Արցախյան պատերազմի «Քնած զինվորը»՝ World Press Photo-ի մրցանակակիր - Mediamax.am

exclusive
9993 դիտում

Արցախյան պատերազմի «Քնած զինվորը»՝ World Press Photo-ի մրցանակակիր


«Քնած զինվորը»
«Քնած զինվորը»

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Վաղինակ Ղազարյանը
Վաղինակ Ղազարյանը

Հայաստանը ներկայացնող լուսանկարիչն առաջին անգամ հաղթել է World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում։ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» «Ժամանակակից խնդիրներ/մեկ լուսանկարով» անվանակարգում 3 մրցանակակիրներից մեկն է` մոտ 5 հազար լուսանկարից:

 

Հաղթած լուսանկարների՝ 1-3-րդ տեղերի բաշխումը կկայանա ապրիլի 15-ին՝ պարգեւատրման արարողության ժամանակ, որը համավարակի պատճառով անցկացվելու է օնլայն։

 

Հաղթողների թվում է նաեւ Ռուսաստանը ներկայացնող Վալերի Մելնիկովի «Կորցրած դրախտ» շարքը՝ կրկին Արցախյան պատերազմի թեմայով։

 

Վավերագրող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը ֆրիլանսեր է։ Պատերազմի ընթացքում ու դրանից հետո իր մեքենայով շրջել է Արցախում ու Սյունիքի սահմաններում՝ վավերագրելով պատերազմի դեմքը։ «Քնած զինվորը» առաջին լուսանկարն է, որ Վաղինակը ներկայացրել է հեղինակավոր այս մրցույթին։

 

World Press Photo 2021-ի առաջադրվածների անունների հրապարակումից հետո զրուցել ենք Վաղինակ Ղազարյանի հետ։ Ի դեպ, Վաղինակը համագործակցում է Մեդիամաքսի հետ. նա «Դասավանդիր Հայաստան» նախաձեռնության ուսուցիչների եւ նրանց հյուրընկալած համայնքների մասին պատմող շարքի լուսանկարիչն է: Շարքը իրականացնում ենք 2017 թվականից ի վեր:

 

«Ինտուիտիվ վայրկյան էր, պահ, զգացի ու նկարեցի»

 

Ներքին Խնձորեսկից Քաշաթաղ գնացող հատվածում դիրքեր կային, որտեղից հետեւում էին Ադրբեջանի շարժին, որ Սյունիքի վրա հարձակում չլիներ։ Լուսանկարելու թույլտվություն ստանալը դժվար էր։ Հրամանատարներից մեկն ասաց՝ արի գնանք, ուղղակի նայենք դիրքերը։ Տեսախցիկս թողեցի մեքենայի մեջ, հեռախոսով էի կադրեր անում։ Դա խնդիր չէր, հեռախոսով իրենք էլ էին նկարում։ Ապարատը մի քիչ մեծ է, ուշադրություն էր գրավում, հեռախոսով աննկատ ես։

 

Դիրքից դիրք էինք գնում։ Առջեւից ես էի քայլում։ Խրամատով անցնելիս՝ քնած զինվորի պատկերը տեսա ու հենց էդտեղ քարացա։ Հետեւիցս եկողներին ասացի, որ կանգ առնեն, զինվորը հանկարծ չարթնանա, ու հասցրեցի մի կադր անել։ Զգայուն էր, մեր ձայնից, շշուկներից արթնացավ։ Երկրորդ կադրի հնարավորություն չունեցա, միայն այդ մեկը հասցրեցի անել հեռախոսով։

«Քնած զինվորը» «Քնած զինվորը»

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Առաջին վայրկյանին ինչպես տեսել, հենց էդպես էլ նկարել եմ։ Ինտուիտիվ վայրկյան էր, պահ, զգացի ու նկարեցի։

 

Զինվորն արթնացավ, մի երկու բառ խոսեցինք, շարժվեցինք առաջ։ Ու ես նույնիսկ չեմ հիշում՝ լուսանկարն իրեն ցույց տվել եմ, թե՝ ոչ, որովհետեւ այդ պահին այնքան բան էր տեղի ունենում։ Իր դեմքը չեմ ֆիքսել, միայն հիշում եմ, որ 18-19 տարեկան ժամկետային զինծառայող չէր։ Հետո ապարատս հանեցի ու զինվորների խնդրանքով դիմանկարներ արեցի, որ ուղարկեմ իրենց։ Գուցե այդ տղան ուրիշ կադրերում լինի, չեմ կարողանում հիշել։

 

«Մենք հենց էսպիսին էինք՝ ուժեղ, բայց քնած»

 

Հիմա նայում եմ այդ լուսանկարն ու ինձ թվում է՝ մեր պատերազմող Հայաստանի խորհրդանիշն է. ինքը ուժեղ է, հզոր, լայնաթիկունք, բայց քնած է, հանգստանում է։ Ինձ համար մեր պարտված Հայաստանի, բայց ոչ՝ զինվորի, սիմվոլն է այն իմաստով, որ մենք պատրաստ չէինք պատերազմին։ Ֆոտոն դրա հետ կապ չունի, զինվորն իր համար քնած է, բայց երբ կոնկրետությունից զրկում, բերում ես ուրիշ մի հարթություն ու հետադարձ նայում ես, կարծես թե մեր պարտությունը լինի նաեւ այդտեղ՝ այդ կետում, այդ պահին։

Վաղինակ Ղազարյանը Վաղինակ Ղազարյանը

 

Այս ֆոտոն ինձ համար շատ հակասական է։ Պատերազմի ընթացքում լրիվ ուժ էր՝ դրական ընկալմամբ։ Իսկ հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ մենք հենց էսպիսին էինք՝ ինքնավստահ քնած։ Ուժեղ, բայց քնած։ Ես սա նաեւ իմ անձնական պարտությունն եմ համարում։

 

«Պատերազմը շատ մեծ հակասություն է»

 

Պատերազմը շատ մեծ հակասություն է։ Որտեղ եղել ու շփվել եմ զինվորների, մարդկանց հետ, գոնե արտաքուստ բարձր տրամադրություն են ունեցել, ցավ կար,  բայց ընկճվածություն ընդհանրապես չեմ նկատել։ Հիմա ավելի դժվար է։

 

Երբ դու գործընթացի մեջ ես, շատ բաներ այնքան սուր չես ընկալում, ինչպես՝ ավարտից հետո։ Պատերազմն այդ հակասությունն էր՝ իրական իրավիճակի՝ կորուստ, զոհ, ողբերգություն, եւ մարդկանց ապրելակերպի ու ոգու։ Թվում էր, թե միշտ այդ պատերազմի մեջ են ապրել, դա է իրականությունը։ Պատերազմից հետո ավելի ծանր էր, երբ լքում, վառում էին տները։ Մարդիկ արդեն կոտրված էին։

 

Բայց ես հավատում եմ, որ մենք այս փորձությունից էլ հաղթանակով դուրս կգանք, թեկուզ դա լինի ոչ մոտ ապագայում։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին