Հավանաբար արդեն տեսել եք 5 Reasons Why You Should Visit ARMENIA Right Now տեսանյութը, որտեղ մի աղջիկ ներկայացնում է իր մեկշաբաթյա ճամփորդությունը Հայաստանում: Նա հայտնի ճամփորդ վլոգեր Էվա ցու Բեկն (Eva zu Beck) է, որն ավելի քան 60 երկիր է այցելել եւ ունի 390 000 հետեւորդ Instagram-ում, 470 000՝ Facebook-ում, եւ 341 000 բաժանորդ՝ YouTube-ում: Էվան գնում է այնպիսի երկրներ, որոնք քիչ են ներկայացվում հիմնական մեդիայով:
Էվան ծնվել է Լեհաստանում, մեծացել Անգլիայում, ավարտել Օքսֆորդի համալսարանը: Լոնդոնի ճամփորդական մեդիա ստարտափներից մեկում մի քանի տարի աշխատելուց հետո որոշել է ինքն իր համար ճամփորդել՝ ճանաչելու աշխարհի այն անկյունները, որոնք դուրս են մնացել զբոսաշրջիկների ուշադրությունից:
Էվան Հայաստանում մեկ շաբաթ է անցկացրել, ինչը շատ քիչ է համարում եւ արդեն պլանավորում է 2020թ. գարնանը երեք շաբաթով կրկին այցելել: Մեդիամաքսը Էվայի հետ խոսել է ճանապարհորդության եւ Հայաստան կրկին այցելելու որոշման մասին:
Որոշ չափով հայ
Միշտ էլ ուզել եմ Կովկաս այցելել, որովհետեւ այն ասես Ասիայի եւ Եվրոպայի սահմանին լինի, ու թվում է՝ այս երկիրը երկու մայրցամաքներից էլ տարբեր է ե՛ւ մշակութային, ե՛ւ աշխարհագրական տեսանկյունից: Չնայած իրականում Վրաստանն էր իմ ճամփորդական ցուցակում: Երբ տեսա Վրաստան շատ մարդ է գնում, մտածեցի՝ գուցե մեկ այլ երկիր էլ կա, որտեղ ավելի քիչ են այցելում, որ կարողանամ այդ երկիրը ներկայացնել եւ ինքս ինձ համար էլ բացահայտել: Եվ այդ երկիրը, բնականաբար, Հայաստանն էր, նաեւ մի զուգադիպություն կա՝ իմ մեծ տատիկը հայ է (հորս կողմից):
Լուսանկարը` Էվա ցու Բեկի արխիվից
Շատ քիչ բան գիտեի Հայաստանի մասին, սոցիալական մեդիաները մշտապես խոսում են, թե որքան գեղեցիկ է Վրաստանը, Թբիլիսին, իսկ Հայաստանը շատ հազվադեպ ես տեսնում: Նաեւ իմ ճամփորդ ընկերներից էի լսել, որ Հայաստանը ասես չբացահայտված բնական գոհար լինի: Այցելեցի Հայաստան ու նույն բանը ես զգացի: Մի երկիր, որի մասին շատ մարդ չի խոսում, բայց այն միանշանակ ավելի մեծ ուշադրության է արժանի:
Ավելի քան 5 պատճառ
Շատ պատճառներ կան Հայաստան այցելելու համար, դրանց մի մասն ընդգծում եմ իմ 5 Reasons Why You Should Visit ARMENIA Right Now տեսանյութում, բայց կարծում եմ՝ ամենաշատն ինձ հմայել է այն փաստը, որ Հայաստանը մի ամբողջական վայր է, այսինքն՝ այն ամեն ինչից էլ ունի:
Լուսանկարը` Էվա ցու Բեկի արխիվից
Հայաստանի մարդիկ շատ անկեղծ են, կարծես այդքան էլ սովոր չեն շատ զբոսաշրջիկների: Մարդիկ չափազանց բարի են ու աջակցող: Դու կարող ես մարդկանց հետ խոսել շատ հաճելի ու ընկերական, նրանք չեն փորձում քեզ որեւէ բան վաճառել: Ցավոք, նույնը չես ասի շատ երկրների մասին, որտեղ պատճառը զբոսաշրջիկների մեծ հոսքն է:
Լուսանկարը` Էվա ցու Բեկի արխիվից
Մյուս բանը, որ շատ եմ սիրել, Հայաստանի բնական լանդշաֆտն է: Այն մի քիչ վայրի է, այցելածս վայրերից որոշները չունեին պատշաճ փողոցներ, բայց դրանք էլ հմայքի ու բնության գեղեցկության մասն են կազմում: Անհավատալի բնատեսարան, հիմնական մայրուղիներից թաքնված գյուղեր, գեղեցիկ ու հեշտ կյանք վարող մարդիկ:
Ակնկալիքներ vs. իրականություն
Նման փոքր երկրից այսքան գեղեցկություն չէի ակնկալում: Սա մի վայր է, որը արկածասեր զբոսաշրջիկները հաստատ կհավանեն հատկապես բնական լանդշաֆտի համար:
Լուսանկարը` Էվա ցու Բեկի արխիվից
Անկեղծ ասած՝ գալուց առաջ շատ ակնկալիքներ չունեի: Կարծում եմ՝ շատերը Հայաստանը պատկերացնում են որպես հետխորհրդային, մոխրագույն ու ձանձրալի երկիր: Հայաստանն ընդհանրապես այդպիսին չէ, մարդիկ չափազանց ջերմ են, ամբողջ երկիրն է գույնզգույն ու բազմազան:
Չափազանց շատ ուտելիք
Իմ «ճաշացանկի» բոլոր առաջարկները տեղացիներինն էին, նրանք հերթով ինձ ասել են իրենց սիրելի ուտեստների անվանումները:
Ղափաման եմ շատ հավանել. այն ասես խնջույքի համ ունենար բերանումս. քաղցր է, փխրուն ու փափուկ, այնքան ուրախ ուտեստ է: Ինձ հատկապես դուր է գալիս, որ հայկական ուտեստներն ասես տարբեր համերի խառնուրդ լինեն:
Լուսանկարը` Էվա ցու Բեկի արխիվից
Այնքան շատ ուտեստներ եմ փորձել այստեղ, պարզապես այդքանը չէի կարող տեղավորել մեկ տեսանյութում. կարծում եմ՝ այս ճամփորդությունից հետո 2 կիլոգրամով գիրացել եմ: Խորովածը նույնպես հավանել եմ, նմանատիպ «բարբիքյուներ» աշխարհի տարբեր մասերում փորձել եմ, բայց այս մեկից բավականին զարմացա. այն իսկապես համեղ էր եւ զգացվում էր, որ որակյալ ու բնական միջավայրից է:
Սեւանում նաեւ ձուկ ենք փորձել, շատ թարմ էր ու համեղ:
Փոքր, բայց հզոր
Կարեւոր հատկությունը, որն առանձնացնում է Հայաստանն իմ այցելած մյուս երկրներից, այն է, որ չնայած փոքր լինելուն, տպավորություն է, որ շատ բազմազան է եւ շատ բան ունի առաջարկելու: Ամեն ինչ ասես «ճզմված» լինի մեկ շրջանում. բարձր լեռներ, անհավանական լճեր, փոփոխվող կլիմա, բնապատկերներ ու պատմական գեղեցկություն:
Լուսանկարը` Էվա ցու Բեկի արխիվից
Ճամփորդելը մարդկանց հանդիպելու համար է
Ճամփորդությունն ամենալավ ուսուցիչն է, ինչքան շատ ես ճամփորդում, այնքան լավ ես հասկանում, թե ինչքան գեղեցիկ է աշխարհը, եւ այնքան շատ ես սկսում երկրագնդի վրա ապրող մարդկանց հարգել: Ճանապարհորդելն իմ տարերքն է, կյանքը, ուսուցումը: Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ նաեւ մյուսների հետ կիսել այս բոլոր պատմությունները: Զգում եմ՝ ինչ սկսել եմ մշտական ճամփորդել, ասես ավելի լավ մարդ եմ դարձել:
Լուսանկարը` Էվա ցու Բեկի արխիվից
Հայաստան այցիս ամենակարեւոր կետը միանշանակ մարդիկ են: Սա է հիմնական պատճառը, որ ուզում եմ վերադառնալ Հայաստան, հանդիպել մարդկանց եւ ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ երկրի տարբեր շրջաններում: Ցանկանում եմ լեռներ մագլցել, արշավել, լեռների մեջ ընկած գյուղերում ապրել: Մտադիր եմ Հայաստանի գյուղական մշակույթը ներկայացնող տեղեկատվական տեսանյութեր պատրաստել:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էվա ցու Բեկի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: