Լեւոն Սահակյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը երկու ամսվա ծառայող էր, բայց արժանի կռիվ տալուն դա չխանգարեց: Ստացած ծանր վիրավորումը նրան ստիպում է այսօր էլ շարունակել իր կռիվը՝ թե´ իր, թե´ վիրավոր ընկերների համար:
Լեւոնի վնասվածքները հաճախ տեսանելի չեն, դրա համար էլ երբեմն իր հասցեին լսում է «տղա ջան, դու գոնե ծառայե՞լ ես», «սա էլ է բանակից ազատված» մեկնաբանությունները, բայց ուշադրություն չի դարձնում: Ծառայության ամբողջ ծանրության մասին Լեւոնի փոխարեն իր գրած գիրքն է խոսում:
«Կռիվ տալով» գրքում Լեւոնը պատմում է իր տեսած պատերազմի 40 օրերի մասին: Հրատարակված 200 օրինակից ստացված հասույթը նա ուղղելու է վիրավոր զինվորների բուժմանը:
Մեդիամաքսը պատմում է հեղինակի՝ պատերազմի ու հաջորդող օրերի ապրումների մասին՝ զուգահեռաբար ներկայացնելով հատվածներ գրքից:
Արկն ընկնում ու չէր պայթում
«Ամեն ինչ սկսվեց երկու ռումբերի պայթյունից։ Ու արդեն հրամանատարի գոռոց` պատերազմը սկսելու մասին։ Վազելով դեպի նկուղ՝ լսում էի տարբեր ձայներ. բոլորը միաձայն միայն աղոթում էին»:
«Կռիվ տալով» գրքի գաղափարը ծագել է դեռեւս 2020-ի սեպտեմբերի 30-ին, երբ զոհվել է իմ հրամանատարը՝ փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը: Որոշեցի, որ գիրքը պետք է իր հիշատակը հավերժացնի:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմա շատ են հրամանատարներին պիտակավորում: Ուզում էի պատմել, որ կոնկրետ մեր հրամանատարները դավաճան չեն եղել: Մենք միասնական ենք եղել: Երբ հրամանատարն ասում էր, որ գնում է առաջ ու պետք է գնանք իր հետեւից, հասկանում էինք, որ իրեն մենակ չենք թողնի:
Երբ պատերազմը սկսեց երկարել ու ամեն պայթյունից անընդհատ փրկվում էինք, արկն ընկնում էր կողքիս, բայց չէր պայթում, մի խոսքով չէինք մեռնում, որոշեցի, որ այդ ամենի մասին էլ պիտի պատմեմ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մի հուշատետր ունեի, որտեղ նշումներ էի անում: Անընդհատ կորցնում էի, բայց ինչ-որ ձեւով մեկը գտնում ու տալիս էր ինձ: Երեւանում հասկացա, որ մարդիկ արդեն լրիվ դուրս են եկել պատերազմի միջից, իրենց համար մեկ է եղածը: Ուզում էի մարդկանց նորից մտցնել դրա մեջ, որ հասկանան, ինչքան դժվար է եղել այնտեղ, ինչքան տղերք են ինչ-որ մեկի պատճառով զոհվել: Շատ խնդիրներ են եղել, բայց աշխատել եմ որեւէ քաղաքական թեմա չշոշափել, որովհետեւ գիրքը հերոսների մասին է, իմ գումարտակի տղերքի մասին է:
Թվում էր՝ Շուշիից ելք չկա
Հենց հասել ենք Շուշի, ասել եմ, որ գրառումներս տան ինչ-որ մեկին: Ես չէի կարծում, որ Շուշիից ողջ եմ դուրս գալու: Այնտեղ իրավիճակը շատ վատ էր, ամբողջ Շուշին շրջափակման մեջ էր: Ամենասարսափելի օրն էր: Վազում էիր մարդկանց դիակների վրայով՝ հիմնականում հայերի: Նայում էիր, տեսնում, որ ծանոթ տղերքից մեկի դին է, մտածում էիր՝ ինքն էլ է զոհվել, ու պարզապես շրջվում գնում էիր ... մահը սովորական բան էր դարձել:
Ես հիմնականում եղել եմ դեպի Լաչին տանող ճանապարհի վրա: Կարծես մեզ հատուկ էին այնտեղ պահում: Օգնություն էինք ուզում, ոչ ոք օգնության չէր գալիս:
Շուշիում ամենամեծ թերացումը նրանում էր, որ մեր բոլոր անմիջական հրամանատարներին տանում էին տարբեր ուղղություններով ու մեզ հրամանատար կարգում այլ անծանոթ սպաների: Այդտեղ մեր համախմբվածությունը կորավ՝ ամեն ինչ անկանոն էր, չգիտեինք դիմացներս հայ էր, հայ չէր:
Լուսանկարը` Անձնական արխիվից
Շատ վիրավորների էինք հանում: Պետք է 15 րոպեում հասցնեի 3 կմ ճանապարհը վազեի ու հետ գայի, որ մյուս վիրավորի լարանը արձակեի: Որ մեկին էլ էինք հասցնում մեքենայի մոտ, մտածում էի՝ նա էլ փրկվեց:
«–Է՛մ, քել գնանք մեր մոտ, մի բան կուտես, ես էլ գնամ Գեղազից հեռախոսը բերեմ` զանգի խոսա:
–Չէ, Լյով, ես գնամ` տղեքը սպասում են, մի տաս րոպեից կգամ:
Էմիլի հետ քայլեցինք: Ես գնացի նստեցի, ինքն էլ գնաց իր վաշտի կողմը: Անցավ մի քանի րոպե ու հանկարծ մի քանի ռումբ պայթեցին: Լսվեցին ձայներ՝ «երկու վիրավոր, երկու զոհ»։
–Պարո՛ն լեյտենանտ, ովքե՞ր են մահացածները:
–Ասում են` Էմիլ, էն մյուսն էլ՝ չգիտեմ»
Նայում ես վերեւ՝ աստղերն անթիվ են
Մտածում ես, որ մի գերբնական ուժ կա: Շատ է եղել, որ պառկել եմ խրամատի մեջ ու վերեւ նայել, մտածել: Դու նայում ես երկնքին, ոչինչ չկա, մութ է, երկու րոպե անցնում է ու չես էլ հասկանում թե ոնց են անթիվ աստղեր հայտնվում: Այդ հավատն է քեզ առաջ տանում, որ եթե այս պահին ճանապարհը չես տեսնում, միեւնույն է, պետք է գնալ ձգտմանդ հետևից:
Գրքիս հերոսներից իմ ընկեր Արտակը չի հիշում, բայց վիրավորումից հետո երբ իրեն տանում էի, ամբողջ ճանապարհին նյարդերս քայքայել է: Խոսել գրեթե չէր կարողանում, բայց անընդհատ հարցնում էր՝ կքայլե՞մ: Ես էլ հոգեպես շատ ծանր վիճակում էի, անընդհատ մտածում էի՝ ինչի հենց Արտակը: Հիշում եմ իր էդ սարսափելի վիճակը ու տեսնում տեղի ունեցած հրաշքը, որ Արտակի հետ հիմա ամեն ինչ լավ է:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ոչ ոք հույս չուներ, որ Արտակը կապրի: ... Արտակի պատգարակը շատ արագ պետք է հասցնենք մեքենայի մոտ: Արտակի հետ խոսում էի ամբողջ ճանապարհին։ Չէր կարողանում խոսել, բայց համառորեն միայն հարցնում էր.
–Լյով, կքայլե՞մ...»
Իմ ընկեր Տիգրանն էլ կողքիս է եղել վիրավորվելուց, կարծես նույն հարվածն իրար մեջ ենք կիսել: Տիկոն ասել է՝ թողե´ք ինձ, գնացեք: Ձեռքերի կոտրվածքներն այնպիսին էին, որ չէր զգում ձեռքերը, թվում էր՝ չկան: Այդպես լիովին հանձնված է լինում, հետո տեսիլք է ունենում, որում ծնողներն ասում են. «Մենք քեզ համար ենք ապրում, եթե դու մահանաս, մենք չենք ապրի»: Ուժերը հավաքում է, կանգնում ու մի կերպ հաղթահարում ամբողջ ճանապարհը: Ասում է, թե 400 մետր է քայլել, բայց այդ ճանապարհն իրականում մոտ 1.5 կմ է:
Լուսանկարը` Անձնական արխիվից
Երբ մոտենում է հայերի խմբին, խոսել չի կարողանում, գուցե սպանեին իրեն, եթե վերջին ուժերը չհավաքեր ու գոռար անունը: Հետո անգիտակից ընկնում է: Այդ նույն ժամանակ ես էլ ընկած էի ու էլի հույս չունեի, որ մեկը կհանի, բայց էլի իմ վաշտի տղերքի շնորհիվ ես այդտեղից դուրս եկա:
«Մեռնել չկա»
«Ամեն րոպե աչքերս փակվում էին, բայց փորձում էի բացել։ Ու մտածում էի, որ նորից բոլորի մեջ ես մնացի կենդանի, բայց էլի նման փորձության մեջ հայտնվեցի ու դժվար թե կարողանամ հաղթահարել: Այդ պահին լսեցի Սահակի ձայնն ու կանչեցի.
–Սահա՜կ…»
Վիրավորումս նոյեմբերի 5-ի գիշերը լույս 6-ին է եղել: Վիրավորվել ենք «Գրադից» Շուշիի ճանապարհի վրա: Հույս չունեի, որ ինչ-որ մեկը կկարողանա ինձ հանել: Վիրավորումը ողնաշարի, ողների շրջանում էր, թոքի շրջանն էլ էր վնասվել:
–Լիպո՛, չեմ դիմանում, ախպերս, ոտերս չեմ զգում:
–Հեսա կհասնենք:
–Ընգեր, ես չեմ կարա առանց ոտերի, չեմ կարա ապրեմ, ինձ քցի ստեղ, կրակի մեռնեմ, դու գնա փրկվի, թե չէ գերի ենք ընկնելու ու ինձ մեկ ա, սպանելու են, իսկ քեզ...
–Լյով, սուս մնա, մի խոսա, որ փրկվենք: Եթե պետք ա սաղս փրկվենք, կփրկվենք, եթե պետք ա մեռնենք, ուրեմն սաղս պետք ա մեռնենք, ընենց որ հանելու եմ քեզ։
Հոսպիտալում մի բան միայն խնդրեցի բուժքրոջը, որ խաչս վզիցս հանի, դնի աջ ձեռքիս մեջ, որովհետեւ միայն այդ ձեռքս էի զգում: Այդ պահին ուժ ստացա ու հասկացա՝ մեռնել չկա:
«Աստված գթացել ու ժամանակ է տվել»
Ողերի վիրավորումը մարդկանց աչքին տեսանելի չէ, բայց մեջքիս հատվածում փոս կա, ոսկորներ չկան: Մարդիկ երբ իմանում են՝ պատերազմի մասնակից եմ, ուզում են շնորհակալություն հայտնել, ասում են, օրինակ, «մեռնեմ քեզ» ու միանգամից դը˜մփ մեջքիս: Ահավոր ցավում է, ասում եմ՝ մի կպեք, բայց դե հետո էլ մեկ ուրիշն է գալիս անտեղյակ ու էլի անում նույնը:
Լուսանկարը` Մեդիամաքս
2022 թվականի հունվարին բարդ վիրահատություն է սպասվում. ողի վրա բեկոր կա, պետք է հեռացվի: Դրանից հետո կյանքի ինչ-որ մի փոլում ողներն իրար վրա են ընկնելու ու վիզն ու ողնաշարը պետք է երկաթով հավաքվեն, դե հետո էլ՝ շարժումների սահմանափակում:
Ամերիկացի մի լավ բժիշկ է զննել, ասել է՝ այլ կերպ չի կարող լինել: Բայց նույն բժիշկն էլ շատ է զարմացել, որ ես ինձ լավ եմ զգում, ասում է՝ հրաշք է, որ միանգամից հաշմանդամ չեմ դարձել, իր պրակտիկայում նման բան չէր տեսել: Աստված ինձ գթացել ու ժամանակ է տվել: Մյուս վիրավոր տղերքին զննելուց էլ բժիշկն ապշել էր, որ մեր տարիքի մարդիկ նման ցավերի են դիմանում:
«Մեզ փոխարինող անձնակազմից մի մարդ եկավ դեպի մեզ: Երբ մոտեցավ, հարցրեց` «տղե՛րք, Թումանյան Նարեկ անունով տղա կա՞ ձեր մեջ»։ Քարացանք, մի պահ անց Նարեկը ասաց` «ե՛ս եմ» ու միանգամից խոսքը չվերջացրած, շարունակեց.
–Պա՛պ, դո՞ւ ես…
–Ա՜խ, Նարե՛կ, տղե՛ս, գտա՜…
Միշտ կան ճանապարհներ
Գիրքը տպագրելու համար գնում էի տարբեր հրատարակչություններ, աստղաբաշխական թվեր էին ասում: Մի տեղ էլ ասացին, որ սրանից շատ ավելի կարեւոր բաներ կան: Հիասթափված էի, որ մարդկանց չի հետաքրքրում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հետո ամերիկահայ մի աղջիկ ինձ սոցիալական ցանցերից մեկում գտել էր, գրեց, որ գիտի գրքի մասին, ուզում է տպագրության համար ֆինանսական աջակցություն տրամադրել: Ասացի, որ չեմ հրատարակելու գիրքը: Առավոտյան տեսա, որ հաշվահամարիս գումար է փոխանցել:
Գիրքն առաջին անգամ հրատարակվեց նրա եւ երկու այլ հովանավորների շնորհիվ, բայց հանրային վաճառք չունեցանք, դրա համար էլ որոշեցի նորից տպագրել ու վաճառել:
Ես իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ դու միշտ էլ կարող ես տարբերակներ գտնել ուրիշներին օգնելու, անգամ երբ որ ինքդ վիրավոր ես: Հիմա ես ամեն գործ էլ փորձում եմ անել, որպեսզի իմ հարցերն էլ կարողանամ լուծել, մյուսներին էլ օգնեմ: Հետագայում կուզեմ պատմել նաեւ այն տղերքի պատմությունները, որոնք պատերազմից հետո շարունակում են կյանքը:
«Հիմա ես ապրում եմ, կամ ու պետք է ապրեմ այնպես, որ այս կյանքում հիշեմ բոլոր իմ զոհված ընկերներին՝ պահելով նրանց վառ հիշատակը։ Պետք է օգնեմ այն մարդկանց, ովքեր ունեն իմ ջերմության կարիքը»:
Լեւոն Սահակյանի «Կռիվ տալով» գիրքը ձեռք բերել ցանկացողները կարող են կապ հաստատել Վաչե Վարդանյանի հետ։
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: