«Արի գյուղ, գյուղում կյանք կա». «շորիկով աղջիկն» ու սիրո հաղթանակի պատմությունը - Mediamax.am

exclusive
10973 դիտում

«Արի գյուղ, գյուղում կյանք կա». «շորիկով աղջիկն» ու սիրո հաղթանակի պատմությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի կեսերին Անահիտն ինձ ու լուսանկարիչ Էմինին հրավիրեց Արարատի մարզի Արեւշատ գյուղի իր տուն՝ նախաճաշի: Երեւանից ճանապարհը մոտ 40 րոպե տեւեց:

 

- Հասանք իմ տուն,- ասում է Անահիտը՝ ցույց տալով հողակտորը՝ մի քանի շարք դեղձենիներով:

 

Անահիտին ճանաչողները երբեք չեն հարցնի՝ իսկ ո՞ւր է տունը, որովհետեւ Անահիտը զարմանալի կարողություն ունի՝ հավատալ գոյություն չունեցողին ու այդ վստահությամբ իրականություն դարձնել երազանքները:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բավականին լուրջ մարդիկ են եկել ու իրենք նույն հավատով նստել են իմ տան շքամուտքում ու նայել են Արարատին: Քանի՞ հարկանի է, քանի՞ պատ կա, քանի՞ քար կա դրված, էական չէ»,- ասում է Անահիտն ու բացում ծալովի սեղան-աթոռները, նախաճաշի պատրաստություն տեսնում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Գեւորգյանը դաշնակահար, անգլերենի թարգմանիչ է, աշխատում է IT ընկերությունում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ: Արեւշատում հող գնել էր 2020-ի աշնանը. մտածում էր՝ տուն կկառուցի, կփախչի քաղաքի աղմուկից: Բայց մեկ շաբաթ անց սկսվեց պատերազմը, ու Անահիտի բոլոր ծրագրերը փոխվեցին՝ ստանալով «Արի գյուղ, գյուղում կյանք կա» անվանումը:

 

«Ցավը մղում էր մի բան անել»

 

Ծնվել եմ Ջերմուկում, բայց երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում: Հայաստան վերադարձա 2007-ին: Գյուղի հետ ոչ մի կապ չունեմ, բայց համավարակն «օգնեց», որ գյուղում հող գնելու մասին մտածեմ. հասկացա, որ անկախ աշխարհում տիրող իրավիճակից՝ գյուղում կարող ես քո ապրուստը հոգալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Փնտրտուքների արդյունքում եկա Արարատի մարզի Արեւշատ գյուղ: Հողս գնելուց մի շաբաթ հետո սկսվեց պատերազմը:

 

Շոշափելի ցավ էի զգում, մանավանդ նոյեմբերի 9-ից հետո զգում էի իմ անձնական մեղավորությունը: Գնացի Արեւշատի գյուղապետի մոտ: Ու քանի որ առաջին քայլը ես էի անում, միանգամից ասացի՝ ես փողի պարկ չեմ, բայց կա ազգի կարիք։ Ես դեռ չգիտեմ, թե ինչ պետք է անեմ, բայց վստահ եմ, որ մի բան պիտի սկսեմ։ Հարցրեցի, թե գյուղում ինչ կառույցներ կան, ասաց՝ միայն միջնակարգ ու երաժշտական դպրոցները: Գնացի երաժշտական դպրոցի տնօրենի հետ հանդիպման:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տնօրենի սենյակի կողքին դահլիճներ էր: Դուռը բացեցի ու տեսնեմ՝ անձրեւը կաթում է սեւ ռոյալի վրա. կարծես այդ գործիքի վեհությունից ոչինչ չէր մնացել: Մեջս սեղմվեց՝ ուրեմն մենք նույնիսկ է՞ս հարցը չենք կարող լուծել։

 

Դպրոցը շատ վատ վիճակում էր՝ հատակը կիսաքանդ, լույս, զուգարան, ջուր, ոչինչ չկար: Մտածեցի՝ մի համերգ կկազմակերպենք, որ մարդիկ տեսնեն՝ դպրոցը բարձիթողի վիճակում չէ, երեխաներ են հաճախում ու իրենց ապագան կարեւոր է, եւ արագ գումարը կհավաքենք։ Շինարարական գործի ոչ մի փորձառություն չունենալով՝ դահլիճի վերանորոգումն ինձ համար անհասկանալի ու անհասանելի մի բան էր, չգիտեի՝որտեղից պիտի սկսենք, բայց ցավը մղում էր մի բան անել:

 

«Որոշեցի հավատքի քայլ անել»

 

Սկզբում հանդիպեցի ծնողներին: Բոլորն ասացին՝ զբաղված ենք, գումարի խնդիր էլ ունենք, չենք կարող մասնակցել։ Մտադրությանս մասին ֆեյսբուքում գրեցի, մտածում էի՝ էսպես գումար կհավաքվի: Չէր հավաքվում: Գնացինք մի քանի հեռուստաընկերություն, ուղիղ եթերների մասնակցեցինք, բայց 1000 կամ 5 000 դրամ էր հավաքվում: Մենք դրա համար էլ, իհարկե, անչափ շնորհակալ ենք, որովհետեւ մեզ համար կարեւոր չի եղել գումարի չափը, այլ յուրաքանչյուրի սրտի կապվածությունը, դիրքը մեզ հետ. դա իրենց սիրո ընծան էր, որը կարող էին չանել, բայց բաժակը կաթիլներով է լցվում։

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Որոշեցի հավատքի քայլ անել. չունենք գումար, բայց, միեւնույն է, սկսենք քանդելու աշխատանքները: Որոշել էի, որ ընտրելու ենք միայն գյուղացի աշխատողներ՝ ներդրում անելով գյուղում, ու նյութերը գնելու ենք միայն գյուղի շինարարական խանութից՝ նպաստելով գյուղի բիզնեսի զարգացմանը: Բայց ես ոչ մի բանի համար գումար չունեի: Ապրանքները խանութից վերցնում էի ու իմ անվան դիմաց պարտքը կուտակվում էր: Շինարարներին ուղղակի խնդրել էի՝ նայե՛ք, մենք հիմա գումար չունենք, բայց դուք հաստատ առանց աշխատավարձ չեք մնա՝ ինչ պայմանավորվել ենք, ստանալու եք, բայց հիմա միացեք մեր տեսլականին, որովհետեւ նպատակ ենք դրել հունիսի 17-ին  հաշվետու համերգով դահլիճի բացումն անել։

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Ու էսպես հավատքով, փող չունենալով՝ սկսեցինք քանդել։ Նույնիսկ հիշում եմ՝ տնօրենը վախվորած եկավ՝ Անահի՛տ ջան, բա որ գումարը չհավաքվի, ի՞նչ ենք անելու։ Ասացի՝ չէ՛, ընկե՛ր Գրիգորյան, լինելու է։ Ինքը սենյակից դուրս եկավ, ես ինքս ինձ հետ մենակ մնացի, ու ոնց որ երկրորդ Անահիտը ներսից ասեր՝ բա ո՞ր չլինի։ Ու սկսվեցին անքուն գիշերներ. ես ինչի՞ ֆեյսբուքում գրառում արեցի, ինչի՞ս էր պետք գնալ, գյուղապետին հարցնել, թե ինչ խնդիրներ ունեք, ցավդ կուլ կտայիր, կանցներ, կգնար։

 

Բայց շարունակում էի հաղորդագրություններ ուղարկել, մեկին բիզնես ճաշի էի կանչում, մյուսին համոզում էի, համառում, երրորդին՝ ստիպում, բայց գումար չկար: Այդ ընթացքում ընկերներս միացան իմ գաղափարին, ու երաժշտական դպրոցում IT կենտրոն ստեղծեցինք, որ երեխաներին անվճար անգլերեն եւ ծրագրավորում սովորեցնենք: 2021-ի մայիսի 1-ին կենտրոնի բացումն էր: Առավոտ շուտ արթնացել, պատրաստվում եմ, մեկ էլ նամակ եմ ստանում Ամերիկայի Ավետարանական եկեղեցու հովվից. «Դահլիճի նորոգման համար անհրաժեշտ ամբողջ գումարը փոխանցում եմ հաշվեհամարին, թող Աստված օրհնի ձեր գործը»։ Ընկերուհուս հետ նստել ու բարձրաձայն լացում էինք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի որ ընթացքում էլ որոշ գումար հավաքվել էր, ամեն ինչ արեցինք շատ սիրուն։ Ու ծնողները, որ սկզբում ասում էին՝ մենք գումար չունենք, զբաղված ենք, գումար հավաքեցին, վարագույների հարցն իրենք լուծեցին։ Շատ սիրուն հաշվետու համերգ ունեցանք, բոլորը շատ ոգեւորված էին։ Հիմա աշակերտների թիվը 50 տոկոսով ավելացել է, 8-ի փոխարեն 11 համայնքների երեխաներ են գալիս երաժշտական դպրոց:

 

«Ես կանչում եմ իմ 3 հարյուր սպարտացիներին»

 

Դահլիճի բացմանն ասացի՝ կներեք, որ փոքր երազեցի: Մենք պետք է մեծ երազեինք՝ ամբողջ դպրոցի համար:

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Կարճ ժամանակ անց, ինձ գրում է ամերիկահայ մի կին, որի տղան ավտովթարից մահացել էր: Քանի որ համավարակ էր եւ չէր թույլատրվում հոգեհանգիստ անել, հարազատները ծաղկեփնջերի գումարն ուղարկել էին մորը: Նա էլ մտածել էր՝ եթե ի հիշատակ որդուս Հայաստանում ցայտաղբյուր կամ մի հուշարձան կանգնեցնեմ, միեւնույն է, ոչ ոք չի հիշելու, ավելի լավ է ուղարկեմ էս աղջկան, ոնց որ լավ բաներ է անում, վստահելի է: Այդ գումարով վերանորոգեցինք 6 դասասենյակ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ այդ 100 դուռ էինք ծեծում, որ բացվեր, հետո արդեն մարդիկ իրենք էին ասում՝ ինչո՞վ քեզ օգնենք, կուզե՞ս մի բան անենք, գանք, պատ քերենք: Զգում էի, որ արդեն «գծի վրա ենք ընկել»: Քանի որ փորձառու «բրիգադիր» էի, շատ արագ նաեւ զուգարանի հարցը լուծեցինք. մինչ այդ դպրոցում զուգարան չկար: Ուսուցիչներից մեկն ասաց՝ Անահի՛տ ջան, ամեն զուգարան գնալուց քեզ օրհնելու ենք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո մնաց 5 սենյակ, միջանցք ու շքամուտք: «ռեԱրմենիա» հարթակում դրամահավաք սկսեցինք, բայց ընթացքը դանդաղ էր: Ֆեյսբուքի իմ էջում գրեցի՝ ունեմ գրեթե 2 հազար ընկեր: Վստահ եմ, որ ձեզնից գոնե 3 հարյուրն ինձնից ազդվել է: Ես կանչում եմ իմ 3 հարյուր սպարտացիներին, եթե ամեն մեկդ 640 դրամ փոխանցեք, մենք կարող ենք փոխել իրավիճակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Չեք պատկերացնի՝ մարդիկ ինչպես ոգեւորվեցին: Շատ կարեւոր է ճիշտ բառեր օգտագործելը: Մի քանի հոգի գրեց՝ եթե կարծում ես, որ մենք քո սպարտացիներն ենք, գումարն ուղարկում ենք: 2 օրում գումարը հավաքվեց, ու 2022 թվականի հունիսի 17-ին վերաբացեցինք ամբողջ դպրոցը:

 

«Ես ծաղկեփունջ, կոնֆետ չեմ ուզում, մեզ պետք է 14 խորանարդ մետր բետոն»

 

Դեռ Արեւշատի երաժշտական դպրոցի նորոգումը չէինք վերջացրել, հարեւան Աբովյան գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է ինձ գրում, որ դպրոցում նորմալ պայմաններ չկան, 30 տարի ֆիզկուլտուրայի դասերը գարնանը դրսում են լինում, ձմռանը՝ սպորտի տեսություն են անում:

 

Նամակը կարդում ու մտածում եմ՝ ես իմ պարտքը տվել եմ ավելիով, էլ անելիք չունեմ, հիմա պիտի տունս կառուցեմ: Բայց, ամեն դեպքում, գնացի Աբովյան: Հսկայական մարզադահլիճ էր, հատակն ամբողջությամբ փտած. դա ինձ համար իսկական անդունդ էր: Ոչինչ չխոստացա:

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Ընկերուհիս ծանոթ ուներ, որը խոշոր շինարարական ընկերության տնօրեն է: Խոսել էր հետը, նա էլ ասել էր, որ ուզում է գա, դահլիճը տեսնի: Եկավ, նայեց, թե՝ պատերի հարցը լուծեք, հատակը վերցնում եմ իմ վրա: Հատակն ամենամեծ ծախսն է, պատերի հարցն ի՞նչ է, որ չլուծենք:

 

Գումարը հավաքվեց, ամեն ինչ արեցինք, հասավ հատակի պահը: Ընկերության շինարարը եկավ, պարզվեց՝ նախ պետք է հատակը հարթեցնել, առանց դրա սպորտային հատակ սարքել չի լինի: Դա իմ ծննդյան նախորդ օրն էր: Ես ուրիշ տարբերակ չունեի, քան՝ դասական շորերով նստել գետնին ու տեսանյութ նկարել. «ես ծաղկեփունջ, կոնֆետ չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում, մեզ պետք է 14 խորանարդ մետր բետոն ու հարթեցման գումարը՝ 741 500 դրամ»:

Լուսանկարը` Անահիտ Գեւորգյանի արխիվից

Երեկոյան գնում եմ տուն, պապաս էդ նյութը տեսնում, ջղայնանում է՝ դու փոխտնօրեն աղջիկ, նստել գետնին փող ես մուրում: Իրականում, իրենք իմ արածներով ոգեւորվում են, բայց դիրքի մասին իմ ու իրենց պատկերացումները տարբեր են. իմ «ուսադիրներից» ոչ մեկը չի ընկնի, եթե ես նստեմ գետնին կամ հատակը մաքրեմ:

 

Այդպես, կամաց-կամաց 3 ամսում գումարը հավաքվեց. ես 3 ամիս ծնունդ էի նշում: Արդյունքում՝ դահլիճից բացի ունեցանք երկու հանդերձարան: Հիմա սպասում ենք, որ բետոնը չորանա ու դահլիճի բացումն անենք:

 

«Շորիկով աղջիկն ասեց ու արեց»

 

Սկիզբը դժվար էր, որովհետեւ փորձառության, ռեսուրսի պակաս կար, ես գյուղում ոչ մեկի չէի ճանաչում: Սովորաբար, երբ մեկը դրսից գալիս է գյուղ ինչ-որ բան անելու, իրեն միշտ նայում են թեք աչքով: Սկզբում քեզ չեն ընդունի. կհյուրասիրեն, բայց սրտի դարպասը քո առջեւ չեն բացի: Բայց հենց զգացին, որ դու ոչ թե իրենց դիմաց, այլ իրենց հետ՝ ուս ուսի ես, եկել ես լսելու, աջակցելու, կասեն՝ էս դու, էս տարածքը, ինչ կուզես, արա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեռ նոր էինք սկսել աշխատանքները, գյուղից մեկն ասել էր՝ ո՞վ ա էդ շորիկով աղջիկը, որ եկել, էստեղ ինչ-որ բան ա ուզում փոխի. 40 տարի դահլիճը մութ ա, զուգարան, ջուր չի եղել, ո՞վ ա ասել, որ հիմա լինելու է։ Դահլիճի բացման արարողության ժամանակ ինքը եկել, ուսուցիչներից մեկին ասել էր՝ ես սխալվեցի, շորիկով աղջիկն ասեց ու արեց։ Ու ամեն անգամ, երբ մի դժվարության միջով եմ անցնում, սա ինձ համար ոնց որ հիշեցում լինի:

 

«Սա սիրո հաղթանակի պատմությունն է»

 

Ես անչափ ուրախ եմ, որ ի սկզբանե հեշտ չի ստացվել, որովհետեւ դա օգնում է, որ մեր մեջ գտնենք հարցը լուծելու կրեատիվ ճանապարհներ: Ես ինձ միշտ նմանեցնում եմ ջրի. եթե դիմացս քար կա, ապա փորձում եմ իմ ջրի զորությունը. եթե դիմանում է, քարը թեթեւ մի կողմ եմ հրում ու շարունակում եմ: Եթե քարն ավելի զորեղ է, ես ջուրս կբարձրացնեմ, քարի վրայով կանցնեմ, բայց, միեւնույն է, պիտի անցնեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Անչափ ուրախ եմ, որ ի սկզբանե մեկը չեկավ, ամբողջ գումարը չտվեց, որ մեր նախագիծն իրականացնենք, որովհետեւ այդ դեպքում բոլորը, ինձնից սկսած, հպարտանալու էին, ասելու էին՝ փողը բերեցինք, տվեցինք, արեց: Բայց հիմա մենք այնքան մեծ ցանց ունենք, այնքան մարդ է այս գործին մասնակցել նույնիսկ ամենափոքր ներդրումով՝ մի պատը մեկի պատմությունն է, մի լարը մյուսի պատմությունն է, մի լուսարձակը երրորդի պատմությունն է, սա սիրո հաղթանակի պատմությունն է:

 

Մեր մտքի մեջի «բա որ»-ները խանգարում են մեզ

 

Արեւշատի իմ հողից Արարատը լավ երեւում է: Արարատն ինձ համար ուժեղ ազդակ-հիշեցում է: Ես երազանք ունեի Արարատը բարձրանալու, բայց միշտ մտածել եմ՝ կարող է ճանապարհի կեսին մնամ, շունչս կտրվի: Մի միջոցառման ժամանակ մի պուճուրիկ աղջիկ շատ հանգիստ պատմում էր՝ երազանք ունեի, բարձրացա Արարատը, իջա: Այդ պահին ես ինքս ինձ խոստացա, որ պիտի բարձրանամ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամեն ինչի սկիզբը սկսելն է: Արարատ բարձրանալուց առաջ նախապատրաստական շրջան ես անցնում, սկզբում Աժդահակ սարը պիտի բարձրանայի: Առավոտ շուտ հազիվ տաք տեղերիցս դուրս էի եկել, ու այն պահին, երբ պետք է դուռը փակեի, ընտրություն ունեի՝ կա՛մ բանալին շխկացնելով դուռն արագ փակում ու իջնում եմ, կա՛մ՝ շատ հեշտ՝ նորից հետ եմ գնում, մտնում անկողին:

 

Արարատը բարձրանալուց հետո, երբ դժվար պահ է լինում, վախենում եմ՝ ո՞նց սկսեմ, ի՞նչ անեմ, ինքս ինձ ասում եմ՝ հիշո՞ւմ ես, որ սկզբում տատանվում էիր, բայց դու կանգնել ես այդ գագաթին:

 

Մենք, սովորաբար, մտածում ենք՝ մինչեւ ամբողջ գումարը չհավաքվի, մինչեւ ամեն ինչ չիմանանք, ամբողջ ծրագիրը հստակ չլինի, չենք սկսում: Մեր մտքի մեջի «բա որ»-ները խանգարում են մեզ, բայց պետք է գտել մի առողջ, ոգեւորված բջիջ, որ կքաջալերի քեզ ու մնացած ընկած բջիջներին, կասի՝ դուք հաստատ կարող եք դա անել: Գլխավոր սկսելն է:

 

Մենք պիտի ընդունենք դժվարությունները, որովհետեւ դրանք մարզում են մեզ, պիտի հարմարավետության գոտուց դուրս գանք: Եթե հիմա ինչ-որ բան եմ կազմակերպում, ես դրա մեծությունից չեմ վախենում: Այս պատմությունները կոփեցին իմ համառությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես ինքս ինձ խոստացել էի, որ պիտի տունս կառուցեմ ու Նոր տարին իմ տանը դիմավորեմ: Անցած Ամանորի կեսգիշերին Արեւշատում էի: Մի քիչ հուզվել էի, որ խոստումս չպահեցի, մի պահ մտածում էի՝ ինչի՞ վատնեցի ժամանակս, կարող էի, չէ՞, խելքս գլուխս հավաքել, մի տարում տունս կառուցել: Բայց հետո բոլոր էդ մտքերը ջնջեցի, հիշեցի էն ծանոթությունների ցանցը, որ ստեղծել ենք, մարդկանց, որոնց ճանաչեցի այս ընթացքում, էրեխեքին ու ծնողներին, որ ոգեւորվեցին այս նախագծերից: Եթե հիմա ինձ նորից շանս տրվեր, ես նորից ինքնամոռաց մտնելու էի այս գործի մեջ:

 

«Սկսենք, մենք երկիրը շենացնելու համար անելիք ունենք»

 

Ես superwoman չեմ, ես սուպերֆինանսական հնարավորություններ չունեմ, բայց, չունենալով գումար, կապերը, կազմակերպություններն իրար բերելով, կարողացել ենք այս ամենն անել: Ես սա հպարտանալու կամ գովազդի համար չեմ ասում: Եթե մենք Հայաստանը զարգացնելու մասին ենք խոսում, պիտի նետվենք գյուղեր: Հայաստանում կա մոտ 1000 գյուղ: Մենք չունե՞նք 1000 բժիշկ, 1000 մարդկային ռեսուրսի կառավարիչ, 1000 լուսանկարիչ, որ գնա գյուղի իր սիրուն անկյունները նկարի, գովի, մարդկանց ոգեւորի, գան, գյուղում ապրեն: Կարեւոր է երիտասարդներին քաջալերել, որ գյուղը չլքեն, որ գյուղը չդառնա ծերանոց: Մենք հաջողված օրինակներով պիտի ցույց տանք, որ գյուղում ապրելը վախենալու չէ, մարդկանց ասենք՝ արի՛ գյուղ, գյուղում կյանք կա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախաձեռնեք, անհնարին ոչինչ չկա. սեռը կապ չունի, ֆինանսը որոշող չէ: Սկսենք, մենք երկիրը շենացնելու համար անելիք ունենք:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Անահիտ Գեւորգյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին