Արեն Մեհրաբյանի երազանքն ու ծնողական պարտքի զգացումը - Mediamax.am

exclusive
14642 դիտում

Արեն Մեհրաբյանի երազանքն ու ծնողական պարտքի զգացումը


Արեն Մեհրաբյանը
Արեն Մեհրաբյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Մհեր Մեհրաբյանը
Մհեր Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մհեր Մեհրաբյանը
Մհեր Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերիի 28-ին լրացավ 44-օրյա պատերազմի հերոս, սերժանտ Արեն Մեհրաբյանի մահվան մեկ տարին։ Ապագա աստղաֆիզիկոսը կիսատ էր թողել ուսումն ԱՄՆ-ում ու վերադարձել Հայաստան՝ հայրենիքին պարտքը տալու։

 

Արենի նման հերոսները պատահական ընտանիքներում չեն դաստիարակվում: Նրանց ծնողներն էլ հերոս են, որ աներեւակայելի վիշտը սրտում, միեւնույն է, չեն վհատվում, իրենց մեջ ուժ են գտնում կերտելու նոր իրականություն. այն իրականությունը, որ թելադրում են որդիների երազանքները:

 

Արեն Մեհրաբյանի ընտանիքի ստեղծած «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի ստեղծելու մարդակենտրոն աջակցման համակարգ՝ տեխնոլոգիական անվճար կրթություն տրամադրելով պատերազմի մասնակիցներին, վիրավորներին, զոհվածների ընտանիքի անդամներին ու նրանց հետ միասին իրացնելու Հայաստանի արտադրական ներուժը։

 

Հիմնադրամի ծրագրերի ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մասին Մեդիամաքսը զրուցել է Արենի հոր՝ Մհեր Մեհրաբյանի հետ։

 

Արենի մասին

 

Արեն Մհերի Մեհրաբյանը ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 2-ին Երեւանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Ճեմարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` աստղաֆիզիկոսի մասնագիտություն ստանալու համար:

 

2018 թվականին կիսատ թողնելով ուսումը՝ վերադարձել է Հայաստան` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Ծառայել է Տավուշի մարզի Իջեւանի զորամասում որպես հաշվարկի հրետանավոր:

Արեն Մեհրաբյանը Արեն Մեհրաբյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

2020 թ. սեպտեմբերի 30-ից Արենը մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին: Առաջին իսկ օրերից եղել է մարտի դաշտում` ամենաթեժ կետերում: Զոհվել է հոկտեմբերի 28-ին Մարտակերտում` անօդաչու թռչող սարքի հարվածից: Ծառայակից ընկերների հետ Արենը հասցրել է փրկել երեք վիրավոր հրամանատարների կյանքը:

 

«Պետք է պետության գործառույթները մեզ վրա վերցնենք»

 

Մեր ընտանիքից ես, եղբայրս ու եղբորս որդին պատերազմում կամավոր էինք (Մհերը եւս վիրավորում է ստացել՝ հեղ.): Մենք շատ լավ գիտակցում էինք 30 տարվա չարածները՝ անգործությունը, ստեղծված հանցագործ իրավիճակը տնտեսվարողների հանդեպ, մշակույթի, կրթության բնագավառներում: Այդ ամբողջի կուլմինացիոն կետն էր այն, ինչ տեսանք պատերազմի ժամանակ: Այդ էր իրական հետեւանքը բարձիթողի վիճակի եւ մեծ թափ առած անգրագիտության, որով ներծծվեց կառավարման ամբողջ համակարգը:

Մհեր Մեհրաբյանը Մհեր Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմի ավարտից հետո 9-10 ամիս ուսումնասիրել եմ խնդիրը տարբեր հարթություններում: Եկա այն համոզման, որ պետք է պետության գործառույթները մեզ վրա վերցնենք թե՛ կրթության կազմակերպման, թե՛ տնտեսության վերակազմավորման առումով: Մենք պետք է անենք այդ ամենն առանց պետության հետ հաշվի նստելու, կամ էլ աջակցության հույս ունենալու:

 

Մասնագետների բանակ

 

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամի գործունեության հիմքում ընկած է տղայիս երազանքը, այն է՝ Հայաստանում ունենալ աերոտիեզերական մեքենաշինություն, Հայաստանը դարձնել աերոտիեզերական հավակնություններով երկիր:

 

Մի քանի ծրագրեր ունենք, որոնցից կարճաժամկետը մասնագետների բանակ ստեղծելն է: Դրա համար պետք է սովորեցնենք մասնագիտություններ, որոնք շատ պահանջված են 21-րդ դարում, շատ բարձր վարձատրվող են եւ դրանցով կարող ենք համաշխարհային մրցակցային դաշտում լավագույնը լինել: Սրա կենսափորձը մենք ունենք, սակայն այսօր պետք է վերակազմավորենք կրթական համակարգը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդ ծրագիրը միջնաժամկետ է: Պետք է աշխատանքով ապահովենք մեր մասնագետներին: Դրա համար ստեղծելու ենք նոր կազմակերպություններ՝ արտադրական, ինժեներական, նախագծման, գիտահետազոտական, որոնք կկարողանան ժամանակակից համաշխարհային տնտեսության մեջ բարդ խնդիրներ լուծել:

 

Մարդկային մտքի զարգացման թանգարան

 

Երրորդ ծրագիրը երկարաժամկետ է եւ շատ ավելի մեծ խնդիր է լուծելու: Դա գիտակրթական ակադեմիա ստեղծելն է: Մեր պատկերացմամբ՝ պիտի լինեն թանգարան-լաբորատորիաներ, որոնք կներկայացնեն մարդկային մտքի էվոլյուցիան: Ցուցադրված կլինեն մարդկային մտքի զարգացման ճանապարհի այն բոլոր հայտնագործությունները, որոնցով գիտնականները մարդկությանը բարձրացրել են մեկ աստիճան վերեւ: Այս կամ այն գյուտի օրիգինալի պատճենով ու դրա ժամանակաշրջանի արտացոլմամբ ցույց կտանք, թե ինչպիսի պայմաններում եւ ինչպես է աշխատել մարդկային երեւակայությունը:

 

Այստեղ անվճար սկզբունքով պիտի գան մանկահասակ երեխաներ, իրենք իրենց ձեռքով կատարեն փորձերը՝ իրենց համար բացահայտելով այդ երեւույթն ու զգալով գիտնականի ապրած բերկրանքը: Այսպիսով, նրանք կկապվեն գիտության ու տեխնոլոգիայի հետ՝ հետագայում դառնալով մարդկային մտքի զարգացման կարեւոր օղակ: Կհասկանան, որ իրենց ուսերին դրված է մարդկության զարգացման պարտականությունը:

 

Պատանիների համար թանգարանը կդառնա բնագիտական առարկաների ուսումնասիրման վայր, որտեղ ինտերակտիվ կերպով կծանոթանան այդ տարվա ուսումնական ծրագրով նախատեսված գիտափորձերին ու հայտնագործություններին: Սա նոր որակ կտա կրթությանը: Ուսանողության տարիներին կամ գիտական ճանապարհ անցնելիս էլ այցելուները կկարողանան անվճար սկզբունքով փորձեր իրականացնել:

 

Սա կարող է դառնալ միջազգային մակարդակի համակարգ-կառույց, որը նաեւ օտարերկրացիների համար հետաքրքրական կդառնա: Մարդիկ այդտեղ կգան ընտանիքներով, կփորձեն կտրվել վիրտուալ իրականությունից ու նորից իրական կյանք մտնել, օրինակ, ծանոթանալով, թե Յոհան Կեպլերն ինչպես է տեսել տիեզերական մարմինների շարժումն ու ոնց է հայտնաբերել 3 օրենքները:

 

Աերոտիեզերական մեքենաշինություն

 

Այս գաղափարների իրագործման համար ձեռք ենք բերել մոտավորապես 80 հեկտար հողատարածք Աշտարակ-Էջմիածին խճուղու հարեւանությամբ, քանի որ այս տարածաշրջանը գիտական կենտրոն դառնալու մեծ հավակնություններ ունի: Արենի աերոտիեզերական մեքենաշինության երազանքը եւս այդ տարածում ենք իրականություն դարձնելու:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախատեսում ենք ստեղծել աերոտիեզերական շարժիչների եւ թռչող սարքերի գործարան՝ 15 հազար քմ մակերեսով: Այստեղ կաշխատեն պատերազմում հաշմանդամություն ստացած վիրավոր, մասնակից տղաներ, զոհվածների ընտանիքների անդամներ, որոնք արդեն իսկ մեզ մոտ մասնագիտություն են ձեռք բերում:

 

Պահանջված կրթություն

 

Դասընթացները ներառում են Ֆիզիկա, մաթեմատիկա, գծագրական երկրաչափություն, ծրագրավորում, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, եռաչափ ճարտարագիտական մոդելավորում, դիզայն, գրաֆիկա, աերոտիեզերական ճարտարագիտություն։ Ուսումնական կենտրոնում արդեն 4 շաբաթ է, ինչ մեկնարկել են եռաչափ մոդելավորման դասընթացները։

 

Արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցման դասընթացներն անում ենք Բեռլինի եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիայի, Հայ կենտրոն եւ Հերոսների վերականգնողական քաղաք հասարակական կազմակերպությունների ու փոխգնդապետ Արմեն Բայրամյանի հետ համատեղ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն շուրջ 50 ուսանող ունենք, պարապում են 2 խմբով: Պատրաստվում ենք բացել 3-րդ ու 4-րդ խմբերը: Ներկա փուլում դեռեւս հավաքագրում ենք դիմորդներին, հասկանում մասնագիտական կողմնորոշումը: Առաջիկայում կբացենք դիզայներական ճյուղը, կսկսենք նաեւ էլեկտրոնային ինժեներիայի դասընթացները: Նախատեսում ենք նաեւ աերոտիեզերական դիզայնի դասընթացների մեկնարկը:

 

Ուսումնական կենտրոնի առաջին հարկում ունենք նաեւ արտադրական մաս, որը ծառայելու է ինչպես մեր ուսանողներին՝ պրակտիկ աշխատանքների կազմակերպման հարցում, այնպես էլ լինելու է գործող ավտոմատացված հոսքագծային արտադրություն, որը կսպասարկեն մեր տղաներն ուսման ավարտից հետո՝ էլ ավելի մասնագիտանալով:

 

«Կարողանանք շատ Արեններ գտնել»

 

Ծրագրի մեկնարկային շրջանում, երբ հանդիպումներ էինք կազմակերպում տղերքի հետ, որոշակի թերահավատություն կար: Պատերազմից հետո եղել էին տարբեր կրթական ծրագրեր, այդ թվում նաեւ պետության կողմից կազմակերպված, որոնք ձախողվել էին: Իմ մոտեցումն այս հարցին շատ պարզ է. այն, ինչը ես ու կինս՝ Սաթիկ Նաիրյանը, պետք է անեինք մեր տղայի համար, այժմ անում ենք իրենց համար, որ կարողանանք շատ Արեններ գտնել: Կարելի է ասել, որ մենք որդեգրել ենք նրանց:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասընթացները շատ խիստ են, ուսումնական գործընթացում կարգուկանոն ենք պահանջում, տղերքն էլ շատ լավ են իրենց դրսեւորում: Առաջին շաբաթից հետո, երբ նրանք գոհ էին, ես էլ դրանից շատ խանդավառվեցի: Հասկացա, որ կարողացանք հաղթահարել թերահավատությունն ու ճիշտ ուղու վրա ենք:

 

«Մեզ թողել են պատերազմի դաշտում»

 

Այս պարագայում ամենակարեւոր խնդիրն անկեղծությունն է: Եթե կարող ես, ասում ես՝ կարող եմ ու անում ես, եթե ոչ, ապա չես անում: Մարդուն ուղղակի խոստումներ տալ պետք չէ: Մինչդեռ մեզանում ընդունված է այդ յոլա գնալու մոտեցումը․ պետություն ենք յոլա տանում, բանակ ենք յոլա տանում։ Այսպես շարունակել չի կարելի:

 

Սա շատ ծանր աշխատանք է, բայց չենք վախենում դրանից: Պիտի ընդունենք, որ այս տղերքը 44 օր անընդմեջ մահ են տեսել ու այլեւս ոչինչից չեն վախենում՝ առավել եւս նոր կյանք սկսելուց:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես իրենց ասում եմ, որ մեզ թողել են մարտի դաշտում, պատերազմը չի վերջացել ու մեզ ոչ ոք հետ չի բերել այնտեղից: Պատերազմը շարունակվում է յուրաքանչյուր օր, պարզապես հարթությունն է փոխվել, սակայն մենք մեր առջեւ դրված խնդիր ունենք կատարելու:

 

«Սա ոչ թե կազմակերպություն է, այլ տուն»

 

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի շահառուներն են պատերազմին մասնակցած, հաշմանդամություն ունեցող կամ չունեցող վիրավորված տղաները, զոհվածների ընտանիքների այն անդամները, որոնք ուզում են մասնագիտություն ձեռք բերել, փոխել իրենց կյանքն ու նոր խնդիրներ դնել իրենց առջեւ: Շահառու կարող են դառնալ նաեւ սովորական երիտասարդներ, որոնք մտածում են օգտակար լինելու ու կարեւոր մասնագիտություն ձեռք բերելու մասին:

 

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը, որը կարող են գտնել մեր կայքում: Նախնական փուլում իրականացնում ենք շահառուների տվյալների հավաքագրում, տվյալների շտեմարանի ստեղծում, որը ներառում է նրանց կրթության ու հմտությունների մասին տեղեկատվություն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիմումի ընթացակարգում ունենք նաեւ գիտելիքի ստուգում, բայց սա ամենեւին էլ քննության նման չէ: Պարզապես պատկերացրեք, որ հայրն իր որդուն հարցնում է, թե ինչ գիտի, ինչ է հիշում: Պատերազմի մասնակիցները հիմնականում 18-20 տարեկաններ են, որոնք մասնագիտություն չունեն, չեն էլ հասցրել կողմնորոշվել, սակայն շատերն արդեն հաշմանդամություն ունեն, կորցրել են կյանքի հանդեպ հավատը:

 

Գիտելիքի ստուգման հարցադրումներով կարողանում ենք նրանց կրթական ճանապարհն ավելի ճիշտ կազմակերպել: Օրինակ՝ եռաչափ մոդելավորման ուսուցման հետ մեկտեղ, մենք տալիս ենք նաեւ հանրահաշվի, երկրաչափության, ինժեներական գրաֆիկայի, անգլերենի գիտելիքներ:

 

Պետք է երազանք ունենալ

 

Հոր համար դժվար է խոսել իր որդու մասին ու օբյեկտիվ լինել, սակայն Արենի մասին խոսելիս օբյեկտիվ չլինել չեմ կարող: Միայն իր այն քայլը, որ ԱՄՆ-ից վերադարձավ՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու ու իր սերն արտահայտելու, արդեն ապացույց է, որ իր մարդկային որակների մասին կարծիքը սուբյեկտիվ լինել չի կարող:

Մհեր Մեհրաբյանը Մհեր Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արենը նպատակներով ու երազանքներով ապրող մարդ էր: Չէր հաշտվում ու երբեք ինչ-որ կոմպրոմիսային տարբերակներով չէր առաջնորդվում, մշտապես ձգում էր իր հնարավորությունների առավելագույնին ու երբեք չէր վախենում երազել:

 

Երբ խոսում ենք այսօրվա երիտասարդների հետ, հեշտ է տեսնելը, որ մեծամասնությունը հասնել է երազանք չունենալու կետին: Մեր ընտանիքում թույլ չենք տվել, որ մեր երեխաներն առանց երազանքի մնան, քանի որ իրենք տեսել են իմ երազանքները, տեսել են Սաթիկի երազանքներն ու իրենք էլ չեն ամաչել դեպի մեծ երազանք գնալու իրենց ձգտումներից:

 

Այս ծրագրում եւս մեծ նշանակություն ենք տալիս իրենց երազանքներին: 30 տարի շարունակ մարդկանց ապագան պայմանավորված չի եղել իրենց երազանքներով, գործել է յոլա տանելու սկզբունքը, որով էլ ընտրել են մասնագիտություն, աշխատանք: Շատերն այդպես են դարձել տաքսու վարորդներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես պրոֆեսիոնալ վարորդների հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց չի կարող պատահել, որ բնակչության 60-70 % երիտասարդները, տղամարդիկ վազեն տաքսի քշելու՝ հաճախ նաեւ մասնագիտություն ձեռք բերելուց առհասարակ հրաժարվելով: Այս կարծրատիպային մոտեցումները պիտի կոտրենք։

 

Շատ բարձր ներուժով տղերք են մեր ուսանողները։ Պիտի վերագնահատենք մեր ժողովրդի արարման պոտենցիալը: Մենք անցյալով ենք փորձում ապրել: Դա ենք փոխելու ու ձգտելու պայծառ ապագայով ապրել։ Երազանքները հենց դրա մասին են։

 

Ինքներս պիտի ինտեգրվենք

 

Այժմ մեր շրջապատում ունենք հաշմանդամություն ստացած շատ տղերք: Հասարակությունը պետք է հաշվի նստի այս իրողության հետ: Ամեն անգամ խանութի դուռը բացել-փակելիս պետք է հիշենք սա՝ անկախ նրանից, թե դռան հետեւում կին է կանգնած, տարեց մարդ, թե երիտասարդ տղա: Պետք է այդ դուռը մյուսների հանդեպ հարգանքով բացենք ու փակենք, որովհետեւ մեր կողքին կան մարդիկ, որոնք անգամ պարզ գործողություններում ունեն մեր օգնության կարիքը:

 

Հասարակական վայրերը՝ սկսած զուգարաններից, պետք է հարմարեցված լինեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մենք միշտ խնայում ենք մեր ծախսերն այս հարցերում, բայց այդպես չպետք է լինի: Չեմ ուզում խոսել պետական ծրագրի մասին, հասարակությունն ինքը պետք է անի դա՝ մարդը, որ շենք է կառուցում, որը վերանորոգում է իրականացնում:

 

Պետական այրերը գուցե շատ զբաղված են, ուրիշ խնդիրներ ունեն: Ես չեմ փնովում, ոչ էլ բողոքում եմ։ Այն, ինչը կարող եմ անել, դրանով կօգնեմ: Շատ սպասելիքներ պետք չէ ունենալ մի տեղից, որտեղ անգրագիտություն է տիրում: Մենք ինքներս պետք է փոխվենք՝ քաղաքացիներս:  

 

Մեկ վայրկյանը, որում ոտքդ հետ չես դնում

 

Մարտի դաշտում ես տարբերակում չեմ դրել իմ որդու ու մյուս տղերքի միջեւ, որովհետեւ Արենի նմանները շատ են: Պատերազմի ընթացքում շատ տղերքի մահը պատահական չի եղել, մեծամասնությունը գիտակցաբար է զոհվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընդամենը մեկ վայրկյանն է, որ որոշում է՝ նա հերոս է, թե ոչ: Հենց այդ մի վայրկյանն է, որում տղերքը զոհվեցին, որովհետեւ ոտքը հետ դնելու մասին չմտածեցին: Եթե իրավասու լինեի, շատ շատերին հերոսի կոչում կտայի, որովհետեւ այն, ինչ արեցին 18-20 տարեկանները՝ չունենալով պրոֆեսիոնալ զինվորական կրթություն, ոչ այլ ինչ է, քան հերոսություն:

 

Մեր պարտքը

 

Մենք պարտք ունենք կատարելու զոհված տղերքի առաջ: Պիտի մեր երազանքներն իրականացնելով՝ իրականացնենք իրենց երազանքները, որովհետեւ այդ մեկ վայրկյանի ժամանակ նրանք գիտակցել են, որ իրենց ապագայի պատասխանատվությունը թողնում են մեզ վրա:

 

Մի հարց եմ ուզում տալ. եթե նրանք զոհվել են նրա համար, որ դուք գնանք կոմպրոմիսի ու տաքսի քշեք, ո՞րն է դրա բարոյականությունը: Այստեղ չկա բարոյականություն: Իրենք զոհվել են, որ դուք լավ ապրեք, մասնագիտություն ունենանք, երազանքով ապրեք, լավ միջավայրում երեխաներին մեծացնեք, այլ ոչ թե յոլա տանեք այդ երեխեքին:

 

Զոհվել են, որ լավ ապրելով հզորացնեք պետությունը, որովհետեւ հզոր պետությունն այն պետությունն է, որտեղ երջանիկ մարդիկ շատ են: Սա քարոզելով չի իրագործվում, այլ ամենօրյա ճիշտ աշխատանքով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք սկսել ենք այս ճանապարհը՝ մատնանշելով, թե որն է մեր նպատակակետը: Մարդիկ, որոնք ծանոթանալով մեր ծրագրին կտեսնեն՝ իրենց ճանապարհի վեկտորը զուգահեռվում է մեր ընտրած ճանապարհի վեկտորին, կարող են գալ մեզ հետ զրույցի։ Քննարկենք, հասկանանք՝ ոնց կարող եք կրճատել ժամանակը, խնայել ռեսուրսները, առաջ տանել նոր գաղափարներ՝ հանուն մեր երեխեքի:

 

Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ մեր սերունդը պատերազմը թողեց եկող սերնդի վրա: Անգամ ներողություն չեմ ուզում հայցել, որովհետեւ իրենք չեն կարող ու չպիտի ներեն մեզ: Այս ծնողական պարտքի զգացումով պետք է փորձենք ուղղել մեր սխալները, մինչդեռ ժամանակը շատ քիչ է: Այս նպատակով հրավիրում ենք միանալ շարժմանն այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք մեզ պես ունեն ծնողական պարտքի այդ զգացումը:

 

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամին աջակցելու համար կարող եք նվիրաբերում կատարել հետեւյալ բանկային հաշվեհամարներին՝

 

1570074565420100 AMD

1570074565420146 EUR

1570074565420158 RUB

1570074565420101 USD

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին