«Սերը միշտ ուժ է տալիս». Ռուզանը ոտքով Գորիսից Մեղրի է գնացել - Mediamax.am

exclusive
4885 դիտում

«Սերը միշտ ուժ է տալիս». Ռուզանը ոտքով Գորիսից Մեղրի է գնացել


Ռուզան Չոբանյանը
Ռուզան Չոբանյանը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Հին Խոտը
Հին Խոտը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Վահանավանքը
Վահանավանքը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Բեխ գյուղը
Բեխ գյուղը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Վերին Վաչագանի հյուրատան հոգատար տիկին Արաքսյան՝ իր Վանա կատվի հետ
Վերին Վաչագանի հյուրատան հոգատար տիկին Արաքսյան՝ իր Վանա կատվի հետ

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Խուստուփ բարձրանալիս
Խուստուփ բարձրանալիս

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Մայրամուտը Խուստուփից
Մայրամուտը Խուստուփից

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Խուստուփի գագաթը մայրամուտին
Խուստուփի գագաթը մայրամուտին

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Լուսաբացը Խուստուփի գագաթից
Լուսաբացը Խուստուփի գագաթից

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Լուսաբացը Խուստուփի գագաթից
Լուսաբացը Խուստուփի գագաթից

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Խուստուփը
Խուստուփը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

«Հայացքդ մի կտրիր Խուստուփից։ Որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»։ Գարեգին Նժդեհ
«Հայացքդ մի կտրիր Խուստուփից։ Որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»։ Գարեգին Նժդեհ

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

«Արեւիկ» ազգային պարկը
«Արեւիկ» ազգային պարկը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից


Գորիսի Հին Խոտ գյուղից մինչեւ Մեղրի քանի՞ կիլոմետր է անցել, քանի՞ վերելք ու վայրէջք ունեցել Ռուզան Չոբանյանը չի հաշվել. թվերը նրա համար կարեւոր չեն։ Փոխարենն անվերջ կարող է պատմել այն մարդկանց, բնակավայրերի ու տեսարանների մասին, որոնց հանդիպել է 10 օր տեւած քայլարշավի ընթացքում։

 

Դիզայներ Ռուզանն ավելի քան 10 տարի արշավում է, լեռներ բարձրանում։ 2018-ին Արարատի գագաթին է կանգնել, մի քանի տարի առաջ լեռնագնացության նպատակով Նեպալ էր մեկնել, 2023 սկզբին՝ Իրան՝ պարապլանով թռչելու։  

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

«Ինձ համար բոլոր տարերքները հետաքրքիր են՝ թե՛ անապատ, թե՛ անտառ, թե՛ սառույց, ամեն տեղ ոգեշնչում կա»,-ասում է նա։

 

Նախորդ տարվանից Ռուզանը ծրագրում էր Սյունիքի մի ծայրից մյուսը ոտքով անցնել։ Որոշ հատվածներ նրան ծանոթ էին, որոշ վայրեր առաջին անգամ էր այցելում։ Ասում է՝ անկրկնելի ճամփորդություն էր՝ միայն ինքն էր ու բնությունը։ Ամբողջ ընթացքում նրան նույն միտքն էր ուղեկցում՝ ինչքան հարուստ ենք եւ ինչքան սեր է պետք այդ ամենը խնամելու ու պահպանելու համար։

 

Հայաստանն ինձ համար անվերջ զարմացնող է

 

Սյունիք գնալու ու հատկապես՝ ոտքով Մեղրի հասնելու միտքն անցյալ տարվանից կար։ Առաջին անգամ գործուղման էի Մեղրի մեկնել։ Ինձ համար բացահայտում էր, մի այլ տեսակի Հայաստան էր, ուզում էի էլի գնալ ու ավելի երկար ժամանակով, որ տեսնեմ, զգամ այդ տեսարանները։ Իհարկե, ինչ-որ տեղ գնալու համար մեքենան ավելի հարմար է, բայց ես միշտ էդ սիրուն տեսարանների կողքով մեքենայով անցնելիս ափսոսում եմ, որ չեմ կարողանում լիարժեք վայելել, կլանել այդ պատկերները, որոնք ինձ համար ոնց որ սնունդ լինեն։

Հին Խոտը Հին Խոտը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Հայաստանն ինձ համար անվերջ զարմացնող է իր տեսարաններով, բնությամբ, ամեն գյուղով անցնելիս՝ զարմանում էի, թե ինչ չքնաղ պատկերներ են, ինչ գեղեցիկ է, ավելի՝ քան պատկերացնում էի։

 

Սյունիքը ոտքով անցնելը նաեւ այլ, ավելի հոգեբանական բացատրություն ունի։ Շատերն ասում են, որ փոխաբերական իմաստով «հարմար» ժամանակ եմ ընտրել Սյունիք գնալու։ Բայց ինձ համար կարեւոր էր գնալ Սյունիք ու հենց հիմա։ Կարծում եմ՝ այսօր շատերն են մտածում՝ ի՞նչ կարող եմ անել ես ներկա իրավիճակում։ Ես հասկացա, որ ինձ համար կարեւոր է ինքս իմ ներկայությունը տեսնել Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքում, որ գոնե ինչ-որ պահ լինեմ այդ մարդկանց կողքին, հասկանամ՝ ինչպես են ապրում, այդ վայրերը տեսնեմ։ Կարեւոր է, որ մարդ ճանաչի, սիրի, որ կարողանա նաեւ իրենը համարել ու պաշտպանել։

 

Միայն ես էի, սարն ու բնությունը՝ անկրկնելի տեսարաններով

 

Ճամփորդությունս մոտ 10 օր տեւեց. մայիսի 25-ին սկսեցի, ավարտեցի հունիսի 4-ին։ Երթուղիս սկսեցի Հին Խոտ գյուղից, անցա Որոտանի կիրճով, հասա Բարձրավան, Տանձավեր, Առաջաձոր, հետո գնացի Կապանի կողմ՝ Վահանավանք, Բեխ գյուղ, էնտեղից Բեխի անապատ՝ հուշարձանային հետաքրքիր համալիր, հետո՝ Խուստուփի տակ գտնվող Վերին Վաչագան, Բաղաբուրջ գյուղեր։  Խուստուփը բարձրացա Բաղաբուրջի, իջա Շիշկերտ գյուղի կողմից։ Այստեղից էլ «Արեւիկ» ազգային պարկով հասա Մեղրի։

Խուստուփի գագաթը մայրամուտին Խուստուփի գագաթը մայրամուտին

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Արշավների վաղուց էի գնում, առաջին լուրջ վերելքս Խուստուփն է եղել՝ ուղիղ 10 տարի առաջ։ Բայց այս անգամ Խուստուփ բարձրանալն անզուգական, անկրկնելի էր։

Լուսաբացը Խուստուփի գագաթից Լուսաբացը Խուստուփի գագաթից

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Ճանապարհին զբոսաշրջիկների էի հանդիպում, ներկայանում էինք՝ ով որ երկրից է։ Երբ իմանում էին, որ  Հայաստանից եմ, ասում էին՝ շատ սիրուն երկիր ունեք։ Ասում էի՝ համամիտ եմ, դրա համար եմ եկել, որ ավելի մոտիկից տեսնեմ։ Շոտլանդացի կանայք կային, որ «Լեգենդների արահետ» զբոսաշրջային ուղղով Խուստուփն էին բարձրանում։

Մայրամուտը Խուստուփից Մայրամուտը Խուստուփից

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Ճանապարհին անընդհատ բաժանվում ու նորից հանդիպում էինք, մինչեւ որոշեցինք միասին բարձրանալ։ Բավականին շուտ հասանք ստորոտ, իրենք ուզում էին հաջորդ օրը գագաթ բարձրանալ, ես որոշեցի շարունակել վերելքը։ Երեկոյան հասա։ Գագաթի ներքեւի հատվածում քամուց պաշտպանվելու համար քարեր էին շարած, հարմար տեղ էր վրան խփելու համար։ Մի անգամ երեկոյան՝ մայրամուտին բարձրացա գագաթ, մի անգամ էլ արեւածագը դիմավորեցի գագաթին։ Միայն ես էի, սարն ու բնությունը՝ անկրկնելի տեսարաններով։

Լուսաբացը Խուստուփի գագաթից Լուսաբացը Խուստուփի գագաթից

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

«Արեւիկ» ազգային պարկում եւս մեկ անգամ հասկացա, թե ինչքան հարուստ է մեր բնությունը։ Շատ ուրախ էի իմանալ, որ հատուկ հսկվում ու պահպանվում է, մուտքը վճարովի է։ Անտառապահների հետ ծանոթացա, տեսա, թե ինչ մեծ աշխատանք են իրականացնում։ Այցելելով՝ մենք էլ մեր փոքրիկ ներդրումը պետք է ունենանք։

«Արեւիկ» ազգային պարկը «Արեւիկ» ազգային պարկը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Տաթեւ գնալուց միշտ նայում էի Որոտանի կիրճին ու ափսոսում ՝ բա էս տեղով  մարդ ոտքով չանցնի՞։ Բարեբախտաբար, ամբողջ կիրճը ոտքով իջա ու բարձրացա. մի գիշերը կիրճի մի կողմում անցկացրեցի, հաջորդ գիշերը՝ մյուս կողմում։ Շատ հետաքրքիր էր Վահանավանքում։ Կիրակի էր՝ Հոգեգալստյան տոնը, գնում ու մտածում էի՝ տեսնես պատարագ կլինի՞։ Շատ ուրախացա, որ կար։ Զինվորներ եկան, իրենք էլ մասնակցեցին։ Եկեղեցու հետեւը մեծ ընկուզենի կա, պատարագից հետո բոլորս հավաքվեցինք այդ ընկուզենու ստվերի տակ, հաճելի զրուցեցինք, քահանան զինվորներին պատգամ ուղղեց։ Շատ ջերմ միջավայր էր, չէի ուզում հեռանալ։ Ամեն մի լավ ծանոթությունը ոնց որ մի նոր հարստություն լինի իմ կյանքում։

Վահանավանքը Վահանավանքը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Շատ ուրախ ու ոգեւորված եմ, որ կարողացա մտադրությունս իրականացնել, այնքան էներգիա եմ կուտակել, որ երկար ժամանակ դեռ կբավականացնի ինձ։

 

Իմ ցանկությունն այնքան մեծ էր, որ հաղթահարում էր բոլոր վախերն ու անհանգստությունները

 

Ընկերներիս ասել էի, որ գնալու եմ, ով ցանկանում է՝ կարող է միանալ։ Բայց ենթադրում էի, որ մենակ եմ լինելու ու պատրաստ էի դրան։ Իրականում, սա շատ մեծ փորձառություն էր։ Նախկինում էլ մենակ արշավել եմ, բայց ոչ այսքան երկարատեւ ու այսքան լուրջ երթուղով։ Նեպալում էլ եմ մենակ եղել, բայց այնտեղ այնքանով էր հեշտ, որ լեռ բարձրանալիս՝ կայանատեղիներ կային, վրան ու քնապարկ ունենալը պարտադիր չէր։ Իսկ իմ քնապարկն ու վրանն անընդհատ հետս էին։

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Իհարկե, անհանգստությունը կար, ու ինչքան մեկնելու օրերը մոտենում էին, այնքան՝ ուժեղանում էր, բայց իմ ցանկությունն այնքան մեծ էր, որ հաղթահարում էր բոլոր վախերն ու անհանգստությունները։ Բացի այդ, բավականին երկար պատրաստվել ու խորհուրդներ եմ հարցրել ընկերներից։ Եթե չզգայի, որ կարող եմ, էդպես ոգեւորված չէի գնա։

 

Մի քիչ անհնագիստ էի, որ ճանապարհին արջ կամ այլ կենդանի կտեսնեմ, բայց միայն օձեր են հանդիպել Որոտանի կիրճում ու ազգային պարկում։ Ընդ որում, ասում են, որ էնտեղի օձերն ամենաթունավորն են։ Փորձում էի դանդաղ ու ռիթմով քայլել, որ ոտքերիս ձայնից փախնեն։ Լավ էր, խելացի էին գտնվում, շուտ փախնում էին։

Խուստուփ բարձրանալիս Խուստուփ բարձրանալիս

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Փոքր չէր նաեւ ճանապարհին ինձ հանդիպած մարդկանց ներդրումը։ Տեղացիներից խորհուրդներ էի հարցնում, նաեւ կարեւոր է, որ գիտեի՝ մենակ չեմ, եթե վտանգավոր իրավիճակում հայտնվեմ, հասնող կլինի։ Դրա համար փորձում էի ամեն տեղ թե՛ իմ մասին ինֆորմացիա տալ, թե՛ տեղանքի մասին հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել։

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Մենակ ճամփորդելը շատ մեծ փորձառություն է, մարդկանց, բնության հետ շփումն ավելի լիարժեք է դառնում, միջավայրն ամբողջովին կլանում է, ուրիշ հայացքով ես նայում անցածդ ճանապարհին։ Էսպիսի մի կատակ կա. մեծ խմբով արշավի գնացած մեկին հարցնում են՝ ի՞նչ ես հիշել ճամփորդությունից, ասում է՝ դիմացից քայլողի կոշիկները։ Իսկ մենակ գնալու դեպքում ամբողջ տեսարանը քոնն է, լռության մեջ լսում ես բնության ձայնը՝ թռչունների, քամու։

 

Սերը միշտ ուժ է տալիս

 

Առաջ, երբ լսում էի այդ գյուղերի մասին, ինձ անծանոթ անուններ էին, ոչ մի կապ, զգացողություն չէր առաջանում։ Հիմա գիտեմ, թե ինչ տեսք ունեն, էնտեղի մարդկանց հետ եմ շփվել, էլ չեմ մոռանա։ Բայց դեռ շատ գյուղեր կան, որ չհասցրեցի տեսնել, էնպես որ՝ էլի գնալու եմ։

Վերին Վաչագանի հյուրատան հոգատար տիկին Արաքսյան՝ իր Վանա կատվի հետ Վերին Վաչագանի հյուրատան հոգատար տիկին Արաքսյան՝ իր Վանա կատվի հետ

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Երբ գյուղերով էի անցնում ու հյուրատներ էին լինում, մնում էի էնտեղ, ու դա էլ առիթ էր մարդկանց հետ շփվելու, գյուղը տեսնելու։ Սկզբում մտածում էին, որ արտասահմանից եմ, ու միանգամից ռուսերեն էին խոսում։ Անգամ երբ հայերեն էի պատասխանում, միեւնույն է, շարունակում էին ռուսերեն խոսել։ Երբ հասկանում էին, որ հայ եմ, մտածում էին՝ ուրեմն սփյուռքից եմ, որ որոշել եմ Հայաստանում ճամփորդել։

Բեխ գյուղը Բեխ գյուղը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Երբ մի տեղ երկար ես ապրում, աչքդ սովորում է, գեղեցկությունը չես ընկալում։ Ես  շատ եմ ուզում, որ էդ սիրուն վայրերում ապրող մարդիկ նորովի նայեն ու վայելեն, գիտակցելով ապրեն, որովհետեւ շատերին չէ վիճակված այդպիսի գեղեցիկ միջավայրում լինել։ Նաեւ շատ կարեւոր է, որ այդ զարմացնող տեսարաններով հարուստ գյուղերը բնակեցված լինեն։ Դա մեզ անհրաժեշտ է ուժեղ լինելու համար։

 

Օրինակ, Շիշկերտը շատ սիրուն է, բայց շատ ճնշող է, լքված գյուղի տպավորություն է թողնում, ընդամենը 4 ընտանիք է մշտապես ապրում այնտեղ։ Ու հիմնական պատճառը քանդված ճանապարհներն են։ Եթե նորոգեն, դա շատ բան կփոխի բնակիչների կյանքում։

«Հայացքդ մի կտրիր Խուստուփից։ Որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»։ Գարեգին Նժդեհ «Հայացքդ մի կտրիր Խուստուփից։ Որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»։ Գարեգին Նժդեհ

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Կարելի է ասել, որ իմ ճամփորդությունը նաեւ ուխտագնացություն էր։ Ամբողջ ընթացքում, ամեն նոր տեսարանի հետ մտածում էի՝ միայն թե դա մերը մնա։ Այսքան կորստից հետո դեռ ինչքան հարուստ ենք ու ինչքան բան ունենք պահպանելու։

 

Մտորումներս ինձ անընդհատ այդ կողմ էին տանում։ Այդ զգացողություններն այնտեղ շատ խտացած են, քանի որ բնակավայրերը սահմանին մոտ են, շատ էի հանդիպում պատերազմի մասնակիցների, մարդկանց, որ մեծ վաստակ ունեն, ամեն տեղ Նժդեհի անունն է։ Շատ դժվար է այնտեղ լինել ու չունենալ այդ զգացողությունները։ Ու ես նաեւ դրա համար էի ուզում գնալ Սյունիք, որ ինչ-որ չափով ինձ ներկա զգամ։

Խուստուփը Խուստուփը

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Այս ճամփորդությունն ինձ ուժ տվեց։ Տեսնելուց, ճանաչելուց հետո ավելի շատ սիրեցի, իսկ սերը միշտ ուժ է տալիս։ Սիրուց պետք է սնվենք, որ իմանանք՝ ինչպես պաշտպանենք, ինչ անենք։ Առանց դրա չես հասկանում՝ ինչի համար անես, հայրենիքը պաշտպանելը, պահելը վերացական բառեր են դառնում։ Իսկ եթե սիրես, էդպես հեշտությամբ չես ասի «տանք, պրծնենք»։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին