Էրեբունու եկեղեցին կիսակառույց է, բայց հոգեւոր կյանքը կանգ չի առնում - Mediamax.am

exclusive
7183 դիտում

Էրեբունու եկեղեցին կիսակառույց է, բայց հոգեւոր կյանքը կանգ չի առնում


Եկեղեցու հարեւանությամբ գտնվող տնակը
Եկեղեցու հարեւանությամբ գտնվող տնակը
Եկեղեցու ցերեկային հսկիչ Սերգեյ պապիկը
Եկեղեցու ցերեկային հսկիչ Սերգեյ պապիկը
Երեւանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների այգին
Երեւանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների այգին
Ընկեր Մարգարիտը եւ երեխաները
Ընկեր Մարգարիտը եւ երեխաները
Մոմավաճառ Քնարիկ Պողոսյանը
Մոմավաճառ Քնարիկ Պողոսյանը
Սուրբ Մեսրոպ եկեղեցու անավարտ շենքը
Սուրբ Մեսրոպ եկեղեցու անավարտ շենքը
Տեր Զգոնը
Տեր Զգոնը
Տնակներում սովորող երեխաները
Տնակներում սովորող երեխաները

Երեւանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների այգու վերջնամասում է գտնվում թաղամասի միակ եկեղեցու՝ Սուրբ Մեսրոպի անավարտ շենքը։ Շինության անավարտ լինելը, սակայն, չի խանգարում եկեղեցուն գործել մեծ ծավալով։ Տարիներ շարունակ եկեղեցին ունի հավատարիմ այցելուներ, որոնք հարեւանությամբ գտնվող տնակներում յուրաքանչյուր չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին տարբեր դասընթացներ ու ժամերգություններ են անցկացնում։ 

Սուրբ Մեսրոպ եկեղեցու անավարտ շենքը Սուրբ Մեսրոպ եկեղեցու անավարտ շենքը

 

Դասընթացների համար գործում է երկու տնակ, որտեղ հերթափոխով անցկացվում են տարբեր խմբերի դասերը։ Դասավանդվում են հայոց լեզու, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, գործում են նաեւ նկարչության, դիզայնի եւ ուլունքագործության խմբակներ թե մեծահասակների, թե երեխաների համար։ Այս ամենն ուղեկցվում է հոգեւոր զրույցներով ու քրիստոնեական դաստիարակությամբ։

Եկեղեցու հարեւանությամբ գտնվող տնակը Եկեղեցու հարեւանությամբ գտնվող տնակը

 

Ուսուցիչների շնորհիվ է, որ, չնայած տնակների փոքր ու անհարմար լինելուն, երեխաները դպրոցից անմիջապես հետո գալիս են եկեղեցի եւ տուն գնում տնային աշխատանքները կատարած։ Համայնքի բնակիչները նաեւ ակտիվորեն մասնակցում են երեկոյան ժամերգություններին, որոնք անցկացվում են երրորդ՝ համեմատաբար ավելի մեծ տնակում հոգեւոր հովիվ Տեր Զգոնի գլխավորությամբ։

Տեր Զգոնը Տեր Զգոնը

 

«Սուրբ Մեսրոպ կիսակառույց եկեղեցու պատմությունը սկսվում է դեռեւս 2004 թվականից, երբ Վեհափառ հայրապետն օծեց եկեղեցու հիմքերը, որից հետո շինարարական աշխատանքներ մեկնարկեցին՝ որոշ ընդհատումներով։ Ցավոք, բարերարների մահվանից հետո արդեն 7-8 տարի է՝  եկեղեցու կառուցումը դադարել է։ Այս ընթացքում նշանակվելով համայնքի հոգեւոր հովիվ՝ փորձել եմ հնարավորինս զարգացնել այստեղի հոգեւոր կյանքը՝ տնակներում ժամերգություններ անցկացնելով ու դպրոց հիմնելով։ Մենք թաղապետարանի հետ կազմակերպում ենք նաեւ տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, մրցույթներ։ Հանդիպումներ ենք ունենում դպրոցներում, մանկապարտեզներում, կազմակերպում ենք նաեւ ուխտագնացություններ, այցելություններ մանկատներ, ծերանոցներ, բարեգործություն ենք իրականացնում։ Բոլորս մշտապես բարձրացնում ենք մեր աղոթքը առ Աստված, մեր հույսը երբեւիցե չենք կորցնում, վստահ ենք, որ Աստված կլսի մեր բարի աղոթքը, եւ Էրեբունի համայնքը կունենա իր եկեղեցին», - ասում է Տեր Զգոնը։

Տնակներում սովորող երեխաները Տնակներում սովորող երեխաները

 

Դպրոցի ուսուցիչ ընկեր Մարգարիտի խոսքով, երբ ինքն եկավ այստեղ դասավանդելու ուլունքագործություն, միջավայրն այնքան սիրելի եւ հոգեհարազատ դարձավ իրեն, որ սկսեց ինչով կարող է օգնել եկեղեցուն ու համայնքին։ Երեխաների հետ հոգեւոր զրույցներն էլ հենց ընկեր Մարգարիտն է անցկացնում։ 

Ընկեր Մարգարիտը եւ երեխաները Ընկեր Մարգարիտը եւ երեխաները

 

«Երբ ես նոր էի եկել, դեռ միայն մեկ տնակն էր գործում, եւ մենք՝ ուսուցիչներս ստիպված էինք մեր գրաֆիկն այնպես կառուցել, որ իրար հաջորդելով անցկացնենք մեր դասերը։ Հետո որոշեցինք մյուս վագոններն էլ մաքրել, դրանք լցված էին տարբեր ծանր սարքերով։ Սեփական ուժերով վագոնները մաքրեցինք, վերանորոգեցինք, ցեմենտ-բետոն արեցինք, պաստառներ ամրացրեցինք պատերին եւ դարձրեցինք գեղեցիկ սենյակներ։ Եվ քանի որ յուրաքանչյուր սենյակում բոլորս մեծ ավանդ ունենք ու շատ ջանք ենք ներդրել, կարծես մեր երկրորդ տունը լինի, իսկ մենք՝ մի ընտանիք։ Բայց, իհարկե, եթե եկեղեցին կառուցվի, մենք շատ ավելի հարմար պայմաններ կունենանք, քանի որ շինության տակ կա մեծ նկուղ, որտեղ նախատեսված են սրահներ, դասասենյակներ, դահլիճ՝ հարմարավետ պայմաններով»,- ասում է տիկին Մարգարիտը։

Եկեղեցու ցերեկային հսկիչ Սերգեյ պապիկը Եկեղեցու ցերեկային հսկիչ Սերգեյ պապիկը

 

Եկեղեցու ցերեկային հսկիչ Սերգեյ պապիկը թույլ չտվեց մեզ մտնել եկեղեցու նկուղ՝ ասելով՝ վտանգավոր է, տանիքը կարող է փլուզվել։ Նա այստեղի նվիրյալներից է, ամեն ինչ գիտի եկեղեցու ու դրա առօրյայի մասին։ Բոլորը կատակով ասում են, որ Սերգեյ պապիկն եկեղեցու գիդն է: Նրա խոսքով, այստեղ նախատեսվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու օրինակով քանդակել հայոց տառերը։ Պապիկը կիսակառույց եկեղեցում մի փոքր հատված մաքրել է, դասավորել եւ պատրաստել սրբապատկերներով աղոթատեղի։

Մոմավաճառ Քնարիկ Պողոսյանը Մոմավաճառ Քնարիկ Պողոսյանը

 

Մոմավաճառ Քնարիկ Պողոսյանի խոսքով, եկեղեցու տարածքում հրդեհներ էլ են եղել։ Քանի որ շատերը տեղեկացված չեն, որ այգու վերջնամասում կիսակառույց եկեղեցի կա, աղբը նետում են այդ կողմ, եւ եկեղեցու տարածքը դառնում է աղբանոց։ Բացի այդ, արդեն 13 տարի է՝ եկեղեցու կիսակառույցը քայքայվում է, ենթարկվում կոռոզիայի։ Եթե նախկինում կառույցն ավարտին հասցնելու համար պետք էր միայն պատերը բարձրացնել եւ տանիքը ծածկել, ապա հիմա անձրեւների ու ձյան պատճառով կառույցը քայքայվել է, սյուների երկաթային մասը՝ ժանգոտվել, եւ եկեղեցու կառուցման ավարտի համար ծախսը բավականին մեծացել է, հետեւաբար՝ որքան շուտ կառուցվի եկեղեցին, այնքան ծախսը քիչ կլինի։  

Երեւանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների այգին Երեւանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների այգին

 

Էրեբունի համայնքի բնակիչ ու Սուրբ Մեսրոպ եկեղեցու սան Անուշ Խաչատրյանի խոսքով, անընդունելի է, որ Էրեբունի համայնքում եկեղեցի չկա, որովհետեւ «Էրեբունին Երեւանի սկիզբն է, Երեւանի հիմքն է ու Երեւանի սիրտը»։

 

Համայնքի բնակիչների, եկեղեցու սաների ու նվիրյալների երազանքը համընդհանուր է՝ կառուցված տեսնել Սուրբ Մեսրոպ եկեղեցին։ Բայց նրանք վստահ են՝ եթե նույնիսկ եկեղեցին չկառուցվի, իրենց ակտիվ գործունեությունը դրանից չի տուժի։

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին