Երկու աշխարհի աղջիկը, դիմակով կյանքն ու կրկնակի մեկուսացումը - Mediamax.am

exclusive
2696 դիտում

Երկու աշխարհի աղջիկը, դիմակով կյանքն ու կրկնակի մեկուսացումը


Լուսինե Հոլիկյանը
Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հոլիկյանը
Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հոլիկյանը
Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հոլիկյանը
Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հոլիկյանը
Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հոլիկյանը
Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հոլիկյանը
Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հոլիկյանը
Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հոլիկյանը
Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հոլիկյանը
Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեր, լույս, սիրուն. ժեստերի լեզվի թարգմանիչ Լուսինե Հոլիկյանը ցույց է տալիս սիրած բառերի ժեստերը։ Հաջորդն արդեն ոչ այնքան սիրելի, բայց վերջին շրջանում ամենից հաճախ կիրառվող ժեստն է. նոր բառի՝ «կորոնավիրուսի» թարգմանությամբ ժեստերի լեզուն հարստացավ ավելի քան երկու տարի առաջ։

 

Լուսինեն ասում է, որ չլսող մարդիկ, որոնք ունեն ժեստերի լեզուն հարստացնելու միակ եւ բացառիկ իրավունքը, այդ երկար բառը մատնախոսելու փոխարեն ստեղծեցին նոր ժեստ։ Ձեռքի արագ շարժումով կարողանում են ցույց տալ վիրուսի մանրադիտակային պատկերը։

Լուսինե Հոլիկյանը Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամբողջ աշխարհում խուճապ առաջացրած վարակը, մի կողմից ինֆորմացիոն տեղատարափը, մյուս կողմից՝ խուլերի համար չթարգմանվող ինֆորմացիան ու դիմակների պարտադիր կրումը կրկնապատկեցին Հայաստանում ապրող խուլերի խնդիրները։

 

Լուսինեն վարում է ժեստերի լեզվով բլոգ, ներկայացնում ամենը, ինչ հիմնականում հասանելի չէ լսողության խանգարում ունեցող մարդկանց՝ երգեր, բանաստեղծություններ, տարբեր հետաքրքիր տեղեկություններ, արտակարգ իրավիճակում դարձավ կամավոր-թարգմանիչ եւ սկսեց զբաղվել հրատապ լուրերի թարգմանությամբ։

Լուսինե Հոլիկյանը Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժեստերի լեզվի թարգմանիչ Լուսինե Հոլիկյանը Մեդիամաքսին պատմել է լսողությունը կորցնելու, համավարակի առաջացրած դժվարությունների եւ վերադարձրած լսողությունը չլսողների համար օգտագործելու մասին։

 

Երկու աշխարհում ապրած աղջիկը

 

Շատերին ինձ ասում են՝ «երկու աշխարհներում ապրած աղջիկ»։ Յոթ տարեկանում հարբուխի պատճառով կորցրեցի լսողությունս եւ դրանից հետո մարդկանց հետ հիմնականում շփվում էի շուրթերին նայելով կամ, եթե շատ կարեւոր էր ասելիքը, գրում էինք թղթի վրա։

 

Շիրակի մարզից եմ, լսողությունս կորցնելուց վեց տարի անց՝ 2007 թվականին, ծնողներս իմացան, որ Երեւանում կա «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց», ինձ տեղափոխեցին այստեղ, որպեսզի կրթությունն ավելի մատչելի ստանամ։ Մինչ այդ սովորում էի հանրակրթական դպրոցում եւ չէի մտածում, որ իմ հասակակիցներից տարբերվում եմ, յուրահատկություն ունեմ։ Միեւնույն ժամանակ, չէի պատկերացնում, որ աշխարհում կան այլ խուլեր, ժեստերի լեզու, մտածում էի՝ միակն եմ, իսկ ինձ պես ընդամենը մի քանի մեծահասակ մարդիկ են, որոնք ժամանակի ընթացքում են կորցրել լսողությունը։ «Խուլերի դպրոցում» հասկացա, որ ինձ նման հազարավոր մարդիկ կան:

 

Երեխաներն այս դպրոցում ինձ ջերմ ընդունեցին ու ես ծանոթացա մի շատ հետաքրքիր աշխարհի հետ, որը, ինչպես պարզվեց, իմն է։ Վեց տարի չլսելուց հետո, վերջապես, հասկացա, թե ով եմ ես։ Ընդամենը երկու ամսում յուրացրեցի ժեստերի լեզուն, իսկ որոշ ժամանակ անց էլ պարզվեց, որ կարող եմ լսել։

Լուսինե Հոլիկյանը Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

14 տարեկանում ինձ վիրահատեցին եւ լսողությունս վերականգնվեց. այժմ լսողական սարք եմ կրում։ Մեկ տարի պահանջվեց ադապտացվելու լսողների աշխարհին։ Սկզբում անտանելի աղմուկ էր, անգամ կարող էի չհասկանալ՝ ծնողի՞ս ձայնն եմ լսում, թե՞ մեքենայի աղմուկ է։ Երբ տարիներ շարունակ չես լսում, լսողությունդ հետ է վարժվում, իսկ սարքի միջոցով լսողությունը բնականին ընդհանրապես նման չէ, թեպետ, լսողական ապարատը, որ տեղադրված է իմ ականջում, բնական լսողությանն ամենամոտն է։

 

Երբ չէի լսում՝ կարծում էի, թե ձայներ եմ հիշում, բայց լսողությանս վերականգնումից հետո հասկացա, որ տարբեր ձայներ էին։

 

Ծնողներս երազում էին, որ լսողությունս վերականգնվի

 

Երբ չէի լսում, միեւնույն է, խոսում էի եւ դա իմ առավելությունն էր, որովհետեւ լսողության խնդիր ունենալուց հետո մարդիկ բանավոր խոսքի խնդիր են ունենում։ Եթե ավելի փոքր տարիքում կորցնեի լսողությունս, ավելի վատ կլիներ։ Տարիների ընթացքում, երբ իմ ձայնը չէի լսում եւ քիչ էի օգտագործում, արագախոս էի դարձել, բայց լսողությունը վերականգնելուց հետո դա էլ կարգավորվեց։

 

Խոսքս պահպանել եմ, հիմնականում, գիրք կարդալու միջոցով։ Ծնողներս ինձ անընդհատ տարբեր գրքեր էին տալիս։ Հայրս գիրք էր բերում եւ ասում՝ «կարդա, բայց բարձրաձայն, որ ես էլ լսեմ, աչքերս ցավում են»։ Ես էլ հավատում էի եւ բարձր կարդում, հիմա հասկանում եմ՝ այդպես էին անում, որ բանավոր խոսքս չկորցնեմ։ Նրանք երազում էին, որ լսողությունս կվերականգնվի, ամեն ինչ անում էին՝ մտածելով, որ երբ կրկին սկսեմ լսել, խոսքս պահպանված լինի։

 

Լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցից դուրս եկա, որովհետեւ ուզում էի համալսարան ընդունվել եւ ինձ պետք էր խորացված պարապել տարբեր առարկաներ։ Չլսելուս տարիներին «հետ էի ընկել», դպրոցն էլ գիշերօթիկ էր, կրթությունն այն ժամանակ շատ բարձր մակարդակի չէր։ Այսպես, տեղափոխվեցի այլ դպրոց եւ ավարտելուց հետո ընդունվեցի Բժշկական համալսարան՝ ատամնաբուժություն սովորելու։ Իմ մասնագիտությամբ աշխատել չստացվեց, տարիների ընթացքում նաեւ հասկացա, որ այն իմը չէ։

Լուսինե Հոլիկյանը Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատուկ դպրոցից դուրս գալուց հետո այնտեղ սովորողների հետ կապն ավելի խորացավ։ Միասին տարբեր վայրեր էինք գնում, նորությունների ծանոթանում, ես սկսեցի իմ վերադարձած լսողությունն օգտագործել նաեւ նրանց համար։ Այն ժամանակ, երբ ես չէի լսում, ծնողներս ու ինձ շրջապատող մարդիկ՝ բոլորն առանց տրտնջալու, ինձ համար երկար տեքստեր էին գրում, որ կարողանանք շփվել։ Հիմա փորձում եմ անել հնարավորը, որ հեշտանա խուլերի կյանքը։

 

Առավոտյան գնում եմ աշխատանքի, աշխատում եմ խուլերի հետ, հետո գալիս թարգմանություններ եմ անում։ Նաեւ լսողներին ծանոթացնում եմ խուլերի աշխարհին, մշակույթին, սովորեցնում ժեստերի լեզուն։ Մարդիկ տարբեր պատճառներով են սկսում սովորել այդ լեզուն։ Ինձ մոտ սովորելու գալիս են, հիմնականում, լսող մարդիկ՝ տարբեր պատճառներով, սակայն նրանցից շատերի ընտանիքում կամ շրջապատում չլսող մարդ կա, իսկ խուլերն այդ լեզուն սովորում են մեկը մյուսի հետ շփվելով։

 

Քույրս ինձ վերադարձնում էր երաժշտությունը

 

Մինչ լսողությունս կորցնելը՝ երաժշտական դպրոց էի հաճախում, սուր լսողություն ունեի, ինձ համար շատ ցավոտ էր, որ կիսատ թողեցի ուսուցումը։ Քույրս եւս երաժշտական դպրոցում էր սովորում եւ ամեն անգամ, երբ նվագում էր, ձեռքս դնում էի դաշնամուրին՝ երաժշտությունը զգալու համար։ Այդպես ես հասկանում էի երգի տեմպը, իսկ բառերը քույրս գրում էր թղթի վրա ու սկսում երգել բերանն այնպես շարժելով, որ ես հասկանայի, թե որտեղ սկսվեց եւ ավարտվեց բառը։ Այդպես քույրս ինձ վերադարձնում էր երաժշտությունը։

 

 

 

 

Իմ մանկության ամենալուսավոր կետերից մեկն էլ ընկերուհուս հետ կազմակերպած պոեզիայի եւ երգերի միջոցառումներն էին․միասին նստում էինք եւ հերթով արտասանում ու երգում։ Խուլերի դպրոցում հասկացա, որ նրանք երաժշտությունից կտրված են։ Խուլերը շատ լավ զգում են երաժշտությունը, պարում, նրանց մարմինը շատ զգայուն է, լավ են զգում տեմպերն ու հնչյունները, բայց երբ հերթը հասնում է բառերին՝ նրանք չգիտեն, թե տեմպի հետեւում ինչ է թաքնված։ Ես նաեւ ցանկանում էի նրանց պոեզիա փոխանցել, երգերի բառեր։

Լուսինե Հոլիկյանը Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երգեր թարգմանելն ինձ մոտ տարիներ շարունակ ձեւավորված միտք է։ Այսպես, որոշեցի համացանցում էջ ունենալ եւ տեսանյութերով երգեր ներկայացնել խուլերի համար։ Նկարահանումների ժամանակ զվարճալի պատմություններ են լինում։ Տեսանյութերը հիմնականում նկարում եմ բացօթյա, մարդաշատ տարածքներում եւ մարդիկ անընդհատ գնում-գալիս են, հետաքրքրությամբ նայում, հարցեր տալիս։ Մի անգամ երկու աղջիկ երկար եւ ուշադիր նայեցին, հետո մոտեցան, պարզվեց՝ «տիկտոկեր» են, կարծել էին, թե «Տիկ-տոկ»-ի նոր պար եմ նկարում։

 

Համավարակն ու ինֆորմացիայի պակասը

 

Խուլերի եւ լսողների աշխարհները շատ տարբեր են: Երբ ապրում ես լսողների աշխարհում, ամեն ինչ ավելի հեշտ է, չես սպասում օգնության, չես սպասում, որ ինչ-որ մեկը քեզ կփոխանցի ինֆորմացիա, որեւէ մեկից կախում չունես, բայց միեւնույն ժամանակ՝ լսողների աշխարհում կյանքն ավելի սառած է։ Մեզ թվում է, որ մենք լսում ենք, ուրեմն այս կյանքի մեջ լիարժեք ապրում ենք, բայց այդպես չէ, իրականում, աղմուկն ավելի շատ է մարդուն շեղում, կյանքից կարեւոր բաներ տանում։ Լռության մեջ ավելի զգայուն ես, նկատող, ավելի հետաքրքիր է դառնում կյանքը, որովհետեւ ամեն ինչ ֆիքսում ես, իսկ երբ լսում ես, աղմուկն այս ու այն կողմ է քաշում, կյանքն ավելի արագ է անցնում եւ շատ բան կարող ես չհասկանալ։

 

Ցավոք, խուլերի աշխարհում ինֆորմացիայի պակաս կա, եթե դիմացինդ լսող է եւ ժեստերի լեզվին չի տիրապետում, տարբեր իրավիճակներում դժվարություններ կունենաս։ Կորոնավիրուսի համավարակի սկզբում, երբ աշխարհը խուճապի մեջ էր, նույնիսկ լսող մարդիկ չէին կարողանում հասկանալ, թե որ տեղեկությունն է ճիշտ, որը՝ ոչ։ Այդ ժամանակ խուլերը կրկնակի խուճապի մեջ էին, որովհետեւ կար ինֆորմացիայի պակաս, նրանք չէին հասկանում ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Տանը նստելով՝ խուլերը ինֆորմացիայից զրկված էին, կրկնակի մեկուսացած, իսկ պետության կողմից, թարգմանության առումով, գրեթե աջակցություն չկար, սահմանափակ քանակությամբ համառոտ լուրերի թարգմանություն էր ներկայացվում եւ ես որոշեցի լրացնել դրա բացը: 

Լուսինե Հոլիկյանը Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ պաշտպանիչ դիմակ կրելը պարտադիր դառավ, խուլերը կրկնակի դժվարություն կրեցին։ Դիմակները մի քանի ձեւով էին խանգարում խուլերին, օրինակ՝ երբ լսող մարդու դեմքին դիմակ կա եւ նա ժեստերի լեզվին չի տիրապետում, դա նման է դռան հետեւից խոսելուն, որովհետեւ ժեստերի լեզվի մեջ դիմախաղն ու շուրթերից կարդալն ամենակարեւոր մասերից են։ Նման դեպքում խուլը չգիտի՝ ինչպես շփվի մարդու հետ, իր հարցի պատասխանը չի ստանում։ Խնդիրը սրվում է ամենակարեւոր վայրեր գնալուց՝ հիվանդանոց, բանկ եւ այլն։

 

Խուլերը նաեւ մեկը մյուսի հետ շփման ընթացքում էին դժվարանում, որովհետեւ դիմախաղը չէր երեւում, հետո էլ՝ բառեր եւ արտահայտություններ կան, որ նույն ժեստն ունեն։ Ժեստերի լեզվով շփվելիս բառերն ուղղորդվում են շուրթերի շարժով։ Նույն ժեստը եւ հինգ հազար է նշանակում, եւ հինգ րոպե եւ դրանք տարբերվում են ուղեկցվող շուրթերի շարժով։ Այդ ժեստը դիմակով ցույց տալուց դեպքում զրուցակիցը չի հասկանում, թե որ բառը նկատի ունենք։ Այսպես, դիմակը բավական բարդություններ առաջացրեց խուլերի կյանքում։

Լուսինե Հոլիկյանը Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշում եմ՝ համավարակի ակտիվ շրջանում պարետի հրամաններից մեկում կետ ավելացրեցին, որ դիմակ կրելու պարտավորությունը հանվում է խուլ եւ թույլ լսող մարդկանց համար, բայց բնակչությունն այս մասին տեղյակ չէր, խնդիրը չլուծվեց։

 

Համավարակի ընթացքում մարդիկ այնքան էին վախեցած, որ երբ անգամ չլսող մարդկանց հետ որեւէ վայր էինք այցելում եւ դիմակով մոտեցող սպասարկող մարդուն խնդրում էինք մի պահ այն հանել, որպեսզի հասկանանք, թե ինչ է ասում, հրաժարվում էին։ Նման դեպքերը մի կողմից օգնում էին խնդիրը բարձրաձայնելու համար, իսկ մյուս կողմից էլ համավարակի ընթացքում խուլերը շատ տուժեցին։

 

Դիմակները պարտադիր կրելու շրջանում չլսող մարդիկ հաճախ բարձրաձայնում էին իրենց խնդիրների մասին։ Ոմանք, անգամ, այլընտրանք գտան, դիմակի մեջտեղի մասը կտրում եւ դրա փոխարեն թափանցիկ ինչ-որ հատված կարում, որ շուրթերը երեւային։ Խուլերն անընդհատ հրապարակումներ էին անում համացանցի իրենց էջերում տեղեկացնում, որ աշխարհում նման դիմակներ կան եւ իրենք էլ են ցանկանում դրանցից ունենալ, բայց այդպես էլ հարցը չլուծվեց։

 

Տեխնոլոգիաների շնորհիվ խուլերի խնդիրները թեթեւացել են

 

Նոր տեխնոլոգիաների շնորհիվ խուլերի խնդիրները մի փոքր թեթեւացել են եւ հաղորդակցումն ավելի հեշտ է դարձել։ Երբ դեռ սմարթֆոնները չկային, չլսող մարդիկ որեւէ մեկին զանգելու համար գնում էին հարեւանների, բարեկամների մոտ, որ կարողանան նրանց միջոցով զանգել, իսկ հիմա մարդը կարող է զանգել թարգմանչին եւ տեսազանգով փոխանցել իր ասելիքը։

Լուսինե Հոլիկյանը Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջին շրջանում Երեւանում գործածվող նոր ավտոբուսները եւս մի փոքր հեշտացնում են չլսող մարդկանց կյանքը։ Նախկինում խուլերը վարորդներին դժվարությամբ էին կարողանում հասկացնել, թե որ կանգառում են ուզում իջնել, իսկ այդ ավտոբուսներում առկա կոճակները թույլ են տալիս առանց վարորդին մոտենալու զգուշացնել մոտակա կանգառում իջնելու մասին։

 

 

 

 

Instagram-ի իմ էջում ես անընդհատ խնդիրներ եմ բարձրաձայնում, փորձում եմ ամեն ինչ անել, որ լսող մարդիկ եւս ինֆորմացված լինեն, որովհետեւ Հայաստանում գիտեն, որ խուլ մարդու հետ պետք է այլ կերպ շփվել։ Այնուամենայնիվ, նրբություններ կան, որ չեն տիրապետում։ Օրինակ՝ հաճախ օգտագործում են «խուլ եւ համր» տերմինը, բայց մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ, որ խուլ մարդկանց չի կարելի ասել համր։ Ճիշտ է՝ մարդը բանավոր խոսք չունի, բայց խուլերի մի մասի մոտ ձայնը ոչ լիարժեք պահպանված է։ Մյուս կողմից, նրանք խոսում են ձեռքերով եւ հենց սա նշանակում է, որ համր չեն։

Լուսինե Հոլիկյանը Լուսինե Հոլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թե համավարակի, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հեռուստացույցով խուլերի համար ինֆորմացիայի թարգմանություն չկար, ամբողջ օրվա ընթացքում նորություններ էի թարգմանում։ Իմ էջում փորձում էի միայն ճշտված տեղեկությունների թարգմանություն տեղադրել։ Հուսով եմ՝ կարիք չի լինի, բայց եթե կրկին համավարակ կամ այլ արտակարգ իրավիճակ լինի, ես պատրաստ եմ նորից օգնել խուլերին թարգմանությունների հարցով, իսկ եթե որեւէ ժամանակ մարդիկ կրկին ստիպված լինեն դիմակ կրել, կարծում եմ՝ ավելի հաջող կերպով կկիրառվի թափանցիկ դիմակների փորձը։

 

Հուսով եմ՝ ապագայում խուլերն ավելի տեղեկացված, ադապտացված կլինեն, իսկ աշխարհը՝ ավելի բարի։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին