտեղ ես, դու աշխարհի ամենավատն ես, ու քեզնից բոլորը պիտի խուսափեն: Հիմա էլ մարդիկ կան, որ իմանում, զգաստանում են, ասում եմ՝ հանգիստ եղեք, չեմ կծում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կալանավայրից ազատվելուց հետո շատ դժվար է հասարակությանն ինտեգրվելը: Դու ինքդ պիտի օգնության համար դիմես հասարակական կազմակերպություններին: Բայց նման դեպքերում մարդիկ, սովորաբար, խուսափում են դիմել՝ ինչի՞ դիմացինս իմանա՝ որտեղից եմ եկել: Պիտի պետական ծրագիր լինի՝ կալանավայրից դուրս եկար, վաղը էս ժամին էստեղ լինես, որ քեզ հետ հոգեբաններ կամ այլ մասնագետներ աշխատեն:

 

«Հենց իմանում են անցյալիս մասին, միանգամից՝ կներեք, բայց տեղ չունենք»

 

Աշխատանք գտնելու խնդիր ունեն բոլոր նախկին դատապարտյալները, իսկ դա ամենակարեւոր հարցն է. բանտից դուրս եկած մարդը պիտի հասկանա՝ դեռ պիտանի է իր օգտակարությամբ ու հետագայում պիտանի է աշխատավարձով՝ ընտանիքին: 4 լեզու գիտեմ։ Աշխատանքի համար մի տեղ եմ գնում, իմանում են կամ կողքից արդեն ինչ-որ մեկն ասած է լինում անցյալիս մասին, միանգամից պատասխանում են՝ կներեք, բայց տեղ չունենք: 10 րոպե առաջ զանգել եմ, տեղ ունեին, հիմա չունեն: Կամ փաստաթղթերս են նայում, տեսնում են՝ դատվածություն կա, կներեք, չենք կարող ընդունել: Աշխատողներն էլ են հրաժարվում, չեն ուզում նախկին հանցագործի հետ աշխատել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիմել էի գաղութում կավագործության ուսուցիչ աշխատելու համար: Ասացին՝ օրենքով չի նախատեսվում, որ նախկին դատապարտյալն ուսուցիչ աշխատի: Բայց կան իրավիճակներ, երբ դու պիտի օրինակ լինես, որ մյուսները հասկանան՝ եթե էս մարդը մի բան արեց, երկրորդն էլ կարող է անել: Էդ պատճառով դիմեցի բանտում աշխատելու համար, որ ցույց տամ ներսիններին՝ պետք չէ ամբողջ օրը պատի տակ կամ բազմոցին նստել, զբաղվեք մի բանով, մի բան սովորեք: Ես էլ նույն վիճակում եմ եղել:

 

«Ես երկրորդ ճանապարհն եմ ընտրել»

 

Կալանավայրը կյանքի լուրջ փորձառություն էր: Դժվար պահերին ամենաշատը ես ինքս եմ ինձ օգնել, որովհետեւ եթե ես ինձ չհավաքեի, ոչինչ չէր ստացվի: Երբ քեզ անընդհատ ցավեցնում են, հասկանում ես, որ մի օր պիտի վերջանա. մարդիկ ինչքա՞ն կարող են մտածել, որ էնտեղից եկածը վատն է: Պիտի ցույց տաս, որ լինում են բացառություններ: Ավելի հեշտ է հարմարվել ու մնալ նույն տեղում. դու արդեն դրա մեջ ես, էդտեղ խնդիրներ չկան, ստիպված չես անընդհատ պայքարել, որ մարդիկ հասկանան՝ եթե եկել ես վատ տեղից, չի նշանակում, որ վատն ես: Ներքին պայքար կա՝ ընտրել հե՞շտ ճանապարհը, թե՞ չարչարվել, քարկոծվել ու ցույց տալ, որ դժվարությամբ, բայց կարելի է լավը առաջ տանել: Ես երկրորդ ճանապարհն եմ ընտրել:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին