«Մեզ պակասեց խելքը, դասերը չսովորելը». արցախցի երեխաների մտքերը - Mediamax.am

exclusive
3945 դիտում

«Մեզ պակասեց խելքը, դասերը չսովորելը». արցախցի երեխաների մտքերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Առուշանն ու Իվանը
Առուշանն ու Իվանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամը
Մարիամը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժենյան ու Մարիամը
Ժենյան ու Մարիամը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժենյան
Ժենյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժենյան ու Մարիամը
Ժենյան ու Մարիամը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զոհված Արծվիկի լուսանկարը
Զոհված Արծվիկի լուսանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննան
Աննան

Լուսանկարը` Մեդիամաքս

Առուշանն ու Իվանը
Առուշանն ու Իվանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննան՝ քույրիկի եւ եղբայրների հետ
Աննան՝ քույրիկի եւ եղբայրների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Առուշանն ու Իվանը
Առուշանն ու Իվանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայտնի խոսք կա` եթե ուզում ես ճշմարտությունը իմանալ, խոսիր երեխաների հետ։ Հոդվածի հերոսները արցախցի պատանիներ են, ովքեր տարբեր հարցերի շուրջ խոսել են անկեղծ։ Նրանք կիսվել են իրենց ապրումներով, սպասումներով, հիասթափություններով ու նպատակներով, եւ այն ամենով, ինչ տվեցինք, ինչից զրկվեցինք,  ինչ նվիրեցինք ու ինչն անզգուշորեն չկիսեցինք։

 

Նրանք իրենց ընտանիքներով հիմա ապրում են «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» նախկին շենքում։ Նշենք, որ Կառավարության որոշմամբ նախորդ տարի գիշերօթիկներն ու խնամքի հաստատությունները լուծարվեցին։ Պատերազմի օրերին արցախցիներին օգնելու համար Շիրակի մարզում պետական մարմինների  ու բարերարների միջնորդությամբ հյուրանոցները, դպրոցները, խնամքի հաստատությունները  դարձան ժամանակավոր օթեւաններ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտ 2 500 արցախցիների ընդունեց Շիրակի մարզը։ Անցնող երեք ամիսների ընթացքում նրանց մեծ մասը վերադարձել է Արցախ, սակայն մոտ 700-ը կամ սպասում են, կամ դեռ չեն կողմնորոշվում, գնա՞լ, թե՞ մնալ։  

 

Միշտ երազել եմ գամ Հայաստան, բայց ոչ կռվի պատճառով

 

-Մտածում էի, որ  մեծանամ, ուսումի պատճառով կամ որ ամուսնանամ կգամ Հայաստան, բայց  չէի պատկերացնում, որ առաջին անգամ Հայաստան կգամ կռվի պատճառով,- 13 տարեկան Ժենյան է, Հադրութի Վանք գյուղից։

Ժենյան Ժենյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոկտեմբերի 2-ից եկել են, 41 օր ծնողների ու քույրիկի հետ ապրել են Աբովյանում, հետագայում հասել են Շիրակի մարզ՝ Մայիսյան գյուղ, վերջին ամսում էլ բնակվում են Գյումրիի նախկին թիվ 1 գիշերօթիկի  շենքում։ Պատերազմի օրերը վախով է հիշում,  առաջին կրակոցներից ու պայթյուններից հետո որոշ ժամանակ կորցրել է խոսելու ունակությունը, երկար ժամանակ գիշերներն արթնացել է վախից։

 

-Մեծերն էին ասում՝ կյանքում էսպես պատերազմ մենք չէինք տեսել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ էդպես չէինք վախենում, էն ժամանակ  դուրս էինք գալիս, խաղում, գնում էինք դպրոց, բայց այս անգամ մեր տան վրայով զենքեր էին գնում ու գալիս, շատ վախենալու էր,- զրույցին միանում է Ժենյայի քույրիկը՝ Մարիամը։

Մարիամը Մարիամը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անցնող ամիսների ընթացքում երազած Հայաստանի մասին տպավորությունները տարբեր են։ Նրանց համար հետաքրքիր հանդիպումներ են կազմակերպել, այցելել են թանգարաններ, մանկապատանեկան բազմազան միջոցառումների մասնակցել, նրանց օգնել ու աջակցել են, նվերներով կիսվել։

 

-Ինձ թվում էր, որ Հայաստանում բոլորը բարի կլինեն, սիրուն։ Վիդեոներ էի տեսել, որ ասում էին, եթե չլինի Ղարաբաղը, չի լինի Հայաստանը ու շատ լավ բաներ էին ասում ղարաբաղցիների մասին։ Ես մտածում էի, որ  բոլորը էդպես են, բայց չէ...  

 

Մեզ վատ վերաբերվեցին, ֆեյսբուքում մինչեւ հիմա գրում են կամ խանութում, հենց երեսիդ էդպես չեն ասում, բայց բառերից հասկանում ես, նշում են, որ մենք ենք մեղավոր, որ կռիվ եղավ ու եկանք Հայաստան։ Սկզբից ասում էին, որ Հայաստանը պարտավոր չէ ղարաբաղցիներին պահի ու ղարաբաղցիների պատճառով է Հայաստանը ծանր վիճակի մեջ է հայտնվել կամ էլ ծաղրում են։

 

Եթե հայաստանցիները լավն են, չեն կարող ղարաբաղցիները վատը լինել, կամ եթե ղարաբաղցիներն են լավը, հայաստանցիները չեն կարող վատ լինել, ամեն տեղ էլ լավն ու վատը կա։ Համ էլ երկուսս էլ հայ ենք։ Ղարաբաղցի էլ կա, որ վատն է, էնպես չէ, որ բոլորը լավն են։ Եթե Հադրութի տղաները մնային, Հադրութն ու գյուղերը  պահեին, հիմա Հադրութը մերը կլիներ, բայց վախենում էին ու գալիս Հայաստան, - ասում է Ժենյան, իսկ Մարիամը հիշում է այն դեպքերը, երբ իրենց օգնել են բարի մարդիկ։

Ժենյան ու Մարիամը Ժենյան ու Մարիամը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Օրինակ, տաքսիստները ղարաբաղցիներից քիչ գումար են վերցնում կամ անվճար են տանում մեզ, լավ մարդիկ քեզ պահում են ու երեսով չեն տալիս, գալիս ասում են՝ ինչով կարող ենք օգնել: Հետո մեզ լիքը նվերներ են բերել, Մայիսյանի  գյուղապետարանից անընդհատ գալիս հարցնում էին՝ ինչի՞ կարիք ունեք, օգնում էին մեզ սննդով, հագուստով։ Մեզ համ չարն է պատահել, համ բարին, կփորձենք չարը չհիշել։

Ժենյան ու Մարիամը Ժենյան ու Մարիամը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քույրիկները ուզում են վերադառնալ Արցախ, ծնողներն էլ ընտրել են տունը Ասկերանի շրջանում, սպասում են մինչեւ այն կվերանորոգվի։ Ժենյան մի նպատակ ունի ու համոզված է, որ մի օր իրագործելու է.    

 

-Ես գնալու եմ Հադրութ։ Ոչ թե միայն հույս ունեմ, ես հավատում եմ, որ Հադրութը մերն ա լինելու, որովհետեւ Հադրութը կյանքում չի եղել թուրքերինը, չի էլ լինի։ Իմ ընկերները սթորիներ են անում ու գրում «Առանց Հադրութ կյանք չունեմ»։ Ես ու քույրիկս էլ ենք միանում ու գիտենք, որ եթե մի բռունցք դառնանք ու եթե էս կռվի նման դավաճաններ  չլինեն, մենք կհաղթենք։

 

Արցախցի պատանիների նոր նպատակները

 

Հադրութցի Իվանն ու մարտակերտցի Առուշանը ծանոթացել են Գյումրիում, նրանք էլ իրենց ընտանիքների հետ ապրում են նախկին գիշերօթիկում։ Արդեն ընկերացել են ու նոր նպատակներ ունեն՝ դառնալ դերասան կամ ռեժիսոր։ Միտքը ծնվել է  այն ժամանակ, երբ նրանց համար կազմակերպել են ծանոթություններ Գյումրիի, միջավայրի ու թանգարանների հետ: «Մտորումների թատրոն»-ում էլ պատանիներին օգնել են ներկայացում բեմադրել։ 6 արցախցիներով ստվերների լեզվով խոսեցին հանդիսատեսի հետ,  ծանոթացան թատերական միջավայրի հետ ու սիրահարվեցին այդ աշխարհին։

Առուշանն ու Իվանը Առուշանն ու Իվանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Մենք բեմադրեցինք «Պոչատ աղվեսը»։ Թատրոնի տղաները, ռեժիսորը մեզ շատ լավ էին վերաբերում, ամեն անգամ, երբ գնում էինք, միշտ նվերներ ու անակնկալներ էին անում։ Վերջում էլ մենք, շնորհակալ լինելու համար Շուշիի Ղազանչեցոցը նկարեցինք ու նվիրեցինք, - խանդավառությամբ պատմում է Իվանը։

 

- Մենք Թումո ենք գնում, Կազա-ի Գյումրիի կենտրոնում տարբեր ծրագրերի ենք մասնակցում, այստեղ ինտելեկտուալ խաղեր ենք խաղում։ Ամեն օր մի նոր բան ենք սովորում,- իրենց առօրյայի մի մասն է ներկայացնում  Առուշանը։

Առուշանն ու Իվանը Առուշանն ու Իվանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս հարկի տակ միայն ժամանցը չէ, որ կազմակերպում են։ Մանկավարժը նաեւ  հետեւում է, որ երեխաները հաճախեն դպրոց, մանկավարժական ու հոգեբանական օգնություն են ցուցաբերում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

- Մեծ ընտանիքի պես ապրում ենք։ Այստեղ խնամվել է 217 արցախցի, այս պահին 14 ընտանիք են մնացել։ Երեքանգամյա սնունդ ենք տալիս, բոլորի հետ սոցիալ-առողջապահական տարբեր հետազոտություններ ենք կատարել ու անհրաժեշտ միջամտությունն ենք ապահովել՝ լեղապարկի քարի հեռացում, ճողվածքի բուժում, աչքերի տեսողության վերականգնում, ընդհուպ մինչեւ քթի պլաստիկ վիրահատություն։ Փորձել ենք, ինչքան հնարավոր է օգնենք, - կատարած աշխատանքի մասին է պատմում Լիանա Ասլանյանը, նա նշանակվել է պատասխանատու-համակարգող՝ զբաղվելու Արցախից եկած փախստականների խնամքով։

 

Այսքանից  հետո, ո՞վ հետ կգնա

 

- Սեպտեմբերի 27-ին առավոտ 7:30 էր, հրթիռները տան գլխով գնում-գալիս էին, երկու օր մնացինք տանը։ Պապան որոշեց մամային ու երկու փոքր եղբայրներիս ուղարկել Հայաստան։ Մի քանի օր անց թուրքերը մտան Հադրութ, բակում սպանեցին եղբորս։

Զոհված Արծվիկի լուսանկարը Զոհված Արծվիկի լուսանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես գնացել էի քաղաքապետարան ուտելիք վերցնելու, էդ օրը տնից դուրս եկա ու էլ տուն չկարողացա գնալ, թուրքերը շրջապատել էին մեր թաղամասը։ Պապայենք տան նկուղում էին, հետո մի կերպ  մտանք, դուրս բերեցինք իրենց։ Եկանք Իվանյանի վարժարան։ Ջոկատ կազմեցինք ու սկսեցինք պայքարել Քարինտակում,- անցած օրերն է հիշում Իվանը։

 

Մեխակը, Իվանը, Արենը, Ալեքսը ծնողների հետ որոշել են մնալ Հայաստանում։

 

-Եղբորս սպանեցին, էսքանից հետո, ով հետ կգնա, մեկ անգամ ցեխը ընկնողը երկրորդ անգամ չի ընկնի։ Ինչքանով են երաշխիք տալիս, որ գնալով Ղարաբաղ՝ մեր մազից մի հատ չի պակասի, ոչ մեկը չի կարող երաշխիք տալ։ Կռիվը չի ավարտվել, էլի մենք տուն կկառուցենք, մի քիչ կկայանանք, էլի պատերազմ կսկսվի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա ապրում են գիշերօթիկի մեկ սենյակում, իսկ որտեղ են ապրելու ապագայում, դեռ անորոշ է։ Աշխատանք են փնտրում, գյումրեցիների վերաբերմունքը տեսնելով, որոշել են մնալ Գյումրիում։  

 

- Գյումրիում իրար զիջում են, սաղի հետ ջան ջիգյարով են, Հադրութում էդպես ջերմ չեն, վերաբերմունքը այստեղ ուրիշ է,- ասում է Իվանն ու նաեւ հավելում, որ իրական ու վիրտուալ աշխարհում վերաբերմունքը տարբեր է, ինչն էլ հաճախ ընդհանուր կարծիք է փոխում։

Առուշանն ու Իվանը Առուշանն ու Իվանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ֆեյսբուքում տեսնում ենք, ինչ են գրում, ինչքան վատ են բնորոշում ղարաբաղցիներին, մի պահ մտածում ես, պատասխանը անպայման պտի գրես ու իրան ասես, որ սխալ է արել, մեկ էլ ասում ես, մարդ է, բան է գրել է։ Մենք այստեղ ենք, մեզ շատ լավ են վերաբերում, մենք ոչ մի տարբերություն չենք տեսել։ Մենք հայ ենք, եթե տարբեր լինեինք, ինչու պիտի հայաստանցի զինվորը գնար Ղարաբաղը պահեր, մենակ Արցախի բանակով ոչինչ էլ չէինք կարող անել,- նշում է Առուշանը, իսկ Իվանը համոզված է, որ մեկ-երկու դեպքով չի կարելի ընդհանուրի մասին պատկերացում կազմել։

 

Մենք դասերը չսովորեցինք... դրա համար էլ այսպես եղավ

 

- Մեզ պակասեց խելքը, դասերը չսովորելը... Ֆիզիկան, մաթեմատիկան, պատմությունը  պատերազմի ժամանակ մեզ շատ պետք էին։ Չսովորելու պատճառով էսպես եղավ, էսօրվա դրությամբ մենք ոչ թե Արցախում ենք, այլ Գյումրիում... Ամեն ինչ չսովորելու պատճառով է,- 13 տարեկան Աննայի խոսքերը թվում են շատ պարզ, բայց  դրանք մտածելու ու եզրակացություններ անելու բազում շերտեր ունեն։

Աննան Աննան

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննան Գյումրի է եկել Արցախի Հադրութի շրջանի Հայկավան գյուղից։ Համացանցում տեղադրած տեսանյութում տեսել է, ինչպես են ադրբեջանցիները այրում իրենց տունը։

 

-Ես Գյումրին նորմալ էի պատկերացնում, բայց նորմալից ավելի լավ էր։ Շատ լավ մարդիկ կան, դպրոցում ընկերներ ունեմ։ Ծնողներս չեն որոշել՝ գնալու ենք Արցախ, թե չէ, բայց ես չեմ ուզում գնալ այնտեղ, որտեղ թուրք կա,- ասում է Աննան: Հերթով մեզ են մոտենում նրա 9 քույրերն ու եղբայրները՝ մեծը 25 տարեկան, փոքրը՝ 6։

Աննան՝ քույրիկի եւ եղբայրների հետ Աննան՝ քույրիկի եւ եղբայրների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

- Շատ երեխա լինելը համ լավ է, համ վատ։ Վատ է, որ  դժվար է պահել, մեծացնելը, բայց լավ է, որ գոնե հայ ազգը կշատանա ու մենք կհաղթենք։ Գիտե՞ք, ես միշտ մտածել եմ, որ էլի հայերն են հաղթելու: Բայց մեկ է, ես կարծում եմ, որ իրանք չեն հաղթել: Եթե հույս կա, ուրեմն կարող ես հաղթել։

 

Անահիտ Հարությունյան

Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին