Նրանք ամփոփել են Շիրազի սիրտն Արարատի գագաթին - Mediamax.am

exclusive
17961 դիտում

Նրանք ամփոփել են Շիրազի սիրտն Արարատի գագաթին


Լուսանկարը` Ալբերտ Տոնեյանի

Գեւորգ Հաջյանը
Գեւորգ Հաջյանը

Լուսանկարը` Ալբերտ Տոնեյանի

Քուրդ ուղեկցորդը, Գեւորգ Հաջյանը, Հրաչ Մակարյանը, Մխիթար Մխիթարյանը (ձախից՝ աջ)
Քուրդ ուղեկցորդը, Գեւորգ Հաջյանը, Հրաչ Մակարյանը, Մխիթար Մխիթարյանը (ձախից՝ աջ)

Լուսանկարը` Ալբերտ Տոնեյանի

Գեւորգ Հաջյանն (ձախից) ու Ալբերտ Տոնեյանը (աջից)
Գեւորգ Հաջյանն (ձախից) ու Ալբերտ Տոնեյանը (աջից)

Լուսանկարը` անձնական արխիվից


2006թ. հուլիսին չորս հայ վերելք է կատարել Արարատ լեռ եւ գագաթին ամփոփել բանաստեղծ Հովհաննես Շիրազի սիրտը: Խմբի կազմում էին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Գեւորգ Հաջյանը, նրա լեռնագնաց ընկերներ Ալբերտ Տոնեյանը, Հրաչ Մակարյանն ու Մխիթար Մխիթարյանը:

 

Այդ տարիներին Արարատը «փակ» լեռ էր հայերի համար: Հայկական ծագում ունեցող անձանց արգելված էր վերելք կատարել: Խմբի մասնակիցներն Արարատ բարձրանալու ու Շիրազի պատգամը կատարելու մասին առաջին անգամ խոսել են վերելքից երկու տարի անց միայն՝ 2008թ.-ին: Առ այսօր քչերին հայտնի վերելքի մասին Մեդիամաքսը զրուցել է Գեւորգ Հաջյանի ու Ալբերտ Տոնեյանի հետ:

 

***

 

…Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սեւ ամպից,

Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,

Ու կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով

Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով:

 

Ու երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,

Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես

Ու կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,

Որ շիրմում էլ՝ դարավոր հուր կարոտից չմրսի:

 

Հովհաննես Շիրազ

 

«Սարերում միասին շատ հաց ու պանիր ենք կիսել»

 

Գեւորգ Հաջյան

 

Ալբերտի եւ Հրաչի հետ վաղուց էինք ծանոթ: Երեքս էլ ֆիզիկոս ենք: Սկզբում նրանց դասախոսն էի, հետո գործընկերներ ու ընկերներ դարձանք: Միասին շատ գագաթներ էինք բարձրացել, հիացել դրանց գեղեցկությամբ: Ինչպես ասում են՝ «սարերում շատ հաց ու պանիր էինք կիսել»: Արարատ բարձրանալու մասին այդ տարիներին միայն կարող էինք երազել:

Գեւորգ Հաջյանն (ձախից) ու Ալբերտ Տոնեյանը (աջից) Գեւորգ Հաջյանն (ձախից) ու Ալբերտ Տոնեյանը (աջից)

Լուսանկարը` անձնական արխիվից

Ինչ վերաբերում է Հովհաննես Շիրազին, նա իմ ամենահարազատ մարդկանցից մեկի՝ զարմիկիս, քանդակագործ Արա Շիրազի հայրն է: Դեռ փոքր տարիքում Արան հորն այցելելիս հաճախ ինձ իր հետ էր տանում: Այդ այցելություններից հիշողությանս մեջ քիչ բան է մնացել: Գիտեի միայն, որ ժողովրդի կողմից սիրված մարդու տուն եմ գնում: Իհարկե, այն ժամանակ մտքովս անգամ չէր անցնում, որ կարժանանամ մեծ բանաստեղծի սիրտն Արարատի գագաթին ամփոփելու պատվին:

 

Շիրազն արտակարգ հիշողություն ուներ: Արդեն համալսարանի երիտասարդ դասախոս էի, երբ մի անգամ Աբովյան փողոցում պատահաբար հանդիպեցինք: Թեեւ շատ վաղուց չէինք տեսնվել, ճանաչեց, ուշադիր նայեց ու հարցրեց՝ «Գեւի՞կն ես» (երբ փոքր էի, ինձ այդպես էին անվանում): Հարցուփորձ արեց՝ ինչո՞վ եմ զբաղվում, մերոնք ինչպե՞ս են: Երբ իմացավ, որ համալսարանի դասախոս եմ, շատ ուրախացավ: Հիշում եմ՝ բաժանվելիս խիստ դեմքով ասաց՝ «ապաշնորհներին ճամփա չտաս»: Բարեբախտաբար, նման ուսանողներ չունեցա:  

 

Հոր մահվանից հետո Արա Շիրազը նրա սիրտը պահել էր տանը՝ ֆորմալինով լցված ապակյա անոթում: Հույս ուներ, որ մի օր կկարողանա կատարել բանաստեղծի պատգամն ու սիրտն ամփոփել Արարատի գագաթի հավերժական ձյուներում:

 

Գիտեր, որ Արարատի գագաթ բարձրանալը երազանքս է ու ինձ էլ պարբերաբար ասում էր՝ «եթե բարձրանալու լինես ու նույնիսկ ես չլինեմ, սրտի տեղը գիտես, կտանես հետդ»:

 

Լեռներ բարձրանում են մարդկանց հետ, որոնց վստահում են

 

2006թ.-ին մի ամերիկացու շնորհիվ քուրդ ուղեկցորդի տվյալներ գտանք, որը համաձայնեց մեզ Արարատում ուղեկցել:

 

Չգրված օրենք կա՝ լեռներ բարձրանում են մարդկանց հետ, որոնց վստահում են: Խմբում ընդգրկվեցինք ես, Ալբերտը, Հրաչն ու Գագիկը: Վերջինը, սակայն, անսպասելի վրա հասած պատճառով չկարողացավ գալ ու խմբում ընդգրկեցինք շատ փորձառու լեռնագնաց Մխիթար Մխիթարյանին:

 

Տարիներ անց՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Գագիկ Ավետիսյանը զոհվեց: Կարծում եմ՝ նրա համար իր ականանետով պաշտպանած բարձունքն Արարատից էլ բարձր էր:

 

Քրդերը մեզ շատ լավ էին վերաբերվում, բայց զգուշավոր էին, քանի որ հայերին Արարատ ուղեկցելն իրենց համար կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել: Երբ Բայազետ հասանք ու պատրաստվում էինք հյուրանոցում գիշերել, քուրդ ուղեկցորդը հասկացրեց, որ դա անցանկալի է: Նրա առաջարկով գիշերեցինք մոտակա գյուղում՝ իր ազգականի տանը:

 

Փոքրիկ ուսապարկում «թաքնված» սիրտը

 

Վերելքն, ընդհանուր առմամբ, հանգիստ անցավ: Սկզբում հասանք 3200մ բարձրության վրա գտնվող ճամբար, գիշերեցինք: Առավոտյան բարձրացանք 4200մ բարձրության վրա գտնվող կայանատեղի: Թեեւ նախորդ օրը պայծառ եղանակ էր, գիշերն այն կտրուկ փոխվեց ու սարը պատվեց խիտ մառախուղով: Գիշերը ժամը 3-ին մոտ սկսեցինք քայլել դեպի գագաթ: Մեր ուղեկցորդը փորձառու էր: Լուսադեմին հասանք հավերժական ձյան հատվածին:

Քուրդ ուղեկցորդը, Գեւորգ Հաջյանը, Հրաչ Մակարյանը, Մխիթար Մխիթարյանը (ձախից՝ աջ) Քուրդ ուղեկցորդը, Գեւորգ Հաջյանը, Հրաչ Մակարյանը, Մխիթար Մխիթարյանը (ձախից՝ աջ)

Լուսանկարը` Ալբերտ Տոնեյանի

Շիրազի սիրտն ամբողջ ընթացքում փոքրիկ ուսապարկի մեջ էր: Դրա ու առհասարակ վերելքի ընթացքում բանաստեղծի ցանկությունը կատարելու մտադրության մասին տեղյակ էի պահել միայն Հրաչին: Պատգամել էի, որ եթե ինչ-ինչ պատճառներով չկարողանամ հասնել գագաթ, ինքն ամփոփի բանաստեղծի սիրտը: Ավելորդ հուզմունքից խուսափելու համար Ալբերտին ու Մխիթարին այդ մասին ոչինչ չէի ասել:

 

Միայն Հայաստանում իմացա, որ Արարատի գագաթին թողել ենք Շիրազի սիրտը

 

Ալբերտ Տոնեյան

 

Ինչպես ընկեր Հաջյանն ասաց, Հովհաննես Շիրազի սիրտն Արարատի գագաթին

ամփոփելու առաքելության մասին գիտեին միայն ինքն ու Հրաչը: Ես գնացել էի Արարատ բարձրանալու՝ առանց իմանալու, որ մեր խումբը պետք է կատարի բանաստեղծի պատգամը:

 

Գագաթին ունեցած զգացողություններն աննկարագրելի էին: Շատ էինք հուզվել, հեկեկում էինք: Կարծում եմ՝ ոչ այնքան երազանքն իրականացնելու ուրախությունն էր, որքան այն, որ կարողացել էինք հաղթահարել այդ երազանքի ճանապարհին դրված տարիների արգելքը:

Գեւորգ Հաջյանը Գեւորգ Հաջյանը

Լուսանկարը` Ալբերտ Տոնեյանի

Ինձ համար զարմանալի էր, որ մեր հետեւից եկող պարսիկների խումբն էլ էր շատ հուզված, մարդիկ ծնկի եկած արտասվում էին: Միշտ կարծել եմ, որ Արարատն առանձնահատուկ նշանակություն ունի միայն հայերի համար, բայց պարզվեց՝ այն շատերի համար է սուրբ վայր: Վերելքից հետո թվում էր, թե կատարել ենք մեր կյանքի ամենակարեւոր գործը, որ ավելի նշանակալի բան այլեւս չենք անի:

 

Երբ իջնում էինք, գագաթից քիչ ներքեւ նկատեցի, որ ընկեր Հաջյանն ու Հրաչն ինչ-որ արարողություն են անում: Ալպինիստական կացնով հնարավորինս հարթ տեղում փոս էին փորել: Հասկացա, որ նրանց ձեռքում ինչ-որ մասունք է, բայց պատկերացում չունեի՝ ումն է: Քանի որ մեր խմբի լուսանկարիչն էի, ցանկացա լուսանկարել այդ գործընթացը, բայց ասացին՝ պետք չէ: Պահեցի միայն այդ վայրի կոորդինատները: Այն, որ Արարատի գագաթին մենք թողել ենք բանաստեղծ Հովհաննես Շիրազի սիրտը, իմացա միայն Հայաստան վերադառնալուց հետո:

Այդ տարիներին հայերի համար Արարատ բարձրանալն արգելված էր: Իջնելուց հետո անհանգիստ էինք, որ մեզ որեւէ տեղ կկանգնեցնեն, կստուգեն արված լուսանկարները, ինչից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Այդ պատճառով հնարավորինս արագ վերադարձանք Հայաստան:

 

Չէի ցանկանում, որ հայտնի լինի Շիրազի սիրտն ամփոփելու հստակ վայրը

 

Գեւորգ Հաջյան

 

Մեր առաքելությունը բարեհաջող իրականացնելուց հետո դրա մասին մոտ երկու տարի ոչ մեկին չէինք պատմել: Առաջին անգամ խոսեցինք Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերում՝ 2008թ.-ին: Գիտեք, եթե երիտասարդ լինեինք, գուցե, ցանկանայինք, որ մեր անունը թնդար, որ այդ պատմության մասին շատերն իմանային, բայց մեզ համար ավելի կարեւոր էր, որ բարձրացել ենք Արարատի գագաթը ու իրականացրել մեր մեծ բանաստեղծի պատգամը:

 

Արա Շիրազը պնդում էր, որ նշեմ սիրտն ամփոփելու հստակ տեղը: Բայց Արարատի գագաթ միայն հայերը չէ, որ բարձրանում են: Շատ էի վախենում, որ տեղը հայտնի կդառնա ու հետո չգիտես՝ ով կգնա այնտեղ: Ինձ համար վերելքի զգացողությունից էլ ավելի կարեւոր էր այն, որ կարողացել եմ կատարել ինձ ամենահարազատ մարդկանցից մեկի՝ Արա Շիրազի ցանկությունը, կատարել նրա հոր պատգամը :

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին