Բոլորի կողմից սիրված Սմբոն՝ Տավուշում զոհված Սմբատ Գաբրիելյանը - Mediamax.am

exclusive
31698 դիտում

Բոլորի կողմից սիրված Սմբոն՝ Տավուշում զոհված Սմբատ Գաբրիելյանը


Սմբատ Գաբրիելյանը
Սմբատ Գաբրիելյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Սմբատ Գաբրիելյանը՝ ծառայակից ընկերոջ հետ
Սմբատ Գաբրիելյանը՝ ծառայակից ընկերոջ հետ
Սմբատ Գաբրիելյանը
Սմբատ Գաբրիելյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Սմբատ Գաբրիելյանը՝ մայրիկի հետ
Սմբատ Գաբրիելյանը՝ մայրիկի հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Սմբատ Գաբրիելյանը եւ Անահիտ Հայրապետյանը
Սմբատ Գաբրիելյանը եւ Անահիտ Հայրապետյանը
Սմբատ Գաբրիելյանը եւ Սարգիս Օհանյանը
Սմբատ Գաբրիելյանը եւ Սարգիս Օհանյանը

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացան ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը եւ Գրիշա Մաթևոսյանը: Նրանք հետմահու պարգեւատրվեցին Արիության մեդալներով:

 

«Ով մտածում ա, որ ծառայությունը տղու համար չի…»

 

Սմբատի խոսքերն են՝ բանակ գնալուց առաջ: Շատ ոգեւորված է մեկնել ծառայության. չէ՞ որ գնում էր հայրենիքին ծառայելու:

 

«Երբ նորակոչիկները իրենց զորամասի անուններն էին կարդում, ոմանք լարված ու հուզված էին, իսկ Սմբատի դեմքին ժպիտ էր, եկավ ու բա՛րձր, խրոխտ ձայնով հայտարարեց: Հենց այդ պահին զգացի, որ եղբայրս հասուն մարդ է արդեն», - պատմում է Սմբատի եղբայրը՝ Անդրանիկ Գաբրիելյանը:

Սմբատ Գաբրիելյանը Սմբատ Գաբրիելյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Սմբատը տան փոքրն էր, եւ իրեն յուրահատուկ ուշադրություն ու սեր են նվիրել ընտանիքի անդամները.

 

«Մեր սփոփանքն էր. դա բացատրել հնարավոր չէ: Իրեն բոլորը սիրում էին, ձգտում էին դեպի իրեն, դրական էներգիայով լեցուն էր», - ասում է եղբայրը:

 

Անդրանիկի խոսքով՝ Սմբատը եւ իր մայրը շատ կապված ու մտերիմ են եղել: Մայրը՝ տիկին Կարինեն, դպրոցում Համաշխարհային պատմության ուսուցչուհի է, դասավանդել է նաեւ Սմբատին:

Սմբատ Գաբրիելյանը՝ մայրիկի հետ Սմբատ Գաբրիելյանը՝ մայրիկի հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Անդրանիկը պատմում է, որ Սմբատը իրենից ու մյուս եղբորից շատ տարբեր է, բայց վախը անտեսելու տեսանկյունից նրանք նման էին:

 

«Մինչեւ բանակ գնալն էլ միշտ ասում էր՝ ամեն ինչ մեր ձեռքում է, երբ, որ պահին կարիք լինի՝ ամեն ինչ կանենք», - ասում է Անդրանիկը:

 

«Բարսելոնան» Սմբատի երկրպագած ֆուտբոլային թիմն էր, առհասարակ, ֆուտբոլ շատ էր սիրում. թե՛ դիտում էր, թե՛ խաղում: Զորամասը իրենց տան կողքին է՝ «Վաշտի թաղում», եւ Սմբատը հաճախ էր գնում այնտեղ՝ զինվորների հետ ֆուտբոլ խաղալու:

 

«Առավոտյան դպրոցում ոգեւորված պատմում էր խաղի մասին, վերջում էլ ավելացնում. «Վաշտի թաղից լավ տեղ չկա»: Բոլորիս հանդեպ ուշադիր էր, եթե հանկարծ նկատեր՝ մեկս մի քիչ նեղված ենք, կատակներ էր անում, փորձում օգնել»,  պատմում է դասընկերուհին՝ Անահիտը:

Սմբատ Գաբրիելյանը եւ Անահիտ Հայրապետյանը Սմբատ Գաբրիելյանը եւ Անահիտ Հայրապետյանը

 

Սմբատը այն բախտավորներից է, որ շրջապատված էր լավ ընկերներով. նրա կողքին ոչ թե պարզապես ընկերներ, այլ եղբայրներ էին կանգնած:

 

«Իր մեջ շատ էր թասիբը, նախընտրում էր իրեն նեղություն տալ, բայց ընկերների համար ամեն ինչ անել: Իր բանակ գնալու օրը չդիմացա, արտասվեցի, Սմբոն ասաց.

«Խելո՛ք մնա, թե չէ կնեղանամ ու էլ չեմ զանգի» : Փաստորեն՝ ես խելոք չմնացի, ինքն էլ չի զանգում», - պատմում է մտերիմ ընկեր Սարգիս Օհանյանը:

 

Սարգիսն ընկերոջ մասին գիտեր ամեն ինչ.

 

«Մենք շա՜տ կապված էինք, միմյանց մասին բաներ գիտեինք, որ անգամ մեր հարազատ եղբայրները չգիտեին: Սիրած աղջիկ չուներ, չէր էլ մտածում այդ ուղղությամբ, բայց մի աղջիկ կար, որին հավանում էր, ես էի համոզում, որ առաջին քայլը անի, խոսեն: Այդպես էլ չէր խոսել հետը, երեւի մի բան գիտեր, չցանկացավ, որ աղջիկը տանջվի»:

Սմբատ Գաբրիելյանը եւ Սարգիս Օհանյանը Սմբատ Գաբրիելյանը եւ Սարգիս Օհանյանը

 

«Միշտ ասում էր՝ պետք է ապրել այնպես, որ չզղջաս, որ քեզ հենց քո հայրն ու մայրն են լույս աշխարհ բերել: Ես հպարտ եմ իրենով, որ հենց ինքն է իմ ընկերը՝ հավերժ»,- ասում է Սարգիսը:

 

«Սմբոս, ամենակարեւորը, լավ մարդ էր, լավ ընտանիքի ու ճիշտ դաստիարակված մարդ էր, ում հետ շփվելը ինձ համար միշտ գերագույն հաճույք է եղել: Սմբատը կյանք բառի դրսեւորումն էր՝ ինքը հենց կյանքն էր, մեր համայնքում չկա մի մարդ, որ իրեն չհամակրի, բոլորը սիրում են, ինքը «ուրիշ տղա էր»»,- պատմում է մտերիմ ընկերներից Արմեն Վերդյանը:

 

Սմբատը ուսուցիչների կողմից սիրված աշակերտ էր, իր համուհոտով սիրել էր տալիս իրեն: Սմբատի դասղեկը՝ Լիդա Ջաանգիրովնան, հազիվ է կարողանում զսպել արցունքները, բայցեւ իր տղա-աշակերտին հիշում է հպարտությամբ:

 

«Շատ ընկերասեր էր: Օրինակ՝ երբ ինչ-որ մեկը դասին պատրաստ չէր լինում, ու ես դաս էի հարցնում, Սմբատը հարցեր էր տալիս ինձ, մինչեւ դրանց բոլորին հերթով պատասխանում էի՝ զանգի ժամն էր արդեն լինում», - թախծոտ ժպիտով հիշում է դասղեկը:

Սմբատ Գաբրիելյանը՝ ծառայակից ընկերոջ հետ Սմբատ Գաբրիելյանը՝ ծառայակից ընկերոջ հետ

 

Ազգականներից Արմենը Սմբատին որպես առաջնորդ ու համարձակ կերպար է հիշում.

 

«Հասունանալով շատ էր փոխվել, հարցերին այլ կերպ էր մոտենում, ու զգացվում էր, որ «պատրաստի հրամանատար է»: Մեկ- մեկ այնպիսի բաներ էր խոսում ու անում, որ իր ավագ եղբայրը զարմացած, ապշած էր մնում՝ նրա տարիքում նման մտածելակերպի ու առաջնորդի կարողությունների վրա»:

 

Արփի Բարսեղյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին